Երկար ժամանակ տատանվում էի՝ դնել այս բանաստեղծությունը թե ոչ...որովհետև դրանում որոշ չափով շոշափվում է նաև ինձ համար կարևոր մի գաղափար, որը, ցավոք, այստեղ շատ քչերի համար է ընդունելի...
Ասեմ, որ բանաստեղծությունը կոնկրետ անձի ուղղված չէ, թեև ես այն գրելիս (մոտ 2 տարի առաջ) որոշ առումով ինչ-որ մեկի կերպարը մտքումս ունեցել եմ, բայցևայնպես, չեմ համարում, թե այս խոսքերը հենց այդ մարդուն եմ ուղղել, որովհետև տվյալ դեպքում «դու»-ի փոխարեն կարող է լինել մեզնից յուրաքանչյուրը։Պարզապես սիրում եմ մտովի ինչ-որ մեկին դիմելով գրել...
![]()
ԳՈՒՑԵ...
Գուցե ոչ հիմա, գուցե ոչ այսօր
Քեզ ինչ-որ մեկը օգնի հասկանալ,
Որ այն, ինչ այստեղ արժեք է հզոր,
Ոչինչ է կյանքում հավիտենական:
Գուցե երկնային ինչ-որ հրաշքով
Սիրտդ արթնանա լեթարգիկ քնից,
Հոգուդ լուսավոր կետերը վառվեն
Ու ներսդ մաքրեն թանձր խավարից:
Եվ այնժամ գուցե հանկարծ հասկանաս,
Որ փուչ են եղել իղձերդ բոլոր,
Սրտումդ գուցե նոր իղձեր ծնվեն
Ու առաջնորդեն քայլերդ մոլոր:
Միգուցե ոչ այս, այլ հաջորդ կյանքում
Սովորես տեսնել առանց աչքերի,
Զգացմունքներ կարդաս ու մտքեր լսես,
Հպվես, բայց արդեն առանց ձեռքերի:
Գուցե մի բան քեզ հուշի, որ կյանքում
Հարուստ լինում են ոչ միայն փողով,
Որ հոգու լույսը երբեք չի սպառվում
Ու չի պակասում ուրիշին տալով:
Գուցե երբևէ պարզապես հիշես,
Որ ինչ-որ մեկին պարտք ես մնացել,
Գուցե զարմանաս, երբ հանկարծ պարզես,
Որ քեզնից մերժված այդ ինչ-որ մեկը
Պարտքը մոռացել ու ներել է քեզ:
Գուցե խղճի խայթ, ափսոսանք զգաս,
Գուցե գիտակցես, որ ճիշտ չես ապրել,
Եվ այդ ժամանակ միգուցե իրոք
Փորձես զղջումով ինքնամաքրվել:
Երբ արհեստական լույսերից հոգնած`
Խամրած հայացքդ հառես արևին,
Գուցե ջերմանա հոգիդ քարացած՝
Արձագանքելով Լույսի հպումին...
Գուցե ոչ այսօր և ոչ էլ այստեղ,
Գուցե մյուս կյանքում, գուցե հենց այնտեղ ...
2005թ
Էջանիշներ