User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Սինդբադի յոթ նավարկությունների տարեգրությունը

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սինդբադի յոթ նավարկությունների տարեգրությունը

    Եվ ապրեցին նրանք ուրախության և խրախճանքների մեջ,
    մինչև որ նրանց մոտ եկավ
    հաճույքներ խափանողն ու հավաքույթներ ցրողը․․․
    «Հազար ու մի գիշեր»
    ԹԵ ԻՆՉՊԵՍ ԾՈՎԱԳՆԱՑ ԴԱՐՁԱ
    Սինդբադ Ծովագնաց
    Հանուն գթասիրտ ալլահի (արաբերեն նշանակում է աստված), ում մոտ փրկություն ենք որոնում։ Թող օրհնի Ալլահը Մուհամմեդին, Իր ազնվազարմ Մարգարեին, նրա ընտանիքն ու տոհմը։ Գոհություն և գովասանություն տիրակալին, որ չունի ո՛չ սկիզբ, ո՛չ վերջ և որի թագավորությանը մայրամուտ չկա, ով ամենքին տալիս է իր դիրքին համապատասխան և ոչ մեկի բաժնից ոչ մի օր չի պակասեցնում։ Փա՛ռք Ալլահին, էությամբ մեծ և մշտնջենական, որոշումների մեջ արդարացի, գործերի մեջ՝ իմաստագույն։
    Անունս Սինդբադ է, բարեկամներս ու մտերիմներս ինձ կոչում են Սինդբադ Ծովագնաց։ Խալիֆների Բաղդադ քաղաքում, ուր ապրում եմ, բոլորն ինձ ճանաչում են։ Ես այստեղ մինչև անգամ հռչակ եմ վայելում և պատճառը բնավ այն չէ, որ միշտ ձգտում եմ գթասիրտ ու առատաձեռն լինել, ինչպես մեզ պատվիրում է վարվել մեծազոր Ալլահը։ Թող ների ինձ Տիեզերքի Արարիչը, թե պարծենում եմ։ Ես ճամփորդել եմ, անհամար վտանգների միջով անցել, զարմանահրաշ արարածների հանդիպել։ Բոլոր յոթ ծովագնացությունները, որոնք կատարել եմ փոթորկուն ծովերով, լի են եղել անհավատալի արկածներով, որոնց ինքս էլ դժվարությամբ կհավատայի, եթե անձամբ գլխովս անցած չլիներ։ Բաղդադում սիրում են այս մասին խոսել․ ընդ որում պատմությունները բերանից բերան անցնելով չափազանցված ձևեր են ընդունել, որը բնավ սրտովս չէ։ Որոշ բաներ ջնջվել է մարդկանց հիշողությունից, տասնապատիկն ավելացվել։ Գինետներում հաճախ կարելի է հանդիպել գունագեղ պատմող դերվիշների, որոնք նկարագրում են Սինդբադ Ծովագնացի նավարկությունները։ Դրանց մեջ զանազան իֆրիտներ կան, լեռան հասակ ունեցող ձկներ, ռուխ գերբնական թռչյուն, որն իր ձագերին փղի մսով է կերակրում, միակնանի հրեշ, որին մարդիկ ցիկլոպ անունն են տվել, անհամրելի գանձեր, որչափ Հարուն ալ Ռաշիդի գանձարանում էլ չի գտնվի։
    Շատ ժամանակ է անցել իմ յոթ նավարկության օրերից, դրանց մասնակիցների մեծ մասը հեռու է, յոթ ծովից այն կողմ, ասենք, հազիվ թե նրանցից գոնե մեկին հնարավոր լինի գտնել ապրողների մեջ (Թող փառավորվի նրա անունը, ով չի մեռնում)։ Եվ ահա, ի օր ծերության հանձն առա թղթին հանձնել դեպքերի միակ ու ճշմարիտ տարեգրությունը։
    Մորս չեմ տեսել, Ալլահը նրան վերցրել է ինձ աշխարհ բերելիս․ ասում են՝ շատ գեղեցիկ կին է եղել։ Հայրս հարուստ վաճառական էր, նա հարգանք էր վայելում Բաղդադ քաղաքում և մուտք ուներ պալատ, ուր որոշ ապրանքներ էր մատակարարում։ Պայծառաշուք խալիֆ Հարուն ալ Ռաշիդի կառավարման երկրորդ տարում իմ սիրելի ծնողը կյանքի անցողիկ բնակարանից հանդերձյալ կյանքի հավիտենական տուն տեղափոխվեց, ինձ՝ իր մանկահասակ որդուն թողնելով իր ողջ կարողությունը։ Պատանեկությանս վարդագույն տարիներն ու վաղ երիտասարդությանս կարմիր տարիներն անցել են լիության ու պերճանքի մեջ։ Շատերը կնախանձեին իմ բախտին, քսակս միշտ լիքն է եղել։ Բայց ինչպես հաճախ է պատահում հարուստ ժառանգների հետ, որոնց նեղ օրը նույնքան անծանոթ է, որքան իֆրիտին խղճամտանքը, ես կարճ ժամանակում քամուն տվեցի գրեթե ողջ հայրական ունեցվածքը։ Ապա վաճառեցի իմ բոլոր ճոխ հագուստները, հողերը, տունը, որտեղ բնակվում էի, և այդ բոլորը երեք հազար դիրհեմ փող արեց։ Վճռել էի ճամփորդել, աշխարհ տեսնել, թեև առայժմ անհայտ էր, թե ինչ ուղղությամբ պետք է գնամ։ Արևմո՞ւտք, որպեսզի Կահիրե և Իսքանդարիե հասնեմ, Արևե՞լք, ուր գտնվում է հեքիաթային Հնդկաստանը, թե՞ Հարավ, որտեղ սուրբ Մեդինան է և սրբագույն Մեքքան, Մարգարեի անվան հետ կապված երկու արժանահիշատակ ուխտավայրեր, որոնց տեսնելը ամենի մի ուղղահավատ հավատացյալի նվիրական երազանքն է։ Անհնար է կռահել Ալլահի մտքերը ու իմանալ նրա ծրագրերը։ Ոչ մեկը չի կարող վստահ լինել, որ երեկոյան գլուխը բարձին դնելով առավոտյան բաց կանի աչքերը, իսկ անփորձ երիտասարդը, որը երեք հազար դիրհեմ ունի գրպանում, առավել ևս չի կարող կանխատեսել, թե սոսկ մեկ ակնթարթ հետո ինչ կպատահի իր հետ։
    Բաղդադում ճամփորդը սոսկ ուղևոր չէ․ նա իր հետ պետք է ապրանք ունենա, որպեսզի օտար երկրներում շահույթով վաճառի, ու եթե Երկնքի կամքը լինի, հարստացած տուն վերադառնա։ Ահա թե ինչու ծախեցի իմ բոլոր ճոխ զգեստները ու դրանցից ոչ մեկը չթողեցի, արտաքուստ ոչ մի ընդհանուր բան այլևս չունենալով հարուստ վաճառականի որդու հետ, որն անամպ մանկություն է ունեցել։ Թրթռացող սրտով քայլում էի դեպի շուկա։ Ծանոթներիս մեծ մասը քար անտարբեր էր անցնում իմ կողքից, քիչ խորաթափանց մարդիկ էին գտնվում, որոնք անպաճույճ հագուստների մեջ էլ ճանաչում էին Սինդբադին։ Ըստ երևույթին նրանք զարմանքով խորհում էին սնանկության ու այլ մռայլ բաների մասին, որոնք երիտասարդ անխելամիտ մարդկանց մշտական ուղեկիցներն են։ Որոշել էի նոր կյանք սկսել, այդ պատճառով իսկը սրտովս էր, որ կերպարանափոխության շնորհիվ գրեթե անճանաչելի եմ դարձել։ Բայց Երկինքը որոշեց կատարելության հասցնել իմ փոխակերպությունը, և աշխարհիս երեսին չկա մի մարդ, որ կարողանա հակառակ գնալ Նախախնամության կամքին։
    Բաղդադում հազար անգամ հազար մարդ է ապրում, նման եռուզեռ քիչ քաղաքներում կարելի է հանդիպել։ Փողոցներն այստեղ մարդաշատ են, դժվարանցանելի, անհնար է Բաղդադում հարյուր քայլ անցնել ու հարյուր հոգու չդիպչել։ Ահա և մի բեռնված ջորու բախվեցի ու սայթաքելով կեղտոտ ջրափոսն ընկա։ Զայրույթիս չափ ու սահման չկար, ով հայտնվել է նման իրավիճակում, անշուշտ կհասկանա իմ վրդովմունքը։ Իֆրիտի և ղուլի գարշելի խառնուրդ անվանեցի բեռատիրոջը, պատասխան ստացա, որ չորքոտանի կենդանին ավելի խելացի է, որովհետև ուշադիր նայում է ոտքերի առաջը։ Հասկանալի է, հայհոյանքների փոխանակումը ինձ որևէ օգուտ չբերեց։ Ամոթից այրվելով ոտքի կանգնեցի, որպեսզի ինձ կարգի բերեմ, սակայն որքան ջանացի մաքրել, այնքան ցեխն ավելի տարածեցի հագուստիս վրա։ Շփոված ու անօգնական կանգնել մնացել էի անորոշության մեջ, խորհում էի տուն վերադառնալու և հագուստս փոխվելու մասին, երբ դիմացս երեք ալեհեր ծերունիների տեսա։ Մեկը երփներանգ սիրամարգ ուներ ձեռքին, մյուսը՝ տարօրինակ կառուցվածքի խողովակ էր տանում, իսկ երրորդը քրտինքի մեջ լող տալով մի բավական խոշոր փայտե ձի էր քարշ էր տալիս, որի գերբնական սև երանգը գուցե գերազանցում էր ալ-Մալիկ Ասվադ իֆրիտի դեմքի սև գույնը։
    «Հանուն գթասիրտ Ալլահի, որը բոլոր ուղղահավատ հավատացյալների հայրն է,- ասաց ծերունին, որ փայտե ձի ուներ,- օգնիր ինձ խալիֆի պալատ հասնել։ Ես առատաձեռնորեն կվճարեմ»։ Շատ զարմացա լսելով այս խոսքերը, բայց արագ հասկացա, թե բանն ինչ է․ անպաճույճ արտաքինը՝ ինձ, հարուստ վաճառականի որդուս, բեռնակրի աստիճանի էր իջեցրել։
    Անքննելի են Ալլահի ուղիները և Ալլահից բացի ուրիշ Ալլահ չկա։ Եթե Տիեզերքի Արարիչն ու դրա տերը որոշել է ինձ բեռնակրի տեսքով խալիֆի պալատ հասցնել, ապա նրա կամքն անշուշտ կկատարվի։
    Դրանք երեք իմաստուններ էին, որոնք իրենց ողջ կյանքը գրքերի առաջ կքած էին անցկացրել։ Թե ինչ առարկաներ էին տանում Հարուն ալ Ռաշիդի պալատ, ինձ հասկանալի դարձավ նրանց խոսակցություններից։
    «Որպեսզի այս սիրամարգին սովորեցնեմ ավետել ժամը,- ասաց առաջին ծերունին,- ես կարդացել եմ հնդիկ բրահմինների և քրիստոնյա գիտնականների բոլոր իմաստնությունները։ Հուսով եմ արդարամիտ խալիֆը կգնահատի իմ վաստակը ու այդ միջոցներով ալքիմիական փորձեր կդնեմ և արճիճից ոսկի կստանամ»։ Մինչ զարմացած նրան էի նայում, խոսեց երկրորդ ծերունին։ «Հանուց հայտնի է,- ասաց նա,- որ գողերի ու ավազակների ժամերը գիշերային ժամերն են։ Ուստի բարենպաստ համարեցի հնարել այսպիսի մի սարք, որը մթնշաղին ու խավարին ամեն անգամ ոստիկանի պես ձայն կտա, երբ քաղաքի դարպասներով գող կամ ավազակ անցնելիս կլինի։ Հուսով եմ ազնիվ խալիֆը ըստ արժանավույն կգնահատի իմ ջանքերը»։ Մինչ խորհում էի այն մասին, թե իմաստունի հնարած խողովակն ինչպես է գողին ու ավազակին տարբերելու արդարամիտ և ազնիվ մարդուց, խոսեց երրորդ ծերունին։ Նա իր սևափայտե ձիուն նայեց, ապա ինձ, որ տանում էի այդ ձին, և ասաց։ «Ես առայժմ չեմ բացահայտի, թե ինչի է ունակ իմ փայտե ձին։ Կասեմ միայն, որ ավելի թանկ արժե, քան մատիս մատանին, որը ոսկերիչները հազար դինար են գնահատում»։ - Ակամայից աչքս նրա մատանուն դարձրի։ Խոշոր զմրուխտը, որ պսպղում էր միջնամատին, իսկապես կարող էր այդքան արժենալ։
    Երբևէ ծանր գործ արած չկայի, այդ պատճառով շուտ հոգնեցի։ Ծերունիները շարունակում էին զրուցել և ուշադրություն չէին դարձնում վրաս։ Բարեբախտաբար «Հավերժության Պալատը», ուր կենում էր խալիֆը, հեռու չէր։ Տիգրիսի ափով քառորդ ժամ քայլելուց հետո մոտեցանք պալատի դարպասներին, պահազորը մեզ մի քանի աննշան հարց տվեց ու ներս թողեց. ըստ երևույթին խալիֆը տեղյակ էր ու սպասում էր երեք իմաստուններին։
    Հայրս մի քանի անգամ երջանկություն է ունեցել մուտք ունենալ պալատ ու կանգնել Բաղդադի ազնիվ վեհապետի աչքերի առաջ, իսկ ահա ես՝ առաջին անգամն էի։ Մինչ այդ պալատը միայն դրսից էի տեսել, և պետք է ասեմ, որ այն ներսից տասնապատիկ ավելի գեղեցիկ էր։ Ոսկեգմբեթ շինություններ, նախշազարդ պատեր, հրաշագեղ այգիներ, երփներանգ ծաղիկներով զարդարված սիզամարգեր, զովություն սփռող շատրվաններ, քչքչան առվակներ, որոնք հոսող ջուրը մի ավազանից մյուսին էին միացնում։ Այդ բոլորը ես տեսա կողմնակի հայացքով, երկու կես լինելով ծանր բեռս քարշ տալու և շուրջբոլորս եղած գեղեցկությամբ աչքերս ուրախացնելու տենչանքի միջև։ Վերջապես պալատ հասանք, որն է՛լ ավելի շքեղ էր ու շլացուցիչ։ Ես տեսա բյուր որմնաքանդակներ, որոնցից ոչ մեկը նման չէր մյուսին, կամարներ ու կամարակերպ ելքեր, որոնց ճակատին մաքուր ոսկով գրված էին Ղուրանի առավել ուշագրավ հատվածները։ Շատ տոհմիկ ազնվականներ, որոնք Բաղդադի փողոցներում դեսպակներով էին շրջում, իրենց պայծառափայլ արտաքինը թաքցնելով մետաքսե վարագույրների ետևում, մեծալուրջ ու պատկառելի անցնում էին մեր կողքով։ Ատլասից ու բեհեզից կարված թանկարժեք խալաթները և փքուն չալմաները, որոնց ճակատային մասում խոշոր զմրուխտ կամ նռնաքար էր շողշողում, ավելի վեհաշուք տեսք էին տալիս նրանց։ Փորձում էի կռահել, թե ովքեր կարող էին լինել։ Արդյոք այն մեկը Ահմեդ ադ Դանաֆը չէ՞ր, խալիֆի աջկողմյան էմիրը, որը հազար դինար ռոճիկ է ստանում և քառասուն մարդ ունի իր ենթակայության տակ․․․ կամ գուցե Հասան Շումա՞նն է, ձախկողմյան էմիրը, որը նույնպիսի արտոնություններ է վայելում․․․ իսկ այն տարեց ամբարտավան դեմքով մարդը մի՞թե Ալի իբն Մահանը չէր, գաղտնի ծառայության էմիրը, որը ուզածդ ժամի մուտք ունի խալիֆի մոտ․․․ Սևափայտե ձին, կամ, ավելի ճիշտ, դրա ծանրությամբ պատճառաբանված դժվարությունները թույլ չէին տալիս, որպեսզի իմ անփորձ միտքը երկար կանգ առնի նույն առարկայի վրա։ Իսկույն մտածեցի, որ նրանց հագուստների պես ճոխ ապրանքներ կառնեմ ու մեծ շահույթով կվաճառեմ յոթ ծովերից այն կողմ, ապա սկսեցի խորհել այլ բանի մասին, և այդպես շարունակ, մինչև որ չորրորդ դարպասը անցնելուց հետո խալիֆի դռներին հասանք։
    Տպավորված՝ տեսածս բարձրաշխարհիկ տեսարաններով, արդեն կանխավայելում էի սիրելի խալիֆին տեսնելու երջանկությունը։ Սակայն մի ցմփոր ճաղատ ներքինի, որի երազկոտ դեմքը մատնում էր նրա հաշիշամոլ էությունը, միայն երեք մարդու համաձայնեց ներս թողնել։ Ծերունին, որ բեռնակրի աշխատանքի դիմաց ինձ շռայլ վարձատրություն էր խոստացել, հաճոյակատար գլուխ տվեց նրան և հանձն առավ անձա՛մբ խալիֆի մոտ մտցնել սևափայտե ձին, այն գրեթե խլելով ինձանից։
    Բեռնակրի ծանր աշխատանքից սիրտս արագ էր զարկում։ Գիտակցությունս մթագնված էր, մշուշոտ էի պատկերացնում, թե շուրջբոլորս ինչ է կատարվում։ Ասես երազում տեսա, թե ինչպես երեք իմաստունները ակնածանքով ու երկյուղածությամբ առաջ քայլեցին ու պահազորի սևամորթ զինվորների նիզակները հուժկու իրար զարկվեցին նրանց ներս անցնելուն պես։
    Ինձանով առհասարակ չհետաքրքրվեցին։ Հաշիշամոլ ներքինին՝ ըստ երևույթին խալիֆի ծառաների էմիրը, իր գործերով ինչ-որ տեղ գնաց, իսկ պահազորայինները, որոնք հավանաբար Հաբեշստանից էին, ցածրաձայն զրուցում էին ու նույնպես ուշք չէին դարձնում վրաս։ Շատ էի ցանկանում խալիֆին տեսնել։ Հետաքրքրասիրությունն ինձ մղում էր դռնից ներս նայել, բայց պահազորայինների մռայլ դեմքերը պերճախոս վկայում էին, որ հանդգնություն չեն հանդուրժի։ Ասենք, դրանք բոլորովին էլ վատ տղաներ չէին, և հենց նրանց խոսակցությունից իմացա, որ աշխարհակալ վեհապետից բացի արքայական սրահում են՝ Զուբեյդան, նրա կինը, արքայազն Մուհամմեդ ալ-Ամինը, վեզիր Ջաֆարը, վրեժի դահիճ Մասրուրը և պալատական բանաստեղծ Աբու Նուվասը։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (12.05.2023)

  3. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևելքի բարքերը չեն հանդուրժում շտապողականությունը։ Շտապելով կամ շտապեցնելով՝ կարելի է մարդուն մինչև հոգու խորքը վիրավորել։ Շտապելը դա բարբարոսի անձնագիրն է, շտապող մարդը անկիրթ վարվելակերպի վառ օրինակ է։ Եթե խոսքը մինչև անգամ խալիֆ Հարուն ալ Ռաշիդի մասին է, որը բոլորից քիչ ժամանակ ունի, ապա կասկած մի ունեցեք, որ նա նույնպես ամեն բան կանի ըստ հավուր պատշաճի, որովհետև ա՛յնուամենայնիվ բարեհաճել է ձեզ ընդունել։ Ահա և երեք քառորդ ժամ կանգնած մնացի հաբեշ պահազորայինների կողքին, տանջվելով քաղցից ու ծարավից, մինչև որ լսեցի սիրամարգի սրտակեղեք ճիչը, որը դրանով հանդերձ ազդարարեց ժամը։ Ապա դռներից երջանկացած դուրս եկավ առաջին ծերունին, սիրամարգի տերը։ Ձեռքերի մեջ ծանր քսակ ուներ, ակներևաբար իր աշխատանքի վարձը։ Քսակն էր ծանրութեթև անում, առայժմ սիրտ չանելով նայել ներսը, երկու ձեռքերով կրծքին սեղմում, անկասկած մտածելով, որ այս ոսկեդրամները կնպաստեն, որպեսզի արճիճից է՛լ ավելի մեծ քանակի ոսկի ստանա։ Չգիտես որտեղից հայտնված ստրուկները նրան ուղեկցեցին պալատից դուրս ու ես այլևս չտեսա նրան։ Մոտավորապես նույնքան ժամանակ պահանջվեց, որպեսզի մի անմարդկային ոռնոց լսեմ, որը ձայնի ուժգնությամբ գերազանցում էր ուզածդ մուեզզինի բացականչությունը, երբ նա մինարեթի գագաթին ազդարարում է երեկոյան աղոթքը։ Դա էլ երևի ոստիկան-խողովակը իմաց տվեց իր մասին, մտածեցի ես։ Թե ինչ միջոցներով էր երկրորդ ծերունուն հաջողվել համոզել խալիֆին իր հնարած սարքի օգտակարությունը, ես այդ չգիտեմ։ Կարող եմ միայն ասել, որ երբ դուրս եկավ ունդկնդրության սրահից, նույնպես երջանիկ տեսք ուներ և ծանր քսակ։ Նրան ևս պալատից դուրս ուղեկցեցին, ապա ծառաները հանդիսավորապես տարան նաև խողովակը, որը պետք է քաղաքային դարպասի մոտ պահակություն աներ և մթնշաղին ու խավարին գող ու ավազակ բռներ (իսկ սիրամարգը մնաց, որպեսզի խալիֆի համար ավետեր հերթական ժամը)։
