Ընդհանրապես Ավետիք Իսահակյանի կյանքում բավականին հետաքրքիր դեպքեր շատ են եղել…

Մի անգամ Ավետիք Իսահակյանը քայլում է դաշտերով և լսում է, որ մի գյուղացի աշխատելով երգում է իր «Մաճկալ ես, բեզարած ես» երգը:
Մոտենում է և հարցնում, թե նա գիտի արդյոք, որ դա իր երգն է:
Մարդը նայում է Իսահակյանի կոստյումին, ոտից գլուխ չափում և ասում.
-Այ մարդ, գնա քո գործին, սա մեր ժողովրդի երգն է…

***
Իսահակյանը նշում էր իր ծննդյան օրը: ՊԱԿ-ի աշխատակիցը հեռվում կանգնած հսկում է, թե ով է գալիս Վարպետի տուն: Հանկարծահաս անձրևը բոլոր հյուրերին տուն է տանում: Հանկարծ դուռը բացվում է, դուրս է գալիս Իսահակյանը, մոտենում է անձրևի տակ կանգնած ՊԱԿ-ի աշխատակցին և մեկնում է լավաշի մեջ փաթաթած քյաբաբ.
-Կեր, մանչս, սոված կլինես: