Պոստմոդեռն բուրժուազիայի քաղքենի քամահրանքով վերաբերում եմ ցանկացած վատ երաժշտության ու այն միացնողներին. զարմանալիորեն նախանձում այն վստահությանը, որով ավելի բարձր են միացնում, քան անհրաժեշտ է միայն սեփական ականջները պղծելու համար։ Մամաս միշտ ասում էր՝ երբ տեղ ենք գնում, ու ուտելիքը չես հավանում, աշխատիր այնպես անել, որ դեմքիցդ չերևա։ Չեմ կարում, մամ ջան։
Կայարանի անցումը, որով ամեն օր գործի եմ գնում, «կիսաբաց լուսամուտներ» նայելու պես մի բան ա. դու կարող ես չհավանել այն, բայց ջայլամությունիցդ դրանք չեն դադարում գոյություն ունենալ։ Մի տաղավար կա, որ մանկական խաղալիքներ են վաճառում, բայց ավելի մեծ առաքելությունը նեղ ու տհաճ հոտով լցված այդ կառամատույցային միջավայրի գորշ տարածություններին մի շերտ էլ տարածություն էր ավելացնում՝ ականջներդ կազմաքանդող, հոգիդ կեղեքող վատ երաժշտությունը, ու բարձր այնքան, որ մոտավորապես 10 քայլ/վայրկյան արագությամբ պիտի անցնես, որ հնարավորինս շուտ հատես այն տարածությունը, որը, հա, գոյություն ունի ժամանկից անկախ։ Կայարանում տենց բաներ լինում են ֆիզիկայի հետ։ Մի տղա կար, մի երկու անգամ քայլել ենք, բայց ես իրենից հասցրել ու սովորել եմ, թե կայարանի որ կիսաքանդ շենքում որ տեսակի թմրամոլներն են, ինչ են օգատգործում հեչ, սոսինձը ինչպես կիրառել (սոսի՞նձ), ու էդպես...
Ես շուկաներ էլ չեմ սիրում, որովհետև բոլոր կողմերից ասում են, որ իրենցից առնես, առաջարկում են նոր կարտոֆիլ, ճաշեր եփելու այլ մթերքներ, մինչդեռ դու հստակ որոշած գնում ես գիլասի հետևից. մամաս ինձ չի սովորացրել, թե ոնց պահեմ ինձ շուկայում. մեկ-մեկ պտտվում ու բոլորին հատ-հատ ասում եմ՝ «չէ, շնորհակալություն», մեկ-մեկ էլ արհամարում ու անցնում. առաջինի դեպքում ինձ թարս են նայում, երկրորդի դեպքում՝ ոչ մի տարօրինակ արձագանք, այնինչ ես մտածում եմ, որ ավելի քաղաքավարի է առաջին մոտեցումը։
Սրանք դատարկ բաներ են, բայց հոգնածությունը գրգռող։ Մանավանդ, երբ ահմաբեր սպասում ես մայիսին, որ վայելես ամենասիրուն եղանակը, բայց արդեն հունիսի 1-ն է։
Էջանիշներ