User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Սինդբադի յոթ նավարկությունների տարեգրությունը

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սինդբադի յոթ նավարկությունների տարեգրությունը

    Եվ ապրեցին նրանք ուրախության և խրախճանքների մեջ,
    մինչև որ նրանց մոտ եկավ
    հաճույքներ խափանողն ու հավաքույթներ ցրողը․․․
    «Հազար ու մի գիշեր»
    ԹԵ ԻՆՉՊԵՍ ԾՈՎԱԳՆԱՑ ԴԱՐՁԱ
    Սինդբադ Ծովագնաց
    Հանուն գթասիրտ ալլահի (արաբերեն նշանակում է աստված), ում մոտ փրկություն ենք որոնում։ Թող օրհնի Ալլահը Մուհամմեդին, Իր ազնվազարմ Մարգարեին, նրա ընտանիքն ու տոհմը։ Գոհություն և գովասանություն տիրակալին, որ չունի ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ և որի թագավորությանը մայրամուտ չկա, ով ամենքին տալիս է իր դիրքին համապատասխան և ոչ մեկի բաժնից ոչ մի օր չի պակասեցնում։ Փա՛ռք Ալլահին, էությամբ մեծ և մշտնջենական, որոշումների մեջ արդարացի, գործերի մեջ՝ իմաստագույն։
    Անունս Սինդբադ է, բարեկամներս ու մտերիմներս ինձ կոչում են Սինդբադ Ծովագնաց։ Խալիֆների Բաղդադ քաղաքում, ուր ապրում եմ, բոլորն ինձ ճանաչում են։ Ես այստեղ մինչև անգամ հռչակ եմ վայելում և պատճառը բնավ այն չէ, որ միշտ ձգտում եմ գթասիրտ ու առատաձեռն լինել, ինչպես մեզ պատվիրում է վարվել մեծազոր Ալլահը։ Թող ների ինձ Տիեզերքի Արարիչը, թե պարծենում եմ։ Ես ճամփորդել եմ, անհամար վտանգների միջով անցել, զարմանահրաշ արարածների հանդիպել։ Բոլոր յոթ ծովագնացությունները, որոնք կատարել եմ փոթորկուն ծովերով, լի են եղել անհավատալի արկածներով, որոնց ինքս էլ դժվարությամբ կհավատայի, եթե անձամբ գլխովս անցած չլիներ։ Բաղդադում սիրում են այս մասին խոսել․ ընդ որում պատմությունները բերանից բերան անցնելով չափազանցված ձևեր են ընդունել, որը բնավ սրտովս չէ։ Որոշ բաներ ջնջվել է մարդկանց հիշողությունից, տասնապատիկն ավելացվել։ Գինետներում հաճախ կարելի է հանդիպել գունագեղ պատմող դերվիշների, որոնք նկարագրում են Սինդբադ Ծովագնացի նավարկությունները։ Դրանց մեջ զանազան իֆրիտներ կան, լեռան հասակ ունեցող ձկներ, ռուխ գերբնական թռչյուն, որն իր ձագերին փղի մսով է կերակրում, միակնանի հրեշ, որին մարդիկ ցիկլոպ անունն են տվել, անհամրելի գանձեր, որչափ Հարուն ալ Ռաշիդի գանձարանում էլ չի գտնվի։
    Շատ ժամանակ է անցել իմ յոթ նավարկության օրերից, դրանց մասնակիցների մեծ մասը հեռու է, յոթ ծովից այն կողմ, ասենք, հազիվ թե նրանցից գոնե մեկին հնարավոր լինի գտնել ապրողների մեջ (Թող փառավորվի նրա անունը, ով չի մեռնում)։ Եվ ահա, ի օր ծերության հանձն առա թղթին հանձնել դեպքերի միակ ու ճշմարիտ տարեգրությունը։
    Մորս չեմ տեսել, Ալլահը նրան վերցրել է ինձ աշխարհ բերելիս․ ասում են՝ շատ գեղեցիկ կին է եղել։ Հայրս հարուստ վաճառական էր, նա հարգանք էր վայելում Բաղդադ քաղաքում և մուտք ուներ պալատ, ուր որոշ ապրանքներ էր մատակարարում։ Պայծառաշուք խալիֆ Հարուն ալ Ռաշիդի կառավարման երկրորդ տարում իմ սիրելի ծնողը կյանքի անցողիկ բնակարանից հանդերձյալ կյանքի հավիտենական տուն տեղափոխվեց, ինձ՝ իր մանկահասակ որդուն թողնելով իր ողջ կարողությունը։ Պատանեկությանս վարդագույն տարիներն ու վաղ երիտասարդությանս կարմիր տարիներն անցել են լիության ու պերճանքի մեջ։ Շատերը կնախանձեին իմ բախտին, քսակս միշտ լիքն է եղել։ Բայց ինչպես հաճախ է պատահում հարուստ ժառանգների հետ, որոնց նեղ օրը նույնքան անծանոթ է, որքան իֆրիտին խղճամտանքը, ես կարճ ժամանակում քամուն տվեցի գրեթե ողջ հայրական ունեցվածքը։ Ապա վաճառեցի իմ բոլոր ճոխ հագուստները, հողերը, տունը, որտեղ բնակվում էի, և այդ բոլորը երեք հազար դիրհեմ փող արեց։ Վճռել էի ճամփորդել, աշխարհ տեսնել, թեև առայժմ անհայտ էր, թե ինչ ուղղությամբ պետք է գնամ։ Արևմո՞ւտք, որպեսզի Կահիրե և Իսքանդարիե հասնեմ, Արևե՞լք, ուր գտնվում է հեքիաթային Հնդկաստանը, թե՞ Հարավ, որտեղ սուրբ Մեդինան է և սրբագույն Մեքքան, Մարգարեի անվան հետ կապված երկու արժանահիշատակ ուխտավայրեր, որոնց տեսնելը ամենի մի ուղղահավատ հավատացյալի նվիրական երազանքն է։ Անհնար է կռահել Ալլահի մտքերը ու իմանալ նրա ծրագրերը։ Ոչ մեկը չի կարող վստահ լինել, որ երեկոյան գլուխը բարձին դնելով առավոտյան բաց կանի աչքերը, իսկ անփորձ երիտասարդը, որը երեք հազար դիրհեմ ունի գրպանում, առավել ևս չի կարող կանխատեսել, թե սոսկ մեկ ակնթարթ հետո ինչ կպատահի իր հետ։
    Բաղդադում ճամփորդը սոսկ ուղևոր չէ․ նա իր հետ պետք է ապրանք ունենա, որպեսզի օտար երկրներում շահույթով վաճառի, ու եթե Երկնքի կամքը լինի, հարստացած տուն վերադառնա։ Ահա թե ինչու ծախեցի իմ բոլոր ճոխ զգեստները ու դրանցից ոչ մեկը չթողեցի, արտաքուստ ոչ մի ընդհանուր բան այլևս չունենալով հարուստ վաճառականի որդու հետ, որն անամպ մանկություն է ունեցել։ Թրթռացող սրտով քայլում էի դեպի շուկա։ Ծանոթներիս մեծ մասը քար անտարբեր էր անցնում իմ կողքից, քիչ խորաթափանց մարդիկ էին գտնվում, որոնք անպաճույճ հագուստների մեջ էլ ճանաչում էին Սինդբադին։ Ըստ երևույթին նրանք զարմանքով խորհում էին սնանկության ու այլ մռայլ բաների մասին, որոնք երիտասարդ անխելամիտ մարդկանց մշտական ուղեկիցներն են։ Որոշել էի նոր կյանք սկսել, այդ պատճառով իսկը սրտովս էր, որ կերպարանափոխության շնորհիվ գրեթե անճանաչելի եմ դարձել։ Բայց Երկինքը որոշեց կատարելության հասցնել իմ փոխակերպությունը, և աշխարհիս երեսին չկա մի մարդ, որ կարողանա հակառակ գնալ Նախախնամության կամքին։
    Բաղդադում հազար անգամ հազար մարդ է ապրում, նման եռուզեռ քիչ քաղաքներում կարելի է հանդիպել։ Փողոցներն այստեղ մարդաշատ են, դժվարանցանելի, անհնար է Բաղդադում հարյուր քայլ անցնել ու հարյուր հոգու չդիպչել։ Ահա և մի բեռնված ջորու բախվեցի ու սայթաքելով կեղտոտ ջրափոսն ընկա։ Զայրույթիս չափ ու սահման չկար, ով հայտնվել է նման իրավիճակում, անշուշտ կհասկանա իմ վրդովմունքը։ Իֆրիտի և ղուլի գարշելի խառնուրդ անվանեցի բեռատիրոջը, պատասխան ստացա, որ չորքոտանի կենդանին ավելի խելացի է, որովհետև ուշադիր նայում է ոտքերի առաջը։ Հասկանալի է, հայհոյանքների փոխանակումը ինձ որևէ օգուտ չբերեց։ Ամոթից այրվելով ոտքի կանգնեցի, որպեսզի ինձ կարգի բերեմ, սակայն որքան ջանացի մաքրել, այնքան ցեխն ավելի տարածեցի հագուստիս վրա։ Շփոված ու անօգնական կանգնել մնացել էի անորոշության մեջ, խորհում էի տուն վերադառնալու և հագուստս փոխվելու մասին, երբ դիմացս երեք ալեհեր ծերունիների տեսա։ Մեկը երփներանգ սիրամարգ ուներ ձեռքին, մյուսը՝ տարօրինակ կառուցվածքի խողովակ էր տանում, իսկ երրորդը քրտինքի մեջ լող տալով մի բավական խոշոր փայտե ձի էր քարշ էր տալիս, որի գերբնական սև երանգը գուցե գերազանցում էր ալ-Մալիկ Ասվադ իֆրիտի դեմքի սև գույնը։
    «Հանուն գթասիրտ Ալլահի, որը բոլոր ուղղահավատ հավատացյալների հայրն է,- ասաց ծերունին, որ փայտե ձի ուներ,- օգնիր ինձ խալիֆի պալատ հասնել։ Ես առատաձեռնորեն կվճարեմ»։ Շատ զարմացա լսելով այս խոսքերը, բայց արագ հասկացա, թե բանն ինչ է․ անպաճույճ արտաքինը՝ ինձ, հարուստ վաճառականի որդուս, բեռնակրի աստիճանի էր իջեցրել։
    Անքննելի են Ալլահի ուղիները և Ալլահից բացի ուրիշ Ալլահ չկա։ Եթե Տիեզերքի Արարիչն ու դրա տերը որոշել է ինձ բեռնակրի տեսքով խալիֆի պալատ հասցնել, ապա նրա կամքն անշուշտ կկատարվի։
    Դրանք երեք իմաստուններ էին, որոնք իրենց ողջ կյանքը գրքերի առաջ կքած էին անցկացրել։ Թե ինչ առարկաներ էին տանում Հարուն ալ Ռաշիդի պալատ, ինձ հասկանալի դարձավ նրանց խոսակցություններից։
    «Որպեսզի այս սիրամարգին սովորեցնեմ ավետել ժամը,- ասաց առաջին ծերունին,- ես կարդացել եմ հնդիկ բրահմինների և քրիստոնյա գիտնականների բոլոր իմաստնությունները։ Հուսով եմ արդարամիտ խալիֆը կգնահատի իմ վաստակը ու այդ միջոցներով ալքիմիական փորձեր կդնեմ և արճիճից ոսկի կստանամ»։ Մինչ զարմացած նրան էի նայում, խոսեց երկրորդ ծերունին։ «Հանուց հայտնի է,- ասաց նա,- որ գողերի ու ավազակների ժամերը գիշերային ժամերն են։ Ուստի բարենպաստ համարեցի հնարել այսպիսի մի սարք, որը մթնշաղին ու խավարին ամեն անգամ ոստիկանի պես ձայն կտա, երբ քաղաքի դարպասներով գող կամ ավազակ անցնելիս կլինի։ Հուսով եմ ազնիվ խալիֆը ըստ արժանավույն կգնահատի իմ ջանքերը»։ Մինչ խորհում էի այն մասին, թե իմաստունի հնարած խողովակն ինչպես է գողին ու ավազակին տարբերելու արդարամիտ և ազնիվ մարդուց, խոսեց երրորդ ծերունին։ Նա իր սևափայտե ձիուն նայեց, ապա ինձ, որ տանում էի այդ ձին, և ասաց։ «Ես առայժմ չեմ բացահայտի, թե ինչի է ունակ իմ փայտե ձին։ Կասեմ միայն, որ ավելի թանկ արժե, քան մատիս մատանին, որը ոսկերիչները հազար դինար են գնահատում»։ - Ակամայից աչքս նրա մատանուն դարձրի։ Խոշոր զմրուխտը, որ պսպղում էր միջնամատին, իսկապես կարող էր այդքան արժենալ։
    Երբևէ ծանր գործ արած չկայի, այդ պատճառով շուտ հոգնեցի։ Ծերունիները շարունակում էին զրուցել և ուշադրություն չէին դարձնում վրաս։ Բարեբախտաբար «Հավերժության Պալատը», ուր կենում էր խալիֆը, հեռու չէր։ Տիգրիսի ափով քառորդ ժամ քայլելուց հետո մոտեցանք պալատի դարպասներին, պահազորը մեզ մի քանի աննշան հարց տվեց ու ներս թողեց. ըստ երևույթին խալիֆը տեղյակ էր ու սպասում էր երեք իմաստուններին։
    Հայրս մի քանի անգամ երջանկություն է ունեցել մուտք ունենալ պալատ ու կանգնել Բաղդադի ազնիվ վեհապետի աչքերի առաջ, իսկ ահա ես՝ առաջին անգամն էի։ Մինչ այդ պալատը միայն դրսից էի տեսել, և պետք է ասեմ, որ այն ներսից տասնապատիկ ավելի գեղեցիկ էր։ Ոսկեգմբեթ շինություններ, նախշազարդ պատեր, հրաշագեղ այգիներ, երփներանգ ծաղիկներով զարդարված սիզամարգեր, զովություն սփռող շատրվաններ, քչքչան առվակներ, որոնք հոսող ջուրը մի ավազանից մյուսին էին միացնում։ Այդ բոլորը ես տեսա կողմնակի հայացքով, երկու կես լինելով ծանր բեռս քարշ տալու և շուրջբոլորս եղած գեղեցկությամբ աչքերս ուրախացնելու տենչանքի միջև։ Վերջապես պալատ հասանք, որն է՛լ ավելի շքեղ էր ու շլացուցիչ։ Ես տեսա բյուր որմնաքանդակներ, որոնցից ոչ մեկը նման չէր մյուսին, կամարներ ու կամարակերպ ելքեր, որոնց ճակատին մաքուր ոսկով գրված էին Ղուրանի առավել ուշագրավ հատվածները։ Շատ տոհմիկ ազնվականներ, որոնք Բաղդադի փողոցներում դեսպակներով էին շրջում, իրենց պայծառափայլ արտաքինը թաքցնելով մետաքսե վարագույրների ետևում, մեծալուրջ ու պատկառելի անցնում էին մեր կողքով։ Ատլասից ու բեհեզից կարված թանկարժեք խալաթները և փքուն չալմաները, որոնց ճակատային մասում խոշոր զմրուխտ կամ նռնաքար էր շողշողում, ավելի վեհաշուք տեսք էին տալիս նրանց։ Փորձում էի կռահել, թե ովքեր կարող էին լինել։ Արդյոք այն մեկը Ահմեդ ադ Դանաֆը չէ՞ր, խալիֆի աջկողմյան էմիրը, որը հազար դինար ռոճիկ է ստանում և քառասուն մարդ ունի իր ենթակայության տակ․․․ կամ գուցե Հասան Շումա՞նն է, ձախկողմյան էմիրը, որը նույնպիսի արտոնություններ է վայելում․․․ իսկ այն տարեց ամբարտավան դեմքով մարդը մի՞թե Ալի իբն Մահանը չէր, գաղտնի ծառայության էմիրը, որը ուզածդ ժամի մուտք ունի խալիֆի մոտ․․․ Սևափայտե ձին, կամ, ավելի ճիշտ, դրա ծանրությամբ պատճառաբանված դժվարությունները թույլ չէին տալիս, որպեսզի իմ անփորձ միտքը երկար կանգ առնի նույն առարկայի վրա։ Իսկույն մտածեցի, որ նրանց հագուստների պես ճոխ ապրանքներ կառնեմ ու մեծ շահույթով կվաճառեմ յոթ ծովերից այն կողմ, ապա սկսեցի խորհել այլ բանի մասին, և այդպես շարունակ, մինչև որ չորրորդ դարպասը անցնելուց հետո խալիֆի դռներին հասանք։
    Տպավորված՝ տեսածս բարձրաշխարհիկ տեսարաններով, արդեն կանխավայելում էի սիրելի խալիֆին տեսնելու երջանկությունը։ Սակայն մի ցմփոր ճաղատ ներքինի, որի երազկոտ դեմքը մատնում էր նրա հաշիշամոլ էությունը, միայն երեք մարդու համաձայնեց ներս թողնել։ Ծերունին, որ բեռնակրի աշխատանքի դիմաց ինձ շռայլ վարձատրություն էր խոստացել, հաճոյակատար գլուխ տվեց նրան և հանձն առավ անձա՛մբ խալիֆի մոտ մտցնել սևափայտե ձին, այն գրեթե խլելով ինձանից։
    Բեռնակրի ծանր աշխատանքից սիրտս արագ էր զարկում։ Գիտակցությունս մթագնված էր, մշուշոտ էի պատկերացնում, թե շուրջբոլորս ինչ է կատարվում։ Ասես երազում տեսա, թե ինչպես երեք իմաստունները ակնածանքով ու երկյուղածությամբ առաջ քայլեցին ու պահազորի սևամորթ զինվորների նիզակները հուժկու իրար զարկվեցին նրանց ներս անցնելուն պես։
    Ինձանով առհասարակ չհետաքրքրվեցին։ Հաշիշամոլ ներքինին՝ ըստ երևույթին խալիֆի ծառաների էմիրը, իր գործերով ինչ-որ տեղ գնաց, իսկ պահազորայինները, որոնք հավանաբար Հաբեշստանից էին, ցածրաձայն զրուցում էին ու նույնպես ուշք չէին դարձնում վրաս։ Շատ էի ցանկանում խալիֆին տեսնել։ Հետաքրքրասիրությունն ինձ մղում էր դռնից ներս նայել, բայց պահազորայինների մռայլ դեմքերը պերճախոս վկայում էին, որ հանդգնություն չեն հանդուրժի։ Ասենք, դրանք բոլորովին էլ վատ տղաներ չէին, և հենց նրանց խոսակցությունից իմացա, որ աշխարհակալ վեհապետից բացի արքայական սրահում են՝ Զուբեյդան, նրա կինը, արքայազն Մուհամմեդ ալ-Ամինը, վեզիր Ջաֆարը, վրեժի դահիճ Մասրուրը և պալատական բանաստեղծ Աբու Նուվասը։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (12.05.2023)

  3. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևելքի բարքերը չեն հանդուրժում շտապողականությունը։ Շտապելով կամ շտապեցնելով՝ կարելի է մարդուն մինչև հոգու խորքը վիրավորել։ Շտապելը դա բարբարոսի անձնագիրն է, շտապող մարդը անկիրթ վարվելակերպի վառ օրինակ է։ Եթե խոսքը մինչև անգամ խալիֆ Հարուն ալ Ռաշիդի մասին է, որը բոլորից քիչ ժամանակ ունի, ապա կասկած մի ունեցեք, որ նա նույնպես ամեն բան կանի ըստ հավուր պատշաճի, որովհետև ա՛յնուամենայնիվ բարեհաճել է ձեզ ընդունել։ Ահա և երեք քառորդ ժամ կանգնած մնացի հաբեշ պահազորայինների կողքին, տանջվելով քաղցից ու ծարավից, մինչև որ լսեցի սիրամարգի սրտակեղեք ճիչը, որը դրանով հանդերձ ազդարարեց ժամը։ Ապա դռներից երջանկացած դուրս եկավ առաջին ծերունին, սիրամարգի տերը։ Ձեռքերի մեջ ծանր քսակ ուներ, ակներևաբար իր աշխատանքի վարձը։ Քսակն էր ծանրութեթև անում, առայժմ սիրտ չանելով նայել ներսը, երկու ձեռքերով կրծքին սեղմում, անկասկած մտածելով, որ այս ոսկեդրամները կնպաստեն, որպեսզի արճիճից է՛լ ավելի մեծ քանակի ոսկի ստանա։ Չգիտես որտեղից հայտնված ստրուկները նրան ուղեկցեցին պալատից դուրս ու ես այլևս չտեսա նրան։ Մոտավորապես նույնքան ժամանակ պահանջվեց, որպեսզի մի անմարդկային ոռնոց լսեմ, որը ձայնի ուժգնությամբ գերազանցում էր ուզածդ մուեզզինի բացականչությունը, երբ նա մինարեթի գագաթին ազդարարում է երեկոյան աղոթքը։ Դա էլ երևի ոստիկան-խողովակը իմաց տվեց իր մասին, մտածեցի ես։ Թե ինչ միջոցներով էր երկրորդ ծերունուն հաջողվել համոզել խալիֆին իր հնարած սարքի օգտակարությունը, ես այդ չգիտեմ։ Կարող եմ միայն ասել, որ երբ դուրս եկավ ունդկնդրության սրահից, նույնպես երջանիկ տեսք ուներ և ծանր քսակ։ Նրան ևս պալատից դուրս ուղեկցեցին, ապա ծառաները հանդիսավորապես տարան նաև խողովակը, որը պետք է քաղաքային դարպասի մոտ պահակություն աներ և մթնշաղին ու խավարին գող ու ավազակ բռներ (իսկ սիրամարգը մնաց, որպեսզի խալիֆի համար ավետեր հերթական ժամը)։
    Վարագույրները հերթական անգամ ետ գնացին, արքայական սրահից ինձ ձայներ հասան, ու ես ականջներս սրած ջանում էի լսել, թե ինչ են խոսում, և կռահել՝ ով է խոսում։ Կարծում եմ՝ արքունիքի նկարագրությունը բնավ ավելորդ չէր լինի։ Իհարկե ես ավելի ուշ իմացա, թե նրանցից ով՝ ով է, բայց դա անհրաժեշտ է, որպեսզի պատմությունը չափից ավելի խճճված տեսք չունենա։
