117 թ-ին վերականգնվում է Մեծ Հայքի անկախությունը։ Թագավոր է հռչակվում Վաղարշ Ա-ն՝ 117-140 թթ.: Նա առաջին հերթին Արարատյան դաշտում, Վարգեսավան գյուղաքաղաքի վայրում հիմնադրում Վաղարշապատ քաղաքը, որ ժամանակի ընթացքում դառնում է Մեծ Հայքի երկրորդ մայրաքաղաքը։ Վաղարշի գահակալում անցնում է խաղաղ պայմաններում։ Նրա մահից հետո հռոմեացիները, խախտելով Հռանդեայի պայմանագիրը Հայոց գահին են բազմեցնում Հռոմի ծերակույտի անդամ Սոհեմոսին, ում Մովսես Խորենացին անվանում է Տիգրան։ Սակայն 161 թ-ին պարթևական զորքը հայերի աջակցությամբ դուրս է վռնդում նրան և հռոմեական լեգեոնները և թագավոր է հռչակվում Բակուր Ա Արշակունին։ 163 թ-ին հռոմեացիները դարձյալ գրավում և ավերում են Արտաշատն ու Բակուրին որպես գերի տանում Հռոմ, որտեղ էլ նա վախճանվում է։ Հռոմում պահպանված հունարեն մի արձանագրությունում հիշատակվում է Բակուրը. «Ավրելիոս Պակորոս (Բակուր)՝ Մեծ Հայքի թագավոր»: Հռոմեացիները դարձյալ գահին են բազմեցնում Սոհեմոս-Տիգրանին, ով կառավարել է 164-186 թթ.: 176 թ-ի լատիներեն մի արձանագրությունից հետևում է, որ Մեծ Հայքում տեղակայված են երկու հռոմեական ջոկատ, որոնք պատկանում են XII Ֆուլմինատա և XV Ապոլլինարիս լեգեոններին: 185 թ-ի մեկ այլ արձանագրությունից հետևում է, որ նրանք շաուրնակում են Վաղարշապատի պաշտպանական ամրությունների շինումը։ Հայերը՝ Տրդատ իշխանի գլխավորությամբ ապստամբում են, սակայն հռոմեացիները ճնշում են ապստամբությունը, իսկ Տրդատին աքսորում Բրիտանիա: Սակայն Հռոմում տիրող գահակալական կռիվների պատճառով Հռոմեական կայսրությունը թուլանում է և Հայոց գահին է բազմում Վաղարշ Բ-ն՝ 185-198 թթ., որի օրոք Մեծ Հայքն այնքան է հզորանում, որ Հայ Արշակունիների իշխանությունը դառնում է ժառանգական։ Հռոմի կայսր Սեպտիմիոս Սևերոսի հետ կնքած պայմանագրով հռոմեական լեգեոնները դուրս էին բերվում Մեծ Հայքից և հռոմեացիները պետք է գումար վճարեին Հայոց Այրուձիին, որը հյուսիսում իրականացնում էր կովկասյան լեռնանցքների պաշտպանությունը լեռնական ցեղերից, որոնց դեմ պատերազմնելիս էլ զոհվում է Վաղարշ Բ-ն։ Նրան հաջորդում է որդին՝ Խոսրով Ա-ն՝ 198-215 թթ.: