Հավատս չի գալիս, որ արդեն մի տարի է անցել, չնայած մյուս կողմից էլ այնպիսի տպավորություն է, թե Ակումբը շա՜տ վաղուց գոյություն ունի: Հիշում եմ՝ ռուսալեզու հայկական ֆորումներից զզված՝ մեծ անհամբերությամբ էի սպասում, թե երբ պետք է Չուկը Ակումբը բացի: Երբ վերջապես բացվեց, այնքա՜ն դատարկ էր: Ես գիտեի, որ Ակումբը կմեծանա, կծաղկի, բայց չէի սպասում, որ ընդամենը մեկ տարվա մեջ այսքան կաճի:
Ակումբից ուրիշ բան էի սպասում, բայց իմ պատկերացումներից դուրս եկավ: Այն սոսկ հայալեզու ֆորում չէր ինձ համար, որը պետք է պարզապես ռուսալեզուներից հարմար լիներ ու ավելի հետաքրքիր… Այստեղ ես շատ բան սովորեցի, շատ էլ տվեցի: Կար ժամանակ, երբ Ակումբից պոկվել չէի կարողանում: Արդյունքում դասերս էին տուժում, բայց դե… Լիքը նոր մարդկանց հետ ծանոթացա, հների հետ է՛լ ավելի մտերմացա, և հիմա բոլորին շատ սիրում եմ: Բազմաթիվ նոր դրական ու բացասական հատկանիշներ ձեռք բերեցի: Իմ կյանքում շրջադարձային փոփոխություններ եղան…
Մի խոսքով, Ակումբին իրոք մեծ նշանակություն է ունեցել ինձ համար: Այնպես որ շնորհավոր ծնունդդ, Ակումբ ջան: Քեզ շատ եմ սիրել մի ժամանակ… Հիմա գուցե մի քիչ քիչ եմ սիրում, և դու ինձ համար սոսկ ժամանցի վայր ես դարձել: Ամեն դեպքում կարծում եմ, որ պետք է, որ հիմա այսպես լինի: Չէ՞ որ մեկ տարի շարունակ քեզ նվիրվելով ես իմ կյանքի շատ ուրիշ բնագավառներից հետ ընկա: Եկել է բացը լրացնելու ժամանակը…
Էջանիշներ