    Հարուն ալ Ռաշիդը բարձրահասակ, առնական կազմվածքով տղամարդ էր, որը նոր էր բոլորել կյանքի երեսույոթերորդ տարին։ Դա բոլոր առումներով վեհ աշխարհակալ էր, որի սուր, միջնաթափանց ծակող հայացքը տիրական տեսք էր հաղորդում նրան, իսկ ձիգ կեցվացքը, կոկիկ հագուգապը և կարճ խուզած մորուքը այն մտքին էին բերում, որ պետության մեջ նույնպես անկարգություն չի հանդուրժում։ Սպիտակ ոսկեկար խալաթ ուներ հագին, որի թևքերն ու փեշերը երիզված էին ծիրանագույն թանկարժեք ժապավենով, գլխին դրել էր նույն կտորից կարված նրբաճաշակ չալմա՝ վրան թանկարժեք գոհար և սիրամարգի գունազարդ փետուր։
    Զուբեյդան, արքայազնի մայրը, բավական մոտ ազգական էր գալիս խալիֆին։ Նա Աբու Ջաֆար իբն Մանսուրի դուստրն էր, մինդեռ Հարուն ալ Ռաշիդը վերջինիս թոռն էր (հասկանալի է, մյուս որդուց)։ Այնուհանդերձ խալիֆի կինը տարիքով ավելի փոքր էր նրանից և աչքի էր ընկնում տպավորիչ արտաքինով։ Նուրբ դիմագծեր ուներ, հմայիչ կազմվածք, եղնիկի սլացիկ ոտքեր։ Մետաքսե ոսկեկար զգեստ էր հագել՝ ամբողջովին մարգարիտներով պատված, որը հասնում էր մինչև ոտքերի կոճերը։ Գլխին դրել էր հանրահռչակ բադանը, որն ըստ հնամենի սովորության կրում է խալիֆի գլխավոր կինը կամ սիրելի կինը։ Ըստ երևույթին Զուբեյդան այս երկուսը միավորում էր մեկի մեջ (նրանից առաջ բադանը կրել էր Հայզուրանը՝ Հարուն ալ Ռաշիդի մայրը)։
    Արքայազն Մուհամմեդ ալ-Ամինը տասնիննը տարեկան էր։ Վերջերս էր թագաժառանգ հռչակվել, կյանքում բոլորից շատ զվարճություններ էր սիրում։ Ասում էին՝ նա արտաքուստ քաջի է նման, որը ամենավայրագ գազանին էլ պատառ պատառ կանի։ Սակայն դեռ չէր ոչ մի ուշագրավ արարքով աչքի չէր ընկել։ Ոչ թե իր ուժով էր վեր բարձրացել, ինչպես, ասենք, ներկայիս վեզիրը, այլ ծագման իրավունքով, որովհետև խալիֆի ու նրա առաջին կնոջ որդին էր։
    Ջաֆար իբն Յահյան Բարմաքիների նշանավոր տոհմից էր։ Նա խելացի, զարգացած մարդ էր և շատ բանով էր նպաստել, որպեսզի Բաղդադը գիտությունների ու արվեստների քաղաք դառնա։ Ինչպես և իր հայրը՝ նախկին վեզիրը, որը Մեքքա ուխտագնացության էր մեկնել, նա մեծ վարկ ուներ թագավորության մեջ։ Որպես բարձր պատիվ՝ նրան էր վստահվել արքայազն ալ-Մամունի դաստիարակությունը։ Համարվում էր, որ խալիֆը և վեզիրը անբաժանելի ընկերներ են։ Այնուամենայնիվ Բաղդադում շատ էին խոսում այն մասին, որ Հարուն ալ Ռաշիդին բոլորովին դուր չի գալիս Բարմաքի տոհմի չափից ավելի հզորացումը։
    Վրեժի դահիճ Մասրուրի մասին շատ բան պետք չէ պատմել։ Նրան պետք է տեսնել։ Իֆրիտի պես չար, ուզածդ մահկանացուից մեկ գլուխ բարձր, երկու անգամ ավելի ծանր և երեք անգամ ավելի ուժեղ։ Խելքով առանձնապես չէր փայլում։ Միայն մեկ մասնագիտության էր տիրապետում, բայց դա անում էր մեծ սիրով ու գործի իմացությամբ՝ խալիֆի հրամանով մարդկային գլուխներ էր թռցնում։ Մի ամբողջ ծով կարելի է լցնել այն արյամբ, որ հեղել է վրեժի դահիճ Մասրուրի սուրը։
    Աբու Նուվասը Բաղդադի, գուցե նույնիսկ ողջ աշխարհի ամենաազատամիտ բանաստեղծն էր։ Համարվում էր, որ նա խալիֆի մտերիմներից է, շատ բարձրաստիճան մեծատոհմիկներ նույնպես չէին խորշի նրան իրենց ընկերն անվանել։ Այնուամենայնիվ մի քանի անգամ բանտ էր ընկել, որովհետև սանձարձակ բնավորություն ուներ։ Խմում էր, խռովում մարդկանց անդորրը, հաճույքով խախտում օրենքը։ Է՛լ ավելի մեծ անկարգություններ էր թույլ տալիս նրա գրիչը, որը ծաղրում էր ամենքին ու ոչ մեկին չէր խնայում։ Երբեմն նաև ներբողներ էր գրում, բայց դա անում էր առավելապես կյանքի փողազուրկ շրջաններում։ Որպես զինվոր ծառայել էր բանակում, դրա շնորհիվ հիանալի տիրապետում էր սրին։
    Բախտի դիպվածով քիչ հետո հենց այս մարդկանց պետք է տեսնեի, համենայն դեպս՝ նրանց մեծ մասին։ Հոգնածությունից կորցրել էի հաշիվը՝ երե՞ք անգամ է սիրամարգը կանչել, թե՞ չորս։ Իմ ծանոթ պահազորայիններին ուրիշ երկուսն էին եկել փոխարինելու, իսկ ես դեռ ոտքի վրա էի։ Եվ հանկարծ՝ արքայական սրահի ներսից ապակու կոտրելու ձայն լսվեց, որին հետևեց կանացի հուսակտուր աղաղակը։ Պահազորայինները աճապարանքով մուտքի վարագույները մի կողմ տալով սրահ ներխուժեցին, ինքնաբերաբար երկու քայլ առաջ եկա, ու ի՜նչ տեսնեմ․․․ Պատուհանը կոտրված, ապակու կտորտանքները խալու վրա թափված, Խալիֆ Հարուն ալ Ռաշիդը զայրույթից գազազել է, Զուբեյդան ձեռքերով հուսահատ դեմքն է ծածկել, վեզիր Ջաֆարը և բանաստեղծ Աբու Նուվասը իրենց տեղը չեն գտնում, իսկ վրեժի դահիճ Մասրուրը պատրաստ պահել է զարհուրելի սուրը, որպեսզի ինձ առատաձեռն վարձատրություն խոստացած ծերունու գլուխը մի զարկով թռցնի։ Ինչ վերաբերվում է արքայազն Մուհամմեդ ալ Ամինին, ապա նա բացակայում էր։ Չկար նաև սևափայտե ձին, իմ պալատում հայտնվելու գլխավոր ու միակ պատճառը։
    «Կտրիր դրա գլուխը,- հրամայեց խալիֆը,- հենց հիմա․․․ »
    Մասրուրը բարձրացրեց սուրը, որ հարվածի, բայց Զուբեյդան բռնեց նրա ձեռքը։
    «Հանուն Ալլահի,- աղերսեց խալիֆի կինը,- առանց նրա մենք չենք իմանա, թե իբլիսն ուր տարավ մեր որդուն»։
    Հարուն ալ Ռաշիդը դաժան աչքերը կնոջ վրա հառեց։ Սրահում գտնվողներից ոչ մեկը անվտանգության մեջ չէր։ Խալիֆին լավ ճանաչողները գիտեին, որ կատաղության պահերին սիրելի կնոջ կյանքն էլ չի խնայի։ Մասրուրը դեռ հապաղում էր, ձևացնելով թե ուզում է ավելի լավ նշան բռնել, իրականում չցանկանալով հարաբերությունները փչացնել Զուբեյդայի հետ։ Նրա առաջ ծնկած ծերունի իմաստունը սարսափից խուփ արեց աչքերը, երբ խալիֆի հայացքը Երկնքի կամքով ինձ վրա ընկավ․․․
    «Ո՞վ է սա, ինչպե՞ս է պալատում հայտնվել,- որոտաց խալիֆը»։
    Սևամորթ պահազորայիններն ասես նրա խոսքերին էին սպասում։ Ինձ արագ խալիֆի մոտ քարշ տվին, իսկ նա՝ Հարուն ալ Ռաշիդը, որին երազում էի տեսնել, կատաղությունից արյուն էր տենչում, ու ես միանգամայն հարմար էի, որպեսզի զայրույթի սոսկալի կրակը ինձ վրա թափի։
    «Այդ նա սևափայտե ձին պալատ բերեց,- ծնկած տեղից բացականչեց իմաստունը»»
    Սարսափահար նայեցի նրա ողորմելի դեմքին ու հասկացա, որ ավաղ ո՛չ բոլոր իմաստուններն են իրենց իմաստության չափ առաքինի։ Ծերունին առանց վարանելու խալիֆի զայրույթի սլաքն իմ վրա ուղղեց, որպեսզի փրկի իր ողորմելի կյանքը։ Չհասցրի ոչինչ ասել, ավելի ճիշտ այդ՝ հնարավորությունը չունեցա։ Ինձ արագ ծունկի բերեցին, Մասրուրի ահեղ սուրը կախվեց գլխիս վերև։ Մտովի հրաժեշտ տվեցի կյանքին, բայց կրկին անգամ արյուն հեղելու գործիքը հապաղեց։ Այս անգամ միջամտեց Աբու Նուվասը։ Հետագայում իմացա, որ նա խոսեց Զուբեյդայի աղերսական հայացքի ազդեցությամբ։
    «Ո՜վ աշխարհի կենտրոն և խաղաղության ապաստարան,- ասաց պալատական բանաստեղծը,- այս չնչին արարածի մահը միայն գորգը կկեղտոտի։ Սրա կյանքը, ինչպես նաև ծեր իմաստունի կյանքը, որն անշուշտ իբլիսի հետևորդն է, ոչնչով չեն օգնի, որպեսզի գտնենք գահի ժառանգորդին։ Մինչդեռ գուցե կուզենանք ավելին իմանալ կախարդական ձիու մասին․․․»։
    «Ես չեմ ուզում լսել այս ծեր ստախոսին,- մռայլորեն ասաց խալիֆը։ - Նա գաղափար անգամ չունի, թե սևափայտե ձին ուր թռցրեց տարավ արքայազնին։ Իսկ ով դիպչել է այդ կախարդական առարկային, որը իբլիսի ձեռքի գործն է, պետք է մեռնի։»
    Նույն պահին ես լսեցի Զուբեյդայի զրնգուն, աղերսական ձայնը։
    «Մուհամմեդ ալ-Ամինը վաղուց երազում էր տեսնել Հնդկաստանը,- ասաց նա։ - Նա անկասկած սևափայտե ձիուն հրամայել է իրեն տանել այդ ուղղությամբ»։
    «Եթե այդպես է,- լսվեց վեզիր Ջաֆարի ձայնը,- ես սուրհանդակ կուղարկեմ Հնդկաստանի թագավորնին և միաժամանակ փոստատար աղավնի։ Այդ միջոցով մենք կգտնենք գահի ժառանգորդին, ո՜վ արդարամիտ տիրակալ»։
    «Գուցե զնդա՞նը նետենք սրանց,- բարեկամաբար, շատ սիրալիր ձայնով կրկին խալիֆին դիմեց Աբու Նուվասը։ - Բոլորովին վատ չէր լինի, եթե գահի ժառանգորդը նույնպես ներկա լիներ սրանց մահապատժին»։
    Բացառությամբ վրեժի դահիճ Մասրուրի՝ մյուսները ջանում էին մեղմել խալիֆի զայրույթը։ Մասամբ՝ որովհետև Ալլահը պատվիրում է գթասիրտ լինել, մեծամասամբ, որովհետև թագաժառանգ Մուհամմեդ ալ-Ամինը դեռ գտնված չէր, ու մենք դեռ կարող էինք պետք գալ։
    Հարուն ալ Ռաշիդը մռայլ տեսքով լսում էր իր մերձավորներին։ Մինչև վերջին ակնթարթը նա մնաց ահեղ ու ծայրաստիճան վտանգավոր։ Այնուամենայնիվ ամեհի ցասումը աստիճանաբար հեռացավ նրա զորեղ հոգուց և նա դարձավ ավելի մեղմ, ավելի զիջող։
    «Իմ որոշումը հետևյալն է,- ի վերջո ասաց խալիֆը։ - Ջաֆար իբն Յահյա, Բասրայում անհապաղ նավ կհանդերձավորես, որը թագաժառանգին գտնելու նպատակով Հնդկաստան կուղևորվի։ Աբու Նուվաս, դու կգլխավորես այդ նավարկությունը․․․ Այս երկու ստահակները,- խալիֆը մատնացույց արեց իմաստունին ու ինձ,- տաժանապարտ թիավարներ կլինեն այդ նավի վրա։ Իմ որոշումը վերջնական է ու պետք է անհապաղ կատարվի»։
    «Լսում եմ և հնազանդվում,- միաժամանակ ասացին Ջաֆարը և Աբու Նուվասը»։
    Ահա այսպես դարձա ծովագնաց։
    Ինձ մնում է միայն ավելացնել, որ քսակիս երեք հազար դինար ոսկին, որ հայրական հսկա ունեցվացքի վերջին բեկորն էր, բաժին դարձավ պահազորի մի քանի բռի զինվորների, որոնք առանց խղճամտանքի թալանեցին ինձ։ Նրանք անշուշտ խիստ պատժի են արժանի, այդպես է գրված սուրբ գրքում, սակայն նույն տեղում նաև հավելում կա, որ իսկական մուսուլմանը նա է, ով այնուամենայնիվ ներում է։ Ուստի ներում եմ նրանց։
    Իսկ թե որն էր սևափայտե ձիու գաղտնիքը՝ կպատմեմ ստորև։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  4. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՌԱՋԻՆ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ
    «Յոթ Ծովերի Սարսափ», ահա այսպես էր կոչվում թիանավը, որով Բասրայից նույն օրը բաց ծով դուրս եկանք։ Դա փոթորիկների համը տեսած ու ծովախութերի հետ լավ ծանոթություն հաստատած մի ամուր առագաստանավ էր, որն արդեն կորցրել էր հաշիվը, թե քանի անգամ է խարիսխ գցել Հնդկաստանի գունագեղ ափերին: Նավը փորձառու նավապետ ուներ, բանիմաց նավաստիական անձնակազմ։ Տարածությունները հաղթահարում էր առագաստների միջոցով, իսկ երբ քամիներ չկային, գործի էր դրվում ստրուկ թիավարների բազկի ուժը։
    Աբու Նուվասը միայն ձևական էր արշավախմբի ղեկավար։ Համենայն դեպս քանի դեռ ծովում էինք։ Նավի վրա տեր ու տնօրինություն էր անում նավապետ Ջավադ ալ Քարիմը, ամեն բան այստեղ կատարվում էր նրա կամքով։ Ասենք, նրանք բոլորովին վատ չէին հարմարվել իրար և ազատ ժամերին հաճախ բարեկամաբար զրուցելով քայլում էին տախտակամածով։ Երբեմն նույնիսկ առիթ էր լինում տեսնել Աբու Նուվասի խորամանկող դեմքը և լսել նավապետի լիաթոք ծիծաղը։ Հավանաբար պոետը նրան իր սիրատարփ բանաստեղծություններից էր կարդում։
    Արշավախմբի ղեկավարը, նավապետը և նավի անձնակազմը մեզ (թիավարներիս) այնքան էլ մարդու տեղ չէին դնում, բայց ընդհանուր առմամբ չէին նեղացնում (նավը քսան թի ուներ, ամեն թիին կցված էր երկու մարդ)։ Փոխարենը մեր վրայից յոթ տակ կաշի էր պլոկում վերակացու Աբդալլահը, որը երևի հեռավոր ազգական էր գալիս իբլիսին։ Ընդունված էր ասել, որ նա դաժան, բայց արդարամիտ մարդ է, մինչդեռ ես նրանից միայն անգութ վերաբերմունք էի տեսնում։ Նա, այդ «արդարամիտը», առանց վարանելու շնչահեղձ կաներ բոլոր թիավարներին, միայն թե նավին հարկ եղած արագությունը հաղորդեր։ Ի դեպ, նա հենց այդպես էլ վարվում էր, որովհետև նավարկության առաջին երեք օրերին առհասարակ քամի չկար։
    Ինձ և Իբրահիմին (այդպես էին կոչում իմաստունին) նույն թիին գամեցին։ Կասեմ անկեղծ, միանգամից ատեցի նրան։ Պատճառն գուցե հազար դինար արժեցող զմրուխտե մատանին էր, որն ի տարբերություն իմ երեք հազար դիրհեմի, նրան հաջողվել էր պահպանել։ Մատանու ակը նա խելամտորեն ափի կողմն էր դարձնել, որպեսզի անձնակազմի մեջ գայթակղություն չբորբոքի։
    Երկուսս էլ երբևէ ծանր աշխատանք չէինք կատարել, ահա և հոգիներս բերաններս դուրս բերելով թիավարում էինք, հաճախակի մեջքներիս զգալով վերակացու Աբդալլահի խարազանի այրոցը։ Աղերսում էինք գթալ մեզ, երդվում էինք, որ աշխատել չգիտենք, բայց մեզ չէին հավատում։ Իբրահիմին, ասենք, երբեմն խնայում էին, փոխարինելով նրան, բայց ինձ՝ երիտասարդ փափկասունիս՝ երբեք։ Թիավարելու առաջին իսկ ժամում ձեռքերիս կաշին պլոկվեց ու Ալլահից օգնություն հայցելով մղկտացի ցավից։ Թիավար ընկերներս հաճախ էին զվարճանում, ծաղրելով անճարակությունս։ Հանդիպակած շարքից մի երիտասարդ միայն՝ Ահմեդը, խղճաց ինձ ու փորձեց սովորեցնել, թե ինչպես պետք է թիավարել, որպեսզի շուտ չհոգնել։ Նա մինչև անգամ այնքան բարի գտնվեց իմ հանդեպ, որ Աբդալլահին խնդրեց տեղերով փոխվել իմաստուն Իբրահիմի հետ։ Սակայն ի պատասխան միայն խարազանի հարված ստացավ դեմքին ու այլևս չհանդգնեց այդ մասին խոսել։ Այսպիսով ծերունի Իբրահիմին, որն այստեղ ոչ թե իմաստուն էր, այլ ամենախղճուկ թիավարը, թողեցին կողքիս։ Ենթադրում եմ՝ միտումնավոր արեցին, որովհետև նավի միակ զվարճությունն էինք։
    Ամեն անգամ, երբ երկու անօգնական մարդ կողք-կողքի են հայտնվում, հաճախակի կռվում են, դժգոհում իրարից, գործն իրար վրա գցում։ Ասացի Իբրահիմին, որ թիավարելու փոխարեն դեռ մի բան էլ թիից է կախ է ընկնում, նա ինձ հոտած խնձորով լի պարկ անվանեց, ու թեև ես ավելի իրավացի էի իմ մեղադրանքի մեջ, քան նա իր բնորոշման, թիավարների ծիծաղը հենց նրա խոսքի վրա պայթեց։ Անճարպիկ շարժումներով իրար օձիք բռնեցինք, է՛լ ավելի ուժգնացնելով մեր ընկերների ծիծաղը, ապա հայտնվեց վերակացու Աբդալլահը և խարազանի օգնությամբ վերացրեց անկարգության բոլոր օջախները։ Չպատմեմ այլևս մեր բոլոր վեճերի ու կռիվների մասին։ Դրանք բոլորը խղճուկ մարդկանց է՛լ ավելի խղճուկ քաշքշոցներ էին, մեկը մյուսից ավելի ճղճիմ ու ամոթալի։ Մի անգամ, սակայն, նավարկությունից երկու շաբաթ անց, Ալլահը հաշտեցրեց մեզ։ Ընթրիքի ժամ էր, թիավարները ստացել էին իրենց բաժին աղքատիկ կերակուրը, ամեն մեկն իր անկյունը քաշվել։ Ուտում էին լուռ, ագահաբար կուլ տալով ուտելիքը, մինչդեռ ես, չգիտես թե ինչու, աչքերս գամել էի «հավերժական» հարևանիս, որը ճաշելիս սովորություն էր դարձրել նավակողի բազրիքը որպես սեղան գործածել։ Եվ հանկարծ «Յոթ Ծովերի Սարսափը» մի կողքի թեքվեց, հսկա ալիքը ողողեց նավակողը, սրբել տանելով Իբրահիմը համեստ ընթրիքը, նա ինքը հազիվ փրկվեց ծովն ընկնելուց։ Նավի վրա ժամանակ առ ժամանակ նման բաներ պատահում են, բայց ինչ կատարվում էր մեր երկուսի հետ, անչափ զվարճալի բան էր համարվում։ Ահա և գարշելի հռհռոց բարձրացավ։ Աբդալլահը ահեղորեն բարձրացրեց հոնքը, ձեռքերի մեջ խաղացնելով խարազանը, բոլորը սսկվեցին, նողկալի ծիծաղին փոխարինելու եկավ բերանի ջանադիր չփչփոցը։ Միայն ես էի շարունակում Իբրահիմին հետևել, առանց դեռևս ձեռք տալու իմ բաժին ուտելիքին։ Դա ուշագրավ, զգայացունց տեսարան էր, որը գուցե բոլոր թշվառների դրության հայելին էր։ Թրջված, ուժասպառ, քաղցած, Իբրահիմն աչքերն անօգնական շուրջբոլորն էր պտտում, չիմանալով ինչ անել։ Գթասիրտ լինելը միայն ալլահին չէ հատուկ, թեև ալլահի գթասրտությունն անսահման է։ Թավուտում ապրող վագրի սիրտն անգամ կփափկեր, երբ իր առաջ տեսներ նրան։ Ամեհի առյուծը գութ կտածեր նրա հանդեպ, եթե անապատում հանդիպեր նրան։ Քաղցից ոռնացող գայլն անգամ նրան տեսնելով կխղճահարվեր։
    Սոսկալի է նայել խեղճուկրակ մարդուն, երբ նա կորցնում է այն չնչինը, որ քիչ առաջ ուներ։ Այլևս ուժ չունեցա դիմադրելու ու նրան մեկնեցի ձեռքիս մի քանի հատիկ ճխլված արմավն ու բորբոսնած հացը, որոնք թրջվել էին ծովի աղաջրից։ Իբրահիմն ինձ հառեց իր խելացի կասկածամիտ աչքերը, որոնց մեջ անհուն խորություն տեսա։ Զարմացած խորհեցի այն մասին, որ մարդուն ճանաչելու համար ոչ թե պետք է հետը մի փութ աղ ուտել, ինչպես մեզ պատվիրում են մեր նախնիները, այլ նույն թիին գամված երկու շաբաթ ծովով ճանապարհ անցնել։