    Վարագույրները հերթական անգամ ետ գնացին, արքայական սրահից ինձ ձայներ հասան, ու ես ականջներս սրած ջանում էի լսել, թե ինչ են խոսում, և կռահել՝ ով է խոսում։ Կարծում եմ՝ արքունիքի նկարագրությունը բնավ ավելորդ չէր լինի։ Իհարկե ես ավելի ուշ իմացա, թե նրանցից ով՝ ով է, բայց դա անհրաժեշտ է, որպեսզի պատմությունը չափից ավելի խճճված տեսք չունենա։
    Հարուն ալ Ռաշիդը բարձրահասակ, առնական կազմվածքով տղամարդ էր, որը նոր էր բոլորել կյանքի երեսույոթերորդ տարին։ Դա բոլոր առումներով վեհ աշխարհակալ էր, որի սուր, միջնաթափանց ծակող հայացքը տիրական տեսք էր հաղորդում նրան, իսկ ձիգ կեցվացքը, կոկիկ հագուգապը և կարճ խուզած մորուքը այն մտքին էին բերում, որ պետության մեջ նույնպես անկարգություն չի հանդուրժում։ Սպիտակ ոսկեկար խալաթ ուներ հագին, որի թևքերն ու փեշերը երիզված էին ծիրանագույն թանկարժեք ժապավենով, գլխին դրել էր նույն կտորից կարված նրբաճաշակ չալմա՝ վրան թանկարժեք գոհար և սիրամարգի գունազարդ փետուր։
    Զուբեյդան, արքայազնի մայրը, բավական մոտ ազգական էր գալիս խալիֆին։ Նա Աբու Ջաֆար իբն Մանսուրի դուստրն էր, մինդեռ Հարուն ալ Ռաշիդը վերջինիս թոռն էր (հասկանալի է, մյուս որդուց)։ Այնուհանդերձ խալիֆի կինը տարիքով ավելի փոքր էր նրանից և աչքի էր ընկնում տպավորիչ արտաքինով։ Նուրբ դիմագծեր ուներ, հմայիչ կազմվածք, եղնիկի սլացիկ ոտքեր։ Մետաքսե ոսկեկար զգեստ էր հագել՝ ամբողջովին մարգարիտներով պատված, որը հասնում էր մինչև ոտքերի կոճերը։ Գլխին դրել էր հանրահռչակ բադանը, որն ըստ հնամենի սովորության կրում է խալիֆի գլխավոր կինը կամ սիրելի կինը։ Ըստ երևույթին Զուբեյդան այս երկուսը միավորում էր մեկի մեջ (նրանից առաջ բադանը կրել էր Հայզուրանը՝ Հարուն ալ Ռաշիդի մայրը)։
    Արքայազն Մուհամմեդ ալ-Ամինը տասնիննը տարեկան էր։ Վերջերս էր թագաժառանգ հռչակվել, կյանքում բոլորից շատ զվարճություններ էր սիրում։ Ասում էին՝ նա արտաքուստ քաջի է նման, որը ամենավայրագ գազանին էլ պատառ պատառ կանի։ Սակայն դեռ չէր ոչ մի ուշագրավ արարքով աչքի չէր ընկել։ Ոչ թե իր ուժով էր վեր բարձրացել, ինչպես, ասենք, ներկայիս վեզիրը, այլ ծագման իրավունքով, որովհետև խալիֆի ու նրա առաջին կնոջ որդին էր։
    Ջաֆար իբն Յահյան Բարմաքիների նշանավոր տոհմից էր։ Նա խելացի, զարգացած մարդ էր և շատ բանով էր նպաստել, որպեսզի Բաղդադը գիտությունների ու արվեստների քաղաք դառնա։ Ինչպես և իր հայրը՝ նախկին վեզիրը, որը Մեքքա ուխտագնացության էր մեկնել, նա մեծ վարկ ուներ թագավորության մեջ։ Որպես բարձր պատիվ՝ նրան էր վստահվել արքայազն ալ-Մամունի դաստիարակությունը։ Համարվում էր, որ խալիֆը և վեզիրը անբաժանելի ընկերներ են։ Այնուամենայնիվ Բաղդադում շատ էին խոսում այն մասին, որ Հարուն ալ Ռաշիդին բոլորովին դուր չի գալիս Բարմաքի տոհմի չափից ավելի հզորացումը։
    Վրեժի դահիճ Մասրուրի մասին շատ բան պետք չէ պատմել։ Նրան պետք է տեսնել։ Իֆրիտի պես չար, ուզածդ մահկանացուից մեկ գլուխ բարձր, երկու անգամ ավելի ծանր և երեք անգամ ավելի ուժեղ։ Խելքով առանձնապես չէր փայլում։ Միայն մեկ մասնագիտության էր տիրապետում, բայց դա անում էր մեծ սիրով ու գործի իմացությամբ՝ խալիֆի հրամանով մարդկային գլուխներ էր թռցնում։ Մի ամբողջ ծով կարելի է լցնել այն արյամբ, որ հեղել է վրեժի դահիճ Մասրուրի սուրը։
    Աբու Նուվասը Բաղդադի, գուցե նույնիսկ ողջ աշխարհի ամենաազատամիտ բանաստեղծն էր։ Համարվում էր, որ նա խալիֆի մտերիմներից է, շատ բարձրաստիճան մեծատոհմիկներ նույնպես չէին խորշի նրան իրենց ընկերն անվանել։ Այնուամենայնիվ մի քանի անգամ բանտ էր ընկել, որովհետև սանձարձակ բնավորություն ուներ։ Խմում էր, խռովում մարդկանց անդորրը, հաճույքով խախտում օրենքը։ Է՛լ ավելի մեծ անկարգություններ էր թույլ տալիս նրա գրիչը, որը ծաղրում էր ամենքին ու ոչ մեկին չէր խնայում։ Երբեմն նաև ներբողներ էր գրում, բայց դա անում էր առավելապես կյանքի փողազուրկ շրջաններում։ Որպես զինվոր ծառայել էր բանակում, դրա շնորհիվ հիանալի տիրապետում էր սրին։
    Բախտի դիպվածով քիչ հետո հենց այս մարդկանց պետք է տեսնեի, համենայն դեպս՝ նրանց մեծ մասին։ Հոգնածությունից կորցրել էի հաշիվը՝ երե՞ք անգամ է սիրամարգը կանչել, թե՞ չորս։ Իմ ծանոթ պահազորայիններին ուրիշ երկուսն էին եկել փոխարինելու, իսկ ես դեռ ոտքի վրա էի։ Եվ հանկարծ՝ արքայական սրահի ներսից ապակու կոտրելու ձայն լսվեց, որին հետևեց կանացի հուսակտուր աղաղակը։ Պահազորայինները աճապարանքով մուտքի վարագույները մի կողմ տալով սրահ ներխուժեցին, ինքնաբերաբար երկու քայլ առաջ եկա, ու ի՜նչ տեսնեմ․․․ Պատուհանը կոտրված, ապակու կտորտանքները խալու վրա թափված, Խալիֆ Հարուն ալ Ռաշիդը զայրույթից գազազել է, Զուբեյդան ձեռքերով հուսահատ դեմքն է ծածկել, վեզիր Ջաֆարը և բանաստեղծ Աբու Նուվասը իրենց տեղը չեն գտնում, իսկ վրեժի դահիճ Մասրուրը պատրաստ պահել է զարհուրելի սուրը, որպեսզի ինձ առատաձեռն վարձատրություն խոստացած ծերունու գլուխը մի զարկով թռցնի։ Ինչ վերաբերվում է արքայազն Մուհամմեդ ալ Ամինին, ապա նա բացակայում էր։ Չկար նաև սևափայտե ձին, իմ պալատում հայտնվելու գլխավոր ու միակ պատճառը։
    «Կտրիր դրա գլուխը,- հրամայեց խալիֆը,- հենց հիմա․․․ »
    Մասրուրը բարձրացրեց սուրը, որ հարվածի, բայց Զուբեյդան բռնեց նրա ձեռքը։
    «Հանուն Ալլահի,- աղերսեց խալիֆի կինը,- առանց նրա մենք չենք իմանա, թե իբլիսն ուր տարավ մեր որդուն»։
    Հարուն ալ Ռաշիդը դաժան աչքերը կնոջ վրա հառեց։ Սրահում գտնվողներից ոչ մեկը անվտանգության մեջ չէր։ Խալիֆին լավ ճանաչողները գիտեին, որ կատաղության պահերին սիրելի կնոջ կյանքն էլ չի խնայի։ Մասրուրը դեռ հապաղում էր, ձևացնելով թե ուզում է ավելի լավ նշան բռնել, իրականում չցանկանալով հարաբերությունները փչացնել Զուբեյդայի հետ։ Նրա առաջ ծնկած ծերունի իմաստունը սարսափից խուփ արեց աչքերը, երբ խալիֆի հայացքը Երկնքի կամքով ինձ վրա ընկավ․․․
    «Ո՞վ է սա, ինչպե՞ս է պալատում հայտնվել,- որոտաց խալիֆը»։
    Սևամորթ պահազորայիններն ասես նրա խոսքերին էին սպասում։ Ինձ արագ խալիֆի մոտ քարշ տվին, իսկ նա՝ Հարուն ալ Ռաշիդը, որին երազում էի տեսնել, կատաղությունից արյուն էր տենչում, ու ես միանգամայն հարմար էի, որպեսզի զայրույթի սոսկալի կրակը ինձ վրա թափի։
    «Այդ նա սևափայտե ձին պալատ բերեց,- ծնկած տեղից բացականչեց իմաստունը»»
    Սարսափահար նայեցի նրա ողորմելի դեմքին ու հասկացա, որ ավաղ ո՛չ բոլոր իմաստուններն են իրենց իմաստության չափ առաքինի։ Ծերունին առանց վարանելու խալիֆի զայրույթի սլաքն իմ վրա ուղղեց, որպեսզի փրկի իր ողորմելի կյանքը։ Չհասցրի ոչինչ ասել, ավելի ճիշտ այդ՝ հնարավորությունը չունեցա։ Ինձ արագ ծունկի բերեցին, Մասրուրի ահեղ սուրը կախվեց գլխիս վերև։ Մտովի հրաժեշտ տվեցի կյանքին, բայց կրկին անգամ արյուն հեղելու գործիքը հապաղեց։ Այս անգամ միջամտեց Աբու Նուվասը։ Հետագայում իմացա, որ նա խոսեց Զուբեյդայի աղերսական հայացքի ազդեցությամբ։
    «Ո՜վ աշխարհի կենտրոն և խաղաղության ապաստարան,- ասաց պալատական բանաստեղծը,- այս չնչին արարածի մահը միայն գորգը կկեղտոտի։ Սրա կյանքը, ինչպես նաև ծեր իմաստունի կյանքը, որն անշուշտ իբլիսի հետևորդն է, ոչնչով չեն օգնի, որպեսզի գտնենք գահի ժառանգորդին։ Մինչդեռ գուցե կուզենանք ավելին իմանալ կախարդական ձիու մասին․․․»։
    «Ես չեմ ուզում լսել այս ծեր ստախոսին,- մռայլորեն ասաց խալիֆը։ - Նա գաղափար անգամ չունի, թե սևափայտե ձին ուր թռցրեց տարավ արքայազնին։ Իսկ ով դիպչել է այդ կախարդական առարկային, որը իբլիսի ձեռքի գործն է, պետք է մեռնի։»
    Նույն պահին ես լսեցի Զուբեյդայի զրնգուն, աղերսական ձայնը։
    «Մուհամմեդ ալ-Ամինը վաղուց երազում էր տեսնել Հնդկաստանը,- ասաց նա։ - Նա անկասկած սևափայտե ձիուն հրամայել է իրեն տանել այդ ուղղությամբ»։
    «Եթե այդպես է,- լսվեց վեզիր Ջաֆարի ձայնը,- ես սուրհանդակ կուղարկեմ Հնդկաստանի թագավորնին և միաժամանակ փոստատար աղավնի։ Այդ միջոցով մենք կգտնենք գահի ժառանգորդին, ո՜վ արդարամիտ տիրակալ»։
    «Գուցե զնդա՞նը նետենք սրանց,- բարեկամաբար, շատ սիրալիր ձայնով կրկին խալիֆին դիմեց Աբու Նուվասը։ - Բոլորովին վատ չէր լինի, եթե գահի ժառանգորդը նույնպես ներկա լիներ սրանց մահապատժին»։
    Բացառությամբ վրեժի դահիճ Մասրուրի՝ մյուսները ջանում էին մեղմել խալիֆի զայրույթը։ Մասամբ՝ որովհետև Ալլահը պատվիրում է գթասիրտ լինել, մեծամասամբ, որովհետև թագաժառանգ Մուհամմեդ ալ-Ամինը դեռ գտնված չէր, ու մենք դեռ կարող էինք պետք գալ։
    Հարուն ալ Ռաշիդը մռայլ տեսքով լսում էր իր մերձավորներին։ Մինչև վերջին ակնթարթը նա մնաց ահեղ ու ծայրաստիճան վտանգավոր։ Այնուամենայնիվ ամեհի ցասումը աստիճանաբար հեռացավ նրա զորեղ հոգուց և նա դարձավ ավելի մեղմ, ավելի զիջող։
    «Իմ որոշումը հետևյալն է,- ի վերջո ասաց խալիֆը։ - Ջաֆար իբն Յահյա, Բասրայում անհապաղ նավ կհանդերձավորես, որը թագաժառանգին գտնելու նպատակով Հնդկաստան կուղևորվի։ Աբու Նուվաս, դու կգլխավորես այդ նավարկությունը․․․ Այս երկու ստահակները,- խալիֆը մատնացույց արեց իմաստունին ու ինձ,- տաժանապարտ թիավարներ կլինեն այդ նավի վրա։ Իմ որոշումը վերջնական է ու պետք է անհապաղ կատարվի»։
    «Լսում եմ և հնազանդվում,- միաժամանակ ասացին Ջաֆարը և Աբու Նուվասը»։
    Ահա այսպես դարձա ծովագնաց։
    Ինձ մնում է միայն ավելացնել, որ քսակիս երեք հազար դինար ոսկին, որ հայրական հսկա ունեցվացքի վերջին բեկորն էր, բաժին դարձավ պահազորի մի քանի բռի զինվորների, որոնք առանց խղճամտանքի թալանեցին ինձ։ Նրանք անշուշտ խիստ պատժի են արժանի, այդպես է գրված սուրբ գրքում, սակայն նույն տեղում նաև հավելում կա, որ իսկական մուսուլմանը նա է, ով այնուամենայնիվ ներում է։ Ուստի ներում եմ նրանց։
    Իսկ թե որն էր սևափայտե ձիու գաղտնիքը՝ կպատմեմ ստորև։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  4. #3
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱՌԱՋԻՆ ԾՈՎԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆԸ
    «Յոթ Ծովերի Սարսափ», ահա այսպես էր կոչվում թիանավը, որով Բասրայից նույն օրը բաց ծով դուրս եկանք։ Դա փոթորիկների համը տեսած ու ծովախութերի հետ լավ ծանոթություն հաստատած մի ամուր առագաստանավ էր, որն արդեն կորցրել էր հաշիվը, թե քանի անգամ է խարիսխ գցել Հնդկաստանի գունագեղ ափերին: Նավը փորձառու նավապետ ուներ, բանիմաց նավաստիական անձնակազմ։ Տարածությունները հաղթահարում էր առագաստների միջոցով, իսկ երբ քամիներ չկային, գործի էր դրվում ստրուկ թիավարների բազկի ուժը։
    Աբու Նուվասը միայն ձևական էր արշավախմբի ղեկավար։ Համենայն դեպս քանի դեռ ծովում էինք։ Նավի վրա տեր ու տնօրինություն էր անում նավապետ Ջավադ ալ Քարիմը, ամեն բան այստեղ կատարվում էր նրա կամքով։ Ասենք, նրանք բոլորովին վատ չէին հարմարվել իրար և ազատ ժամերին հաճախ բարեկամաբար զրուցելով քայլում էին տախտակամածով։ Երբեմն նույնիսկ առիթ էր լինում տեսնել Աբու Նուվասի խորամանկող դեմքը և լսել նավապետի լիաթոք ծիծաղը։ Հավանաբար պոետը նրան իր սիրատարփ բանաստեղծություններից էր կարդում։
    Արշավախմբի ղեկավարը, նավապետը և նավի անձնակազմը մեզ (թիավարներիս) այնքան էլ մարդու տեղ չէին դնում, բայց ընդհանուր առմամբ չէին նեղացնում (նավը քսան թի ուներ, ամեն թիին կցված էր երկու մարդ)։ Փոխարենը մեր վրայից յոթ տակ կաշի էր պլոկում վերակացու Աբդալլահը, որը երևի հեռավոր ազգական էր գալիս իբլիսին։ Ընդունված էր ասել, որ նա դաժան, բայց արդարամիտ մարդ է, մինչդեռ ես նրանից միայն անգութ վերաբերմունք էի տեսնում։ Նա, այդ «արդարամիտը», առանց վարանելու շնչահեղձ կաներ բոլոր թիավարներին, միայն թե նավին հարկ եղած արագությունը հաղորդեր։ Ի դեպ, նա հենց այդպես էլ վարվում էր, որովհետև նավարկության առաջին երեք օրերին առհասարակ քամի չկար։
    Ինձ և Իբրահիմին (այդպես էին կոչում իմաստունին) նույն թիին գամեցին։ Կասեմ անկեղծ, միանգամից ատեցի նրան։ Պատճառն գուցե հազար դինար արժեցող զմրուխտե մատանին էր, որն ի տարբերություն իմ երեք հազար դիրհեմի, նրան հաջողվել էր պահպանել։ Մատանու ակը նա խելամտորեն ափի կողմն էր դարձնել, որպեսզի անձնակազմի մեջ գայթակղություն չբորբոքի։
    Երկուսս էլ երբևէ ծանր աշխատանք չէինք կատարել, ահա և հոգիներս բերաններս դուրս բերելով թիավարում էինք, հաճախակի մեջքներիս զգալով վերակացու Աբդալլահի խարազանի այրոցը։ Աղերսում էինք գթալ մեզ, երդվում էինք, որ աշխատել չգիտենք, բայց մեզ չէին հավատում։ Իբրահիմին, ասենք, երբեմն խնայում էին, փոխարինելով նրան, բայց ինձ՝ երիտասարդ փափկասունիս՝ երբեք։ Թիավարելու առաջին իսկ ժամում ձեռքերիս կաշին պլոկվեց ու Ալլահից օգնություն հայցելով մղկտացի ցավից։ Թիավար ընկերներս հաճախ էին զվարճանում, ծաղրելով անճարակությունս։ Հանդիպակած շարքից մի երիտասարդ միայն՝ Ահմեդը, խղճաց ինձ ու փորձեց սովորեցնել, թե ինչպես պետք է թիավարել, որպեսզի շուտ չհոգնել։ Նա մինչև անգամ այնքան բարի գտնվեց իմ հանդեպ, որ Աբդալլահին խնդրեց տեղերով փոխվել իմաստուն Իբրահիմի հետ։ Սակայն ի պատասխան միայն խարազանի հարված ստացավ դեմքին ու այլևս չհանդգնեց այդ մասին խոսել։ Այսպիսով ծերունի Իբրահիմին, որն այստեղ ոչ թե իմաստուն էր, այլ ամենախղճուկ թիավարը, թողեցին կողքիս։ Ենթադրում եմ՝ միտումնավոր արեցին, որովհետև նավի միակ զվարճությունն էինք։
    Ամեն անգամ, երբ երկու անօգնական մարդ կողք-կողքի են հայտնվում, հաճախակի կռվում են, դժգոհում իրարից, գործն իրար վրա գցում։ Ասացի Իբրահիմին, որ թիավարելու փոխարեն դեռ մի բան էլ թիից է կախ է ընկնում, նա ինձ հոտած խնձորով լի պարկ անվանեց, ու թեև ես ավելի իրավացի էի իմ մեղադրանքի մեջ, քան նա իր բնորոշման, թիավարների ծիծաղը հենց նրա խոսքի վրա պայթեց։ Անճարպիկ շարժումներով իրար օձիք բռնեցինք, է՛լ ավելի ուժգնացնելով մեր ընկերների ծիծաղը, ապա հայտնվեց վերակացու Աբդալլահը և խարազանի օգնությամբ վերացրեց անկարգության բոլոր օջախները։ Չպատմեմ այլևս մեր բոլոր վեճերի ու կռիվների մասին։ Դրանք բոլորը խղճուկ մարդկանց է՛լ ավելի խղճուկ քաշքշոցներ էին, մեկը մյուսից ավելի ճղճիմ ու ամոթալի։ Մի անգամ, սակայն, նավարկությունից երկու շաբաթ անց, Ալլահը հաշտեցրեց մեզ։ Ընթրիքի ժամ էր, թիավարները ստացել էին իրենց բաժին աղքատիկ կերակուրը, ամեն մեկն իր անկյունը քաշվել։ Ուտում էին լուռ, ագահաբար կուլ տալով ուտելիքը, մինչդեռ ես, չգիտես թե ինչու, աչքերս գամել էի «հավերժական» հարևանիս, որը ճաշելիս սովորություն էր դարձրել նավակողի բազրիքը որպես սեղան գործածել։ Եվ հանկարծ «Յոթ Ծովերի Սարսափը» մի կողքի թեքվեց, հսկա ալիքը ողողեց նավակողը, սրբել տանելով Իբրահիմը համեստ ընթրիքը, նա ինքը հազիվ փրկվեց ծովն ընկնելուց։ Նավի վրա ժամանակ առ ժամանակ նման բաներ պատահում են, բայց ինչ կատարվում էր մեր երկուսի հետ, անչափ զվարճալի բան էր համարվում։ Ահա և գարշելի հռհռոց բարձրացավ։ Աբդալլահը ահեղորեն բարձրացրեց հոնքը, ձեռքերի մեջ խաղացնելով խարազանը, բոլորը սսկվեցին, նողկալի ծիծաղին փոխարինելու եկավ բերանի ջանադիր չփչփոցը։ Միայն ես էի շարունակում Իբրահիմին հետևել, առանց դեռևս ձեռք տալու իմ բաժին ուտելիքին։ Դա ուշագրավ, զգայացունց տեսարան էր, որը գուցե բոլոր թշվառների դրության հայելին էր։ Թրջված, ուժասպառ, քաղցած, Իբրահիմն աչքերն անօգնական շուրջբոլորն էր պտտում, չիմանալով ինչ անել։ Գթասիրտ լինելը միայն ալլահին չէ հատուկ, թեև ալլահի գթասրտությունն անսահման է։ Թավուտում ապրող վագրի սիրտն անգամ կփափկեր, երբ իր առաջ տեսներ նրան։ Ամեհի առյուծը գութ կտածեր նրա հանդեպ, եթե անապատում հանդիպեր նրան։ Քաղցից ոռնացող գայլն անգամ նրան տեսնելով կխղճահարվեր։
    Սոսկալի է նայել խեղճուկրակ մարդուն, երբ նա կորցնում է այն չնչինը, որ քիչ առաջ ուներ։ Այլևս ուժ չունեցա դիմադրելու ու նրան մեկնեցի ձեռքիս մի քանի հատիկ ճխլված արմավն ու բորբոսնած հացը, որոնք թրջվել էին ծովի աղաջրից։ Իբրահիմն ինձ հառեց իր խելացի կասկածամիտ աչքերը, որոնց մեջ անհուն խորություն տեսա։ Զարմացած խորհեցի այն մասին, որ մարդուն ճանաչելու համար ոչ թե պետք է հետը մի փութ աղ ուտել, ինչպես մեզ պատվիրում են մեր նախնիները, այլ նույն թիին գամված երկու շաբաթ ծովով ճանապարհ անցնել։
    Հաջորդ օրերին Իբրահիմն ավելի մեծ ջանադրությամբ էր թիավարում։ Սաստիկ ամոթ էի զգում․ էլ ինչի՞ համար է Ալլահը մարդուն երիտասարդության արժանացրել, եթե նա հարկ եղած դեպքում չպետք է թեթևացնի ավագ տարիքի մարդու բախտավիճակը։ Ահա այսպես, մենք աստվածահաճո բան արեցինք, հաշտվելով իրար հետ, մեկմնեկու լավը կամեցանք, և Երկինքը չհապաղեց բարենպաստ քամի ուղարկել։ Նավապետը սկսեց աջ ու ձախ հրամաններ տալ, նավաստիները իրար անցած այս ու այն կողմ վազեցին, Աբու Նուվասը դեմքին այնպիսի մեծալուրջ տեսք տվեց, կարծես նավի հետ կապված բոլոր աշխատանքներն ինքն է ղեկավարում։
    Թիավարները հանգիստ շունչ քաշեցին, այլևս փքված առագաստներն էին առաջ տանում «Յոթ Ծովերի Սարսափը»։ Ծովային քամին ցրեց նաև Աբդալլահի դեմքի մռայլությունն ու խաղաղություն իջեցրեց նրա հոգուն։ Նա մի կողմ դրեց ահարկու խարազանն ու դադարեց իբլիսի հորեղբորորդու նմանակը լինել։ Շատերի հետ խոսում էր հայրաբար, մեջբերելով Ալլահի պատվիրանները, իսկ երեկոյան ժամերին պատմում էր Հնդկաստանի հրաշալիքների մասին։ Դա այլևս դաժան բռնակալ չէր, որը չնչին զանցանքների համար պատժում է ու հոգիներ է կործանում, այլ բարեհոգի ճանապարհորդ, որը փղի մեջքին նստած տարածություններ է հաղթահարել, կռիվ տվել զազրելի կապիկների հետ, որոնք եկել էին իրեն առևանգելու, մի կերպ խույս տվել պիթոն վիշապից, որը պատրաստվում էր իրեն կուլ տալ։ Ամենահետաքրքիրը, սակայն, ռաջայի, նրա կանանոցի ու պալատի նկարագրությունն էր։ Խոսքն այստեղ հեքիաթային հարստությունների մասին էր, ճոխության ու պերճանքի, որոնց մեջ պալատի բնակիչները լող էին տալիս։ Արքունիքը անթիվ պալատականներից էր բաղկացած, հազարավոր ստրուկներ մեջքները կքած տարբեր հանձնարարություններ էին շտապում կատարել։ Է՛լ ավելի շլացնող էր ռաջայի գանձարանը, որը լիքն էր ոսկով ու մարգարիտով․ ասում էին նա նույնիսկ իր պալատի պատերն է հրամայել ոսկե աղյուսներով շարել։ Ռաջան հզոր բանակ ուներ, մարտական փղեր, մեծ նավատորմ, նրա բյուր քարավանները հակերով կերպաս, թավիշ, մահուդ և անգորական բուրդ էին տեղափոխում մի քաղաքից մյուսը։ Աբդալահը նույնիսկ խոստացավ մեզանից մի քանիսին հետը ափ տանել, պայմանով իհարկե, որ այդ ընտրյալները չխախտեն նավի կարգը և բարեխիղճ կատարեն իրենց աշխատանքը։
    Թիավարները Աբդալլահին լսում էին բերանները բաց, հարցեր տալիս։ Արդյո՞ք ռաջայի արդարադատությունը նույնքան մարդասիրական է, որքան խալիֆինը, հարցրեց Մարդասպան Հուսեյնը։ Իսկապե՞ս Հնդկական ծովերում ծովահենական գործն ամենաեկամտաբերն է, թե՞ այդ ամենը սոսկ բամբասանք է, լրջորեն հետաքրքրվեց Ծովահեն Հասանը։ Ինչպե՞ս է Հնդկաց երկրում հսկվում դրամը և մարգարիտը, աչքերը պսպղացրեց Գող Ակրամը․ դրանք սնդուկների մեջ են պահում ու յոթ կողպեքով փակո՞ւմ, թե այդ բոլորը զուտ չափազանցություններ են։
    Իբրահիմը ոչ մի ձևով չէր արձագանքում վերակացուի պատմածներին։ Ասես ինքն էլ եղել էր Հնդկաստանում ու այնտեղ ուրիշ բան էր տեսել։ Ինչ էլ որ լիներ, ինձ հետ այդ մասին երբեք չէր խոսում։ Հնարավոր է դա նրան մռայլ մտքեր էր հաղորդում, հիշեցնելով սևափայտե ձիու և արքայազնի մասին, որոնք իր կործանման պատճառն էին դարձել։ Փոխարենը հետաքրքրական և ուսուցանող բաներ էր պատմում, որոնց իմ սնամեջ էությունը ծարավի էր։ Ընդունված էր ասել, որ հայրս ինձ փայլուն կրթություն է տվել, համենայն դեպս նա առանց դրամն ափսոսալու վարձել էր Բաղդադի լավագույն ուսուցիչներին, որպեսզի նրանք կրթեն ինձ։ Մինչդեռ Իբրահիմի հետ պարզ շփումը ցույց տվեց, որ գրեթե ոչինչ չգիտեմ։ Նա խորը գիտելիքներ ուներ, իզուր չէր իմաստունի կոչում կրում։ Անգիր գիտեր Ղուրանը, կարդացել էր մուսուլմանական բոլոր իմաստուն գրքերը, հնդիկ և քրիստոնյա գիտունների ամենաարժեքավոր աշխատանքները։ Ծանոթ էր բժշկության հիմունքներին, կարող էր կոտրված ոտքին տախտակ դնել ու կապել, ունելիով քաշել ցավող ատամը, ասեղով կարել մարմնի պատռվածքը, զանազան թուրմեր պատրաստել, որոնք կիջեցնեին հիվանդի ջերմությունը։ Աստղագիտության ասպարեզում նա սավառնում էր ինչպես երիտասարդ արծիվը կապուտակ երկնքում, իսկ աստղագուշակությանն այնքան լավ էր տիրապետում, որ քառորդ ժամում ուզածդ մարդու համար ճշգրիտ բախտագուշակ կկազմեր։ Հիանալի գիտեր մաթեմատիկա, քիմիայի բնագավառում ուներ կիրառական մեծ փորձ, փիլիսոփայում էր Արիստոտելից ոչ պակաս խելացի։ Սակայն նրա տարերքը ալքիմիան էր։ Մի անգամ ասաց ինձ․
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  5. #4
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Անմիտ բան է ժամանակ վատնել, որպեսզի արճիճից ոսկի ստանալ։ Հրեա Դաուդը (առաջին ծերունին) խորը մոլորության մեջ է։ Նա ավելի խելացի վարված կլիներ, եթե շարունակեր սիրամարգերին ժամ ավետել սովորեցնել»։
    Մինչև հիմա նրբանկատորեն շրջանցել էի «սևափայտե ձին», որից ինքն էլ ամեն կերպ խուսափում էր։ Իսկ հիմա ուղղակի ասացի։
    «Հնարավոր է նա նույն բանը կասեր ձեր թռչող ձիու մասին»։
    Իբրահիմը ցնցվեց, նա անակնկալի եկավ։ Կյանքի դառնությունները նրան ստիպել էին մոռանալ դեպքերի մասին, որոնք տակավին վերջերս, մեկ շաբաթ առաջ էին տեղի ունեցել։ Նա ավելին կարդաց հայացքիս մեջ, քան ասել էի։ Լինելով ծեր մարդ, հարազատ մեկը չուներ, որին կարողանար հաղորդել իր անսահման գիտելիքները ու նվիրական գաղտնիքները։ Հանձինս ինձ նա գտել էր մի մարդու, որը կարող է լսել իրեն ու հասկանալ։
    «Սպասենք, մինչև խավարը քուն կիջեցնի մեր ընկերների աչքերին,- ասաց նա»։
    Լուսընկա գիշեր էր, «Յոթ Ծովերի Սարսափը» անխոնջ առաջ էր շարժվում, ճեղքելով ծովի սև ալիքները, որոնք չարքերի պես կողերից կառչելով փորձում էին կաշկանդել նրա շարժումները։ Ջավադ ալ Քարիմը և Աբու Նուվասը վաղուց իրենց նավախուցերն էին անցել, նավի անձնակազմի մեծ մասը՝ նույնպես։ Աբդալլահը մի քանի կարգադրություններ տալով ինքն էլ գնաց հանգստանալու, թիավարները հետևեցին իրենց պետի օրինակին։ Արթուն էին մնացել միայն «ղեկավարը», որը պետք է պահեր նավի ուղղությունը, «դիտորդը», որը կայմի բարձրությունից (զամբյուղի մեջ) հեռուներն էր զննում, և «հսկիչը», որը քայլում էր նավի վրա համոզվելու՝ արդյո՞ք ամեն բան կարգին է։ Հասկանալի է, այս երեքը մեզ չէին կարող խանգարել զրուցել, ուստի Իբրահիմը սկսեց պատմել։ Նրա մանկության, երիտասարդ ու ավելի հասուն տարիների մեջ քիչ ուշագրավ դեպքեր գտնվեցին, որոնք արժեր այստեղ հիշատակել։ Կրթություն էր ստացել, կատարելագործել այն Բաղդադ, Իսքանդարիե ու այլ քաղաքներում, ապա լավագույն աշխարհ էր ճանապարհել ծնողներին, իսկ նրանցից ստացած ժառանգությունը ծախսել իր գիտական փորձերի վրա։ Ընկերներ չուներ, երբեք ամուսնացած չէր եղել․․․ Եվ հանկարծ Իբրահիմը կտրուկ փոխեց խոսակցության նյութը։ Նա սկսեց խոսել իֆրիտների մասին։
    «Իֆրիտը ջիններից ամենակատաղին է ու ամենավտանգավորը։ Դա արդեն ղուլ չէ, որը թեկուզև գեղեցիկ կնոջ կարող է կերպարանափոխվել, ամեն կերպ խուսափում է մարդկանցից, ոչ էլ մարիդ, որի դեպքում հավանականություն կա բարի մեկին հանդիպել, էլ չեմ խոսում խղճուկ սիլաների մասին, որոնց համար փայտե մահակի հարվածն էլ ճակատագրական է։ Իֆրիտը ահռելի է, հզոր, խորամանկ, իֆրիտը իբլիսի առաջին ծառան է։ Նա ոգեղեն արարած է, ունակ անցնելու ամենահաստ պատերի միջով անգամ, բայց և կարող է նյութեղեն դառնալ ու ձեռքը մի գուրզ առած ամբողջ բանակներ ջարդել։ Մարդու և իֆրիտի հանդիպումը անդառնալի է առաջինի համար։ Հազվադեպ է պատահել, երբ իֆրիտը խնայել է մարդու կյանքը և այդ անելու համար ծանրակշիռ պատճառներ է ունեցել։ Քիչ իմաստուններ են գտնվել, որոնց հայտնի է եղել իֆրիտին վնասազերծելու գաղտնիքը։ Ընդունված է ասել, որ հերիք է ֆակիհը իֆրիտի առաջ Ղուրան կարդա ու նա անմիջապես դժոխք կչքվի։ Այդ ամբողջը դատարկ շաղակրատանք է։ Դա տգետ մոլլաների հորինածն է, որոնք Ալլահից նույնքան հեռու են, որքան մենք Ալմաստե լեռներից։ Հազվադեպ հոգևորականներ կգտնվեն, որոնց հասու կլինի իֆրիտի առաջն առնել․ ես այդպիսիք՝ չեմ հանդիպել»։
    Ոտնաձայներ լսվեցին․ այդ «հսկիչն» էր անցնում, կատարելով իր սովորական այցը։ Նա անտարբեր հետաքրքրվեց, թե ինչու չենք քնում, առանց պատասխանի սպասելու ձայն տվեց «դիտորդին»՝ արդյոք քունը չի՞ հաղթահարել նրան, ապա գնաց տեսնելու, թե ինչպես են «ղեկավարի» գործերը։
    «Տեսնում եմ, թե հետաքրքրության կրակն ինչպես է շողում քո աչքերի մեջ,- շարունակեց Իբրահիմը։ - Ես էլ, երբ քո տարիքին էի, նույնպես հետաքրքրվեցի իֆրիտներով։ Գրականություն կարդացի, ուսումնասիրեցի մինչ այժմ եղած բոլոր իմաստունների փորձը, հանդիպեցի նրանցից ոմանց հետ, ովքեր դեռ կենդանի էին, ի վերջո հետքերն ինձ տարան Եգիպտոս, Հնդկաստան, ուրիշ ազգերին պատկանող հեռավոր երկրներ։ Բոլորը պատմում էին մարդկանց մասին, որոնք իբրև թե իֆրիտների հետ գործ են ունեցել, բայց չկար մեկը, որն անձամբ տեսած լիներ դրանցից գոնե մեկին։ Ամեն բան իմացա իֆրիտների բնույթի մասին, կարծում էի պատրաստ եմ կանգնել նրանց առաջ, բայց ոչ մի իֆրիտի ինձ բախտ չվիճակվեց հանդիպել։ Կախարդական դարձվածքներ էի արտաբերում, գիշերում էի քարանձավերների մուտքերի առաջ և գետափի հսկա քարերի հարևանությամբ, որտեղ այդ չարքերը սովորություն ունեին կենալ, բայց նրանք չէին գալիս։ Մի անգամ միայն ինձ թված, թե ղուլի եմ հանդիպել, բայց դա իմ հետաքրքրության շրջանակներում չէր, ուստի չշարժվեցի այդ ուղղությամբ»։
    «Այդպես էլ որևէ իֆրիտի չհանդիպեցի՞ք,- հարցրի նրան»։
    «Հսկիչը» հեռու էր մեզանից, նա երևի զրույցի էր բռնվել «ղեկավարի» հետ։ Բայց ծերունի Իբրահիմը լռեց ու բավական երկար լուռ մնաց։ Արտաքուստ հանգիստ էր, բայց դողացող ռունգերը մատնում էին, որ հուզմունքը պատել է նրա ծերունական հոգուն։ Հետո սկսեց պատմել։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  6. #5
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իբրահիմ
    «Մենակյաց կյանքը, որ վարում էի տարիներ ի վեր, տպավորություն էր ստեղծել, թե իրոք մեն-մենակ եմ ողջ աշխարհում։ Իրականությունը մի-փոքր այլ էր։ Կուֆա քաղաքում ապրում էր իմ զարմիկ Սայֆ ադ-դինը, զարգացած և լայնախոհ մի մարդ։ Ինձ պես չէր թափառում խոհափիլիսոփայության բարձր շերտերում ու իր բոլոր ջանքերն ուղղել էր դեպի ալքիմիան ու կախարդությունը, որտեղ զգալի հաջողությունների էր հասել։ Արճիճը ոսկու չէր վերածել, այս հարցում համախոհներ էինք, փոխարենը զանազան միացություններն իրար խառնելով հզոր պայթուցիկներ էր ստանում և հմայիլների օգնությամբ գերբնական ոգիներ կանչում։ Երբ ուսումնասիրում էի իֆրիտների բնույթը, երբեմն նրա մոտ էի մեկնում, ամեն անգամ նա ինձ թագավորավայել հյուրընկալում էր իր հարկի տակ։ Փոխանակվում էինք ունեցած փորձով, որոշ հարցերում բուռն վիճաբանում, որոշներում ընդհանուր հայտարարի գալիս։ Ավելի ուշ՝ նամակագրություն էինք պահպանում, որը միշտ չէ, որ գիտական բնույթի էր։ Պատահում էր՝ դրամական կարիքի մեջ էի ընկնում, ու թեև Սայֆ ադ-դինն ինքն էլ հարուստ չէր, օգնում էր ինձ դուրս գալ դժվարին կացությունից։
    Մեկ տարի առաջ նամակ ստացա Կուֆայից։ Առաջվա պես Սայֆ ադ-դինի անունից էր, բայց այս անգամ ուրիշի ձեռքով էր գրված ու ի լրումն՝ վալիի կնիքով կնքված։ Անհամբերությամբ ձեռքս առա նամակը, հույս ունենալով որոշ արժեքավոր տեղեկություններ ստանալ։ Կնիքը կոտրելու ընթացքում, սակայն, սիրտս անհանգիստ թփրտաց։ Ավա՜ղ, կանխազգացումս ինձ չխաբեց։ Դա զարմիկիս մահվան գույժն էր, որը խորը հիասթափությունից բացի անհուն տխրություն իջեցրեց հոգուս։
    Երբ Կուֆա հասա, «բարի մուսուլմանները» խոսում էին այն մասին, որ ալլահը նրան իր մոտ վերցրեց։ Ճշմարտությունն այն էր, որ սիրելի զարմիկս սխալվել էր հաշվարկների մեջ, որը հզոր պայթյունի պատճառ էր դարձել։ Դեմքն այրվել էր, աչքերը զրկվել էին տեսնելու ունակությունից, երեք օր դեռ գիտակցությունը տեղն էր եղել։ Քանի որ բժիշկը ոչնչով չէր կարողացել օգնել, շտապ ֆակիհ էին կանչել, որը կտակ էր կազմել ու իմ անունով նամակ գրել։
    Պատշաճ կատարելով թաղման հետ կապված արարողությունները՝ անցա մյուս գործերին։ Դժվարին խնդիրներ չունեցա, Սայֆ ադ-դինն ինձ էր կտակել ողջ ունեցվացքը և ոչ մեկը չէր պատրաստվում վիճարկել այն։ Անպարկեշտ բան է մտքերը սևեռել մեռած մարդուց մնացած ժառանգության վրա, թեկուզ օրենքը ամբողջը քեզ է տվել։ Բայց անկեղծ լինենք, ամեն ոք ակամայից մտածում է մեծ կարողության մասին, որը մեկընդմիշտ կթեթևացներ նրա հոգսերը։ Մանավանդ՝ իմ հույսերը բնավ զուրկ չէին հիմքից, հաշվի առնելով ֆակիհի պատմածն առ այն, որ Սայֆ ադ-դինը շատ էր անհանգստանում, թե ունեցվացքը իր մեռնելուց հետո հանկարծ ուրիշի ձեռքը կընկնի։ Սպասումներս չարդարացան, ազգականս շատ քիչ բան էր թողել։ Խարխուլ տնակ, որի միայն հողի արժեքն էին համաձայնում տալ, մի քանի քրքրված գրքեր, և մկների կողմից զավթված հնավաճառի կրպակ, որտեղ խունացած նախշերով անոթներ կային, յուղից կեղտոտված կանթեղներ, կոտրված հայելիներ, պղնձե ծռծռված առարկաներ ու մի սևափայտե ձի՝ ճակատին սպիտակ խալ, որի վրա մի մատ փոշի էր նստել։ Նույն տեղում ալքիմիկոս զարմիկս կատարում էր իր գիտական փորձերը։ Սեղանի վրա դեռ թարմ էին պայթյունի ու դրա հետևանքով առաջացած հրդեհի հետքերը։
