Ամառվանից սկսել եմ իսպաներեն սովորել Duolingo ծրագրով: Ամենօրյա ռեժիմիս անբաժան մասն է դարձել որոշակի ժամանակ իսպաներենին տրամադրելը: Տրամադրածս ժամանակն օրվա մեջ շատ չի, բայց խիստ կանոնավոր է: Իսպաներեն սովորելու ցանկություն վաղուց եմ ունեցել` դեռևս ուսանողական տարիներից, ու միշտ մտածել եմ, որ մի օր անպայման կսովորեմ: Իսկ վերջերս մի քանի պատճառ կար դա վերջապես նախաձեռնելու համար: Նախ էնպես էր ստացվել, որ կյանքիս էդ շրջանում ես աննախադեպ մոտիվացված էի զգում ինձ: Բացի դրանից, մտածում էի` ուղեղս մի քիչ մարզելու ու հիշողությունս լավ մարզավիճակում պահելու համար արժե ինչ-որ նոր բան սովորել, իսկ լեզու սովորելն էդ առումով արդյունավետ է համարվում: Եվ, վերջապես, իսպաներենն ինձ դուր է գալիս, ինչո՞ւ մի լրացուցիչ լեզու չիմանամ, հատկապես որ նաև երկրորդ ամենագործածական լեզուն է անգլերենից հետո:
Պիտի խոստովանեմ, որ իմ իմացած մյուս չորս լեզուներից (հայերեն, ռուսերեն, անգլերեն, գերմաներեն) իսպաներենը շատ ավելի հեշտ է: Իհարկե, դեռ շատ սովորելու բան ունեմ, դեռ չեմ հասել ամենաբարդ մասերին, ու գիտեմ, որ, ինչպես ցանկացած լեզվում, իսպաներենում էլ կան որոշակի մարտահրավերներ, բայց դե լեզվի բարդության աստիճանի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար բոլորովին էլ պարտադիր չէ հասնել ինչ-որ բարձր մակարդակի. սովորաբար հենց սկզբից էլ ընդհանուր պատկերը երևում է, հատկապես երբ արդեն մի քանի` իրարից ահագին տարբեր օտար լեզուներ գիտես ու կարող ես համեմատել:
Նկատել եմ, որ իսպաներենն ինձ ծանոթ բոլոր լեզուներից ամենատրամաբանականն ու ամենահստակն է: Առայժմ որևէ «անհեթեթության» կամ անտրամաբանական բանի չեմ հանդիպել. ամեն ինչ միանգամայն ճիշտ ու տրամաբանական է թվում, թեև ենթադրում եմ, որ անհեթեթություններ էլ դեռ կլինեն, ի վերջո, բնական լեզու է, թեև, իմ կարծիքով, իր հստակությամբ ու տրամաբանականությամբ ահագին մոտ է արհեստականին:
Էսպես որ նայում եմ, իսպաներեն սովորելիս ուղեղս իմ ուզած չափով չի մարզվում: Մտածում եմ` արդեն վաղուց կիսամեռ գերմաներենս էլ վերակենդանացնել ու զարգացնել: Այ, գերմաներենի հետ ուղեղի մարզանքի առումով լուրջ հույսեր եմ կապում. համոզված եմ` նա ինձ չի հիասթափեցնի
: Բայց առայժմ գերմաներենին հերթ չի հասնում:
Էջանիշներ