Արտաշես Բ
Արտավազդ Բ-ի գերեվարությունից հետո հռոմեական բանակը ռազմակալեց Մեծ Հայքը։ Թալանվեցին քաղաքներն ու մեհյաններում կուտակված մեծ հարստությունները։ Հռոմեական սկզբնաղբյուրներում մանրամասն նկարագրվում է Երիզա ավանում գտնվող Անահիտ աստվածուհու հռչակավոր մեհյանի կողոպուտը, և թե ինչպես են ընչաքաղց հռոմեացի զինվորներն առանձին կտորների վերածել աստվածուհու ոսկեձույլ արձանը։
Սակայն հռոմեացիների կողմից ռազմակալված Մեծ Հայքը փոթորկվում էր։ Գերեվարությունից խույս տված թագաժառանգ Արտաշեսը, հաջողության չհասնելով, իր զորքերով քաշվեց Պարթևաստան: Քաղաքական իրադրության կտրուկ փոփոխությունն ստիպեց Պարթևաստանի Հրահատ Դ թագավորին ևս փոխել վերաբերմունքը Մեծ Հայքի նկատմամբ։ Նա ոչ միայն ապաստան տվեց փախստական թագաժառանգին և իր դստերը կնության տվեց նրան, այլև ռազմական մեծ օգնություն տրամադրեց հռոմեական նվաճողների դեմ պայքարը կազմակերպելու համար։ Արտաշեսի գործողություններն ավելի նպատակասլաց դարձան հատկապես Ակտիումի ճակատամարտից հետո։ Հայ-պարթևական զորքերի գլուխ անցած նա մտավ Մեծ Հայք և, մի քանի վճռական ճակատամարտերում պարտության մատնելով հռոմեական լեգեոններին, նրանց դուրս շպրտեց երկրից։
Էջանիշներ