Անքննելի են ալլահի ուղիները։ Սերենդիբոմ կղզու ափերին նավաբեկության է ենթարկվել այն երիտասարդ բաղդադցին, որն ինձ ուսերին առած խալիֆի պալատ հասցրեց։ Սքանչացա՝ տեսնելով նրա ազնիվ դեմքը։ Ահա մի մարդ, որը իֆրիտից դատարկ հարստություն չէր խնդրի, եթե վերջինս նրա կամքը կատարելու սահմանում գտնվեր, բայց և չէր հրաժարվի մի հետաքրքիր ընծայից, որի մեջ բովանդակություն կգտներ։ Արդեն հասցրել է աչքի ընկնել, գրեթե անզեն հարձակվելով մի բավական խոշոր վագրի վրա, որը սպառնում էր հոշոտել մի աննշան մարդու, որը նրան ծառա լինելն էլ մեծ պատիվ կհամարեր։ Հարյուր մարդ աչքերը պլշած ականատես եղան այդ փառավոր տեսարանին։ Ապա օգնության շտապեցին, շերտավոր գազանի կողմը տասնյակ տեգեր ու նիզակներ շպրտելով։ Դա հուսահատ քայլ էր ու հազիվ թե օգուտ տար, եթե իֆրիտ ֆարարը նրանց զենքերին ուղղություն չտար և ուժ չհաղորդեր (դատարկամիտ արարածներ․ կասկած անգամ չունեցան, թե այդ ինչպես հարյուր քայլից բոլորը միասին վագրին դիպան)։
Մանր վրդովմունքը բնավ չխանգարեց ինձ շարունակել զվարճանալ։ Առույգ թռչկոտելով ծիսակատարության ձիուն մոտեցա և ուրախ խրխնջյունով ողջունեցի նրան։ Խեղճ կենդանին սարսափահար ցցեց ականջները, խրտնեց և որքան ոտքերում ուժ ուներ քառատրոփ սլացավ անհայտ ուղղությամբ։ Հարյուրյակը գլխապատառ նետվեց ձիու ուղղությամբ, որպեսզի ապահովի նրա անվտանգությունը, իսկ ես հանգիստ քայլքով Անուրադհապուրայի ճանապարհ դուրս եկա, որպեսզի ևս մեկ անգամ տեսնեմ բաղդադցի երիտասարդին (նրա անունը Սինդբադ է) ու ավելի մոտիկից ճանաչեմ նրան։
Նորին տխմարագույն մեծություն ալ-Ամինը գրեթե մոռացել է ինձ։ Նա սիրաբանում է իր բարալիկ տգեղուհու հետ, մինչև կոկորդը գինով լցվում, օրվա մեջ վեց ժամ քնում։ Նա ինձ չի լսում, իմ խորհուրդներն ու հորդորները բանի տեղ չի դնում։ Ստիպված եղա թքել ու հեռանալ։ Նույնիսկ հարկ չեղավ խորամանկության դիմել, որ ինձ ազատ արձակի․ ձեռքն այնպես անփութորեն թափ տվեց, կարծես Հարուն ալ-Ռաշիդի ախոռներում ինձ պես տասնյակ իֆրիտներ ուներ կապված, որոնք կարող էին ցանկություններ կատարել ու մի գիշերվա մեջ Բաղդադից Սերենդիբոմ հասնել։ Ահա և կերպարանափոխվելով այն ներքինու տեսքը ընդունեցի, որը կեսգիշերից հետո նրա մոտ հաշիշամոլությամբ զբաղվելու է գալիս, ու մինչ այդ երկու անբանները սավառնում են դատարկ երազների աշխարհում, պալատի ծակուծուկերն էի տնտղում, ականջ դնում դռների առաջ, հարկ եղած դեպքում ոգեղեն դարձած պատից ներս անցնում։ Որոշ դեպքերում ինձ նեղություն չէի տալիս թաքնվել։ Արդյունքում առնվազն հինգ զորեղ պալատականներ ոխ ունեն հաշիշասեր ներքինու վրա և մոտ օրերս վրեժխնդիր կլինեն այդ ուղեղը չորացածից։
Սինդբադը դողերոցքի մեջ է ընկել, նա բարձր ջերմություն ունի։ Հասկանալի է, մահառաջայի «թանկագին հյուրը» հոգատարությամբ է շրջապատված։ Գիշեր-ցերեկ հսկողության տակ է, օրվա մեջ նրա սենյակ երեք-չորս բուժակներ են գալիս, որոնք միանգամայն լավ գիտեն իրենց գործը։ Չնայած դրան՝ բաղդադցի երիտասարդի ապաքինումը ձգձգվում է։ Ահա թե ինչու որոշեցի այցելել նրան, այդ անելով գիշերով, քանզի նպատակներիս մեջ չէր մտնում հետաքրքրասեր աչքեր բևեռել վրաս։ Զվարճանքի համար կերպարանափոխվեցի (ձիուց բրահմին բուժակի) ալ-Ամինի ու նրա ընկերակից ներքինու (Պրանավ է անունը) աչքի առաջ, որոնք բութ անտարբերությամբ հետևեցին կատարվածին, տեսարանը վերագրելով հաշիշի առաջացրած պատրանքներին։ Դեմքիս լրջամիտ արտահայտություն, ձեռքիս բալասանների ոչ մեծ տոպրակ, քայլեցի հիվանդի սենյակի ուղղությամբ ու տեղ չհասած կանգ առա։ Սյուների ետևը թաքնված մի քանի լրտեսներ, որոնք պետք է բացահայտեին ինձ, ավելի վաղ բացահայտվեցին իմ կողմից։ Ստիպված եղա վերստին աննյութեղեն դառնալ ու պատի միջով ներս անցնել։ Հիվանդը քրտինքի մեջ կորած պառկած էր անկողնում, երիտասարդ հնդկուհին թաց թաշկինակով սրբում էր նրա ճակատը, ջուր մոտեցնում գունաթափ շուրթերին։ Քիչ հեռու, մեկ ուրիշ կին, ձեռքերը կրծքի առաջ իրար միացրած, երիտասարդին էր հառել սիրառատ, արտասվաթոր, նվաղուն աչքերը և անձայն աղոթքի խոսքեր էր մրմնջում։ Հանձինս այդ կնոջ ես ճանաչեցի մահառանի Սանգային, ու ծայրահեղ զարմանքից քիչ մնաց նյութականանամ (ընդ որում իֆրիտի տեսքով) ու մատնեմ ինձ։ Ահա՜ թե ինչ․ ուրեմն մահառանին, որ շատ չի կարող պարծենալ երիտասարդ տարիքով, այնքան ուժգին է սիրահարվել, որ միանգամայն ընդունակ է չմտածված քայլեր կատարել, անգամ խելահեղություններ։ Տեղեկությունները, որը պալատում գտնվելիս հավաքել էի այս կնոջ մասին, իրար շալակ ելնելով արագորեն պտտվեցին գլխիս մեջ։ Մահառանի Սանգան, որը մահառաջա Մահինդայի կինը հանդիսանալով ոչ մի գիշեր նույն անկողնում չէր գտնվել նրա հետ, և այնուամենայնիվ ընդհանուր առմամբ իննսուներկու տղամարդու էր շատ մոտիկից ճանաչել, հիմա էլ շատ սիրառատ կին էր։ Ստուգապես հայտնի է, որ ռաջա Մահա Նագան նրա անփոփոխ սիրեկանն է։ Նույն կարգավիճակում են արքայազն Կասապա Լամբականնան և գլխավոր ախոռապան Լակսմանը։ Սենեկապետ Բեյբրը և պալատական բանաստեղծ Վանադան ժամանակ առ ժամանակ սիրային ծառայություններ են մատուցում նրան։ Հազվադեպ մահառանիին այցելում է ռաջա Ջարմապալան, որը Լանկա կղզու ամենատգեղ մարդն է և հավակնում է արքայադուստր Ռակնայի ձեռքին, հավատացած լինելով, թե Սանգայի միակ սիրեկանն է։
Հաջորդ օրը բուժակներից մեկի պայուսակից թռցրի դեղի սրվակը, տեղը մեկ ուրիշը դրեցի, որն անմիջապես ոտքի կկանգնեցներ հիվանդին ու սկսեցի հետագա գործողությունների ծրագիր մշակել։ Ինչպես արդեն նշեցի՝ պայմանները չափազանց բարենպաստ էին, դրանցով կարելի էր ամբողջ պալատը խառնել, իրար շալակ հանել։
Անզուսպ մոլությունը ներքինի Պրանավին ի վերջո ստիպեց ավելի վաղ ալ-Ամինի մոտ հաշիշ ծխելու գնալ, շնորհիվ որի հնարավորություն ունեցա նրա կերպարանքն առած այցելել հարեմի պահապան Բազանտին, երբ դեռ լույս է։ Բազանտը ճարպակալած անդյուրաշարժ մարդ է, նույնպես ներքինի է և նույնպես անտարբեր չէ հաշիշի նկատմամբ։ Սաստիկ ուրախացավ, երբ իրեն հյուր կանչեցի, իսկ երբ նշված ժամին հիմար ժպիտը դեմքին երևաց, Ռակնայի հարկաբաժնում արդեն իսկ այլասերության օջախների ծանրակշիռ նախապայմաններ տեսավ։ Դե իհարկե հաշիշի հոտն առնելուն պես միանգամից մանրուքների շարքը դասեց վերը նշվածը, որոնցից, առողջ կշռադատելու դեպքում, հարկ կլիներ առնվազն զգուշանալ։ Ստրուկ երաժիշտներ, ստրկուհի պարուհիներ, ձրիակերներ ու դատարկապորտներ, որոնք պատվավոր հյուրերի շարքն էին դասված, ահա թե ովքեր էին կազմում ալ-Ամինի շրջապատը մահառաջա Մահինդայի պալատում։
Երկու ժամ համբերատար սպասեցի մինչև այս խառնիճաղանջ ամբոխը ինքնաբուխ ընդարմության անհրաժեշտ աստիճանի հասավ և շեփորը ձեռքիս նրանց շարքերը խուժեցի։ Աշխուժությունը քառապատկվեց, իբլիսների աշխարհի ինձ լավ ծանոթ թոհ ու բոհը կարծես նույնությամբ այստեղ տեղափոխվեց։ Ապա ալ-Ամինի կերպարանքը ընդունեցի ու ոչ մեկը չզարմացավ, որ սրահում երկու Բաղդադի թագաժառանգ կա։ Հետո Ջաֆար իբն Յահյա դարձա, Աբու-Նուվաս, ի վերջո՝ Հարուն ալ-Ռաշիդ, ու կրկին ոչ մեկը տարօրինակ չհամարեց այդ։ Համոզված լինելով, որ հետ այսու նույնպես տարակույսներ չեն լինի, Բազանտին հրամայեցի մահառաջայի կանանոցից գեղեցիկ աղջիկներ բերել, ու նա պատիվ համարեց, որ կատարում է մեծ խալիֆ Հարուն ալ-Ռաշիդի կամքը։ Միևնույն ժամանակ տվյալ գեղուհիներից մեկի տեսքն առած հակառակ ուղղությամբ սլացա ու մեծ կռիվ գցեցի հարճերի մեջ, որն ուղեկցվեց իրար մազ փետելով, դեմք ճանկռտելով ու նույնիսկ խեղդամահ անելու գրեթե հաջողված փորձով։ Անհանգստացած թիկնազորը երկչոտ գտնվեց միջամտել, ամենուր Բազանտին փնտրեց ու չգտավ, ստիպված լինելով գիշերվա կեսին արթնացնել մահառաջային ու զեկուցել կանանոցում տիրող տագնապալի վիճակի մասին։ Մահառաջան ոտաբոբիկ, մազերը գզգզված, հագին ճմրթված շապիկ, որքան ոտներում ուժ ուներ կանանոց վազեց, զարհուրելով, թե ինչ ավերածություններ են կատարվել այստեղ։ Ռաջառատայի մեծ տիրակալը ոչ մեկին չճանաչեց այստեղ, ապա ուշքի գալով մտրակեց մի քանիսին, մյուսներին կարգի հրավիրեց քացիների ու ապտակների օգնությամբ, մտքում ըստ երևույթին կազմելով երիտասարդ աղջիկների այն պատկառելի ցուցակը, որոնք մոտակա շաբաթներին իրեն չէին երջանկացնի իրենց կանացի հմայքներով։ Ուշադրություն չդարձնելով սրահում բարձրացած լացի ու ողբի վրա՝ մահառաջան շանթ ու որոտ տեղաց պալատականների վրա, սպառնալով գլխատել ամենքին, եթե անմիջապես չգտնեն ու իր մոտ չբերեն այս մեծ խառնաշփոթի իսկական մեղավորին։ Անզգայացած ներքինու մարմինը գտնվեց մեկ ժամ անց, արքայադուստր Ռակնայի հարկաբաժնում, որտեղ զարմացած մահառաջան, ի թիվս այլոց, հայտնաբերեց իր երեք կանանց, երկու պալատականի ու ևս չորս ներքինու։ Աջ ու ձախ հրամաններ տրվեցին։ Մահառաջան այդ օրը շատ ուշ ժամի վերադարձավ իր ննջարան։
Հաջորդ օրը շքեղ երթով Անուրադհապուրա ժամանեց ռաջա Ջարմապալան։ Մահառաջա Մահինդան նրան փառավոր ընդունելություն ցույց տվեց։ Արարողակարգը, որը հիմնականում կազմված էր զվարճություններից, վաղուց արդեն պատրաստ էր, ուստի մահառաջան դրանց սոսկ ավելացրեց ներքինի Բազանտի մահապատիժը և քսան ուրիշների գանահարությունը, որոնց գիշերվա դեպքերում մեղավոր էր համարել։ Որոշ հանգամանքներ, սակայն, որոնց ձախողված կողմը «չնախատեսված» անունն է տալիս, խափանեցին Ռաջառատայի արքունիքի բոլոր ծրագրերը և պատմության անիվը միանգամայն ուրիշ հունով տարան։
Թե ինչպես էր Դակկինայի ռաջա Ջարմապալան նման հեռավորության վրա սիրային տեսակցություններ ունենում մահառանի Սանգայի հետ, ինձ հաջողվեց տեսնել ժամանակի հայելու մեջ նայելով։ Նա իր տգեղ արտաքինը թաքցնում էր անուշահոտություններ վաճառողի ստրուկի քողի տակ, այդպիսով հնարավորություն ունենալով մուտք գործել մահառաջայի պալատ ու երկար ժամանակ այնտեղ մնալ։ Ողջ ուշադրությունն իր վրա էր բևեռում վաճառականը, իսկ ծպտված ռաջան աննկատ առանձնանում էր մահառանիի հետ։ Իհարկե չէմ բացառում զգացմունքը, որ Ջարմապալան տածում էր սիրառատ Սանգայի նկատմամբ, սակայն այս ամենին խառնված էր քաղաքականություն, և բնավ ոչ քիչ չափով։ Մահառանիի փառասիրությունը, ահա թե որն է այդ գաղտնածածուկ հանդիպումների իսկական շարժիչ ուժը։ Նա Ռաջառատայի տիրակալ էր եղել, նրա դերը Մահինդայի բարձրացումից հետո նկատելիորեն փոքրացել էր։ Թվում էր անցած տարիները նրան պետք է ստիպեին հաշտվել ճակատագրի հետ, բայց ո՜չ․ մահառանի Սանգան մտադիր չէր հաշտվել գոյություն ունեցող իրավիճակի հետ և փառասիրական ծրագրեր էր կազմում, որոնց վերջնական նպատակը Լանկա կղզուն ամբողջությամբ տիրելն էր։ Ջարմապալան սոսկ գործիք էր նրա ձեռքին, նա առանց տատանվելու կզոհաբերեր նրան, միայն թե մեկ քայլով ավելի մոտ գտնվեր բաղձալի նպատակին։
Էջանիշներ