    Միջնորդներին հանձնարարեցի ծախել տունը, իսկ ինքս գրքերի հետ միասին կրպակ տեղափոխվեցի։ Գրեթե առանց սակարկելու տալիս էի ամբողջ հնոտիքը, ու նույնիսկ այդ դեպքում էլ գնորդները շատ չէին։ Ինչ արած, առևտուրն իմ ուժեղ կողմը չէ։ Փոխարենը շատ ժամանակ ունեի զբաղվելու կրպակում եղած քիմիական նյութերով ու դրանց մասին եղած գրականությամբ։ Զարմիկս այդ առումով ամենահարուստ ժառանգությունն էր թողել, որը առհասարակ մի գիտնականից կարող է մյուսին անցնել։ Կրպակի գիտական անկյունում կատարյալ կարգ ու կանոն էր։ Դարակներում դարսված բազմազան ու բազմագույն նյութերը խնամքով պահվում էին մեծ ու փոքր անոթների մեջ, որոնց վրա մանր ու գեղեցիկ ձեռագրով գրված էր, թե ինչ նշանակության են նախատեսված։ Առաջներում, այսպես ասած, աշխատում էի զարմիկիս հսկողության ներքո, իսկ հիմա գործողությունների լիակատար ազատություն ունեի, ուստի եռանդով գործի կպա։ Հաշվի առնելով Սայֆ ադ-դինի դժբախտ փորձը՝ նյութերի փոխադարձ ազդեցությունը փորձարկում էի ցերեկով, երբ դրսում շատ մարդիկ կային, որոնք անհրաժեշտության դեպքում օգնության կհասնեին։ Իսկ գիշերները կարդում էի։
    Օրստօրե հարստացնելով գործնական գիտելիքներս ու մի գրքից մոլեռանդորեն թռչելով մյուսին, ի վերջո մի այնպիսի գիտական աշխատություն հայտնաբերեցի, որն ամբողջությամբ կլանեց ինձ։ Թարգմանված էր չինարենից, կոչվում էր՝ «Ինչպես անմահական թուրմ ստանալ»։ Լսել էի այդ գրքի մասին, բայց չէի հավատում, որ գոյություն ունի․ վաղուց այն կորսված էր համարվում։ Դա մի անգին գանձ էր, որը «Հավերժության պալատի» հետ էլ չէի փոխի։ Չինացի հեղինակը գալիս էր հեռվից, սկսելով ծովի մեջտեղում գտնվող երեք սուրբ լեռների տարաշխարհիկ նկարագրությամբ, որտեղ անմահ մարդիկ էին բնակվում։ Այնուհետև պատմվում էր արշավախմբի մասին՝ հարյուր տղամարդ և հարյուր կին, որոնք այնտեղ էին ուղևորվել մեծ կայսր Ցին Շի Հուանդիի հրամանով։ Դադարեցրի ալքիմիական փորձերը, գոցեցի խանութի դուռը, իսկ պատահական այցելուներին այնպիսի աճապարանքով էի դռնից դարձնում, որ այլևս երբեք ինձ չէին դիմի, նույնիսկ եթե սովամահության դատապարտված լինեին։ Կարդում էի կլանված, մոմի աղոտ լույսի տակ, գտնվելով կատարյալ ինքնամոռացության մեջ։ Շարունակ վիճաբանում էի գրքի անհայտ հեղինակի հետ, որն իր բացակայելու հանգամանքով պատճառաբանված, չէր կարող առարկել իմ հապճեպ արված հիմնավորումներին։ Տենդայնորեն շուռ էի տալիս գրքի էջերը, որոշ տեղեր կարդալով երկու անգամ և մտքում կազմելով այն նյութերի ու դրանց փոխարինիչների մոտավոր ցուցակը, որոնց օգնությամբ մտադիր էի անմահական թուրմ ստանալ։ Ամենակարևոր տեղում, սակայն, սենյակը լուսավորող միակ մոմը մխաց ու հանգավ, ինձ թողնելով մթության մեջ։ Անիծեցի խավարը և իբլիսին, որի խորհրդանիշն է, ու ձեռքս սեղանի դարակը տարա։ Նման դեպքերի համար մոմերի պաշար էի տեսել, անդրծովյան ապրանք, որը կետաճարպից էր պատրաստված և շուկայում անչափ բարձր գին ուներ։ Ավա՜ղ, ոչինչ չգտա այնտեղ։ Կրպակում բուն դրած մկները, որոնք ըստ երևույթին համոզված էին եղել, որ իրենք էլ ոչ պակաս իրավունքներ ունեն իմ զարմիկ Սայֆ ադ-դինի ժառանգության վրա, ըստ արժանավույն էին գնահատել մոմերի որակը, մինչև վերջին փշրանքը ուտելով ճարպը ու կրծոտելով միջի պատրույգը։ Փոքրիկ կրծողներին է՛լ ավելի թունդ հայհոյեցի, քան նույնիսկ իբլիսին, բայց սենյակը նույնքան մութ մնաց, որքան մինչև այդ էր։ Անհուն կատաղությամբ համակված դես ու դեն նետվեցի, հուսահատորեն ելքեր էի որոնում, ուղեղս տենդայնորեն աշխատում էր։ Հանկարծ մտաբերեցի ծռմռված կանթեղների մասին, որոնք հնամաշ էին, գործածությունից դուրս եկած, բայց նեղ ժամի համար միանգամայն հարմար էին։ Խավարում խարխափելով առաջ շարժվեցի, մի քանի անոթ կոտրեցի, բայց կանթեղներից մեկը գտա։ Անհամբերությամբ չրթացրի կայծքարը, կանթեղը թանձր մուր արձակեց, բայց լուսավորեց, թեկուզ և աղոտ։ Շտապեցի ձեռքս առնել կիսատ թողած գիրքը, սակայն ապարդյուն։ Կանթեղի ծուխն է՛լ ավելի թանձրացավ, ամբողջությամբ տարածվելով սենյակում, հետզհետե կապտավուն երանգ ստացավ, ու ի սարսափ ինձ, սկսեց որոշակի ձևեր ընդունել։ Հոգիս անհուն սարսափով պատվեց, հասկացա, որ իմ առաջ ջիններից ոմն մեկն է նյութականանում, ու թեև մինչ այդ համոզված էի, թե գիտեմ ինչպես իֆրիտի առաջն առնել, խուճապի մատնվեցի։ Նույնիսկ չգիտեի, իֆրի՞տ էր արդյոք, թե գուցե մարիդ, դա իմ առաջին հանդիպումն էր նման արարածների հետ։ Ոգու ամբողջականացումը երկար ժամանակ չպահանջեց, նրա զարհուրելի պատկերը անջնջելիորեն դաջվել է հիշողությանս մեջ։ Դահիճ Մասրուրի պես չար դեմք ուներ, արնակալած աչքեր։ Կազմվացքը զորեղ էր, ձեռքերը խաչել էր կրծքի առաջ։ Ոտքերի փոխարեն բարալիկ ծուխ էր, որը միանում էր կանթեղին։ Ահա, սկզբունքորեն, ամբողջը, ինչ կարելի էր ասել նրա մասին։
    «Ալլահից բացի ուրիշ ալլահ չկա և Սուլեյմանը նրա մարգարեն է,- ասաց ջիննը և աչքերը հառեց վրաս»։ - Որոշ ժամանակ մենք զննում էինք մեկմեկու, որի ընթացքում ապարդյուն ջանում էի մոգական խոսքեր հիշել, որոնք հաստատապես կկաշկանդեին ուզածդ չար ոգու շարժումները, ապա ջիննը կրկին խոսեց։ «Արժանավորագույն Սայֆ ադ-դին,- ասաց նա,- ահա և նյութեղեն դարձա, ինչպես ձեզ խոստացել էի։ Մենք որոշ ժամանակ ունենք զրուցելու, ես պատրաստակամ եմ կատարել ձեր ցանկություններից մեկը, կամ նույնիսկ մի քանիսը»։ - Այս ասելով ջիննը հարգալից գլուխ տվեց։ Որոշելով գործել անշտապ և չափազանց զգույշ, որպեսզի չխրտնեցնեմ ոգուն ու ժամանակ շահեմ, ոգիների աշխարհի մասին ինչ-որ անորոշ բան քրթմնջացի ու ավելացրի․ «Պատմիր քո մասին, արժանավորագույն ջինն, դու ինձ այդ խոստացել ես»։ - Զրուցակիցս միանգամից գործի անցավ, դա անչափ շարժուն ու գործնական ոգի էր։ «Անունս Ֆարար է,- ասաց նա,- ես իֆրիտ Քամաազի և իֆրիտուհի Իրիֆայի որդին եմ։ Ես երիտասարդ իֆրիտ եմ համարվում, ընդամենը յոթ հազար հինգ հարյուր վաթսուրնչորս տարեկան եմ, չհաշված ամիսները, ժամերը ու րոպեները, որը մանրուք է։ Հազար տարի ապրել եմ իբլիսի թագավորությունում, ևս նույնքան ժամանակ անցկացրել եմ օվկիանոսի հատակին՝ այն բանից հետո, երբ ձախողեցի հանձնարարությունը ու ինձ սափորի մեջ պարփակելով ծովը նետեցին։ Ապա ինձ կապեցին մի մատանու, որի գերին դարձա ու դժբախտություններ բերի մարդկանց գլխին, հայելու մեջ սողոսկած ներխուժեցի խալիֆի հարեմ, ու շատ զարմանալի բաներ տեսա այնտեղ։ Ձեզ չափից ավելի չեմ ծանրաբեռնի երկար պատմություններով։ Ի վերջո ինձ հարյուր տարով այս կանթեղի մեջ բանտարկեցին, որն իմ նախավերջին կալանքն է։ Ես մեկ հարյուր տարվա բանտարկություն ու ես ազատ եմ․․․»։ - Այս ասելով Ֆարարը աչքերը այս ու այն կողմ պտտեց, ըստ երևույթին փորձելով կռահել, թե հատկապես ինչ առարկայի մեջ առավել հարմար կլիներ ևս հարյուր տարի անցկացնել։ Հասկանալով, որ իֆրիտը հիմա ուր որ է կչքվի, առանց կատարելու իմ ցանկությունները, շտապեցի կանգնեցնել նրան։ - «Արժանավորագույն ալ Ֆարար իբն Քամաազ,- բացականչեցի ես,- դուք նոր եք ազատվել երկարատև միայնությունից ու նորից հարյուրամյա բանտարկությա՞ն եք ձգտում․․․»։ - «Հարգելիս,- սառը քաղաքավարությամբ պատասխանեց ոգին,- հարյուր տարին իֆրիտի համար մեծ ժամանակամիջոց չէ։» - Ու չքացավ․․․ Ասես երազում լինեի, իրականությունն ու անուրջները հոգուս մեջ իրար էին միաձուլվել։ Թե ինչ առարկայի մեջ էր իրեն պարփակել իֆրիտը, գաղափար անգամ չունեի։ Այդ հարցի լուծումն ինձ օգնեց գտնել պատահականությանը․ հիմա կպատմեմ, թե բանն ինչպես եղավ․․․ »։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  7. #6
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սինդբադ Ծովագնաց
    Իբրահիմը ստիպված եղավ ընդհատել պատմությունը։ Ոտնաձայներ լսեցինք, ինչ-որ մեկը գաղտագողի մոտենում էր․․․ Ո՛չ, դա հերթապահ նավաստին չէր, նա այդպես էլ մնաց մյուս նավաստու մոտ, որին վստահված էր «Յոթ Ծովերի Սարսափի» ղեկը։ Լղար կազմվացքը վկայում էր, որ ավելի շուտ թիավարներից է, և դա իրոք այդպես էր որ կար․․․ Ահմեդն էր, զուգահեռ շարքի տասնիննամյա թիավարը, որի հետ որոշ մտերմություն էր ստեղծվել։ Նրա դեմքը տագնապ էր արտահայտում, ասես գլխին մահվան վտանգ էր կախվել։
    «Սինդբադ,- մոտենալով շշնջաց ականջիս,- թիավարները որոշել են խռովություն բարձրացնել։ Ոչ մի ստրուկ մի տարուց ավել չի ձգում, այդ պատճառով նրանք որոշել են վճռական քայլի դիմել։ Բոլորը նախկին հանցագործներ ու մարդասպաններ են և միտք ունեն նավը գրավելով ծովահենությամբ զբաղվել։ Քեզ և Իբրահիմին, որպես այդ արհեստի մեջ անպետք մարդկանց, այս գիշեր սպանելու են։ Դա պետք է շեղի անձնակազմի ուշադրությունը և խռովությունը սկսելու ազդանշան լինի․․․»
    Ահմեդը ձեռքերիս մեջ ինչ-որ առարկա դրեց ու չքացավ նույնքան անակնկալ, որքան հայտնվել էր։ Դա մի ծռմռված դաշույն էր, որը հայտնի չէ, թե որտեղից էր հայթհայթել։
    «Այդ մասին պետք է անմիջապես հայտնենք նավապետին,- ասացի Իբրահիմին»։
    «Մեզ վրա նորից կծիծաղեն,- գլուխը տարուբերեց իմաստունը։ - Իսկ հետո, միևնույն է, չենք խուսափի դաժան հաշվեհարդարից»։
    «Հապա ի՞նչ պիտի անենք,- սրտիս ուժգնացող զարկերը զգալով՝ հարցրի ես»։
    «Ամեն բան ալլահի կամքով է,- պատասխանեց Իբրահիմը»։
    Նա այս խոսքերն ասաց միանգամայն հաստատուն ձայնով և դա շատ զարմանալի էր։ Նա բնավ չէր վախենում, ինչպես Հարուն ալ Ռաշիդի առաջ․․․ Իսկ մի՞ թե դա չէր նշանակում, որ հիմա դրան հավասար վտանգ չի տեսնում։
    «Բոլոր թիավարները վերջացած տխմարներ են,- շարունակեց Իբրահիմը,- նավը գրավելը նրանց խելքի բանը չէ։ Աբդալլահի տեսքը միայն շատերին կզրկի ոգու արիությունից։ Ջավադ ալ Քարիմը Բասրայի լավագույն նավապետն է և իր հավատարիմ նավաստիների հետ միասին ավելի շատ ծովահենական նավեր է խորտակել, քան այս խղճուկները առևտրական անմեղ նավեր են տեսել։ Աբու Նուվասն էլ նվեր չէ․ նա ծառայել է բանակում, քաջ է, հանդուգն, և նույնքան լավ է տիրապետում սրին, որքան սիրատարփ բանաստեղծի գրչին։ Մեզ, իհարկե, նրանք կարող են սպանել առանց դժվարության։ Բայց մենք զգուշացված ենք, վտանգը մեզ անմիջապես հիմա չի սպառնում ու մենք ժամանակ ունենք փրկության ելքեր որոնել»։
    Իբրահիմն անշտապ վեր կացավ տեղից, աղոթքի գորգիկը փռեց ոտքերի առաջ և հայացքը հառեց աջ նավակողի ուղղությամբ, որտեղ սուրբ Մեքքան էր։ Աղոթելուց հետո նույն հանգստությամբ վեր կացավ տեղից ու ձեռքը խալաթի գրպանը տարավ, որտեղից պղնձե քառակուսի տախտակ դուրս բերեց։ Հարցրեց՝ հատկապես ովքե՞ր կարող էին ապստամբների պարագլուխ լինել։ Հավանություն տվեց պատասխանիս, Ահմեդի տված դաշույնով եռանկյունի նշան գծեց վրան ու անհասկանալի նշաններ խզմզեց։ Իբրահիմն անճանաչելի էր դարձել․ այլևս այն խեղճուկրակ թիավարը չէր, որի վրա բոլորը ծիծաղում էին, կամ սարսափի մատնված անօգնական ծերուկը, որն անթաքույց դողում էր խալիֆի առաջ, ոչ էլ իմաստասեր գիտնականը, որը բարեհոգի զրուցում է աշակերտի հետ։ Դա կախարդ էր, մոգ, որը ուրիշ աշխարհի է պատկանում և իր զորությունը միայն իրեն հայտնի աղբյուրներից է ստանում։ Աչքերը չռվել էին, հայացքն՝ աղավաղվել։ Սահմռկելի երանգներ ստացած ձայնը խուժում էր մարմին, թափանցում ոսկորների մեջ, ստիպելով տհաճ դող և խենթություն զգալ։ Իր մրմունջներում հաճախակի տալիս էր Ծովահեն Հասանի և Մարդասպան Հուսեյնի անունները։ Խորապես համոզված էի, որ նրա մոգական խոսքը անտեսանելի ու գաղտնածածուկ ճանապարհներով թափանցում է այս երկուսի հոգիների մեջ, ահա թե որքան համոզիչ էր իր գործողությունների մեջ։
    Ավարտելով հմայությունը՝ երկար ժամանակ լուռ ու անշարժ մնաց։ Փակել էր աչքերը, ձեռքերի ափերը կրծքի առաջ իրար միացրել։ Ակներև էր, որ չի կարելի խախտել իմաստունի հոգու անդորրը․ դրանով նրա բոլոր ջանքերը ջուրը կընկնեին։
    Անսպասելի բաց արեց աչքերը և փայտե տախտակ պահանջեց։ Այս անգամ քառակուսի գծեց, հանդիպակած ու զուգահեռ գծեր տարավ ու ստացված վանդակներում անհասկանալի նշաններ խզմզեց։ Ձեռքերը կողմ տարածեց, հայացքը հառեց դեպի ծովի փրփրաբաշ ջրերը ու բարձրաձայն ինչ-որ անծանոթ անուն տվեց։ Երկնքում կայծակ փայլատակեց, քիչ հետո պայթեց ամպերի որոտը։ Սառը քամի փչեց, անձրևի մանր կաթիլների զովություն զգացի դեմքիս։ Երկյուղից կուչ եկա, սնոտի վախն ինձ ստիպեց ցնցվել։ Երևակայությունս հրեշների ահասարսուռ պատկերներ գծագրեց մթության մեջ, որոնք պատրաստվում էին վրաս հարձակվել։
    «Արեցի ամեն հնարավոր բան, ինչ մարդուց է կախված,- ասաց Իբրահիմը։ - Անհամաձայնություն սերմանեցի խռովարարների պարագլուխների մեջ և փոթորիկ կանչեցի։ Մնացածն արդեն ալլահի որոշելիքն է։ Ճիշտ է, այդ ամենը չափից ավելի թանկ նստեց․ առնվազն յոթ-ութ տարվա կյանք, երբ ես վաթսունչորսի մեջ եմ։ Մինչև անգամ լիարժեք վստահություն չունեի, արդյո՞ք ուժերս կբավականացնեն ավարտել մոգությունը, բայց ստեղծված իրավիճակում ուրիշ ելք չկար․․․ Գրպանումս քառորդ սրվակ «անմահական թուրմ» կա, որի գլխավոր հատկությունը մարմնի երիտասարդացումն է և ուժերի արագ վերականգնումը, բայց դա վերջին միջոցն է ու դեռ կարող է պետք գալ․․․»։
    Իբրահիմը թուլացած տախտակամածին ընկավ։ Տասը տարով ծերացել էր․ կախարդությունն իրոք նրանից շատ կենսական ուժեր էր խլել։ Ջուր տվեցի, արկանի կապը բարձի տեղ դրեցի գլխի տակ։ Խրախուսող հայացքով ժպտաց ինձ, որից եզրակացրի, որ վախեցած ու տխմար տեսք ունեմ։ Զգացի, որ դեմքս ամոթից այրվում է։ Արժանապատվության զգացողությունը ստիպեց ինձ ուրիշ աչքերով նայել դեպքերի անբարենպաստ ընթացքին։ Արհամարհեցի վախը ու վճռեցի ուղիղ նայել մահվան աչքերի մեջ։
    Անցավ քառորդ ժամ։ Իբրահիմը պառկած էր մեջքի վրա ու ծանր էր շնչում։ Գինին կամ մի քանի հատիկ խուրման կամրապնդեին նրան, բայց ցավոք դատարկ ջրից բացի ուրիշ ոչինչ չկար ձեռքի տակ։ Պահի կարևորությունը արիասիրտ էր դարձրել ինձ։ Պատրաստ էի նավամբարից ուտելիք թռցնել, բայց չէի կարող ընկերոջս մենակ թողնել, խռովարարները ամեն վայրկյան կարող էին մեզ վրա հարձակվել։ Լսվող ոտնաձայները հաստատեցին մեր կասկածները։ Իբրահիմը կիսանստեց տեղում, ես ձեռքիս մեջ ամուր սեղմեցի Ահմեդի տված դաշույնը։
    Քիչ հետո լսեցինք Աբդալլահի քնատ ձայնը։ «Թող փառաբանվի ալլահը, որ մարդուն սովորեցրել է այն, ինչ նա չգիտեր,- բարեպաշտ ձայնով ասաց վերակացուն»։
    Աբդալլահն ասես նման չլիներ իրեն։ Չնայած այն բանին, որ սառը քամի էր փչում, արձակեց շապիկի կոճակները, որպեսզի ավելի ազատ շնչի։ Ապա նկատեց մեզ ու շորորվելով մոտեցավ։ Չհարցրեց ինչու չենք քնում և այս ժամին ինչ գործ ունենք տախտակամածին, նրա խոհերն ասես միանգամայն ուրիշ հարթությունում էին։ Սովոր էինք կաշեփոկե մտրակով տեսնել նրան, իսկ հիմա ձեռքերի մեջ գինու տիկ էր բռնել․ ահա թե ինչու էր շորորվելով քայլում։
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •