Բարեկամ-ի խոսքերից
․․․ Այդ անձկության ճնշումից վեր թռա քնից, ու դրանից հետո մի քանի շաբաթ անտրամադիր էի, վախի մեջ․ սկսեցի վախենալ մահից, երբ մինչ այդ պետքս էլ չէր։ Վախենում էի հենց այդ անհույս-անվերջ գոյաբանական մենակության մեջ հայտնվելուց։ Իսկ դա սարսափելի էր ինձ համար, քանի որ, պարզվում է, ես չգիտեմ, թե ինչ անել սեփական անձիս հետ՝ միայնակ նրա հետ գտնվելով, երբ դա սպառնում է հարատևել։ Գուցե պատճառը սեփական անձը չճանաչելը, չընկալելն է, սեփական անձին խորթ լինելը, անիմացությունը (հին իմաստությունն իզուր չի ասում՝ know yourself), չգիտեմ, բայց դա իմ՝ որպես սոցիալական էակի համար անտանելի էր։ Հետո, երբ անցավ որոշ ժամանակ ու թուլացավ երազի տպավորությունը, էդ մենակության հետ կապված վախն էլ, և զգացողությունն էլ աստիճանաբար բթացավ, ինչպես ամեն մի զգացողության հետ է տեղի ունենում, երբ այն չի սնվում։
Երկրորդ հանդիպումս գոյաբանական մենակության հետ 18-20 տարեկանում էր։ Սա արդեն կոնկրետ իրավիճակից բխող հոգեվիճակ էր, երբ այդ տարիքին բնորոշ որոշ հիմնային բաների բացակայությունը ծանր ես տանում, իսկ այդ ծանր տանելը կյանքի փորձի պակասի հետևանք է (դեռևս տեղյակ չես, որ ոչինչ ընդմիշտ չէ և երևույթները փոխվելու հակում ունեն)։ Այդ որոշ հիմնային բաների բացակայությունն են, օրինակ, արարման ճգնաժամ՝ ստեղծագործ մարդկանց մոտ, սիրված լինելու պահանջ՝ սեր տալու հակված մարդկանց մոտ, գործելու, պիտանի լինելու կարիքը՝ օգտակարությամբ իրենց գոյությունը իմաստավորող մարդկանց մոտ․ այդ ամենը կարող են առաջացնել հենց այդ գոյաբանական մենակության նշածս զգացողություն, այսինքն՝ մի քիչ այլ կերպ, բայց նորից հայտնվել էի երազիս այն ամայի ու անվերջ տիեզերական տարածության մեջ՝ ինքս իմ հետ միայն, առանց որևէ մեկի ում կարող էի օգտակար լինել կամ սեր տալ կամ ստեղծագործել, և վերջինս՝ գնահատվելու բնազդային ակնկալիքով։ Այդ ստեղծագործականությունն, ի դեպ, մի քիչ կապված է ասածդ ես-ի հետ, քանի որ ստեղծող մարդն, ի վերջո, կարիք ունի կիսելու իր ստեղծագործությունը այլոց հետ և գնահատվելու (հակառակ դեպքում ինքնանպատակ բան է ոչմեկի համար ստեղծագործելը), բայց դա, այնուամենայնիվ, կապ չունի նկարագրածդ տագնապների, առավելևս՝ ինքնախղճման հետ։
Կարճ ասած, նկատի ունեցածս գոյաբանական մենակությունը ավելի շատ կապ ունի անօգտակարության, անպիտանիության ու ստեղծագործական ճգնաժամի հետևանքով զգացած խորն անձկության հետ։
Էջանիշներ