Սինդբադ Ծովագնաց
(Որոշ վերապահումներով պատմում է մոտավորապես նույն պատմությունը, ինչը և իֆրիտ Ֆարարը։ Ավելի շատ խոսում է իր և Դապուլայի ընկերության մասին, որի հետ ամեն օր սրամարտում է ու երբեմն որսի գնում։ Սանգայի սիրահետումների մասին արտահայտվում է զուսպ և մշուշոտ)։
Սերենդիբոմի արևմտյան ափին խարիսխ է գցել «Յոթ Ծովերի Սարսափը»։ Ամիսներ անց վերջապես տուն ենք վերադառնալու։ Այդ լուրն ինձ բերեց Ահմեդը, որն ուրախությունից խելքը թռցրել է։ Նա շատ է սիրում Բաղդադը, լավագույնը բոլոր քաղաքներից, որտեղ ծնվել է։ Որոշակի զգուշավորություն ենք պահպանում, բայց խալիֆի ցասումը հազիվ թե մեզ սպառնում է։ Թագաժառանգ Մուհամմեդ ալ-Ամինը իր բարձր հովանավորության տակ է առել մեզ և կպատսպարի իր պալատում, «սրբազան հյուրեր» հայտարարելով, մինչև որ Հարուն ալ-Ռաշիդից մեզ համար ներում կկորզի։
Մահառաջան մեզ ճանապարհ դնելու ճոխ արարողություն է կազմակերպել և թանկարժեք նվերներ նախապատրաստել։ Արքայազն Դապուլան հուզված է, որ բաժանվելու է ինձանից։ Ես նույնպես անկարող են թաքցնել ջերմ զգացմունքները, որ տածում եմ այդ ազնիվ երիտասարդի հանդեպ։ Երկուսս էլ հուսով ենք, որ երբևէ էլի կհանդիպենք։
Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ տեսնելու նավապետ Ջավադ ալ-Քարիմին, բանաստեղծ Աբու-Նուվասին ու մյուսներին։ Հասկանալի է, չեմ պատրաստվում մատնել թիավարներին, որոնք դավադրություն էին կազմակերպել նավի վրա։ Նույնիսկ նրանց, ովքեր այն ճակատագրական գիշերը որոշել էին սպանել ինձ ու Իբրահիմին, քանզի հիմա ուրիշ աչքերով եմ նայում կյանքին։ Վերակացու Աբդալահին էլ երջանիկ կլինեի տեսնել։ Թող թիկունքիս խարազանի հարյուր հարված ստանամ, համաձայն եմ դրանք երբեք չլավանան, միայն թե ապրողների մեջ տեսնեմ նրան։
Ահա այսպիսի ավարտ ունեցավ իմ առաջին նավարկությունը։
Փառք հավերժական գոյությանը, որի կամքով գիշերն ու ցերեկը փոխարինում են իրար։




Մեջբերել
Էջանիշներ