    Հաջորդ օրերին Իբրահիմն ավելի մեծ ջանադրությամբ էր թիավարում։ Սաստիկ ամոթ էի զգում․ էլ ինչի՞ համար է Ալլահը մարդուն երիտասարդության արժանացրել, եթե նա հարկ եղած դեպքում չպետք է թեթևացնի ավագ տարիքի մարդու բախտավիճակը։ Ահա այսպես, մենք աստվածահաճո բան արեցինք, հաշտվելով իրար հետ, մեկմնեկու լավը կամեցանք, և Երկինքը չհապաղեց բարենպաստ քամի ուղարկել։ Նավապետը սկսեց աջ ու ձախ հրամաններ տալ, նավաստիները իրար անցած այս ու այն կողմ վազեցին, Աբու Նուվասը դեմքին այնպիսի մեծալուրջ տեսք տվեց, կարծես նավի հետ կապված բոլոր աշխատանքներն ինքն է ղեկավարում։
    Թիավարները հանգիստ շունչ քաշեցին, այլևս փքված առագաստներն էին առաջ տանում «Յոթ Ծովերի Սարսափը»։ Ծովային քամին ցրեց նաև Աբդալլահի դեմքի մռայլությունն ու խաղաղություն իջեցրեց նրա հոգուն։ Նա մի կողմ դրեց ահարկու խարազանն ու դադարեց իբլիսի հորեղբորորդու նմանակը լինել։ Շատերի հետ խոսում էր հայրաբար, մեջբերելով Ալլահի պատվիրանները, իսկ երեկոյան ժամերին պատմում էր Հնդկաստանի հրաշալիքների մասին։ Դա այլևս դաժան բռնակալ չէր, որը չնչին զանցանքների համար պատժում է ու հոգիներ է կործանում, այլ բարեհոգի ճանապարհորդ, որը փղի մեջքին նստած տարածություններ է հաղթահարել, կռիվ տվել զազրելի կապիկների հետ, որոնք եկել էին իրեն առևանգելու, մի կերպ խույս տվել պիթոն վիշապից, որը պատրաստվում էր իրեն կուլ տալ։ Ամենահետաքրքիրը, սակայն, ռաջայի, նրա կանանոցի ու պալատի նկարագրությունն էր։ Խոսքն այստեղ հեքիաթային հարստությունների մասին էր, ճոխության ու պերճանքի, որոնց մեջ պալատի բնակիչները լող էին տալիս։ Արքունիքը անթիվ պալատականներից էր բաղկացած, հազարավոր ստրուկներ մեջքները կքած տարբեր հանձնարարություններ էին շտապում կատարել։ Է՛լ ավելի շլացնող էր ռաջայի գանձարանը, որը լիքն էր ոսկով ու մարգարիտով․ ասում էին նա նույնիսկ իր պալատի պատերն է հրամայել ոսկե աղյուսներով շարել։ Ռաջան հզոր բանակ ուներ, մարտական փղեր, մեծ նավատորմ, նրա բյուր քարավանները հակերով կերպաս, թավիշ, մահուդ և անգորական բուրդ էին տեղափոխում մի քաղաքից մյուսը։ Աբդալահը նույնիսկ խոստացավ մեզանից մի քանիսին հետը ափ տանել, պայմանով իհարկե, որ այդ ընտրյալները չխախտեն նավի կարգը և բարեխիղճ կատարեն իրենց աշխատանքը։
    Թիավարները Աբդալլահին լսում էին բերանները բաց, հարցեր տալիս։ Արդյո՞ք ռաջայի արդարադատությունը նույնքան մարդասիրական է, որքան խալիֆինը, հարցրեց Մարդասպան Հուսեյնը։ Իսկապե՞ս Հնդկական ծովերում ծովահենական գործն ամենաեկամտաբերն է, թե՞ այդ ամենը սոսկ բամբասանք է, լրջորեն հետաքրքրվեց Ծովահեն Հասանը։ Ինչպե՞ս է Հնդկաց երկրում հսկվում դրամը և մարգարիտը, աչքերը պսպղացրեց Գող Ակրամը․ դրանք սնդուկների մեջ են պահում ու յոթ կողպեքով փակո՞ւմ, թե այդ բոլորը զուտ չափազանցություններ են։
    Իբրահիմը ոչ մի ձևով չէր արձագանքում վերակացուի պատմածներին։ Ասես ինքն էլ եղել էր Հնդկաստանում ու այնտեղ ուրիշ բան էր տեսել։ Ինչ էլ որ լիներ, ինձ հետ այդ մասին երբեք չէր խոսում։ Հնարավոր է դա նրան մռայլ մտքեր էր հաղորդում, հիշեցնելով սևափայտե ձիու և արքայազնի մասին, որոնք իր կործանման պատճառն էին դարձել։ Փոխարենը հետաքրքրական և ուսուցանող բաներ էր պատմում, որոնց իմ սնամեջ էությունը ծարավի էր։ Ընդունված էր ասել, որ հայրս ինձ փայլուն կրթություն է տվել, համենայն դեպս նա առանց դրամն ափսոսալու վարձել էր Բաղդադի լավագույն ուսուցիչներին, որպեսզի նրանք կրթեն ինձ։ Մինչդեռ Իբրահիմի հետ պարզ շփումը ցույց տվեց, որ գրեթե ոչինչ չգիտեմ։ Նա խորը գիտելիքներ ուներ, իզուր չէր իմաստունի կոչում կրում։ Անգիր գիտեր Ղուրանը, կարդացել էր մուսուլմանական բոլոր իմաստուն գրքերը, հնդիկ և քրիստոնյա գիտունների ամենաարժեքավոր աշխատանքները։ Ծանոթ էր բժշկության հիմունքներին, կարող էր կոտրված ոտքին տախտակ դնել ու կապել, ունելիով քաշել ցավող ատամը, ասեղով կարել մարմնի պատռվածքը, զանազան թուրմեր պատրաստել, որոնք կիջեցնեին հիվանդի ջերմությունը։ Աստղագիտության ասպարեզում նա սավառնում էր ինչպես երիտասարդ արծիվը կապուտակ երկնքում, իսկ աստղագուշակությանն այնքան լավ էր տիրապետում, որ քառորդ ժամում ուզածդ մարդու համար ճշգրիտ բախտագուշակ կկազմեր։ Հիանալի գիտեր մաթեմատիկա, քիմիայի բնագավառում ուներ կիրառական մեծ փորձ, փիլիսոփայում էր Արիստոտելից ոչ պակաս խելացի։ Սակայն նրա տարերքը ալքիմիան էր։ Մի անգամ ասաց ինձ․
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  5. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Անմիտ բան է ժամանակ վատնել, որպեսզի արճիճից ոսկի ստանալ։ Հրեա Դաուդը (առաջին ծերունին) խորը մոլորության մեջ է։ Նա ավելի խելացի վարված կլիներ, եթե շարունակեր սիրամարգերին ժամ ավետել սովորեցնել»։
    Մինչև հիմա նրբանկատորեն շրջանցել էի «սևափայտե ձին», որից ինքն էլ ամեն կերպ խուսափում էր։ Իսկ հիմա ուղղակի ասացի։
    «Հնարավոր է նա նույն բանը կասեր ձեր թռչող ձիու մասին»։
    Իբրահիմը ցնցվեց, նա անակնկալի եկավ։ Կյանքի դառնությունները նրան ստիպել էին մոռանալ դեպքերի մասին, որոնք տակավին վերջերս, մեկ շաբաթ առաջ էին տեղի ունեցել։ Նա ավելին կարդաց հայացքիս մեջ, քան ասել էի։ Լինելով ծեր մարդ, հարազատ մեկը չուներ, որին կարողանար հաղորդել իր անսահման գիտելիքները ու նվիրական գաղտնիքները։ Հանձինս ինձ նա գտել էր մի մարդու, որը կարող է լսել իրեն ու հասկանալ։
    «Սպասենք, մինչև խավարը քուն կիջեցնի մեր ընկերների աչքերին,- ասաց նա»։
    Լուսընկա գիշեր էր, «Յոթ Ծովերի Սարսափը» անխոնջ առաջ էր շարժվում, ճեղքելով ծովի սև ալիքները, որոնք չարքերի պես կողերից կառչելով փորձում էին կաշկանդել նրա շարժումները։ Ջավադ ալ Քարիմը և Աբու Նուվասը վաղուց իրենց նավախուցերն էին անցել, նավի անձնակազմի մեծ մասը՝ նույնպես։ Աբդալլահը մի քանի կարգադրություններ տալով ինքն էլ գնաց հանգստանալու, թիավարները հետևեցին իրենց պետի օրինակին։ Արթուն էին մնացել միայն «ղեկավարը», որը պետք է պահեր նավի ուղղությունը, «դիտորդը», որը կայմի բարձրությունից (զամբյուղի մեջ) հեռուներն էր զննում, և «հսկիչը», որը քայլում էր նավի վրա համոզվելու՝ արդյո՞ք ամեն բան կարգին է։ Հասկանալի է, այս երեքը մեզ չէին կարող խանգարել զրուցել, ուստի Իբրահիմը սկսեց պատմել։ Նրա մանկության, երիտասարդ ու ավելի հասուն տարիների մեջ քիչ ուշագրավ դեպքեր գտնվեցին, որոնք արժեր այստեղ հիշատակել։ Կրթություն էր ստացել, կատարելագործել այն Բաղդադ, Իսքանդարիե ու այլ քաղաքներում, ապա լավագույն աշխարհ էր ճանապարհել ծնողներին, իսկ նրանցից ստացած ժառանգությունը ծախսել իր գիտական փորձերի վրա։ Ընկերներ չուներ, երբեք ամուսնացած չէր եղել․․․ Եվ հանկարծ Իբրահիմը կտրուկ փոխեց խոսակցության նյութը։ Նա սկսեց խոսել իֆրիտների մասին։
    «Իֆրիտը ջիններից ամենակատաղին է ու ամենավտանգավորը։ Դա արդեն ղուլ չէ, որը թեկուզև գեղեցիկ կնոջ կարող է կերպարանափոխվել, ամեն կերպ խուսափում է մարդկանցից, ոչ էլ մարիդ, որի դեպքում հավանականություն կա բարի մեկին հանդիպել, էլ չեմ խոսում խղճուկ սիլաների մասին, որոնց համար փայտե մահակի հարվածն էլ ճակատագրական է։ Իֆրիտը ահռելի է, հզոր, խորամանկ, իֆրիտը իբլիսի առաջին ծառան է։ Նա ոգեղեն արարած է, ունակ անցնելու ամենահաստ պատերի միջով անգամ, բայց և կարող է նյութեղեն դառնալ ու ձեռքը մի գուրզ առած ամբողջ բանակներ ջարդել։ Մարդու և իֆրիտի հանդիպումը անդառնալի է առաջինի համար։ Հազվադեպ է պատահել, երբ իֆրիտը խնայել է մարդու կյանքը և այդ անելու համար ծանրակշիռ պատճառներ է ունեցել։ Քիչ իմաստուններ են գտնվել, որոնց հայտնի է եղել իֆրիտին վնասազերծելու գաղտնիքը։ Ընդունված է ասել, որ հերիք է ֆակիհը իֆրիտի առաջ Ղուրան կարդա ու նա անմիջապես դժոխք կչքվի։ Այդ ամբողջը դատարկ շաղակրատանք է։ Դա տգետ մոլլաների հորինածն է, որոնք Ալլահից նույնքան հեռու են, որքան մենք Ալմաստե լեռներից։ Հազվադեպ հոգևորականներ կգտնվեն, որոնց հասու կլինի իֆրիտի առաջն առնել․ ես այդպիսիք՝ չեմ հանդիպել»։
    Ոտնաձայներ լսվեցին․ այդ «հսկիչն» էր անցնում, կատարելով իր սովորական այցը։ Նա անտարբեր հետաքրքրվեց, թե ինչու չենք քնում, առանց պատասխանի սպասելու ձայն տվեց «դիտորդին»՝ արդյոք քունը չի՞ հաղթահարել նրան, ապա գնաց տեսնելու, թե ինչպես են «ղեկավարի» գործերը։
    «Տեսնում եմ, թե հետաքրքրության կրակն ինչպես է շողում քո աչքերի մեջ,- շարունակեց Իբրահիմը։ - Ես էլ, երբ քո տարիքին էի, նույնպես հետաքրքրվեցի իֆրիտներով։ Գրականություն կարդացի, ուսումնասիրեցի մինչ այժմ եղած բոլոր իմաստունների փորձը, հանդիպեցի նրանցից ոմանց հետ, ովքեր դեռ կենդանի էին, ի վերջո հետքերն ինձ տարան Եգիպտոս, Հնդկաստան, ուրիշ ազգերին պատկանող հեռավոր երկրներ։ Բոլորը պատմում էին մարդկանց մասին, որոնք իբրև թե իֆրիտների հետ գործ են ունեցել, բայց չկար մեկը, որն անձամբ տեսած լիներ դրանցից գոնե մեկին։ Ամեն բան իմացա իֆրիտների բնույթի մասին, կարծում էի պատրաստ եմ կանգնել նրանց առաջ, բայց ոչ մի իֆրիտի ինձ բախտ չվիճակվեց հանդիպել։ Կախարդական դարձվածքներ էի արտաբերում, գիշերում էի քարանձավերների մուտքերի առաջ և գետափի հսկա քարերի հարևանությամբ, որտեղ այդ չարքերը սովորություն ունեին կենալ, բայց նրանք չէին գալիս։ Մի անգամ միայն ինձ թված, թե ղուլի եմ հանդիպել, բայց դա իմ հետաքրքրության շրջանակներում չէր, ուստի չշարժվեցի այդ ուղղությամբ»։
    «Այդպես էլ որևէ իֆրիտի չհանդիպեցի՞ք,- հարցրի նրան»։
    «Հսկիչը» հեռու էր մեզանից, նա երևի զրույցի էր բռնվել «ղեկավարի» հետ։ Բայց ծերունի Իբրահիմը լռեց ու բավական երկար լուռ մնաց։ Արտաքուստ հանգիստ էր, բայց դողացող ռունգերը մատնում էին, որ հուզմունքը պատել է նրա ծերունական հոգուն։ Հետո սկսեց պատմել։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  6. #5
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իբրահիմ
    «Մենակյաց կյանքը, որ վարում էի տարիներ ի վեր, տպավորություն էր ստեղծել, թե իրոք մեն-մենակ եմ ողջ աշխարհում։ Իրականությունը մի-փոքր այլ էր։ Կուֆա քաղաքում ապրում էր իմ զարմիկ Սայֆ ադ-դինը, զարգացած և լայնախոհ մի մարդ։ Ինձ պես չէր թափառում խոհափիլիսոփայության բարձր շերտերում ու իր բոլոր ջանքերն ուղղել էր դեպի ալքիմիան ու կախարդությունը, որտեղ զգալի հաջողությունների էր հասել։ Արճիճը ոսկու չէր վերածել, այս հարցում համախոհներ էինք, փոխարենը զանազան միացություններն իրար խառնելով հզոր պայթուցիկներ էր ստանում և հմայիլների օգնությամբ գերբնական ոգիներ կանչում։ Երբ ուսումնասիրում էի իֆրիտների բնույթը, երբեմն նրա մոտ էի մեկնում, ամեն անգամ նա ինձ թագավորավայել հյուրընկալում էր իր հարկի տակ։ Փոխանակվում էինք ունեցած փորձով, որոշ հարցերում բուռն վիճաբանում, որոշներում ընդհանուր հայտարարի գալիս։ Ավելի ուշ՝ նամակագրություն էինք պահպանում, որը միշտ չէ, որ գիտական բնույթի էր։ Պատահում էր՝ դրամական կարիքի մեջ էի ընկնում, ու թեև Սայֆ ադ-դինն ինքն էլ հարուստ չէր, օգնում էր ինձ դուրս գալ դժվարին կացությունից։
    Մեկ տարի առաջ նամակ ստացա Կուֆայից։ Առաջվա պես Սայֆ ադ-դինի անունից էր, բայց այս անգամ ուրիշի ձեռքով էր գրված ու ի լրումն՝ վալիի կնիքով կնքված։ Անհամբերությամբ ձեռքս առա նամակը, հույս ունենալով որոշ արժեքավոր տեղեկություններ ստանալ։ Կնիքը կոտրելու ընթացքում, սակայն, սիրտս անհանգիստ թփրտաց։ Ավա՜ղ, կանխազգացումս ինձ չխաբեց։ Դա զարմիկիս մահվան գույժն էր, որը խորը հիասթափությունից բացի անհուն տխրություն իջեցրեց հոգուս։
    Երբ Կուֆա հասա, «բարի մուսուլմանները» խոսում էին այն մասին, որ ալլահը նրան իր մոտ վերցրեց։ Ճշմարտությունն այն էր, որ սիրելի զարմիկս սխալվել էր հաշվարկների մեջ, որը հզոր պայթյունի պատճառ էր դարձել։ Դեմքն այրվել էր, աչքերը զրկվել էին տեսնելու ունակությունից, երեք օր դեռ գիտակցությունը տեղն էր եղել։ Քանի որ բժիշկը ոչնչով չէր կարողացել օգնել, շտապ ֆակիհ էին կանչել, որը կտակ էր կազմել ու իմ անունով նամակ գրել։
    Պատշաճ կատարելով թաղման հետ կապված արարողությունները՝ անցա մյուս գործերին։ Դժվարին խնդիրներ չունեցա, Սայֆ ադ-դինն ինձ էր կտակել ողջ ունեցվացքը և ոչ մեկը չէր պատրաստվում վիճարկել այն։ Անպարկեշտ բան է մտքերը սևեռել մեռած մարդուց մնացած ժառանգության վրա, թեկուզ օրենքը ամբողջը քեզ է տվել։ Բայց անկեղծ լինենք, ամեն ոք ակամայից մտածում է մեծ կարողության մասին, որը մեկընդմիշտ կթեթևացներ նրա հոգսերը։ Մանավանդ՝ իմ հույսերը բնավ զուրկ չէին հիմքից, հաշվի առնելով ֆակիհի պատմածն առ այն, որ Սայֆ ադ-դինը շատ էր անհանգստանում, թե ունեցվացքը իր մեռնելուց հետո հանկարծ ուրիշի ձեռքը կընկնի։ Սպասումներս չարդարացան, ազգականս շատ քիչ բան էր թողել։ Խարխուլ տնակ, որի միայն հողի արժեքն էին համաձայնում տալ, մի քանի քրքրված գրքեր, և մկների կողմից զավթված հնավաճառի կրպակ, որտեղ խունացած նախշերով անոթներ կային, յուղից կեղտոտված կանթեղներ, կոտրված հայելիներ, պղնձե ծռծռված առարկաներ ու մի սևափայտե ձի՝ ճակատին սպիտակ խալ, որի վրա մի մատ փոշի էր նստել։ Նույն տեղում ալքիմիկոս զարմիկս կատարում էր իր գիտական փորձերը։ Սեղանի վրա դեռ թարմ էին պայթյունի ու դրա հետևանքով առաջացած հրդեհի հետքերը։
    Միջնորդներին հանձնարարեցի ծախել տունը, իսկ ինքս գրքերի հետ միասին կրպակ տեղափոխվեցի։ Գրեթե առանց սակարկելու տալիս էի ամբողջ հնոտիքը, ու նույնիսկ այդ դեպքում էլ գնորդները շատ չէին։ Ինչ արած, առևտուրն իմ ուժեղ կողմը չէ։ Փոխարենը շատ ժամանակ ունեի զբաղվելու կրպակում եղած քիմիական նյութերով ու դրանց մասին եղած գրականությամբ։ Զարմիկս այդ առումով ամենահարուստ ժառանգությունն էր թողել, որը առհասարակ մի գիտնականից կարող է մյուսին անցնել։ Կրպակի գիտական անկյունում կատարյալ կարգ ու կանոն էր։ Դարակներում դարսված բազմազան ու բազմագույն նյութերը խնամքով պահվում էին մեծ ու փոքր անոթների մեջ, որոնց վրա մանր ու գեղեցիկ ձեռագրով գրված էր, թե ինչ նշանակության են նախատեսված։ Առաջներում, այսպես ասած, աշխատում էի զարմիկիս հսկողության ներքո, իսկ հիմա գործողությունների լիակատար ազատություն ունեի, ուստի եռանդով գործի կպա։ Հաշվի առնելով Սայֆ ադ-դինի դժբախտ փորձը՝ նյութերի փոխադարձ ազդեցությունը փորձարկում էի ցերեկով, երբ դրսում շատ մարդիկ կային, որոնք անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեին։ Իսկ գիշերները կարդում էի։
