Պատերազմի պատճառով երկիրը տնտեսապես տուժել էր և թուլացել։ Պապ թագավորը որոշեց վերականգնել թուլացած տնտեսությունը։ Իր նախորդի փորձից ելնելով, Պապ թագավորը որոշեց ոչ թե նախարարների հաշվին, այլ իր նախորդ թագավորների կատարած նվիրատվություններից ու շնորհած արտոնություններից չափազանց հարստացած ու հղփացած եկեղեցու։ Թագավորական հրովարտակով երկրի բնակչությունն ազատվեց եկեղեցուն վճարվող տասանորդ և պտղի հարկերից։ Դեռևս Տրդատ Գ Մեծի օրոք հոգևորականությանը տրված 7 բաժին հողից 5-ը բռնագրավվեց և բաժանվեց գործող բանակի զինվորներին։ Խիստ կրճատվեց հոգևորականների թիվը։ Նախկին հոգևորականները և հոգևորականների ազգականները, որոնք ազատված էին զինապարտությունից, այժմ զորակոչվեցին բանակ։ Որպես հետևանք գործող բանակի զինվորների թիվը հասավ 100 հազարի[9][10][11]։

Պատերազմի հետևանքով երկրի բնակչությունը խիստ կրճատվել էր, իսկ ծնելիությունը նվազել։ Ստեղծված իրադրությունը բարելավելու նպատակով թագավորի հրամանով փակվեցին դեռևս Ներսես Մեծ կաթողիկոսի օրոք բացված կուսանոցներն ու մենաստանները։ Կույսերին ամուսնանալու իրավունք տրվեց։ Պետական եկամուտները մեծացնելու նպատակով Պապ թագավորը լուծարեց բարեգործական շատ հաստատություններ, որոնք բացվել էին եկեղեցու նախաձեռնությամբ և պահվում էին ավելի շատ պետության, քան եկեղեցու միջոցներով։[9][10][11]