Հայաստանում շատ են փողոցային շները: Կառավարությունը լուծում ա էս հարցն էդ շներին սպանելով, սակայն դեռ ոչ մի փոփոխություն տեղի չի ունեցել: Փողոցային շները թափառում են քաղաքներով այնպես, ինչպես մի քանի տարի առաջ: Անձամբ ես դեմ եմ նրանց սպանելուն, բայց արդյո՞ք կա մեկ այլ միջոց այդ շների հետ պայքարելու համար:
Փողոցային շները վտանգ են ներկայացնում մարդկանց: Օրվա տարբեր ժամերին գրանցվել են հարձակումներ մարդկանց վրա նրա կողմից: Այդպիսի մի դեպք եղավ նաև ինձ հետ, երեկ երեկոյան…
Մենք ապրում ենք քաղաքի կենտրոնում, մեր շրջակայքում միայն ցերեկն են լինում փողոցային շներ, բայց երեկ… Իմ աշխատանքի տեղից մինչև տուն շատ չնչին ճանապարհ ա, 1-2 րոպեում հասնում եմ տուն ու չէի պատկերացնում, որ կարող ա սենց բան լինել:
Գործից դուրս եկա ու ճանապարհին մի շուն տեսա: Չեմ վախենում շներից, ուստի շարունակեցի ճանապարհս, բայց ուղիղ դեմս տեսա ավելի մեծ մի շուն: Էլի ուզում էի շարունակել ճանապարհս, բայց այս անգամ այդ մեծ շունն սկսեց «ռռռռռռռ» ասել:
Ես վտանգ զգացի ու շրջվեցի դեպի հետև: Հանգիստ, դանդաղ քայլերով առաջ գնացի, բայց այդ պահին նրանք 4-ով վազեցին դեպի իմ կողմ: Չգիտեի, թե ինչ անել. եթե կանգնեի, ապա չեմ կարծում, թե կփրկվեի, որտև շատ գազազած էին, եթե վազեմ, ապա հետևիցս կգան ու դժվար թե նրանցից արագ վազեմ, դե բայց վտանգն այնքան մոտիկ էր, որ վազեցի, նրանք էլ հետևիցս:
Վազում էի որքան հնարավոր ա արագ ու նաև գոռում ամբողջ ձայնովս մեկ: Այդ մասը սովորաբար միշտ ամայի ա լինում, ու էդ անգամ էլ բացառություն չէր: Վախը մտել էր մեջս, չէի պատկերացնում, թե ինչ կլինի ինձ հետ ու այդ պահին մի շուն, որը մեջների ամենամեծն ու գազազածն էր, կծեց պալտոս (ի դեպ հետո տեսա, որ մեծ ծակ ա թողել) ու ես ընկա:
Երբ ընկա` մտածեցի, որ վերջս եկել ա, հիմա նրանք 4-ով կհարձակվեն ու կայլանդակեն ինձ ամբողջությամբ… Բայց ինձ չկորցրեցի ու միանգամից վեր կացա: Երբ վեր կացա` նկատեցի, որ նրանք իմ մոտ չեն, հետո շրջվեցի ու տեսա մի մեքենա: Վախեցած վազեցի դեպի մեքենան` կանգնեցնելով այն, չնայած նրանք առանց էդ էլ կանգնում էին:
Չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե այդ րոպեին չգար այդ մեքենան, իսկ նա եկավ հենց իմ գոռոցից: Դե մեքենայով տարան ինձ մինչև մեր մուտքը: Երբ մտա տուն` չէի կարողանում խոսալ, հեկեկում էի, արցունքներն անդադար հոսում էին աչքերիցս, կակազում էի ու ամբողջությամբ դողում: Մի կերպ բացատրեցի, թե ինչ ա կատարվել ու հետագա մի ժամը կիսալացելով հեկեկում էի ու դողում…
Վնասվածքներ չեն հասցրել շները, բայց ընկնելուց վնասել եմ ձախ ձեռքիս մատներն ու աջ ձեռքիս ափը, նաև ծունկս ա ուռել, ընկնելուց էլ ուսս ու դաստակս եմ ցավացրել…
Ավելացվել է 3 րոպե անց
Ինչպե՞ս վարվել նման դեպքերում, որ շները չհարձակվեն:
Ասում են, թե պետք ա պպզել, ու էդ ժամանակ իրանք արդեն վտանգ չեն զգա ձեր կողմից ու հանգիստ կթողնեն, բայց արդյո՞ք գազազած շունը չի հարձակվի ձեր վրա… Ես վախեցա այս բանը գործածել իմ վրա…
Էջանիշներ