    Օրստօրե հարստացնելով գործնական գիտելիքներս ու մի գրքից մոլեռանդորեն թռչելով մյուսին, ի վերջո մի այնպիսի գիտական աշխատություն հայտնաբերեցի, որն ամբողջությամբ կլանեց ինձ։ Թարգմանված էր չինարենից, կոչվում էր՝ «Ինչպես անմահական թուրմ ստանալ»։ Լսել էի այդ գրքի մասին, բայց չէի հավատում, որ գոյություն ունի․ վաղուց այն կորսված էր համարվում։ Դա մի անգին գանձ էր, որը «Հավերժության պալատի» հետ էլ չէի փոխի։ Չինացի հեղինակը գալիս էր հեռվից, սկսելով ծովի մեջտեղում գտնվող երեք սուրբ լեռների տարաշխարհիկ նկարագրությամբ, որտեղ անմահ մարդիկ էին բնակվում։ Այնուհետև պատմվում էր արշավախմբի մասին՝ հարյուր տղամարդ և հարյուր կին, որոնք այնտեղ էին ուղևորվել մեծ կայսր Ցին Շի Հուանդիի հրամանով։ Դադարեցրի ալքիմիական փորձերը, գոցեցի խանութի դուռը, իսկ պատահական այցելուներին այնպիսի աճապարանքով էի դռնից դարձնում, որ այլևս երբեք ինձ չէին դիմի, նույնիսկ եթե սովամահության դատապարտված լինեին։ Կարդում էի կլանված, մոմի աղոտ լույսի տակ, գտնվելով կատարյալ ինքնամոռացության մեջ։ Շարունակ վիճաբանում էի գրքի անհայտ հեղինակի հետ, որն իր բացակայելու հանգամանքով պատճառաբանված, չէր կարող առարկել իմ հապճեպ արված հիմնավորումներին։ Տենդայնորեն շուռ էի տալիս գրքի էջերը, որոշ տեղեր կարդալով երկու անգամ և մտքում կազմելով այն նյութերի ու դրանց փոխարինիչների մոտավոր ցուցակը, որոնց օգնությամբ մտադիր էի անմահական թուրմ ստանալ։ Ամենակարևոր տեղում, սակայն, սենյակը լուսավորող միակ մոմը մխաց ու հանգավ, ինձ թողնելով մթության մեջ։ Անիծեցի խավարը և իբլիսին, որի խորհրդանիշն է, ու ձեռքս սեղանի դարակը տարա։ Նման դեպքերի համար մոմերի պաշար էի տեսել, անդրծովյան ապրանք, որը կետաճարպից էր պատրաստված և շուկայում անչափ բարձր գին ուներ։ Ավա՜ղ, ոչինչ չգտա այնտեղ։ Կրպակում բուն դրած մկները, որոնք ըստ երևույթին համոզված էին եղել, որ իրենք էլ ոչ պակաս իրավունքներ ունեն իմ զարմիկ Սայֆ ադ-դինի ժառանգության վրա, ըստ արժանավույն էին գնահատել մոմերի որակը, մինչև վերջին փշրանքը ուտելով ճարպը ու կրծոտելով միջի պատրույգը։ Փոքրիկ կրծողներին է՛լ ավելի թունդ հայհոյեցի, քան նույնիսկ իբլիսին, բայց սենյակը նույնքան մութ մնաց, որքան մինչև այդ էր։ Անհուն կատաղությամբ համակված դես ու դեն նետվեցի, հուսահատորեն ելքեր էի որոնում, ուղեղս տենդայնորեն աշխատում էր։ Հանկարծ մտաբերեցի ծռմռված կանթեղների մասին, որոնք հնամաշ էին, գործածությունից դուրս եկած, բայց նեղ ժամի համար միանգամայն հարմար էին։ Խավարում խարխափելով առաջ շարժվեցի, մի քանի անոթ կոտրեցի, բայց կանթեղներից մեկը գտա։ Անհամբերությամբ չրթացրի կայծքարը, կանթեղը թանձր մուր արձակեց, բայց լուսավորեց, թեկուզ և աղոտ։ Շտապեցի ձեռքս առնել կիսատ թողած գիրքը, սակայն ապարդյուն։ Կանթեղի ծուխն է՛լ ավելի թանձրացավ, ամբողջությամբ տարածվելով սենյակում, հետզհետե կապտավուն երանգ ստացավ, ու ի սարսափ ինձ, սկսեց որոշակի ձևեր ընդունել։ Հոգիս անհուն սարսափով պատվեց, հասկացա, որ իմ առաջ ջիններից ոմն մեկն է նյութականանում, ու թեև մինչ այդ համոզված էի, թե գիտեմ ինչպես իֆրիտի առաջն առնել, խուճապի մատնվեցի։ Նույնիսկ չգիտեի, իֆրի՞տ էր արդյոք, թե գուցե մարիդ, դա իմ առաջին հանդիպումն էր նման արարածների հետ։ Ոգու ամբողջականացումը երկար ժամանակ չպահանջեց, նրա զարհուրելի պատկերը անջնջելիորեն դաջվել է հիշողությանս մեջ։ Դահիճ Մասրուրի պես չար դեմք ուներ, արնակալած աչքեր։ Կազմվացքը զորեղ էր, ձեռքերը խաչել էր կրծքի առաջ։ Ոտքերի փոխարեն բարալիկ ծուխ էր, որը միանում էր կանթեղին։ Ահա, սկզբունքորեն, ամբողջը, ինչ կարելի էր ասել նրա մասին։
    «Ալլահից բացի ուրիշ ալլահ չկա և Սուլեյմանը նրա մարգարեն է,- ասաց ջիննը և աչքերը հառեց վրաս»։ - Որոշ ժամանակ մենք զննում էինք մեկմեկու, որի ընթացքում ապարդյուն ջանում էի մոգական խոսքեր հիշել, որոնք հաստատապես կկաշկանդեին ուզածդ չար ոգու շարժումները, ապա ջիննը կրկին խոսեց։ «Արժանավորագույն Սայֆ ադ-դին,- ասաց նա,- ահա և նյութեղեն դարձա, ինչպես ձեզ խոստացել էի։ Մենք որոշ ժամանակ ունենք զրուցելու, ես պատրաստակամ եմ կատարել ձեր ցանկություններից մեկը, կամ նույնիսկ մի քանիսը»։ - Այս ասելով ջիննը հարգալից գլուխ տվեց։ Որոշելով գործել անշտապ և չափազանց զգույշ, որպեսզի չխրտնեցնեմ ոգուն ու ժամանակ շահեմ, ոգիների աշխարհի մասին ինչ-որ անորոշ բան քրթմնջացի ու ավելացրի․ «Պատմիր քո մասին, արժանավորագույն ջինն, դու ինձ այդ խոստացել ես»։ - Զրուցակիցս միանգամից գործի անցավ, դա անչափ շարժուն ու գործնական ոգի էր։ «Անունս Ֆարար է,- ասաց նա,- ես իֆրիտ Քամաազի և իֆրիտուհի Իրիֆայի որդին եմ։ Ես երիտասարդ իֆրիտ եմ համարվում, ընդամենը յոթ հազար հինգ հարյուր վաթսուրնչորս տարեկան եմ, չհաշված ամիսները, ժամերը ու րոպեները, որը մանրուք է։ Հազար տարի ապրել եմ իբլիսի թագավորությունում, ևս նույնքան ժամանակ անցկացրել եմ օվկիանոսի հատակին՝ այն բանից հետո, երբ ձախողեցի հանձնարարությունը ու ինձ սափորի մեջ պարփակելով ծովը նետեցին։ Ապա ինձ կապեցին մի մատանու, որի գերին դարձա ու դժբախտություններ բերի մարդկանց գլխին, հայելու մեջ սողոսկած ներխուժեցի խալիֆի հարեմ, ու շատ զարմանալի բաներ տեսա այնտեղ։ Ձեզ չափից ավելի չեմ ծանրաբեռնի երկար պատմություններով։ Ի վերջո ինձ հարյուր տարով այս կանթեղի մեջ բանտարկեցին, որն իմ նախավերջին կալանքն է։ Ես մեկ հարյուր տարվա բանտարկություն ու ես ազատ եմ․․․»։ - Այս ասելով Ֆարարը աչքերը այս ու այն կողմ պտտեց, ըստ երևույթին փորձելով կռահել, թե հատկապես ինչ առարկայի մեջ առավել հարմար կլիներ ևս հարյուր տարի անցկացնել։ Հասկանալով, որ իֆրիտը հիմա ուր որ է կչքվի, առանց կատարելու իմ ցանկությունները, շտապեցի կանգնեցնել նրան։ - «Արժանավորագույն ալ Ֆարար իբն Քամաազ,- բացականչեցի ես,- դուք նոր եք ազատվել երկարատև միայնությունից ու նորից հարյուրամյա բանտարկությա՞ն եք ձգտում․․․»։ - «Հարգելիս,- սառը քաղաքավարությամբ պատասխանեց ոգին,- հարյուր տարին իֆրիտի համար մեծ ժամանակամիջոց չէ։» - Ու չքացավ․․․ Ասես երազում լինեի, իրականությունն ու անուրջները հոգուս մեջ իրար էին միաձուլվել։ Թե ինչ առարկայի մեջ էր իրեն պարփակել իֆրիտը, գաղափար անգամ չունեի։ Այդ հարցի լուծումն ինձ օգնեց գտնել պատահականությանը․ հիմա կպատմեմ, թե բանն ինչպես եղավ․․․ »։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  7. #6
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սինդբադ Ծովագնաց
    Իբրահիմը ստիպված եղավ ընդհատել պատմությունը։ Ոտնաձայներ լսեցինք, ինչ-որ մեկը գաղտագողի մոտենում էր․․․ Ո՛չ, դա հերթապահ նավաստին չէր, նա այդպես էլ մնաց մյուս նավաստու մոտ, որին վստահված էր «Յոթ Ծովերի Սարսափի» ղեկը։ Լղար կազմվացքը վկայում էր, որ ավելի շուտ թիավարներից է, և դա իրոք այդպես էր որ կար․․․ Ահմեդն էր, զուգահեռ շարքի տասնիննամյա թիավարը, որի հետ որոշ մտերմություն էր ստեղծվել։ Նրա դեմքը տագնապ էր արտահայտում, ասես գլխին մահվան վտանգ էր կախվել։
    «Սինդբադ,- մոտենալով շշնջաց ականջիս,- թիավարները որոշել են խռովություն բարձրացնել։ Ոչ մի ստրուկ մի տարուց ավել չի ձգում, այդ պատճառով նրանք որոշել են վճռական քայլի դիմել։ Բոլորը նախկին հանցագործներ ու մարդասպաններ են և միտք ունեն նավը գրավելով ծովահենությամբ զբաղվել։ Քեզ և Իբրահիմին, որպես այդ արհեստի մեջ անպետք մարդկանց, այս գիշեր սպանելու են։ Դա պետք է շեղի անձնակազմի ուշադրությունը և խռովությունը սկսելու ազդանշան լինի․․․»
    Ահմեդը ձեռքերիս մեջ ինչ-որ առարկա դրեց ու չքացավ նույնքան անակնկալ, որքան հայտնվել էր։ Դա մի ծռմռված դաշույն էր, որը հայտնի չէ, թե որտեղից էր հայթհայթել։
    «Այդ մասին պետք է անմիջապես հայտնենք նավապետին,- ասացի Իբրահիմին»։
    «Մեզ վրա նորից կծիծաղեն,- գլուխը տարուբերեց իմաստունը։ - Իսկ հետո, միևնույն է, չենք խուսափի դաժան հաշվեհարդարից»։
    «Հապա ի՞նչ պիտի անենք,- սրտիս ուժգնացող զարկերը զգալով՝ հարցրի ես»։
    «Ամեն բան ալլահի կամքով է,- պատասխանեց Իբրահիմը»։
    Նա այս խոսքերն ասաց միանգամայն հաստատուն ձայնով և դա շատ զարմանալի էր։ Նա բնավ չէր վախենում, ինչպես Հարուն ալ Ռաշիդի առաջ․․․ Իսկ մի՞ թե դա չէր նշանակում, որ հիմա դրան հավասար վտանգ չի տեսնում։
    «Բոլոր թիավարները վերջացած տխմարներ են,- շարունակեց Իբրահիմը,- նավը գրավելը նրանց խելքի բանը չէ։ Աբդալլահի տեսքը միայն շատերին կզրկի ոգու արիությունից։ Ջավադ ալ Քարիմը Բասրայի լավագույն նավապետն է և իր հավատարիմ նավաստիների հետ միասին ավելի շատ ծովահենական նավեր է խորտակել, քան այս խղճուկները առևտրական անմեղ նավեր են տեսել։ Աբու Նուվասն էլ նվեր չէ․ նա ծառայել է բանակում, քաջ է, հանդուգն, և նույնքան լավ է տիրապետում սրին, որքան սիրատարփ բանաստեղծի գրչին։ Մեզ, իհարկե, նրանք կարող են սպանել առանց դժվարության։ Բայց մենք զգուշացված ենք, վտանգը մեզ անմիջապես հիմա չի սպառնում ու մենք ժամանակ ունենք փրկության ելքեր որոնել»։
    Իբրահիմն անշտապ վեր կացավ տեղից, աղոթքի գորգիկը փռեց ոտքերի առաջ և հայացքը հառեց աջ նավակողի ուղղությամբ, որտեղ սուրբ Մեքքան էր։ Աղոթելուց հետո նույն հանգստությամբ վեր կացավ տեղից ու ձեռքը խալաթի գրպանը տարավ, որտեղից պղնձե քառակուսի տախտակ դուրս բերեց։ Հարցրեց՝ հատկապես ովքե՞ր կարող էին ապստամբների պարագլուխ լինել։ Հավանություն տվեց պատասխանիս, Ահմեդի տված դաշույնով եռանկյունի նշան գծեց վրան ու անհասկանալի նշաններ խզմզեց։ Իբրահիմն անճանաչելի էր դարձել․ այլևս այն խեղճուկրակ թիավարը չէր, որի վրա բոլորը ծիծաղում էին, կամ սարսափի մատնված անօգնական ծերուկը, որն անթաքույց դողում էր խալիֆի առաջ, ոչ էլ իմաստասեր գիտնականը, որը բարեհոգի զրուցում է աշակերտի հետ։ Դա կախարդ էր, մոգ, որը ուրիշ աշխարհի է պատկանում և իր զորությունը միայն իրեն հայտնի աղբյուրներից է ստանում։ Աչքերը չռվել էին, հայացքն՝ աղավաղվել։ Սահմռկելի երանգներ ստացած ձայնը խուժում էր մարմին, թափանցում ոսկորների մեջ, ստիպելով տհաճ դող և խենթություն զգալ։ Իր մրմունջներում հաճախակի տալիս էր Ծովահեն Հասանի և Մարդասպան Հուսեյնի անունները։ Խորապես համոզված էի, որ նրա մոգական խոսքը անտեսանելի ու գաղտնածածուկ ճանապարհներով թափանցում է այս երկուսի հոգիների մեջ, ահա թե որքան համոզիչ էր իր գործողությունների մեջ։
    Ավարտելով հմայությունը՝ երկար ժամանակ լուռ ու անշարժ մնաց։ Փակել էր աչքերը, ձեռքերի ափերը կրծքի առաջ իրար միացրել։ Ակներև էր, որ չի կարելի խախտել իմաստունի հոգու անդորրը․ դրանով նրա բոլոր ջանքերը ջուրը կընկնեին։
    Անսպասելի բաց արեց աչքերը և փայտե տախտակ պահանջեց։ Այս անգամ քառակուսի գծեց, հանդիպակած ու զուգահեռ գծեր տարավ ու ստացված վանդակներում անհասկանալի նշաններ խզմզեց։ Ձեռքերը կողմ տարածեց, հայացքը հառեց դեպի ծովի փրփրաբաշ ջրերը ու բարձրաձայն ինչ-որ անծանոթ անուն տվեց։ Երկնքում կայծակ փայլատակեց, քիչ հետո պայթեց ամպերի որոտը։ Սառը քամի փչեց, անձրևի մանր կաթիլների զովություն զգացի դեմքիս։ Երկյուղից կուչ եկա, սնոտի վախն ինձ ստիպեց ցնցվել։ Երևակայությունս հրեշների ահասարսուռ պատկերներ գծագրեց մթության մեջ, որոնք պատրաստվում էին վրաս հարձակվել։
    «Արեցի ամեն հնարավոր բան, ինչ մարդուց է կախված,- ասաց Իբրահիմը։ - Անհամաձայնություն սերմանեցի խռովարարների պարագլուխների մեջ և փոթորիկ կանչեցի։ Մնացածն արդեն ալլահի որոշելիքն է։ Ճիշտ է, այդ ամենը չափից ավելի թանկ նստեց․ առնվազն յոթ-ութ տարվա կյանք, երբ ես վաթսունչորսի մեջ եմ։ Մինչև անգամ լիարժեք վստահություն չունեի, արդյո՞ք ուժերս կբավականացնեն ավարտել մոգությունը, բայց ստեղծված իրավիճակում ուրիշ ելք չկար․․․ Գրպանումս քառորդ սրվակ «անմահական թուրմ» կա, որի գլխավոր հատկությունը մարմնի երիտասարդացումն է և ուժերի արագ վերականգնումը, բայց դա վերջին միջոցն է ու դեռ կարող է պետք գալ․․․»։
    Իբրահիմը թուլացած տախտակամածին ընկավ։ Տասը տարով ծերացել էր․ կախարդությունն իրոք նրանից շատ կենսական ուժեր էր խլել։ Ջուր տվեցի, արկանի կապը բարձի տեղ դրեցի գլխի տակ։ Խրախուսող հայացքով ժպտաց ինձ, որից եզրակացրի, որ վախեցած ու տխմար տեսք ունեմ։ Զգացի, որ դեմքս ամոթից այրվում է։ Արժանապատվության զգացողությունը ստիպեց ինձ ուրիշ աչքերով նայել դեպքերի անբարենպաստ ընթացքին։ Արհամարհեցի վախը ու վճռեցի ուղիղ նայել մահվան աչքերի մեջ։
    Անցավ քառորդ ժամ։ Իբրահիմը պառկած էր մեջքի վրա ու ծանր էր շնչում։ Գինին կամ մի քանի հատիկ խուրման կամրապնդեին նրան, բայց ցավոք դատարկ ջրից բացի ուրիշ ոչինչ չկար ձեռքի տակ։ Պահի կարևորությունը արիասիրտ էր դարձրել ինձ։ Պատրաստ էի նավամբարից ուտելիք թռցնել, բայց չէի կարող ընկերոջս մենակ թողնել, խռովարարները ամեն վայրկյան կարող էին մեզ վրա հարձակվել։ Լսվող ոտնաձայները հաստատեցին մեր կասկածները։ Իբրահիմը կիսանստեց տեղում, ես ձեռքիս մեջ ամուր սեղմեցի Ահմեդի տված դաշույնը։
    Քիչ հետո լսեցինք Աբդալլահի քնատ ձայնը։ «Թող փառաբանվի ալլահը, որ մարդուն սովորեցրել է այն, ինչ նա չգիտեր,- բարեպաշտ ձայնով ասաց վերակացուն»։
    Աբդալլահն ասես նման չլիներ իրեն։ Չնայած այն բանին, որ սառը քամի էր փչում, արձակեց շապիկի կոճակները, որպեսզի ավելի ազատ շնչի։ Ապա նկատեց մեզ ու շորորվելով մոտեցավ։ Չհարցրեց ինչու չենք քնում և այս ժամին ինչ գործ ունենք տախտակամածին, նրա խոհերն ասես միանգամայն ուրիշ հարթությունում էին։ Սովոր էինք կաշեփոկե մտրակով տեսնել նրան, իսկ հիմա ձեռքերի մեջ գինու տիկ էր բռնել․ ահա թե ինչու էր շորորվելով քայլում։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  8. #7
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աբդալլահ
    Երդվում եմ Մուհամմեդի մորուքով, մարդիկ սխալվում են ինձ վատը համարելով։ Թիավարին մտրակելիս չեմ ուրախանում, ինչպես որ ֆերգանացի Մասրուրն է ուրախանում, երբ խալիֆը նրան հրամայում է թռցնել իրեն դուր չեկած մարդու գլուխը․ այդ բանն անում եմ անհրաժեշտությունից ելնելով։ Ինքս ստրուկ թիավար եմ եղել ու շատ տաժանելի օրեր եմ տեսել։ Ինձ միայն այն բանից հետո մյուսներից տարբերեցին, երբ սարսափելի փոթորկին իմ ընկերներից ավելի սառնասիրտ գտնվեցի։ Սեփական ձեռքերով խեղդեցի վերակացու Սանջարին, որը վախկոտաբար կայմից էր կառչել, թողնելով իր պարտականությունը, մտրակելով շնչահեղձ արեցի բոլոր թիավարներին, ի՛նքս թիավարելով գրեթե մահվան դուռը հասա, բայց «Յոթ Ծովերի Սարսափը» դուրս բերեցի զարհուրելի ջրապտույտից։ Նավապետ Ջավադ ալ Քարիմն ըստ արժանավույն գնահատեց իմ ջանքերը։ Նա ինքն է՛լ ավելի մեծ բան արեց, վճռական պահին կառչելով ու բաց չթողնելով ղեկն այն բանից հետո, երբ հսկա ալիքները իրար ետևից ղեկը վարող երեք նավաստի տարան դեպի ծովի անհուն խորությունները։ Նավապետն ինձ գրկեց անձնակազմի առաջ ու ասաց, որը բոլորն իրենց կյանքով ինձ են պարտական։ Այդպիսով ես «Յոթ Ծովերի Սարսափի» թիավար ոգին դարձա, որը նույնքան կարևոր է նավի շարժման համար, որքան փքված առագաստները։ Աշխարհիս երեսին, սակայն, սահմանված է, ամեն բան իր ավարտը պետք է ունենա։ Երազում երկնքից նշան եմ ստացել, որ վճռական ժամը հնչել է ու չեմ հակառկվի նախախնամությանը։ Ալլահի կամքն է, որ Աբդալլահը հանգստի գնա, որպեսզի վերջապես Մեքքա ուխտագնացության մեկնի և բարեգործություններ անի կարիքի մեջ գտնվող մարդկանց։ Զուր տեղը չի ասված՝ ով վշտահարի աշխարհիկ վշտերից մի վիշտ թեթևացնի, ալլահը հարության օրվա նրա յոթանասուներկու վիշտը կթեթևացնի։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  9. #8
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սինդբադ Ծովագնաց
    Հետզհետե ուժգնացող քամին արդեն այնքան էր սաստկացել, որ չնայած տաք եղանակին, հաճելի չէր մնալ նավի տախտակամածին։ Նույն բանը հավանաբար մտածեց նաև «դիտորդը», որն իր զամբյուղից ձայն տվեց, որ փոթորիկ է հասունանում։ Աբդալլահն արդեն ուզում էր նավախուց վերադառնալ և անշուշտ տարակույս կունենար առ այն, որ մենք չենք պատրաստվում նույն բանն անել, բայց դեպքերը այլ ընթացք ստացան։ Հանկարծ մի ստվեր անցավ, որը մեկ ուրիշ դեպքում չէի նկատի, եթե զգուշացված չլինեի, որ մեզ ուզում են սպանել։ Դավադիրն ակներևաբար անակնկալի էր եկել, թույլ ծերունու և փափկասուն երիտասարդի փոխարեն տեսնելով մեկին, որի կերպարանքից անգամ վախենում էր՝ ինչպես կրակից։ Վտանգը, սակայն, ժամանակավոր էր չեզոքացված։ Շուտով ավելի մեծաքանակ և վճռական ուժեր ի հայտ կգային։ Նշան արեցի Իբրահիմին, նա հայացքով պատասխանեց, որ ինքն էլ է տեսել, ու բարձրաձայն արտասանեց հետևյալ քառատողը։
    Կեսգիշերին, լուսնի տակ, ոռնում է գայլը վերքերից բացված։
    Թույլ տուր, որը ցավը վայելի գայլի կատաղությունն անսանձ,
    Եվ մահվան ստվերն այն,
    որ կողքովդ է անցնում առայժմ։
    Դա նշան էր Աբդալլահին, որը ցավոք ուշ հասկացավ ասված խոսքերի իմաստը։ Իր գործն արեց նաև գինին, որը թուլացրել էր ահարկու վերակացուի զգոնությունը։ Նա այնուամենայնիվ խուսափեց չարագործի դաշույնի առաջին հարվածից, բայց երկրորդը նրա կողը խրվեց։ Ուժերը լքեցին Աբդալլահին, նա ընկավ, որպեսզի այլևս վեր չկենա, իմ առաջ տեսա արյունարբու Հուսեյնի զազրելի կերպարանքը։ Ակնթարթի չափ վարանեց․ խորհում էր՝ առաջինը անուժ ծերունո՞ւն սպանի, թե՞ անփորձ պատանուն, երբ տեսավ իմ ձեռքերում շողշողացող դաշույնը։ Նավի տախտակամածն արագորեն խռովարարների չարագույժ ստվերներով էր լցվում։ Շուտով նավապետին կհայտնեին մեր մահվան մասին և նրան խաբելով տախտակամած կբերեին․․․ Եվ կրկին լսվեց Իբրահիմի ձայնը։
    «Ծովի վրա փոթորիկ է իջնում,- թիավար Հուսեյնին դիմելով՝ ասաց նա,- առանց փորձառու նավավարի դուք կկորչեք»։
    «Բայց առանց քեզ, սատկած ուղտ,- պատասխանեց մարդասպանը,- մի կերպ յոլա կգնանք»։
    Ես անճարպիկ շարժումով գրոհի փորձ արեցի, հակառակորդս քմծիծաղեց միայն։ Մի մեծ ալիք, որն անցավ տախտակամածի վրայով ու թրջեց մեզ, վերահաս դեպքերը ևս մի քանի վայրկյանով հետաձգեց։ Ուշքի գալով ամբողջ տախտակամածը խռովարարներով լցված տեսա։ Իմ դիմաց Մարդասպան Հուսեյնն էր, որը պատրաստվում էր հարձակվել վրաս, մեզանից մի քանի քայլի վրա խռովության մյուս պարագլուխ Ծովահեն Հասանը, վերջինիս կողքին՝ երիտասարդ Ահմեդը։ Նախահարձակ եղա, որպեսզի կանխեմ չարագործին, բայց սայթաքեցի թաց տակամածին ու ընկա։ Մարդասպանը կռացավ վրաս, որպեսզի վերջս տա, որոշեցի համարձակորեն, բաց աչքերով դիմավորել մահը։ Հանկարծ ինչ-որ մեկը բռնեց նրա ձեռքը։ Ահմե՞դն էր․․․ Ո՛չ, մյուս խռովարարը, Ծովահենն էր։
    «Կա՛ց,- որոտաց նրա ձայնը,- ես երդվել եմ, որ դու չես սպանի նրան»
    «Իսկ ես երդվել եմ, որ երկուսին էլ կսպանեմ,- եղավ պատասխանը»։
    Երկնքում կայծակ փայլատակեց, ամպերը կատաղի ոռնացին, է՛լ ավելի կատաղությամբ մեկմեկու վրա հարձակվեցին Մարդասպան Հուսեյնը և Ծովահեն Հասանը։ Ուժգին քամի փչեց ու տախտակամածից մի քանի թեթև առարկաներ քշեց տարավ, անձրևը երկնքից թափվեց ինչպես դույլերից։ Մի քանի նավաստիներ ծուլորեն ելան իրենց խուցերից, տեսնելով նրանց, թիավարների երկու երրորդը վախկոտաբար փախչեց թաքնվելու։ Իսկ երբ նավապետ Ջավադ ալ Քարիմը բարձրացավ տախտակամած՝ երկու խռովարարներից միայն Հասանն էր մնացել նավի վրա․ Հուսեյնի մարմինը ծովի հատակը ձկներին կերակրելու էր իջել, հոգին՝ ի դժոխք չքվել։
    Թե ինչ զարհուրելի չարագործություններ կատարվեցին նավի վրա, լռության մեծ օվկիանոսին պահ տրվեց։ Մարդասպան Հուսեյնին Ծովահեն Հասանն էր նավից դուրս նետել, իսկ Աբդալլահի մարմինը ծովն ինքը վերցրեց։ Հետո այլևս չէին հիշի նրանց, այդ օրը ծովամրրիկը շատերին տարավ։
    Ավելի արդարացի կլիներ, եթե Աբուլ Աթահիան, պերճախոս բառերի և գունագեղ մտքերի բանաստեղծը նկարագրեր Իբրահիմ իմաստունի «կանչած» փոթորիկը։ Հսկա ալիքներին, որոնք պալատի բարձրության էին հասնում, միացել էր մոլեգին քամին, որը կրկնապատկում էր ծովամրրիկի ավերիչ ուժը։ «Յոթ Ծովերի Սարսափը» ինքն էր սարսափահար եղել ջրային զանգվածների ահեղ տեսքից, որոնց կատարներին ակամա բարձրանալուց հետո կտրուկ ներքև էր վիժում, գրեթե ամբողջությամբ ծովի մեջ խրվելով, բայց այնուամենայնիվ ինչ-որ հրաշքով ջրի երես էր ելնում։ Ուժգին ցնցումներ, պատռվող առագաստներ, խորտակվող կայմեր, ահա թե ինչ զարհուրելի տեսարաններ էին փայլատակում քամուց կիսափակ եղած աչքերիս առաջ։
    Նույնիսկ աղոտ պատկերացում չունեի, թե ինչ է կատարվում նավի վրա, բոլոր ուժերով կառչել էի մոտակա պարաններից, որպեսզի ջուրը չընկնեմ։ Չեմ կարծում, թե կգտնվեր մի նոր «Աբդալլահ», որը թիավարներին կստիպեր գործի կպնել, իսկ թե ինչով էին զբաղված նավապետը և նավաստիները, գաղափար անգամ չունեի։ Տեսա, թե ինչպես կոտրվեց նավի կայմը, իր հետ ծովը տանելով թիավար Ջաբարին, որն իրեն կայմից էր կապել, որպեսզի ծովը չընկնի։ Հետո մի դիակ սահեց իմ կողքով, ու ես չիմացա, թե ով էր, որովհետև գլուխն ամբողջությամբ ջախջախված էր․․․ Չէ՜, Իբրահիմն իսկապես գիտեր իր գործը, զուր տեղը չէր իմաստունի կոչում կրում․․․ Ի դեպ, որտե՞ղ է նա․․․ Վերջին անգամ, երբ նրան տեսա․․․ «Յոթ Ծովերի Սարսափը» կտրուկ կողի թեքվեց, ես կորցրի հավասարակշռությունս, մի մեծ ալիք ինձ ծովը տարավ։ Մինչև ջրի հատակն անցնելը հասցրի մտածել, որ պետք է Մարգարեի հետևորդը լինել և Ալլահի ողորմածությանն արժանանալ, որպեսզի կարողանալ Ջաննաթի դռներից ներս անցնել։ Ասված է՝ ամենաաղքատն անգամ այստեղ տասնապատիկ ավելին կունենա, քան աշխարհիս ամենահարուստը։ Եթե վերջինս խալիֆ Հարուն ալ Ռաշիդն է, կամ նույնիսկ վեզիր Ջաֆար իբն Յահյան, բոլորովին վատ տարբերակ չէ մի մարդու համար, որը զրկվել է հայրական ժառանգությունից ու ծովն ընկնելով խեղդվել․․․
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  10. #9
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ջաննաթ
    Իմ առաջ երանության ութ լուսավոր դռներ էին, որոնց անունները գիտեի ու տարբերում էի։ Շուրջբոլորս բարի մուսուլմաններ էին, որոնց տեսքն իսկ վկայում էր, թե իրենց սահմանված օրերն ինչ պարեպաշտ կյանքով էին ապրել։ Բոլորը երեսուներեք տարեկան էին, ես նույնպես երեսուներեք տարեկան էի։ Համբերատար սպասում էինք, թե մեզ որ դռնից ներս կկանչեն, թեև դա նույնպես կանխապես հայտնի էր թվում։ Նրանք, ովքեր դեպի ի ալլահ տանող ճանապարհին դիրհեմներ ու դինարներ էին ծախսել, ներս էին կանչվում հետևյալ խոսքերով․ «Ալլահի զավակներ, ահա՜ նա, իսկական երանությունը»։ Նրանք ովքեր աղոթքել էին, ծոմ պահել և կռվել հանուն հավատքի՝ կանչվում էին համապատասխան դռներից։ Հազվադեպ բոլոր ութ դռները բացվում էին միաժամանակ, որպեսզի դրախտի երանությանն արժանացածն իր հայեցողությամբ ներս մտնի ցանկացած դռնից։ Այդպիսիք իրենց սրբությամբ հավասար էին Աբու Բաքրին և սուրբ Հուսեյնին, որոնց առաջ հայտնապես դրախտի բոլոր դռները հյուրընկալ բացվել էին։
    Ամենաքիչը հինգ կամ վեց կյանք էի ապրել։ Խոհերիս մեջ մտերիմ մարդիկ էին հառնում, որոնց երբևէ չէի տեսել, այնուամենայնիվ հետները երկար ճանապարհ էի անցել կյանքի ոլորապտույտ ուղիներով։ Ընկերներ, բարեկամներ, հարազատներ, գեղանի կանայք, որոնց սերը փոխադարձ էր եղել և Աբու Նուվասի նկարագրածի պես կրքոտ։
    Չնայած այն բանին, որ գիտակցությունս ակնթարթում հազար գիրք արագությամբ էր գործում, չհասկացա թե ինձ ով կանչեց ու որ դռնից ներս տարավ։ Չորս հրեշտակապետերի տեսա, ի դեմս որոնց ճանաչեցի բարձր առաքինությունների տիրակալ Ջիբրիլին, գթասրտության հայր Միքաիլին, հոգիներ առնող Ազրաիլին և ահեղ դատաստանի ավետաբեր Իզռաֆիլին։ Շուրջբոլորս նայեցի։ Դրախտը կառուցված էր ոսկե և արծաթե աղյուսների գեղեցիկ համադրությամբ, ոտքերի տակ մարգարիտ, հակինթ և այլ թանկարժեք քարեր էին թափված։ Առաջ քայլեցի, եղանակը ո՛չ շոգ էր, ո՛չ էլ ցուրտ։ Իմ առաջ բացվեց չնաշխարֆիկ Ադն այգին, առաջինը Ջաննաթի չորս այգիներից, որտեղ արդարներ էին բնակվում, նահատակներ ու մարգարեներ։ Ապա տեսա Նաիմ և Մավա այգիները, որտեղ բարեպաշտները, արդարները և նահատակները արծաթե սկուտեղներից և ոսկե գավաթներից ուտում և խմում էին ա՛յն ուտելիքը և խմելիքը, որոնք իրե՛նք էին ցանկանում։ Ջաննաթում խորտիկները սննդարար էին ու թեթև, իսկ գինին համեղ էր ու չէր հարբեցնում։ Ամենքը շրջապատված էին գեղանի հուրիաներով՝ ժպտերես, նրբագեղ, սևաչյա ու հավերժ երիտասարդ։ Նրանց հետ էին նաև իրենց կանայք, որոնք մինչև Ջաննաթի դռներից ներս անցնելը նրանց կյանքի ուղեկիցներն էին եղել։ Այգիներով անցնելիս տեսա դրախտային չորս գետերը, որոնց մեջ ջուր, կաթ, դրախտային գինի և մեղր էր հոսում։ Ջրատարների մեջ հատկապես առանձնանում էր Կաուսարը, որը հատուկ Մուհամմեդ մարգարեի համար էր նախատեսված։
    Ջաննաթի ամենագեղեցիկ այգին, որը միաժամանակ դրախտի ամենաբարձր մակարդակն էր, Ֆիրդաուս այգին էր, որտեղից ավելի բարձր միայն Ալլահի գահն էր։ Ֆիրդաուսում ես տեսա ուղղահավատների Մարգարե Մուհամմեդին, ճշմարիտ հավատքի սյուներ Աբու Բաքրին, Ալիին և Հուսեյնին, առաջին մուեզզին եթովպացի Սիլյալին, Ռաբախի որդուն, որը ստրուկ էր եղել աշխարհիկ կյանքում։ Ապա տեսա մյուս մարգարեներին, որոնք Մուհամմեդից առաջ էին եղել։ Սուլեյմանը, Դաուդի որդին, մեծ իմաստունը, որը հարյուրավոր կանայք էր ունեցել, սուրբ Մուսան, որը հրեա ժողովրդին առաջնորդել էր անապատով ու անցկացրել Կարմիր ծովի միջով, սուրբ Իսան, որին քրիստոնյաները Ալլահի որդի են համարում։
    Մեկ ակնթարթում ավելի շատ բան ըմբռնելով, քան բյուր տարիների համաշխարհային քաղաքակրթությունն է, արժանացա դրախտի ամենաբարձր պարգևին, ալլահի դեմքը տեսնելու երանությանը։ Ինձ հարց տրվեց վարագույրի ետևից․ դա ամենաերանելի ձայնն էր, որը երբևէ լսել էի․ «Արդյոք ավելին չե՞ս ուզում» - Պատասխանը ինքն իրեն դուրս եկավ հոգուս ընդերքից՝ ասացի․ «Մի՞թե մեզ սպիտակերես չարեցիր, դրախտ չբերեցիր ու չփրկեցիր կրակից»։ Վարագույրը ետ գնաց ու ես դրախտի բարձրագույն երանությանն արժանացա, որն արգելված է նկարագրել։
    Անկախ իմ կամքից աչքերիս առաջ առկայծեց սուրբ Իսան և ակամայից հարցրի ինքս ինձ․ արդյո՞ք նա ալլահի միակ ու սիրելի որդին է, որին իր հետևորդները ալլահին են հավասարեցնում։
    Հանկարծ մի ձայն լսեցի, որը թափանցեց մինչև հոգուս խորքը։
    «Վերադարձիր․ դու դեռ պատրաստ չես Ջաննաթի երանությանն արժանանալ»։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  11. #10
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սինդբադ Ծովագնաց
    Երբ աչքերս բաց արի, մեջքի վրա պառկած էի թաց ավազին, իսկ Ահմեդը վրաս կռացած սեղմում էր որովայնս, դուրս մղելով աղաջուրը, որը կուլ էի տվել ծովում սուզված լինելու ընթացքում։ Սրտխառնոց էի զգում, սիրտս զարկում էր ռազմական թմբուկի ուժգնությամբ, ականջներիս մեջ այնպիսի խշշոց էր, կարծես ծովի փոթորիկը այնտեղ էր տեղափոխվել։ Փորձեցի վեր կենալ, հազացի, դա ինձ օգնեց մի-փոքր ուշքի գալ։
    Ծովամրրիկը թուլացել էր, բայց ամբողջությամբ դեռ չէր մարել։ Ծովի ալիքները ահարկու զարնվում էին քարքարոտ ափին և օձի պես ֆշշացնելով ետ դառնում։ Իսկական հրաշք էր, որ կենդանի մնացի։ Ափի երկայնքով թափված ջրահեղձ մի քանի մարմիններ ցույց էին տալիս, որ այդ օրը ոչ բոլորի բախտն էր բերել։
    Ահմեդի հետ քայլեցինք ափով, որպեսզի փորձենք գտնել նավը, որտեղից ծովը մեզ լվացել տարել էր։ Արդյո՞ք «Յոթ Ծովերի Սարսափը» փրկվել էր, թե ափամերձ ժայռերին զարնվելով խորտակվել, այդ մասին մենք չգիտեինք։
    Քառորդ ժամ ապարդյուն ապարդյուն որոնումներ կատարելով, համոզվեցինք, որ դա բավական մեծ կղզի է։ Այնուամենայնիվ «Յոթ Ծովերի Սարսափը», եթե միայն փոթորիկը նրան չէր տարել ծովի խորքերը, պետք է մոտերքում լիներ․ կայանած, խորտակված, բայց մոտերքում։ Հանկարծ ավազին ընկած մի մարմին տեսա, որն ինձ ծանոթ թվաց։ Ինչպես և նախորդ բոլոր դեպքերում, Ահմեդի հետ մոտեցանք, որպեսզի հնարավորության դեպքում փրկենք։ Դա Իբրահիմի հյուծված մարմինն էր, նա դեռ կենդանի էր։ Միահամուռ ջանքերով իմաստունի մարմնից դուրս մղեցինք ջուրը, նա բացեց աչքերը։ Դժվար էր նրան ճանաչել առանց չալմայի, որը ծովի բաժին էր դարձել։ Ոսկրոտ նիհար գլուխ ուներ, մազերը կարճ խուզած էին ու ցցված։ Ծանր էր շնչում, ուժ չուներ որ խոսեր, բայց ջանում էր նշաններով ինչ-որ բան հասկացնել։
    Մենք նրա խալաթի գաղտնարաններից փոքրիկ ապակե անոթ դուրս բերեցինք, որն այնպես հուսալի էր այնտեղ պահ տված, որ փոթորիկն էլ անկարող էր նրանից այն ավարառել։ Մտաբերեցի «անմահական թուրմի» մասին, որն ավելի շուտ կազդուրող, առույգացնող միջոց էր։ Բաց արինք երեք քառորդով դատարկ անոթը, մեջը կարմիր գույնի հեղուկ կար։ Իբրահիմի հայացքի անխոս հրամանով երկու-երեք կաթիլ բերանը լցրինք։ Ուշքի գալով նա ինձ դիմեց հետևյալ խոսքերով․
    «Սինդբադ, զավակս, այն ժամանակ, Հարուն ալ-Ռաշիդի պալատում, անվայել երկչոտություն տիրեց հոգուս, ես ինձ վերջին վախկոտի պես պահեցի։ Թող ների Ալլահն ինձ իմ մեղքերի համար։ Այդպիսին է մարդը, ընդունակ ամենաստոր արարքների, երբ վախը հաղթել է նրան․․․ Լսիր ինձ ուշադիր, մի ընդհատիր ինձ, քանզի վերջս եկել է․․․ Այս դեղամիջոցն ինձ ուժ տվեց, բայց միևնույն է երկար չեմ ձգի։ Շուտով ալլահն ինձ իր մոտ կվերցնի, ուստի կջանամ հակիրճ ձևակերպել ասելիքս․․․ Այս հեղուկից կխմեք երկու կաթիլ, այն ձեզ ժամանակավոր առույգություն կհաղորդի․․․ Սինդբադ, քեզ իմ ժառանգորդն եմ հայտարարում։ Կգնաս Կուֆա քաղաք ու կգտնես հնավաճառի այն կրպակը, որի մասին քեզ պատմել եմ։ Քեզ Սայիդ անունով մի երիտասարդ կդիմավորի, որին ցույց կտաս իմ մատանին, թեկուզ ստիպված լինես մատիցս հանելու համար կտրել այն։ Սա իֆրիտ Ֆարարի նվերն է, որը նրանից մեծ դժվարությամբ եմ պոկել, երբ արդեն սևափայտե ձիու մեջ էր մտել․․․ Թե առիթ ունենաս ռուխ թռչյունի հանդիպել, որը երբեմն հանդիպում է Հնդկաստանից հարավ ընկած կղզիներում, ձեռք բեր նրա ձվի կճեպը և փայծաղի թաղանթը․․․»։
    Իբրահիմը թուլացավ նույնքան անակնկալ, որքան առույգացել էր։ Նա հոգին ավանդեց հանգիստ, և ես հույս եմ տածում, որ նա Ջաննաթի ութ դռներից մեկով ներս անցավ։
    Թաղելով Իբրահիմի մարմինը, որը մեզանից բավական ժամանակ խլեց, նույն ուղղությամբ առաջ շարժվեցինք․․․ Հանկարծ ուղեղս պայծառացավ․ իսկ արդյո՞ք ճիշտ ճանապարհ ենք բռնել․ «Յոթ Ծովերի Սարսափը» գուցե հակառակ ուղղությա՞մբ է մոտեցել ափին։ Դատելով այն բանից, որ այլևս ջրահեղձ դիակներ չէին հանդիպում, իմ ենթադրությունն այնքան էլ սխալ չէր։ Ահմեդը հավանություն տվեց ասածիս, մենք ետ դարձանք։
    Այսպիսով, Երկնքին հաճելի եղավ, որ ավելորդ ժամանակ վատնենք, որը մեզ համար ճակատագրական եղավ։ Իհարկե քիչ հավանական էր, որ Ջավադ ալ-Քարիմը այդքան շուտ հրամայեր ափից հեռանալ (փրկված լինելու դեպքում իհարկե), սակայն․․․
    Քայլում էինք առույգ, «անմահական թուրմը» մեզ ուժ էր հաղորդել։ Մերթ ընդ մերթ Ահմեդին թվում էր, թե ոտքերի տակ հողը երերում է, իր խոսքերով ասած՝ «ծանր է շնչում», բայց ես նշանակություն չէի տալիս նրա խոսքերին։ Դա անշուշտ փոթորկի հետևանքն էր, որը ես նույնպես զգում էի։
    Շուտով գտանք «Յոթ Ծովերի Սարսափը», այն համեմատաբար անվնաս կայանել էր մի խաղաղ խորշում։ Այնքան մոտ էինք մեր սիրելի նավին, որ հստակ կարող էի տարբերել, թե ափում շրջող մարդկանցից որ մեկն է Ջավադ ալ-Քարիմը, որը Աբու Նուվասը, կամ, նավաստի է, թե թիավար։ Ահմեդը հրճվալից ողջույն հղեց, որը մեկ ուրիշ դեպքում անշուշտ լսելի կլիներ մեր ընկերներին։ Իսկ հիմա Ահմեդի ուրախության արտահայտությունը միաձուլվեց նավաստիների զարհուրելի ճիչերի հետ, որը նրանց բերաններից դուրս եկավ գետինը սարսափելիորեն երերալու ու այն առաջացնող որոտի հետ մեկտեղ։ Հետագայում Բաղդադում պատմում էին այն մասին, որ դա ոչ թե կղզի էր, այլ հսկա ձուկ, որին ուժգին փոթորիկը արթնացրել էր։ Իրականում՝ ես դա ասում եմ ձեզ որպես իմաստուն Իբրահիմի աշակերտ, դա մի սովորական երկրաշարժ էր։ Ճիշտ է՝ բավական ուժեղ երկրաշարժ։ Ես և Ահմեդը լեղաճաք եղանք, թիկունքում լսելով լեռների զարհուրելի ճարճյատունը, և շուռ գալով տեսնելով ժայռերի փլուզումը։ Որքան ոտքներումս ուժ ունեինք վազ տվեցինք դեպի նավը, ուշացումով հասկանալով, որ մեր ընկերները է՛լ ավելի վաղ են սկսել նավի տարահանումը։ Նավապետը կյանքի ավելի մեծ փորձ ուներ և միանգամից, երբ ոտքերի տակ հողը երերացել էր, կռահել էր սպասվելիք երկրաշարժի մասին։ Ահա այսպես պատահեց, որ մենք ուշացանք մեր նավը հասնել։ Որքան կոկորդներումս ուժ ունեինք՝ ձայն տվեցինք, թռչկոտեցինք, թափահարեցինք մեր ձեռքերը, բայց մեզ չնկատեցին։ Կամ չցանկացան երկու թերարժեք թիավարի պատճառով վտանգել նավը։
    Հիասթափությունը մեծ էր, բայց ոչինչ անել չէինք կարող, ուստի մի-փոքր էլ թևաթափ կանգնեցինք ծովափին ու քայլեցինք դեպի կղզու խորքը, հույս ունենալով ուտելու բան գտնել։
    Կղզին մեծ էր, ամբողջովին տարաշխարհիկ բուսականությամբ ծածկված ու շատ բարեբեր։ Ծառերին մրգեր գտնանք, որոնք մեծ ախորժակով կերանք, աղբյուրի ջուր խմեցինք և ափ վերադառնալով թաղեցինք մեր ընկերների ջրահեղձ մարմինները։ Ապա ծառերի ճյուղերից ու լիանաների լայն տերևներից հյուղակ սարքեցինք, որպեսզի քնելու տեղ ունենանք և պաշտպանվենք անձրևներից։ Հասկանալի է, այդ գործերում ավելի ձեռահաս էր Ահմեդը, իսկ ես ինչով կարողանում էի օգնում էի նրան։ Առաջ անցնելով ասեմ, որ դա մի հիանալի մարդ էր, որի մասին իմ մեղսավոր հոգին սկզբում մեծ մտավախություններ ուներ։ Պատճառը Իբրահիմի զմրուխտե մատանին էր, որը, իր խոսքերով ասած, հազար դինար արժեր։ Ամեն մի ստրուկ, որ թիավարում էր «Յոթ Ծովերի Սարսափի» վրա, նավաստիների մեծ մասը, չէին էլ վարանի, արդյո՞ք ինձ մեջտեղից վերացնել, որպեսզի մատանուն տիրանալով միանգամից հարուստ մարդ դառնալ։ Մանավանդ՝ ինձանից գրեթե օգուտ չկար․ այդ հետո զորեղացրի մկաններս ու սովորեցի զենք գործածել, որի մեջ, պարծենկոտություն չլինի, բարձր վարպետության հասա։ Մինչդեռ Ահմեդի պարզ էությունը զուրկ էր նման քստմնելի մտքերից։ Աամեն բանում հոգ էր տանում, որպեսզի ինձ համար հարմարավետություններ ստեղծի, կասկած անգամ չուներ, որ այսօր-վաղը որևէ մանր կենդանի կորսա, ու խորհում էր այն մասին, թե ինչպես կրակ ստանալ, որպեսզի միսը շամփուրելով վրան խորովի։ Սակայն բանը դրան չհասավ․ ինչ որ հիմա կպատմեմ, տեղի ունեցավ մեր կղզի ընկնելու չորրորդ օրը։
    Ծռմռված դաշույնը, որ Ահմեդը դողահար ինձ էր բերել փոթորկի ճակատագրական գիշերը, կորսվել էր ծովի ալիքների մեջ, մեր մեռած ընկերների մոտ նույնպես զենք չէինք գտել, փոխարենը խոհանոցի մի երկար դանակ ու մի սուր էինք հայտնաբերեցինք այն ծովախորշում, որտեղ «Յոթ Ծովերի Սարսափը» մի կարճ ժամանակամիջոց կայանել էր։ Նավաստիները հապճեպ նավ էին շտապել ու խառնաշփոթի մեջ մի քանի պետքական իրեր էին մոռացել։ Այսպիսով՝ մենք մեզ կազդուրված էինք զգում, զինված, պատրաստ կղզու ավելի խորքերը գնալ։ Հասկանալի է, սրով ու դանակով դժվար է մացառախոս որսալ, բայց մենք ծառերից ճյուղեր էինք կտրել ու ծայրերը սրելով նիզակի պես մի բան ստացել։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  12. #11
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճանապարհ ընկանք արևածագից առաջ, քանի դեռ շոգը շատ չէր նեղել։ Ահմեդը քայլում էր առույգ, ինձ պատմելով իր լավատեսական ծրագրերի մասին, որոնք միայն մանր գազանի որսով չէին սահմանափակվում։ Ասացի նրան, որ երախտապարտ եմ իրեն ու ի սրտե առաջարկեցի Իբրահիմի զմրուխտե մատանին, որի վրա նա երբեմն գողունի հայացքներ էր գցում։ Շտապեցի ավելացնել, որ այն թերևս ինձ պետք կգար Կուֆա քաղաքում միայն, որտեղ նշանաբառի տեղ պետք է ծառայեր․ իսկ այնպես՝ որպես զարդ, այն ինձ հարկավոր չէ։ Ահմեդը վերցրեց մատանին ու ձեռքերի մեջ մի փոքր շուռ ու մուռ տալով ետ վերադարձրեց։ Ասաց, որ կղզում հազիվ թե ակնավաճառի խանութ գտնվի, որտեղ հնարավոր կլիներ մատանին դրամի վերածել։ Առհասարակ, դրամն էլ այստեղ անօգտակար է, քանի որ որսի միսը ոչ թե վսավաճառի կրպակից պետք է գնել, այլ սեփական հնարամտությանը ապավինելով որսալ։ Ուխտ կնքեցինք հաջորդ անգամ մատանուն անդրադառնալ Կուֆա քաղաքում ու այլևս այդ մասին չխոսեցինք։
    Կղզին շատ ավելի մեծ էր, քան կարծում էինք։ Դեռևս բնակավայրերի չէինք հանդիպել, բայց այն ամենայն հավանականությամբ բնակեցված էր։ Շուրջբոլորը տարաշխարհիկ ծառներ էին, որոնց ճյուղերին հյութեղ մրգեր էին հասունանում, ջրառատ գետակներ, որոնց վրայով ամեն անգամ չէ, որ հնարավոր էր լինում լայն լոք անելով թռչել, ոչ մեծ լճակներ, որտեղ կռկռացող գույնզգույն գորտերը ըստ երևույթին այդտեղի միակ բնակիչները չէին։ Մեզ խոշոր մողեսներ էին հանդիպում, սողացող տգեղ կենդանիներ, ծառից ծառ մագլցող ճղճղան կապիկներ, որոնք մեզ վրա ուտելիքի մնացորդներ էին շպրտում։ Հաճախակի օձեր էին պատահում, (ամեն կերպ ձգտում էին խույս տալ իրարից), ուրիշ մանր ու խոշոր կենդանիներ, որոնց դժվար է տեսնելուց քառասուն տարի հետո ճշգրտորեն նկարագրել։
    Բավական երկար քայլեցինք, մինչև որ կենդանու հետքի վրա ելանք․ (Ահմեդի կարծիքով դա եղնիկ էր, իսկապես հիանալի կլիներ, եթե վարազ կամ արջ չլիներ)։ Քառորդ ժամ անհայտ կենդանու հետքով գնալուց հետո համոզվեցինք, որ սխալ էինք մեր ենթադրությունների մեջ։ Բացատ դուրս եկանք, ծանոթ դոփյուն լսվեց, մեր առաջ մի երկարոտն ձի տեսանք։ Սևաթույր, ճակատին սպիտակ խալ, դա մի սլացիկ նժույգ էր, որը Բաղդադի շուկայում հինգ-վեց հազար դիրհեմ կարժենար։ Ճիշտ է, Ահմեդը գտնում էր, որ դա տարիքն առած կենդանի է, ու հազար դիրհեմը այն առավելագույն գումարն է, որն արժեր նրան տալ։ Անկախ այն բանից, թե նժույգը որքան կարժենար, նա մեզ լավատեսական մտքեր ներշնչեց։ Ձին ընտանի կենդանի է, համենայն դեպս՝ մեր տեսածը, հետևաբար կղզում քաղաքակրթություն գոյություն ուներ․․․ Ավա՜ղ, չհասցրինք ուրախանալ բարենպաստ բացահայտումով. անսպասելի մեր առաջ մի խոշոր վագր հայտնվեց, որը լայն ոստույնով Ահմեդի վրա ցատկեց։ Եթե մտածեի՝ գուցե վախից փախուստի դիմեի։ Իսկ հիմա, տեսնելով ընկերոջս վտանգի մեջ, ինքս առաջ խոյացա ու նիզակս որքան ուժ ունեի շպրտեցի գազանի վրա։ Անտեղյակ մարդուն անշուշտ կթվար, թե փորձառու նիզակակրի հետ գործ ունի, մինչդեռ ինքս շատ լավ գիտեի, որ պատահական ստացվեց։ Այսպես թե այնպես, նիզակը վագրի թիկունքը խրվեց, ու թեև դա այնպիսի վերք չէր, որը նրան մեկընդմիշտ վնասազերծեր, գազանը զայրույթից մռնչաց, ու Ահմեդին ժամանակ տվեց խուսափել վտանգից ։ Ազատվելով փայտի սրածայր կտորից՝ վագրը հիմա էլ իմ կողմը շուռ եկավ, և Ահմեդն ինձ ոչնչով չէր կարողանա օգնել, քանզի նոր էր ընկած տեղից մարտական վիճակի ելնում։ Բայց հանկարծ բոլոր կողմերից նիզակներ ու տեգեր թափվեցին շերտավոր գազանի վրա, վերջինս անակնկալի եկած պտտվեց տեղում, չհասկանալով ինչ է կատարվում, ապա փախուստի դիմեց, թողնելով երկար ու արյունոտ հետք, որի օգնությամբ ցանկության դեպքում հնարավոր կլիներ գտնել նրան։ Քիչ հետո տեսանք մեր փրկիչներին։ Մի ամբողջ հարյուրյակ թխադեմ երիտասարդներ էին, բոլորն էլ հիանալի սպառազինված։ Նրանցից մեկը, որն աչքի էր ընկնում թանկարժեք հագ ու կապով, ժպտալով մոտեցավ ինձ։ Ի զարմանս՝ հետս խոսեց Մարգարեի սքանչելի լեզվով։
    «Ո՜վ օտարական,- ասաց նա։- Ինձ համար պատիվ է քեզ պես քաջին ողջունել իմ հայրենի Ռաջառատայում։ Ես արքայազն Դապուլան եմ, մահառաջա Մահինդայի որդին»։
    Նոր միայն նկատեցի․ երիտասարդը, որը որպես ռաջայի որդի ներկայացավ, ոչ թե սոսկ ժպտում էր, այլ հիացմունքով էր նայում ինձ։ Սկզբում չհասկացա, թե բանն ինչ է, հետո հայացքս պատահամար Ահմեդին ընկավ, որն այնպիսի խոնարհ տեսքով էր կանգնել իմ առաջ, կարծես իմ ստրուկն էր, որի կյանքն կարող էի սեփական հայեցողությամբ տնօրինել։
    Արքայազն Դապուլան շարունակեց։
    «Ռաջառատա թագավորությունում քաջ որսորդների պակաս չկա,- ասաց նա,- բայց նրանց մեջ հազիվ թե մեկը գտնվի, որը սրած փայտի կտորով վագրի դեմ դուրս գա»։
    Ինչ ճիշտն է՝ ճիշտը, վագրի վրա հարձակվելիս չէի էլ մտածում՝ արդյո՞ք քաջագործություն եմ կատարում թե ոչ․ ամեն բան ստացվեց ինքն իրեն։ Շփոթմունքով փորձեցի ավելի համեստ բնութագիր տալ իմ արարքին, սակայն արքայազնն է՛լ ավելի խանդավառվեց իմ խոսքերից ու ձեռքը բարեկամաբար ուսիս դնելով առաջնորդեց դեպի անհայտ ուղղությամբ։
    Այս պահից սկսած՝ այնքան պատմելու բան կա, որ չգիտեմ ինչպես հակիրճ արտահայտեմ մտքերս, որպեսզի ոչ մի կարևոր մանրուք հանկարծ բաց չթողնեմ։ Թերևս նախ և առաջ պետք է ասել, որ Ռաջառատա պետությունը (ռաջաների երկիր) գտնվում է Լանկա կղզու հյուսիսում, որը ուղղահավատ հավատացյալները Սերենդիբոմ են կոչում, իսկ քրիստոնյաները Ցեյլոն։ Սա հարուստ՝ ալլահի կողմից օրհնված երկրամաս է, մի հսկա կղզի, որտեղ ամեն օր նույն ջերմաստիճանն է, ջրի պակաս չկա ու ամեն բան աճում է ինքն իրեն։ Մարդկանց հիմնական կերակուրը բրինձն է, իսկ մրգերը չափազանց ցածր գին ունեն։ Կենդանական աշխարհը նույնպես զգալիորեն ավելի բազմազան է, քան իմ հայրենիքում։ Արդեն վերը նշվածներին անշուշտ պետք է ավելացնել կոկորդիլոսներին, որոնց առիթ ունեցա տեսնել մի ջրառատ գետում, երբ արքայազն Դապուլայի հետ նավակով զբոսնում էինք, և հսկայական վիշապ օձերին, որոնք իմ կարծիքով ազգակցական կապ ունեն իֆրիտների հետ։ Քիչ մնաց մոռանայի փղերին, որոնք սաստիկ բարեհոգի են, մարդու իսկական բարեկամը։ Բնակչությունն այստեղ հաճոյակատար է, մինչև անգամ ստրկամիտ, պատրաստ կատարելու օտարերկրացու ամեն մի քմահաճույքը։ Պետությունը բազմաթիվ ռաջաներ են ղեկավարում, որոնք ենթարկվում են մահառաջային։
    Թե ինչ դիպված մեզ հանդիպեցրեց արքայազն Դապուլայի հետ, որը հիմա Ռաջառատայի մահառաջան է, ու իմ մտերիմ բարեկամներից մեկը, կպատմեմ ստորև։
    Հնդիկների մոտ հինավուրց ծիսակատարություն գոյություն ունի, որը Աշվամեդհա է կոչվում և ամբողջովին կապված է ձիու զոհաբերության հետ։ Աշվամեդհան իրավունք ունեին կատարել միայն ռաջաները։ Ինչպես որ հին հույներն էին Պոսեյդոնին ձի զոհաբերում, ակնկալելով նրա բարեհաճությունը, այնպես էլ Հնդկաստանի ու Սերենդիբոմ կղզու բնակիչներն էին նույնությամբ վարվում։ Ահմեդը ճիշտ էր ասում, ձին բավական ծեր էր ու նույնիսկ հազար դիրհեմ էլ չարժեր․ առհասարակ, պետք էր այնպիսի կենդանի ընտրել, որի տարիքը քսանչորսից բարձր էր։ Հարյուր երիտասարդները, որոնց հանդիպեցինք, մահառաջայի ազգականներն էին ու մեծատոհմիկների զավակներ, որոնք կցված էին ձիուն՝ ապահովելու նրա անվտանգությունը։ Ծիսակատարության նպատակը փառքի ու զորության ձեռքբերումն էր, իշխանության հաստատումը հարևան երկրամասերի վրա, պետության ընդհանուր բարեկեցիկությունը։ Այն երկրամասերի ռաջաները, որոնց հողերով ծիսակատարության ձին անցնում էր, իրենց մահառաջայի հպատակներ էին ճանաչում, կամ դուրս էին գալիս նրա դեմ կռվելու։ Միաժամանակ թագավորական պալատում շարունակաբար ծիսական արարողություններ էին կատարվում, որոնք նկարագրված էին վեդաներ կոչվող հնագույն գրերում։
    Այս բոլորը արքայազն Դապուլան ինձ պատմեց մայրաքաղաք մեկնելու ճանապարհին, որը ծովափից մի քանի շաբաթվա ճանապարհի վրա էր։ (Նա հետը մի քանի ուղեկից վերցրեց, մյուսները մնացին ձիու մոտ)։ Նրանից իմացա նաև, որ ծիսակատարության հետ կապված գլխավոր իրադարձությունները դեռ առջևում են և տեղի կունենան առաջիկա օրերին։
    Երկարատև ճանապարհը մեզ բավական մտերմացրեց արքայազնի հետ։ Այնուամենայնիվ այնպիսի արժանահիշատակ դեպքեր տեղի չունեցան, որոնք արժեր այստեղ պատմել։ Մենք բարեհաջող մայրաքաղաք Անուրադհապուրա հասանք։
    Մահառաջա Մահինդայի պալատը մի հոյակերտ շինություն էր, որի նմանը երբևէ չէի տեսել (Երկրաշարժը բարեբախտաբար ոչ մի վնաս չէր պատճառել քաղաքին)։ Շքեղությամբ այն բնավ չէր զիջում Հարուն ալ-Ռաշիդի պալատին, սակայն միանգամայն այլ ճարտարապետության կառույց էր։ Մուգ աղյուսից պատրաստված պարիսպները վեհակերպ էին ու խայտաճամուկ, որոնց վրա փղեր, ռնգեղջյուրներ ու անհայտ հեթանոս աստվածներ էին պատկերված։ Ոսկեգմբեթ պալատը պայծառ շողշողում էր արևի տակ և կարծես կախարդանքով էր հայտնվել այստեղ։ Բարձր դարպասների առաջ պահազոր էր հերթապահում, որը մինչև գոտկատեղը մերկ էր և զինված էր նիզակով ու վահանով։ Պալատի ներսում մեզ հարյուրավոր պալատականներ դիմավորեցին, ծառաներին ու ստրուկներին թիվ ու համրանք չկար։ Այստեղ մի ճոխություն էր, որը մարդ միայն երազում կարող էր տեսնել։
    Մահառաջա Մահինդան քառասունն անց յուրօրինակ տղամարդ էր, հաբեշացու պես սև, քաղաքակրթությամբ՝ ուղղահավատ ժողովուրդներին ավելի մոտ։ Նա ինձ ընդունեց բարձրաստիճան պալատականների, մի քանի սիրելի կանանց ու հմայիչ ստրկուհիների ներկայությամբ, ամեն կերպ ջանալով ցույց տալ, որ ամենահյուրընկալ տանտերն է, որը միայն կարող է գտնել աշխարհիս երեսին։ Նա վարպետորեն հիացած ձևացավ, երբ Դապուլան պատմեց վագրի հետ կապված դեպքը, ապա անկեղծ հետաքրքրությամբ համակվեց, երբ իմացավ, որ Բաղդադ քաղաքից եմ։ Մահառաջայի կազմակերպած ընդունելությունը, սակայն, տարօրինակ ու անբնական թվաց ինձ։ Ես երիտասարդ էի, կյանքի փորձառությունից զուրկ, սակայն ճանաչում էի վաճառականների՝ հորս ընկերներին, որոնք Սերենդիբոմի ափերի մոտ նավաբեկության էին ենթարկվել, ու նրանցից ոչ մեկին պալատ չէին հրավիրել, առավել ևս՝ մահառաջային չէին ներկայացրել։ Գլխիս մեջ մի միտք առկայծեց, միաժամանակ մահառաջա Մահինդան հարցրեց․
    «Թանկագին հյուր, որը Բաղդադ հրաշալի քաղաքից է Անուրադհապուրա ժամանել, հուսով եմ իմ եղբայր Հարուն ալ-Ռաշիդը ողջ է ու առո՞ղջ»։
    «Ալլահի կամքով,- պատասխանեցի ես։- Թող նրա գահակալությունը երկարատև լինի»։
    «Հապա նրա որդինե՞րը․․․ Հիշեցրու ինձ նրանց անունները, իմ թանկագին հյուր․․․»
    Խորամանկ փայլ նկատեցի մահառաջայի աչքերի մեջ։ Պատասխանը չպետք է ձգձգեի։
    «Ալլահի ողորմածությամբ, Մուհամմեդ ալ-Ամին և Աբդուլլահ ալ-Մամուն,- պատասխանեցի ես – Ալ-Ամինը խալիֆի օրինական կնոջ՝ Զուբեյդայի զավակն է․ նա խալիֆաթի թագաժառանգ է։ Մինչդեռ ալ-Մամունը․․․»։
    Մահառաջան սիրալիր ընդհատեց ինձ, բայց ես չար կրակ տեսա նրա աչքերի մեջ։ Հանկարծ մտքովս անցավ, որ թագաժառանգը Աշվամեդհա ծիսակատարության օրերին այստեղ հայտնվելով խառնել էր արքունիքի ծրագրերը, պալատը սնոտի վախերի ու երկմտանքների մեջ գցել։ Արքայազն Դապուլայի մասին ոչ մի վատ բան չէի մտածում, այնուամենայնիվ ինձ մահառաջայի մոտ տանելով նա նրա հրամանն էր կատարում և նրա հետ մեկ ընդհանուր գործի էր ծառայում։ Այսպիսով՝ ինձ ալ-Ամինի վերաբերյալ զանազան հարցեր տվեցին, որոնց ես կարեցածիս չափ պատասխանեցի, մտքումս նշելով, որ ինձ գուցե հավատում են, գուցե՝ ոչ։ Անուրադհապուրայի տիրակալի պահվածքից հասկացա, որ իֆրիտ Ֆարարը սևափայտե ձիու մեջ մտած ալ-Ամինին այստեղ է հասցրել։ Իսկ թե ինչ էր տեղի ունեցել, ինձ առայժմ անհայտ էր։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  13. #12
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մուհամմեդ ալ-Ամին
    Իմ պալատը Բաղդադի ալ-Մուխարրեմ արվարձանում է, Տիգրիս գետի ափին․ խալիֆի նվերն է թագաժառանգ հռչակելուս առթիվ։ Ընդարձակ ու ճոխ շինություն է, հիանալի վայր, որտեղ մարդ կարող է ուզածի չափ զվարճության մեջլիս կազմակերպել։
    Ունեցվացքիս կառավարումը ամբողջովին Ֆադլ իբն Ռաբիային եմ հանձնել։ Գործն իմացող մարդ է, ազնիվ ու առատաձեռն։ Հազվադեպ եմ նրանից որևէ բան խնդրում, ցանկություններս կարդում է աչքերիս մեջ։ Դար ար-Ռակիկ շուկայի ամենապատվելի հաճախորդն է, որտեղ ինձ համար դեռատի ստրկուհիներ ու երիտասարդ ներքինիներ է ձեռք բերում։ Անհնար է նրան խաբել կամ անպետք ապրանք իրացնել․ ամենքին է հայտնի նրա սուր խելքը և նուրբ ճաշակը։ Երբ ալ-Ֆադլին կիսալուսնի պես սիրուն դեմքով ու եղնիկի գեղանի կազմվացքով դիցուհիների են հրամցնում, նա բնավ չի գոհանում այդքանով։ Աղջիկը պետք է նաև հուրիայի պես գեղեցիկ խոսի, Ալ-Ֆարազդակից ոչ պակաս կրակոտ ու արտահայտիչ կարդա, միայնակ դեղձանիկի նման քաղցրալուր երգի և Աբու Զաքարի պես կախարդաձայն ռեբեբ նվագի։ Նազանքով պարելու մասին քիչ մնաց մոռանայի, որը հարկ եղած պահին գուցե ամենակարևորն բոլորի մեջ է։ Մի խոսքով, եթե Մուհամմեդ ալ-Ամինի պալատ ստրկուհի է ոտք դնում, պետք է մեջլիսներին լրացուցիչ փայլ տա ու հետաքրքրություն հաղորդի։ Զվարճությունների էմիրը աչալուրջ հետևում է, որպեսզի աղջիկների շնորհները հանկարծ չպակասեն։ Իմ պալատ լավագույն երաժիշտներ են այցելում, որոնցից ոմանք աղջիկներին մասնավոր դասեր են տալիս։ Իբրահիմ ալ-Մոսուլին, Իբն Ջաբիան և Իբն Աբու Ավրան՝ նրանք խալիֆաթի լավագույն երգիչներն են։ Աբուլ Աթահիան, Աբու Նուվասը՝ անվանի բանաստեղծներ են։ Բուրսուման՝ ամենալավն է շվի նվագում։ Կույր երաժիշտ Աբու Զաքարը՝ ռեբեբը հոգի է առնում նրա ձեռքերի մեջ։
    Կանայք աշխարհիս ամենահաճելի զվարճությունն են, գինու և երիտասարդ ներքինիների հետ մեկտեղ, իհարկե, բայց երբ արժանավորագույն ալ-Ֆադլը ձանձրույթ է նկատում հայացքիս մեջ, անմիջապես կանչում է մրցախաղերի էմիրին, և նա խոյերի միջև մենամարտեր է կազմակերպում, կամ աքաղաղների։
    Սրանք իմ ամենօրյա ցանկություններն են, որոնք ամենքին են հայտնի, մինչդեռ ունեմ նաև երազանքներ, որոնց մասին հազվադեպ եմ խոսում։ Այնքան խորն եմ պահ տվել հոգուս թաքստոցներում, որ Ֆադլ իբն Ռաբիան էլ անկարող է կարդալ դեմքիս։ Երբ փոքր էի, դայակներս ինձ պատմում էին ջինների մասին, որոնք մարդուն ուսերին առած հեռավոր աշխարհներ էին թռցնում, ընդամենը մեկ գիշերվա մեջ Բաղդադից Հնդկաստան հասցնում։ Մինչդեռ եթե ուզենաս նույնիսկ Դամասկոս գնալ, շաբաթներով պետք է տանջվես թամբի վրա։ Աչքերս փակելով տեսնում եմ, թե ինչպես է իֆրիտն ինձ մեջքին առած Հնդկաստան տանում, իսկ տեղի խալիֆը, որի դուստրը չնաշխարհիկ գեղեցկուհի է, ինձ փառավոր ընդունելություն է ցույց տալիս։ Նույն երազը հաճախ կրկնվում է ու այնքան տպավորիչ է, որ անգամ իրական պատկերներն են նսեմանում նրա առաջ։ Հոգիս խռովվում է, սկսում եմ խոսել Աբուլ Աթահիայի պես պերճագեղ և Աբու Նուվասի պես սիրատոչոր։ Ալ-Ֆադլը արծվային հայացքը վրաս է հառում, ցանկանալով թափանցել սրտիս թաքստոցները։ Հրամայում է կանչել զվարճությունների մեջլիսների էմիրին ու խիստ խոսակցություն է ունենում հետը, որսապետերի էմիրի է ձայն տալիս, իսկ հետո ստիպված է լինում ձիու գավակին ելնելով Դար ար-Ռակիկ մեկնել։ Մինչդեռ ես քշում եմ բոլոր ստրկուհիներին, մեկնվում բարձերին ու մնում երազանքիս հետ միայնակ։
    Երբեմն սիրտս դեպի Հավերժության պալատ է ձգվում, որտեղ զվարճությունից է՛լ ավելի շատ դավեր են նյութվում։ Ոչ բոլորն են այնտեղ ինձ բարեկամաբար տրամադրված, իսկ ես թագաժառանգ եմ, վաղ թե ուշ ուսերիս եմ գցելու Մուհամմեդի Թիկնոցը, ու ինքս եմ որոշելու, թե ով է կանանցից կրելու տոհմական բադանը։ Այնուամենայնիվ, երբ Հավերժության պալատում եմ լինում, տեղի հասարակությունն ինձ զզվելի է։ Հասկանալի է, խոսքը խալիֆի մասին չէ, որը իմ հայրն է, ոչ էլ գլխավոր վեզիրի, որն իմ թշնամին է։ Մյուս պետական պաշտոնյաները, սակայն, զանազան վեզիրներ ու պալատական էմիրներ, հիմնականում տափակ ու մռայլ մարդիկ են, որոնց գլուխներում միայն անհասկանալի թվեր են ու տխմար մտահաղացումներ։
    Այնպես պատահեց, որ ձանձրացա զվարճության մեջլիսներից, իսկ հետո ձանձրացա նաև մրցախաղերից։ Որսի գնալուց նույնպես հրաժարվեցի, ահա թե որքան մեծ մելամաղձություն էր իջել հոգուս։ Նրբանկատ ալ-Ֆադլը իսկույն Դար ար-Ռակիկ մեկնեց ու մի գծուծ հրեայից երեք նոր ստրկուհիներ գնեց։ Չեմ հարցրել, կարծեմ հարյուր հազար դինար է վճարել։ Եվ ահա, պալատումս նստած սպասում եմ, թե երբ են ինձ գեղեցկուհիներին հրամցնելու, այդ առթիվ հրավիրել եմ իմ զարմիկ իբն ալ-Հադիին, զվարճությունների մեջլիսների էմիրը կտոր-կտոր է լինում, որ հանկարծ որևէ բան աչքաթող չանի, ու հանկարծ կանացի հմայքի փոխարեն Հավերժության պալատից եկած սուրհանդակն է կանգնում աչքերիս առաջ։ Ասում է՝ խալիֆը,- թող որ երկարատև լինի նրա գահակալումը,- թագաժառանգին հրավիրում է պալատ գալ։ Պատճառը, ասենք, գաղտնի չեն պահում։ Մեծ խալիֆ Հարուն ալ-Ռաշիդը ինչ-որ քնձռոտ իմաստունների է ունկնդրություն տալու, որոնք իբր նրան հրաշք բաներ են ցուցադրելու։ Ըստ երևույթին հետաքրքրական սպասումներ կան։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում՝ նույնպիսի հրավերք Զուբեյդային էլ են ուղարկել, խալիֆի գլխավոր կնոջը և իմ սիրելի մորը։ Դե իհարկե այնտեղ կլինի նաև Ջաֆար Բարմաքին, վեզիրը, որին ամբողջ հոգով ատում եմ։ Այդ նրա ջանքերով պարսկուհի հարճի որդուն երկրորդ գահաժառանգ հռչակեցին, այդ նա Մեքքայում Կաաբայի առաջ ինձ ստորացրեց, ստիպելով երդվել, որ խալիֆ դառնալուց հետո կպահպանեմ պարսկուհու ապօրածնի իրավունքները։
    Չէի սխալվում՝ Ջաֆարն էլ էր այստեղ։ Թող որ ալլահի կամքով Հարուն ալ-Ռաշիդի ահեղ ցասումը նրա վրա թափվի, թող դահիճ Մասրուրի սուրը թռցնի նրա դավաճանություններով լի գլուխը։ Աչքերս մորս աչքերին հանդիպեցին․ նա էլ նույն բանն էր մտածում։ Իհարկե, Զուբեյդա մայրիկը մեծ ազդեցություն ունի հորս վրա, բայց այն դեռ բավական չէ, որպեսզի գերազանցի վեզիրի խորամանկությանը։ Շնորհակալ եմ ալլահից, գոնե Աբու Նուվասն է այստեղ։ Ահավասիկ մի մարդ, որի հետ կարելի է գավաթ գավաթի զարկել ու մինչև լուսաբաց քեֆ անել։
    Իմաստուններից առանձնապես սպասումներ չունեի։ Դրանք ծեր և տաղտուկ մարդիկ էին, որոնց կարծիքով, անշուշտ, կինը և գինին կյանքի անցողիկ ունայնություններից են։ Ձանձրույթով սպասում էի, թե երբ է ունկնդրությունն ավարտվելու։ Առաջին ծերունին մի գունագեղ սիրամարգ մեջտեղ բերեց։ Խոսք չունեմ, գեղեցիկ թռչյուն էր, դրանցից իմ պարտեզում էլ մի երեք տասնյակի չափ կան։ Բայց ինչի՞ է պետք սիրամարգը, որը անդադար հիշեցնում է, որ մեկ ժամ էլ անցավ քո թանկագին կյանքից։ Երկրորդ ծերունին, իր «հրաշքով» հանդերձ, է՛լ ավելի գժգույն արարած դուրս եկավ։ Հիշեք խոսքս, նրա ականջ ծակող խողովակը դեռ շատ անախորժություններ կպատճառի Խորասանի դարպասների առաջ, ուր նրան տարան գող ու ավազակ բռնելու։
    Պատմում եմ շատ հակիրճ, որովհետև ծերունիների հասարակությունը ձանձրալի էր ինձ։ Իրականում ամեն բան կատարվում էր անշտապ, հետևաբար՝ երկար, բանաստեղծական դադարների, անուշեղենի համտեսի, իմաստախոհ զրույցների նրբերանգին։ Քիչ ժամանակ չանցավ, մինչև որ հերթը երրորդ ծերունուն հասավ։ Խոստովանում եմ, նրա հանդեպ սխալվել էի։ Այո, նիհար մարմին ուներ, ոսկրոտ գլուխ, ամենայն հավանականությամբ անտարբեր էր կանանց նկատմամբ ու մի կում գինուց անկասկած կհարբեր։ Բայց նրա սևափայտե ձին միանգամից գրավեց ուշադրությունս, կարծես հարազատի տեսա նրա մեջ։ Չեք հավատա, գուցե ասածներս պատրանախաբությանը վերագրեք։ Սովորական սևափայտը աչքերիս առաջ կերպարանափոխվեց ու սկսեց շարժվել։ Կենդանացած ձին տեղում տռճիկ տվեց, ինձ նայեց սիրալիր, առույգ հայացքով, նրա աչքերի խորքում ես հետաքրքիր արկածների խոստում տեսա։ Հաղթվեցի ձիու հմայքներից։ Ամենքը զբաղված էին ծերունու իմաստակությունները լսելով ու չէին նայում ազնիվ կենդանու կողմը։ Մինչդեռ ես երկու քայլի վրա էի նրանից, և նա անդիմադրելի ձգողականությամբ ինձ դեպի իրեն էր կանչում։ Կամքիցս անկախ ոտքի ելա։ Հարուն ալ-Ռաշիդը ուշադրություն չդարձրեց, Աբու Նուվասը և Ջաֆարը չտեսնելու տվեցին, Մասրուրը լարվեց։ Զուբեյդան՝ մայրս, ինձ նայեց անսքող նախատինքով։ Իմ արարքը պալատական վարվելակերպի կոպիտ խախտում էր, թագաժառանգին վայել չէր խալիֆի ներկայությամբ իրեն այդպես պահել ։ Բայց ինձ արդեն անհնար էր պահել։ Ճարպիկ ոստույնով ձիու գավակին ելա, ձին մարտականորեն խրխնջաց ու առաջ նետվեց։ Խորտակվող պատուհանը ինձ ուժ տվեց, ես վեհություն զգացի հոգուս մեջ։ Սևափայտե ձին ինձ տարավ դեպի ամպերը։ Դա մի երազանք էր, որը իրականություն էր դարձել։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  14. #13
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մահառաջա Մահինդա
    Երբ մահառաջա Ագգաբոդհիի մահից հետո Մահաթիթհայից Անուրադհապուրա ժամանեցի, որպեսզի ժառանգեմ Ռաջառատայի գահը, պալատը խառնակչության մեջ գտա։ Ստիպված էի զիջել հորս այրուն՝ մահառանի Սանգային, որին դժվարությամբ հավաստիացրի, որ յուվառաջա լինելը միանգամայն բավարար է ինձ։ Մի քանի չարամիտ ռաջաներ, սակայն, մահառանիին իմ դեմ լարեցին։ Տեղի ունեցավ վճռական ճակատամարտ, ես հաղթեցի ու սպանեցի թշնամիներիս, իսկ մահառանիին՝ գերի վերցրի։ Թագադրվեցի որպես մահառաջա Մահինդա Լամբականնա, երկրորդ տիրակալն այդ անվամբ։ Թվում էր ինձ այսուհետ ոչինչ չի խանգարի Ռաջառատայում միահեծան իշխել, բայց հիմա էլ իմ զարմիկ Դապուլան ապստամբեց իմ դեմ։ Նրան էլ հաղթեցի, նա հարավ՝ Ռուհունա փախավ, բայց չկարողացա օգտվել հաղթանակի պտուղներից, որովհետև լուր առա, որ հյուսիսային մի քանի ռաջաներ տիրացել են Անուրադհապուրային։ Ետ առա մայրաքաղաքը, հետո կրկին հաղթեցի Դապուլային, խելամտությունը ինձ հուշեց, որ ժամանակն է հաշտություն կնքել։ Զարմիկս պարտավորվեց Ռուհունայից այս կողմ քիթը դուրս չհանել, ու առ այսօր պահպանում է պայմանավորվածությունը, իսկ ես ամուսնացա մահառանի Սանգայի հետ, որը ճանաչեց ավագ որդուս թագաժառանգի իրավունքները։ (Նրա անունը Դապուլա է, հասկանալի է, ո՛չ նենգամիտ զարմիկիս պատվին, դա Լամբականնաների տոհմանուններից է)։
    Ասվածից պարզ է դառնում, որ Լանկա կղզին քաղաքականապես միատարր չէ։ Դեռ հորս՝ մահառաջա Ագգաբոդհիի օրոք Ռուհունան փաստացի անկախ էր Ռաջառատայից, Դակկինա ոչ մեծ նահանգը՝ նույնպես։ Ողջ դժվարությունն այն է, որ Լամբականնա տոհմը չափից ավելի բեղուն է։ Այդ նրանք՝ իմ զարմիկներն են գլուխ բարձրացրել Ռուհունայում և Դակկինայում, ու բնավ դեմ չեն լինի Ռաջառատայի գահին էլ տիրանալ։
    Լանկա կղզու քաղաքական կյանքը, սկզբունքորեն, սահմանափակվում է Ռաջառատայի և Ռուհունայիի լավ քողարկված ջանքերով՝ իրենց ազդեցությանը ենթարկել փոքրիկ Դակկինան, որը վճռորոշ կերպով կծանրացներ նրանցից յուրաքանչյուրի նժարը։ Նման իրավիճակը, որն արդեն տևական ժամանակ է շարունակվում է, Լանկա կղզում խաղաղություն է ապահովում։
    Երկնքին է միայն հայտնի, թե որքան ծածկամիտ եմ, համբերատար և խորամանկ։ Իմ առավելությունը մյուս ռաջաների նկատմամբ այն է, որ վճռորոշ իրավիճակներում կարող եմ դատել սառը գլխով։ Դեմքս անթափանց է, արտաքուստ նույնիսկ անտարբեր։ Իրականությունն այն է, սակայն, որ այս բոլորից հոգիս դաժանորեն տառապում է։ Ինձ, Ռաջառատա պետության օրինական գահակալիս, ստորացուցիչ է հանդուրժել Ռուհունայի և Դակկինայի գոյությունն իսկ, որոնք հավատարմության երդում են տվել, բայց իրենց խոսքը չեն պահել։ Տասը տարուց ավելի է պատերազմի եմ պատրաստվում, Ռուհունան և Դակկինան զբաղված են նույն գործով, մեզանից ամեն մեկը հակված է կարծել, որ վճռական բախմանն ավելի լավ է պատրաստվել։ Միևնույն ժամանակ մենք իրար սիրալիր նամակներ ենք գրում, թանկարժեք ընծաներ նվիրում, կեղծավոր ժպտում։ Իրականում սոսկ լարված խորհում ենք․ ինչպես թուլացնենք մեկմեկու և գահընկեց անենք։
    Պատերազմ, պատերազմ, պատերազմ, մտածում են բոլորը, բայց ոչ մեկը չի շտապում սկսել այն։ Դա վտանգավոր ձեռնարկ է և թանկ հաճույք, որտեղ ամեն մի մանրուք կարող է վճռորոշ դեր խաղալ։ Որպեսզի պատերազմ սկսել՝ նախ և առաջ պետք է այն հրահրել։ Միևնույն ժամանակ՝ խելացի տիրակալը այնպես խորամանկորեն է գործն առաջ տանում, որ նրա հարևանը զգալիորեն ուշ և խորը զարմանքով է գիտակցում, որ իր դեմ փաստացի կռիվ են սկսել։
    Թե ինչպես քողարկեմ քայլերս, որպեսզի Ռուհունայի և Դակկինայի ռաջաները արարքիս մեջ նենգախոհություն չտեսնեն, ինձ օգնեցին փառապանծ նախնիներս։ Երազիս նրանք տեսության եկան ինձ, հրավիրելով մասնակցել Աշվամեդհա ծիսակատարությանը, որը բարեպաշտություն է քարոզում, ավելացնում պատկառանքը իշխանավորի հանդեպ, ապահովում վերին ուժերի հովանավորությունը։ Պալատական իմաստուններն ասում են, որ երազը մտքի արգասիք է, որը սոսկ ակնթարթի չնչին մասն է։ Չվիճենք իմաստունների հետ, դա պարապ զբաղմունք է, ժամանակի անիմաստ կորուստ։ Այնուամենայնիվ իմ գիշերային նիրհն ինձ մի ամբողջ հավերժություն բերեց։ Խոսեցի բոլոր նախնիներիս հետ, նրանք ինձ պատմեցին բաներ, որոնք ինձ հայտնի էին, միաժամանակ գաղտնիքներ բացահայտեցին, որոնց մասին գաղափար անգամ չունեի։ Ինչ վերաբերվում է ծիսակատարության կենդանուն, դա երկարոտն, ձյութի պես սև, ճակատին սպիտակ խալով մի նժույգ էր, որն այնպես պատկերավոր է տպավորվել իմ գիտակցության մեջ, որ մինչև մահ ուղեկիցս կլինի։ Արթնացա առույգ, հանգիստ, ինքնավստահ, թիկունքիս որպես պատվար զգալով բոլոր նախնիներիս ուժն ու կորովը։ Պատերազմ սկսելը՝ առավել ևս դա հրահրելը, ինձ այլևս դժվարին խնդիր չէր թվում։
    Երբ վերականգնեցի Աշվամեդհա հինավուրց ծիսակատարությունը, բարոյախոսները շտապեցին պարսավել այն, համարելով Բուդդայի ոգուն ոչ բարեհունչ։ Ժողովուրդը, սակայն, խանդավառանքով ընդունեց այն։ Ծովամրրիկներն ու ջրհեղեղը այդ տարի ավերել էին Լանկա կղզու ափամերձ տարածքները և շատերը հույս ունեին այդ միջոցով վերին ուժերի ողորմածությանն արժանանալ։ Սպասումներն արդարացան։ Բերքը հազվադեպ առատ եղավ, մարդիկ այն վերագրեցին ծիսակատարությանը։ Համոզված եմ նաև, որ դրանով ավելացրի Ռաջառատայի ուժը, դարձրի այն ավելի հզոր։ Մոտակա դեպքերը ցույց տվեցին, որ չէի սխալվում։
    Բացի վերը նշվածից, մահառաջան Աշվամեդհայի օգնությամբ կարող է փորձել իրեն ենթակա ռաջաների հավատարմությունը (ծիսական կենդանու նկատմամբ կատարած ոտնձգությունը անհնազանդության դրսևորում է համարվում մահառաջայի դեմ)։ Ես խորամանկ ծրագիր կազմեցի, որի մասին ոչ մեկի հետ հարկ չհամարեցի կիսվել։ Իմ հեռահար նպատակների իրագործման տարեգրությունը հետևյալն է։
    Ծիսակատարության կենդանին՝ հարյուր պատվավոր թիկնապահների ուղեկցությամբ, ասես թե պատահմամբ դեպի հարավ գնաց, որտեղի ռաջաները սահմանակից էին Դակկինային, ու այն ամեն կերպ Խրախուսող Ռուհունային, և ժամանակ առ ժամանակ առաջարկ էին ստանում իրենց կողմն անցնել։ Դա Ռաջառատայի համար դժվարին խնդիր է, որը մշտապես ուշադրության կենտրոնում է։ Պատահել է ոսկու և զենքի զորությանն եմ ապավինել, իսկ հիմա պարզապես Աշվամեդհայի ձիուն ուղարկեցի։ Այս միջոցը զգաստացրեց սահմանապահ ռաջաներին, նրանցից ոչ մեկը չհանդգնեց նեղացնել սրբազան կենդանուն, նրանք շտապեցին առատ նվերներով Անուրադհապուրա ներկայանալ։ Հաջորդ անգամ նույն ծիսակատարությունը կատարեցի արդեն Դակկինայի տարածքում։ Շատ չխորացա այդ երկրամասի հողերի մեջ, անհրաժեշտության դեպքում իմ դիվանագիտությունը կատարվածը կբացատրեր պարզ սխալմունքով։ Սակայն ռաջան, որի տիրույթներ Աշվամեդհայի ձին իբրև թե պատահմամբ խուժել էր, դրա մեջ վտանգավոր միտում տեսավ և հեռու գնացող եզրահանգումներ արեց։ Անուրադհապուրա մեծ դեսպանություն ժամանեց, հավաստիացնելով, որ Դակկինայի ռաջաները իրենց խոնարհությունն են հայտնում Ռաջառատայի մահառաջային, ու նրա հետ բարեկամությունից զատ ուրիշ ոչ մի բան չեն ցանկանում։ Ինձ հայտնի չէ, թե ինչով էր նրանց նեղացրել Ռուհունան, բայց ես ժամանակ չվատնեցի պատճառներն իմանալու վրա և երկու ձեռքով կառչեցի ընձեռված հնարավորությանը։ Հասկանալի է, իմ առաջ որոշ պայմաններ դրեցին (պաշտոնապես աղերսեցին), որոնք ես հանձն առա կատարել։ Հաշտեցրի մի քանի ռաջաների, կլորացրի ոմանց տիրույթները, մյուսներին Անուրադհապուրայից ոչ հեռու անձնական հողեր հատկացրի և առատ ընծաներ տվեցի։ Ինչպես ընդունված է վարվել նման դեպքերում՝ որոշում կայացվեց դաշինքն ամրապնդել ամուսնությամբ։ Ջարմապալան, Դակկինայի ամենաազդեցիկ ռաջան, իմ դուստր Ռակնայի ձեռքը խնդրեց ու համաձայնություն ստացավ։ Չնայած իր արժանիքներին՝ բնատուր խելքին ու լրջախոհությանը, Ջարմապալան Լանկա կղզու ամենատգեղ մարդն է։ Ռնգեղջյուրը գեղանի պատանի է նրա համեմատությամբ, ահա թե որքան անբարետես է։ Կոկորդիլոսի դեմքը ավելի քիչ զարհուրանք է ներշնչում, ահա թե որքան հրեշավոր է նրա հայացքը։ Լուրը չափազանցված ձևերով Ռակնայի ականջն էր ընկել։ Նա ուշագնաց եղավ, իսկ ուշքի գալուց հետո երեք օր շարունակ լաց եղավ։ Հասկանալի է, այդ բոլորը չէր կարող ամուսնության խափանման պատճառ դառնալ։
    Ամեն մի ողջամիտ տիրակալ, երբ որևէ լուրջ գործ է ձեռնարկում, անշուշտ հաշվի է առնում չնախատեսված հանգամանքներ, որոնցից ոչ մեկը ապահովագրված չէ։ Ի՞նչ չնախատեսված դեպք կարող էր գործին խանգարել Ռակնայի դեպքում․․․ Միանգամայն ճիշտ է, աղջիկը կարող էր առաջին իսկ պատահած երիտասարդի հետ փախչել, միայն թե Ջարմապալայի կինը չդառնար։ Կրկնապատկեցի թիկնապահների թիվը, հուսալի ծառաներ կարգեցի վրան, ուրիշ ի՞նչ պետք է անեի։ Ձեռնարկված միջոցները, սակայն, ոչ մի օգուտ չտվեցին։ Ռակնան մահառաջայի պալատից չփախավ, իհարկե, բայց Ջարմապալայի կինն էլ հազիվ թե դառնա։
    Երկու շաբաթ առաջ, արքայադուստր Ռակնայի ուշագնաց լինելու չորրորդ օրը, անձամբ այցելեցի նրան, որպեսզի կրկնեմ որոշումս և նրան հրամայեմ հարսանիքի պատրաստվել։ Որքան մեծ եղավ զարմանքս (զարհուրանք, սարսափ), երբ հյուրասենյակներն ու ննջարաններն անցնելով ներքին բակ դուրս եկա ու դրվագազարդ սյունին կապված մի գեղեցիկ նժույգ տեսա։ Երկարոտն, սևաթույր, ճակատին սպիտակ խալ, իսկը Աշվամեդհայի ձին, որը երազում տեսել էի։ Կարծես քմծիծաղ տալով ինձ էր նայում, հայացքն ավելի շատ բանական մարդու էր, քան չորքոտանի կենդանու։ Մի քանի ակնթարթ ակնապիշ իրար աչքերի մեջ նայեցինք, մինչև որ նկատեցի հեծյալին, որը բավական խրոխտ, ինքնավստահ, մարտահրավեր նետող տեսք ուներ։ Նա արժանապատվորեն ներկայացավ (Բաղդադի խալիֆաթի թագաժառանգ), և գիրկն առնելով մինչև մազերի ծայրը կարմրատակած Ռակնային ասաց, որ սիրում են մեկմեկու և միայն մահը կբաժանի իրենց։ Մենք զրուցեցինք առանձին, ինձ միանգամից պարզ դարձավ, որ գործ ունեմ դատարկ, ինքնահավան, պարծենկոտ և խակ պատանու հետ, որն անվերջ զվարճությունների հավաքույթների ու մրցախաղերի մասին է խոսում ու կյանքում ոչ մի արժեցող գործ չի արել։ Բայց նա ինչպե՞ս էր ձիու հետ միասին հայտնվել պալատի ներքին բակում, ահա թե ինչն էր ինձ հուզում։ Ճանճն անգամ չէր անցնի պահազորի միջով, որ ես կարգել էր Ռակնայի մասնաշենքի շուրջբոլորը, իսկ նրան դա հաջողվել էր առանց դժվարության, կարծես թե երկնթում սավառնելով իջել էր պալատի վրա։ Միանգամից բացառեցի դավաճանությունը։ Անմտություն էր նման արարք կատարել ու սպասել մինչև որ մահառաջան կբացահայտի դա․․․ Հետաքրքիր է, նա իսկապե՞ս Բաղդադի խալիֆաթի թագաժառանգն է․․․ Ինչ էլ որ լիներ, ոչ մի դժվարություն չկար ոլորել այդ պարծենկոտի վիզը ու նրա լեշով կերակրել սոված առյուծներին, որոնք հենց նման դեպքերի համար են նախատեսված։ Սակայն Աշվամեդհայի ձին՝ երկարոտն, սևաթույր, ճակատին սպիտակ խալ, որ խելամիտ հայացքով շարունակ ինձ էր նայում և խորամանկորեն քմծիծաղ տալիս, կաթվածահար էր արել ինձ։ Դա արդեն պարզունակ թշնամի չէր, որը տաս կամ քսան հազար զորք է դուրս բերել քո դեմ, սա արդեն ավելի լուրջ հակառակորդ էր։
    Հաջորդ օրը ոչ ձիուն տեսա, ոչ էլ դատարկամիտ երիտասարդին, որն որպես Բաղդադի խալիֆաթի թագաժառանգ էր հորջորջվում։ Ռակնան ականջ ծակող ձայնով ասաց, որ նա վաղը կգա, իսկ անհետացել է, որպեսզի ցույց տա իր զորությունը, որի նմանը ուրիշ ոչ մեկը չունի։ Ջանացի թաքցնել քար զարմանքս։ Ինչպե՞ս էր նրան հաջողվել շրջանցել պահազորի հոծ շարքերը ու լքել պալատը։ Հաջորդ օրը նա կրկին հայտնվեց ձիու հետ միասին, կրկին խոսեց Ռակնայի հանդեպ ունեցած անդավաճան սիրո, զվարճության հավաքույթների, գեղանի հարճերի ու երիտասարդ ներքինիների մասին, իսկ սևաթույր, ճակատի սպիտակ խալով ձին վերստին վրաս հառեց դիվական աչքերը։
    Արդեն երկու շաբաթ է Բաղդադի թագաժառանգ կոչեցյալը մերթ կորչում է պալատից, մերթ հայտնվում։ Ինձ դժվարությամբ է հաջողվում գաղտնիքը պահել պալատի պատերի ներսում։ Մեկ շաբաթից Անուրադհապուրա կժամանի ռաջա Ջարմապալան, Ռակնայի փեսացուն, ու ես դեռ չգիտեմ, թե ինչպես պետք է վարվեմ։
    Հերթական նավաբեկությունը Լանկայի ափերի մոտ ինձ մոտ ոմն մեկին բերեց, որը նույնպես Բաղդադ քաղաքից է։ Բնավ հակված չեմ աներկբա հավատալ մարդու խոսքին, որին առաջին անգամ եմ տեսնում, սակայն ըստ երևույթին սուտ չի խոսում։ Ինչ էլ որ լինի, այդ երկուսի գրեթե միաժամանակ իմ տիրույթներում հայտնվելը պատահական չէ։ Դժվարին խնդրի առաջ եմ։ Արդեն երկու ամիս է անորոշ դրություն է։ Արդյո՞ք կապրեն այդ երկուսը, թե կմեռնեն, կվճռվի մոտակա օրերին, երբ կփորձեմ ավելի լավ ճանաչել երկարոտն, սևաթույր, ճակատին սպիտակ խալով արարածին՝ Աշվամեդհայի ձիուն։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  15. #14
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սինդբադ Ծովագնաց
    Մինչև հոգուս խորքը ցնցված եմ։ Այդ բանը տեղի է ունեցել Աշվամեդհան մինչև վերջ տեսնելուց հետո։ Աչքերս պղծված են, ես պետք է երեք անգամ Մեքքա ուխտագնացության գնամ, մինչև որ ինքս ինձ մաքրված համարեմ այդ պղծությունից։
    Ծիսակատարության կենդանին հարյուր պատվավոր պահապանների հետ միասին անվնաս Անուրադհապուրա վերադարձավ։ Ողջ պալատը՝ մահառաջան, մահառանին, մահառաջայի մեծաթիվ կանայք և մահառանիի է՛լ ավելի ազգականները ազգականները, հարյուրավոր հոգևորականներ, հազարավոր ականատեսներ հավաքվեցին տաճարում, տաճարի բակում և տաճարի մերձակայքում, որպեսզի ականատես լինեն ծիսակատարությանը։ Ինձ ներառեցին պատվավոր հյուրերի մեջ և գրեթե ողջ արարողությանը ականատես եկա։ Այդ մասին կպատմեմ չափազանց հակիրճ։
    Ծիսակատարության կենդանուն երեք ուրիշ ձիերի հետ ոսկեզօծ մարտակառքի լծեցին և ջուրը մտցնելով մաքրազերծեցին։ Այնուհետև մահառանին և մահառաջայի մյուս կանայք հատուկ յուղ քսեցին կենդանու մարմնին, իսկ գլուխը, վիզը և պոչը զարդարեցին թանկարժեք առարկաներով։ Այնուհետև բրահման կոչվող հոգևորականը ձիուն ինչ-որ ցորենի հատիկներով կերակրեց։ Դրանից հետո մի անպոզ այծի ու մի վայրի ցուլի սյունին կապեցին ձիու կողքին, իսկ տասնյոթ ուրիշ կենդանիների կապեցին հենց ձիուն, քիչ հեռու կրակի մեհյանն էր։ Մի ամբողջ նախիր կենդանիների, վայրի և ընտանի, կապեցին ուրիշ սյուների (Դապուլան ասաց, որ դրանց թիվը վեց հարյուր յոթ է)։ Ապա բրահմանը հանդիսավորապես սպանեց կենդանուն, իսկ մահառանին մահառաջայի մյուս կանանց գթասրտության կոչ արեց։ Ապա կանայք, բոլորը միասին, սկսեցին պտտվել զոհաբերված ձիու շուրջըև ինչ-որ հիմներ երգել։ Ամբողջ գիշերվա ընթացքում մահառանին մեռցված ձիու հետ ամուսնական գործողություն էր ձևացնում, իսկ մյուս կանայք անամոթ հայհոյանքներ էին հնչեցնում։ Հաջորդ օրը բրահմանը հանդիսավոր այց կատարեց մահառանիին, հետաքրքրվելով, թե նա ինչպես է գիշերն անցկացրել ձիու հետ։
    Ծիսակատարությունը դեռ չէր ավարտվել, բայց իմ ուժերը սպառվեցին։ Ոտքերիս մեջ թուլություն զգացի, ճակատիս քրտինքի խոշոր կաթիլներ գոյացան։ Դապուլան, որ ամբողջ ժամանակ կողքիս էր, նկատեց այդ և հրամայեց բժիշկ կանչել։ Նախքան բժշկի գալը, սակայն, ուշագնաց եղա։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  16. #15
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆարար իբն Քամաազ
    Ալլահից բացի ուրիշ ալլահ չկա և Սուլեյմանը նրա մարգարեն է։ Թող օրհնի ալլահը ալ-Մալիկ Ասվադ իֆրիտի տոհմը, որը բոլոր իֆրիտների թագավորն է, թող նրա գահակալությունը ժամանակի չափ հարատև լինի։
    Բանտարկության վերջին ժամկետն եմ անցկացնում․ ևս հարյուր տարի ու ես ազատ եմ։ Մինչև այդ էլ, սակայն, զրկված չեմ լինի գործելու ու նույնիսկ զվարճանալու հնարավորությունից (անպետք կանթեղից հետո հիանալի ընտրություն կատարեցի՝ թափանցելով փայտե ձիու մեջ)։ Իֆրիտ Ֆարարը դեռ շատերի ծրագրերը կխափանի ու հիմար դրության մեջ կդնի։
    Պետք է անպայմանորեն նշեմ՝ զվարճությունը բնավ ինքնանպատակ չէ։ Հարյուր տարի մրոտ կանթեղի մեջ անգործ անցկացնելուց հետո հիմա էլ սևափայտե ձիու մեջ եմ նույնքան ժամանակ բանտարկված մնալու ու ինձ անհրաժեշտ է այդ ընթացքում ինչ-որ բանով զբաղվել։ Բացի այդ՝ ես երիտասարդ իֆրիտ եմ, իսկ զվարճությունը երիտասարդ տարիքին բնորոշ երևույթ է։
    Երբ դիպվածն ինձ օգնեց դուրս գալ հնամաշ անոթից, հնարավորություն ունեցա փոխել բանտարկությանս վայրը, ավելի հարմարավետ մի բան ընտրել։ Թող փառավորվի նրա անունը, որի կամքով այդ բանը կատարվեց։ Եթե նա Սայֆ ադ-դինի ապրելու օրերը ավելի երկար սահմանած լիներ, ապա նրա հետ դժբախտ դեպք չէր պատահի, ու նրա զարմիկ Իբրահիմը չէր գա ունեցվացքը ժառանգելու, հետևաբար չէր վառի կանթեղը ու ինձ նյութականանալու հնարավորություն չէր ընձեռի (սկզբում նրան շփոթել էի Սայֆ ադ-դինի հետ)։
    Իֆրիտի համար չգրված օրենք է․ եթե իֆրիտը մի ինչ-որ առարկայի է կցված, ապա պարտավոր է ծառայել դրա տիրոջը։ Նույնիսկ Աբու-ս-Սաադատի պես զորեղ իֆրիտն է ստիպված ենթարկվել այդ օրենքին, իսկ նա մի ջինն է, որի ենթակայության տակ իֆրիտների, մարիդների, շեյթանների ու դրանց օգնականների տասնյակ հազարների հասնող բազմություն կա։ Խորին հիասթափությամբ պետք է նշեմ, որ մարդիկ միշտ պարզունակ ցանկություններ են հայտնում։ Հարստություն, որը նրանց գրեթե միշտ դժբախտություն է բերում, որովհետև չափազանց հեշտ է ձեռք բերվել, կին, որը ի վերջո անհավատարիմ է գտնվում, քանզի ոչ թե փոխադարձ սիրո զորությամբ է նվաճվել, այլ հենց այնպես է տրվել։ Չեմ վիճում, գոյություն ունեն բազմաթիվ իֆրիտներ ու նույնիսկ մարիդներ, որոնց համար միևնույն է, թե ինչ ցանկություն կկատարեն։ Ֆարար իբն Քամաազը, սակայն, դրանց թվին չի պատկանում։ Ես սկզբունքային եմ, գուցե նույնիսկ չափից ավելի սկզբունքային, որի պատճառով կարճատև կյանքիս հազար տարին միայն ծովի հատակին, կնքված սափորի մեջ եմ անցկացրել։ Հազիվ թե սխալվում եմ կամ չափազանցնում։ Նույն բանն ինձ ասաց Սուլեյման մարգարեն, իֆրիտների ու մարիդների հանրաճանաչ որսորդը, Հուդայաց մեծ թագավորը, որի իմաստնությունը երբևէ չի վիճարկվել․․․ Եթե մարդը խելացի է, նա արդեն գլխի է ընկել․․․ Այո, այդ նա՛ ինձ սափորի մեջ փակեց ու կնքեց, իսկ հետո ծովը նետեց, ուր հազար տարի խորհրդածելու ժամանակ ունեցա, մինչև որ մի ձկնորս․․․ Հարկ չկա պատմել իմ բոլոր բանտարկությունների մասին, զնդանն ու շղթաները ալլահի ստեղծած ամենազարհուրելի բաներն են։ Բավարարվեմ ասելով միայն, որ երբ սափորը խեժով զմռսում էին, զորեղ պոռթկումով բացականչեցի, որ երբ վերստին ազատություն ձեռք բերեմ, Սուլեյման թագավորն ու իր բոլոր սերունդները վաղուց հողի տակ փտած կլինեն։ Կարծում եմ շատերը չեն գտնվել, որոնք հանդգնել են նման բան շպրտել Սուլեյման թագավորի երեսին, իմ Խիզախությունը մի անգամ նույնիսկ ալ-Մալիկ Ասվադն է գովաբանել, անվանելով այն հուսահատ քաջություն և համեմատելով անմտության հետ։ Ահա, թե որքան սկզբունքային եմ ու համարձակ։
    Այսպիսով՝ պարզունակ ցանկություններ, ահա թե ինչու չշտապեցի բացահայտել իմ նոր կացարանը ու այն գաղտնարանի վերածեցի։ Քանի՜ անգամ եմ սևափայտե ձիու միջից բարձր ձայնով հռհռացել, տեսնելով ինձ փնտրող մարդու հիմար դեմքը։ Իմաստուն էր կոչվում, բայց խելքը չէր բավականացնում, թե ինձ որտեղ փնտրի։ Սենյակում շատ առականեր կային, նա սկսեց կանթեղներից, ապա անցավ ծռմռված ափսեների, կոտրված հայելիների, վերստին վերադարձավ կանթեղներին, բայց այդպես էլ գլխի չընկավ սևափայտե ձիու կողմը նայել։ Սրտիս ուզածի չափ ծաղրեցի նրան, ձայնս հնչեցնելով՝ մե՛րթ հակառակ պատի, մե՛րթ առաստաղի կողմից, մինչև որ նա Սաիդ անունով մի երիտասարդի ընդունեց իր մոտ աշակերտ, ու այդ Սաիդն էլ ի վերջո հայտնաբերեց ինձ։ Շարունակելով զվարճանալ՝ կարողացա Իբրահիմին համոզել (մարդուն հիմարացնելը ինձ համար դատարկ բան է), որ նա ինձանից օգուտ կարող է քաղել ոչ այլ կերպ, քան սևափայտե ձիու մեջ եղած վիճակում։ Գիշերով մեջքիս առած պտտեցրի Կուֆա քաղաքի վրայով, նույնիսկ մի անգամ Տիգրիս գետի հովիտը հասցրի։ Ի վերջո նա այն եզրակացության եկավ, որ ինձ պետք է պալատ՝ խալիֆի մոտ տանել։ Ընդ որում այդ գծուծը ի սկզբանե թաքցնում էր իր բուն նպատակները, ու որքան կարողացավ՝ խաբեց ինձ։ Այլևս արժե՞ հիշատակել, որ այդ ընթացքում ինձ այնքա՜ն ձանձրացրեց գանձերի մասին իր անվերջ խնդրանքներով, որ ստիպված եղա նրան մի էժանագին զմրուխտե մատանի շպրտել, միայն թե գլուխս ազատեմ (Բաղդադում ամեն մի ակնավաճառ սիրով հազար քսանհինգ դինար կվճարեր, հրեա վաշխառուն ութ հարյուր հիսուն դինարի հաշվարկ կկատարեր, իսկ իր իսկական արժեքն էր հազար հարյուր հիսունչորս դինար, տասներկու դիրհեմ և երեսունվեց ֆելս)։
    Պալատ գնալու ճանապարհին մտքովս անցավ փախչել ինձ շալակն առած երիտասարդի հետ, բայց նոր հեռանկարներ բացահայտելու գայթակղությունը կանգնեցրեց ինձ։ Խոստովանում եմ՝ մեծ սխալ թույլ տվեցի, որի համար անկեղծորեն զղջում եմ, քանզի երկինքը ինձ մի մարդու էր հանդիպեցրել, որին մեծ գործերի համար էր նախասահմանել։ Ինչ արած, իֆրիտը նույնպես կարող է սխալվել, մանավանդ երիտասարդ, կյանքի փորձ չունեցող իֆրիտը, իսկ կատարյալ միայն տիեզերքի արարիչն է, թող փառավորվի նրա անունը։
    Երբ արքայական սրահ ունկնդրության մտանք ու տեսա այդ թագակիր մարդուն ցածր աթոռակի վրա այդպես լրջամիտ, վեհորեն բազմած, նա ինձ ծիծաղելի թվաց։ Դա սնապարծ, դատարկամիտ, սահմանափակ արարած էր, որն իր քթից այն կողմ ոչինչ չէր տեսնում։ Թե ինչ պատճառով էր այդ շոգին ուսերին ոչխարենու թիկնոց գցել՝ երկնքին էր միայն հայտնի (հետագայում իմացա, որ դա Մուհամմեդի Թիկնոցն է)։ Այլևս չսպասեցի, թե ինչ է խոսելու, իր մերձավորների առաջ ինչպես է պարծենալու ու ինձ համար որքան պարգև է սահմանելու։ Անմիջապես խելքահան արեցի սրահում գտնվող մի խակ երիտասարդի, նրա մեջ բացահայտելով խալիֆաթի թագաժառանգին, և գավակիս առած դուրս թռա լուսամուտից։ Թեև այդ բանն արեցի բավական տպավորիչ, աղմուկով խորտակելով լուսամուտը և խուճապի մատնելով բոլոր սրահում գտնվողներին, խոստովանում եմ, շատ պարզամիտ ընտրություն կատարեցի։ Անսահման է իֆրիտի համբերությունը․ իֆրիտը կարող է հազար տարի սափորի մեջ համբերատար սպասել, հարյուր տարի կանթեղի մեջ նստել ու ծպտուն չհանել, բայց այդ հիմարը, որին ի ծնե Մուհամմեդ ալ-Ամին անունն էին տվել, մի ժամից էլ պակաս ժամանակամիջոցում լցրեց համբերությանս անհատակ բաժակը, անվերջ շաղակրատելով որսախաղերի, զվարճությունների մեջլիսների, գեղանի հարճերի, երիտասարդ ներքինիների ու այլ դատարկ բաների մասին։ Երբևէ մտքովս չէր անցնի, որ նման կարճամիտի կհանդիպեմ։ Իֆրիտից հարստություններ աղերսող ունայն հոգիները սուլեյման իմաստուններ թվացին նրա համեմատությամբ։ Երբ Մահառաջայի պալատ հասանք, նա ամենքից լավ ապացուցեց, որ հիմարությունը սահմաններ չունի։ Անտեսեց իսկական զվարճությանը, որ ամեն քայլափոխի մեզ սպասում էր այստեղ և խելքն ու միտքը տվեց Ռակնա անունով մի աղջկա (պատահմունքի բերումով արքայադուստր), որը թեթևամիտ էր, մտահորիզոնից իսպառ զուրկ ու նույնիսկ գեղեցիկ էլ չէր (հավատացեք, իֆրիտ Ֆարարը գիտե ինչ բան է սերը ու հարկ եղածի չափով կարող է դատել կանացի գեղեցկության մասին)։ Մի քանի գիշեր նրա հարկաբաժնի պարտեզում տպավորիչ հայտնվելուց և սարսափազդու անհետանալուց հետո մելամաղձություն իջավ հոգուս․ որոշեցի ավելի հետաքրքիր զբաղմունք գտնել։ Պայմանները, փառք ալլահին, բարենպաստ էին։ Մահառաջան խորը տարակուսանքի մեջ էր, արքայադստեր փեսացուն շուտով ժամանելու էր, մահառանին ինչ-որ բանի մասին գլխի էր ընկնում, բայց նրա գործի դրած բանսարկուական ցանցը դեռ բավականաչափ արդյունավետ չէր գործում։ Դե իհարկե չհապաղեցի նրանց բոլորին մի մեծ խառնաշփոթի մեջ գցել։ Մանավանդ, ի հայտ եկան հանգամանքներ, որոնց ինքը ալ-Մալիկ Ասվադն էլ կնախանձեր։ Թանձրամիտ ալ-Ամինը սիրաբանում էր Ռակնա բարալիկ ցողունի հետ, ու ես մոտակա սյունի մոտ կանգնած ձև էի անում, թե ախորժակով վարսակ եմ ուտում, երբ իմացա, որ մահառաջան ձիու հետ կապված ինչ-որ ծիսակատարություն է կատարում, ու այդ ձին գրեթե ջրի երկու կաթիլի պես նման է իմ նյութեղեն կերպարանքին։ Քիչ մնաց դուրս թռչեմ սևափայտե ձիու միջից ու փորս բռնած լիաթոք հռհռամ, սարսափի մատնելով ողջ Սերենդիբոմ կղզին (իֆրիտի ծիծաղը ավելի զարհուրելի է, քան նրա զայրույթը)։ Ալլահի կամքն է, որ մի կերպ զսպեցի ինձ, այլապես բանտարկությանս ժամկետը ևս հարյուր տարով կերկարաձգվեր։ Իսկ հիմա բավարարվեցի երկար ու ձիգ խրխնջոցով, որը սեփական ականջներումս էլ նողկալի հնչեց։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •