(Այնուհետև իֆրիտ Ֆարարը ներկայացնում է սիրային ինտրիգների, քաղաքական բանսարկությունների ու իր սեփական զվարճությունների չափազանց երկար պատմություն, որն աննպատակահարմար է նույնությամբ մեջբերել)։
Արդեն երեք ամիս է Անուրադհապուրայի պալատում եմ և այդ ընթացքում յուրաքանչյուր արևածագ մի բացահայտում է բերել, որն ամենաքիչը զարմացրել է ինձ։ Այսօր իմացա, որ մահառաջա Մահինդան կրկնօրինակ ունի։ Ցնցված եմ։ Նե՜նգ սրիկա․ ինչպե՜ս էր նրան հաջողվել նույնիսկ Ֆարար իբն Քամաազին խորամանկել։ Ահա թե ինչպես է պատահում, երբ մենք, ալլահի ստեղծած հզոր արարածներս, երկարատև բանտարկության ենք արժանանում ու ստիպված ենք լինում ստրկաբար ծառայել։ Ամենավրդովիչն այն է, որ այդ մասին երբեք չէի իմանա, եթե պալատի բանսարկուական գործունեության մշտական մասնակիցը լինելով տեղյակ չլինեի, որ ռաջա Ջարմապալան մահառանի Սանգայի նենք համագործակցությամբ կազմակերպել է մահառաջա Մահինդայի սպանությունը։ Մի-փոքր զարմացա՝ տեսնելով, թե ինչպես մահառաջան հանգիստ գնաց այն նույն սենյակը, որտեղ իրեն պատրաստվում էին մորթել։ Նա տեղյակ էր ամեն ինչի մասին, բայց անվրդով արձակեց պահազորը, ինչ-որ թուրմ ընդունեց և զարմանալի հանգստությամբ մեկնվեց մահճակալին։ Մարդասպանները չորսն էին, նրանք հայտնվեցին մահառաջայի քուն մտնելուց քառորդ ժամ անց։ Դաշույնի վաթսունչորս հարված հասցվեց, դրանցից երկրորդն արդեն մահացու էր։ Դավադիրները արագ հեռացան, համոզված լինելով, որ Ռաջառատան շուտով նոր տիրակալ կունենա։ Այդ մասին կազդարարվեր Ջարմապալայի պատվին տրվող ճոխ ընթրիքին, արժանահիշատակ իրադարձությունից մեկ ժամ անց։ Ինքս հրավիրված էի (որպես ռաջա Դայարամա, որին բանջով քնեցրել էի), ինձ մի շատ պատվավոր տեղում էին նստեցրել, արքայազն Դապուլայի, թագաժառանգ ալ-Ամինի ու Սինդբադի հետ նույն սեղանի շուրջը, մահառաջայի սեղանի անմիջական հարևանությամբ։ Եթե խոսելու լինեմ սրահի դասավորվածության մասին, պետք է ասեմ, որ ընդհանուր առմամբ հազար մարդ էր ներկա, որոնց հինգ հարյուր ստրուկներ էին սպասարկում։ Մի հսկա սեղան հատկացված էր դակկինացի հյուրերին, որոնց թույլատրվել էր սպառազինված մասնակցել խրախճանքին։ Բոլորը սպասում էին մահառաջայի ժամանելուն, որը պետք է գավաթ բարձրացներ ու գահակալի իր խոսքն ասեր, իսկ ես քթիս տակ չարախնդում էի, վստահ լինելով, որ նման բան տեղի ունենալ չի կարող։ Երբ Մահինդան այնքան ուշացավ, որ այլևս անպարկեշտ էր այդքան երկար նրան սպասել, մահառանի Սանգան հանդգնեց փոխարինել ամուսնուն․ դա ևս նրա ու Ջարմապալայի կողմից ծրագրված քայլ էր։ Ահա և փառասեր տիկինը աչքերը անհանգիստ խաղացնելով անցավ տանտիրուհու իր պարտականություններին։ Հրաման տրվեց գինի լցնել գավաթները, մատռվակները թունդ գործի կպան։ Ընդ որում նրանց մեջ անսպասելի աչքիս զարնեց ներքինի Բազանտը, որը հանձն էր առել անձամբ սպասարկել դակկինացի հյուրերին։ Մահառանի Սանգան գեղեցիկ ու խորհրդավոր ճառ ասաց, դժոխային ժպիտ փոխանակելով ռաջա Ջարմապալայի հետ, որի իմաստը, իրենց խորը համոզվածությամբ, միայն երկուսով հասկացան։ Ռաջառատայի մառանների փառքը թնդում էր ամբողջ Լանկա կղզով մեկ, բոլորն իրենց գավաթները խմեցին մինչև մրուրը և դատարկ անոթները տպավորիչ սեղաններին զարկեցին։ Եվ ահա այստեղ կատարվեց մի բան, որը իսկապես զարմացրեց իֆրիտ Ֆարարին ու մինչև հոգու խորքը ցնցեց նրան (կարճատև կյանքիս ընթացքում թվով չորրորդ անգամ)։ Թիկնապահների ուղեկցությամբ սրահ ժամանեց մահառաջա Մահինդան, արժանանալով հպատակների խանդավառ ողջույնին ու ինքն էլ սիրալիր ողջունեց բոլորին։ Սանգան և Ջարմապալան տագնապահար իրար նայեցին, Մահինդան խրոխտ քայլվածքով մոտեցավ նրանց։ Բայց չզբաղեցրեց իր տեղը սեղանի շուրջը, ինչպես սպասում էին, այլ մատը Ջարմապալայի վրա տնկելով նրան մեղադրեց դավաճանության մեջ։ Ստրուկները հապճեպ ներս բերեցին կրկնօրինակի սառած մարմինը, դակկինացիները ձեռքները սրերին տարան, որպեսզի հարկ եղած դեպքում պաշտպանեն իրենց։ Մահառաջան, սակայն, ձեռքի սիրալիր շարժումով նրանց խնդրեց մի-փոքր սպասել, ու է՛լ ավելի սիրալիր հայտնեց, որ գինին, որ քիչ առաջ այդքան հաճույքով խմեցին, թունավորված է, նրանք բոլորը շուտով կմեռնեն։ Անմիջապես հյուրերից մեկը արյուն փսխեց սեղանին, մյուսները սրերը մերկացրած հարձակվեցին մահառաջայի վրա։
Մի քանի ուշագրավ դիտարկում․ մահառանի Սանգան այնպես սահուն չքացավ, որ նրան ուզածդ իֆրիտը կնախանձեր։ Նույնիսկ Ֆարար իբն Քամաազը չիմացավ, թե այդ նենգախոհ կինը ինչ ճանապարհով դուրս գնաց սրահից։ Թագաժառանգ ալ-Ամինը սուրը մերկացնելով սարսափահար մեջքը պատին դեմ տեց, ամեն կերպ ցույց տալով, որ որևէ կռվի մասնակցելը իր նպատակների մեջ չի մտնում։ Ներքինի Բազանտը սեղանի տակ սուզվեց, ու այնտեղից դուրս եկավ արյունահեղ գործողությունների ավարտից մեկ ժամ հետո միայն։ Իսկ թե ինչե՜ր տեղի ունեցան, դժոխքում իբլիսներն էլ կնախանձեին։ Երեք րոպեում երեք հարյուր մարդ մորթվեց, արյունն այնքան առատ էր հոսում, որ անհնար էր երկու քայլ անել ու չսայթաքել։ Դակկինացիները կռվեցին մինչև վերջ, թանկ ծախելով իրենց կյանքը, բայց բոլորը միասին ընկան։ Ռաջա Ջարմապալան կռվի ընթացքում իրեն դրսևորեց լավագույն կողմերով։ Նա շատերին սպանեց, ամեն կերպ ջանալով սուր խաչել Մահինդայի հետ, ի վերջո սպառնաց արքայազն Դապուլային, որին գերազանցում էր սրամարտում, բայց ի դեմս Սինդբադի արժանի հակառակորդ գտավ, որը վճռեց նրա բախտը։ Այո, դուք չեք սխալվում, լսելով նրա անունը։ Սինդբադը երեք ամսվա ընթացքում բավական մտերմացել է Դապուլայի հետ, և չվարանեց պաշտպանել ընկերոջը, երբ վտանգի մեջ տեսավ նրան։ Հետո նա ալ-Ամինին էլ զորավիգ եղավ, թիկունքի ետևն առնելով նրան, մի բան, որին այդ վախկոտը բնավ արժանի չէր։
Արյուն, արյուն, արյուն․ իֆրիտն անգամ կսոսկար այդ սահմռկելի տեսարանից։ Այս ամենը, սակայն, սոսկ մանկական խաղ էր այն մեծ ճակատամարտի համեմատությամբ, որը տեղի ունեցավ Ռաջառատայի և Ռուհունա-Դակկինայի միջև, նկարագրվող իրադարձություններից մեկ ամիս անց։ Սինդբադը կռվեց Դապուլայի կողքին, նա լավ ընկեր է։ Աչքերս թրջվեցին հուզմունքից (երբ մարդկային կերպարանքի մեջ են, ինձ հետ կարող է նման բան պատահել). տղամարդկային ընկերությունը այն հազվադեպ երևույթներից է, որի շնորհիվ մարդկությունը իր հանդեպ հարգանքի նշույլներ է պահպանում։
Թշնամական բանակները գրեթե հավասար ուժերով էին ներկայացել մարտադաշտ։ Քսան հազարի չափ նիզակակիրներ, թրամարտիկներ, աղեղնավորներ, պարսատիկավորներ, զգալիորեն ավելի պակաս հեծելազոր և փղերի ընտիր գունդ։ Պետք է ասեմ, որ զվարճության համար ինքս էլ մասնակցեցի կռվին․ հասկանալի է ո՛չ այն արդյունավետությամբ, որը կորոշեր ճակատամարտի ելքը։ Ընդ որում՝ երկու կողմերում էլ մարտնչեցի, ամենուր արժանանալով գովեստի ու նույնիսկ հիացմունքի։ Որպես փիղ մխրճվեցի հետևակի շարքեր ու մեծ ավերածություններ գործեցի այնտեղ (կազմված էի չտեսնված չափերի խոշոր փղից և ամրակուռ աշտարակից, որի վրա վեց աղեղնավոր կար)։ Գրոհի տարա հեծելազորը ու խփեցի հակառակորդի թևին։ Ինքնակամ մտա շրջապատման մեջ ու ակնթարթորեն ութ մարդ սրատեցի։ Գրազ եկա վաշտի հրամանատարի հետ, որ նետընկեց տարածությունից ուղիղ փղի աչքին կխփեմ ու տարա գրազը (մեկ ամսվա ռոճիկ)։ Հետո նիզակ վերցրի ու երեքական-չորսական մարդ շամփուրեցի։ Ամենավերջում կրակոտ նժույգ դարձա ու ռաջաներից մեկի տակ խրտնելով խայտառակ արեցի նրան։
Ինչ վերաբերվում է բուն ճակատամարտին, ապա այն թեժ էր, տասը հազար մարդու կյանք արժեցավ և ավարտվեց Ռաջառատայի վճռորոշ հաղթանակով։ Ռուհունան ստիպված եղավ որոշ հողեր զիջել, Դակկինան Ռաջառատայից կախյալ թագավորություն հայտարարվեց։ Հավերժ խաղաղության պայմանագիր ստորագրվեց, որը կողմերը երդվեցին չխախտել։ Թեթևամիտ ալ-Ամինը նույնպես ինչ-որ թղթեր ստորագրեց, որոնք բնավ Բաղդադի խալիֆաթի շահերից չէին բխում։ Մահինդան շտապեցրեց նրան այդ անել, քանզի Սերենդիբոմի արևմտյան ափին խարիսխ է գցել «Յոթ ծովերի սարսափը», որին երկար դեգերումներից հետո հաջողվել է գտնել Հարուն ալ-Ռաշիդի որդուն։
Վաղուց է արդեն ձանձրացել եմ մարդկանց մեջ ապրելուց, պատճառը չափից ավելի ակնհայտ է։ Մարդու կոչումը բարեպաշտ լինելն է, իֆրիտին երկինքը չի պարտադրում այդպիսին լինել։ Բայց արի ու տես, որ մարդը իֆրիտի համեմատությամբ հաճախ ավելի նենգ է դուրս գալիս, խարդախ և խորամանկ։ Ստուգապես հայտնի է, որ մահառաջա Մահինդան, մահառանի Սանգան և ռաջա Ջարմապալան գերազանցեցին ինձ։ Ալ-Ամինը, Բաղդադի թագաժառանգը, ինձ հուսահատության դուռը հասցրեց իր անսահման դատարկամտությամբ։ Հոգնել եմ, ինձ հանգիստ է պետք․ ուստի վերադառնում եմ սևափայտե ձիու մեջ, որտեղից ամենաքիչը քսան տարի դուրս չեմ գա․․․ Մեծազոր ալլահ, որտե՞ղ թողեցի նրան․․․
Ինչո՞ւ պատմեցի այս պատմությունը․․․ Ալլահից բացի ուրիշ ալլահ չկա և Սուլեյմանը նրա մարգարեն է... Թերևս միայն այն բանի համար, որ երբեմն սոսկ իֆրիտից կարելի է իմանալ ողջ ճշմարտությունը։




Մեջբերել
Էջանիշներ