Մ․թ․ա․ 86 թվականին Սուլլայի գլխավորած հռոմեական լեգեոնները ժամանում են Արևելք և մեկ տարի հետո՝ Հունաստան ներթափանցած Միհրդատ Եվպատորի պարտությունից հետո, կնքվում է Դարդանոսյան պայմանագիրը․ վերականգնվում է տարածաշրջանի նախկին ստատուս քվոն։ Օգտվելով Սուլլայի բացակայության իրողությունից՝ պոպուլյարները վերստին տապալում են վերջինիս իշխանությունը, իսկ ընդունած օրենքները՝ չեղարկում։ Մ․թ․ա․ 82 թվականին Կոռնելիուս Սուլլան վերադառնում է Պոնտոսի և Հայաստանի դեմ մղվող արշավանքներից և վերստին ձեռնամուխ լինում Հռոմի պաշարմանը։ Իշխանության վերականգնումից հետո (այս անգամ նա հռչակվում է հավերժ դիկտատոր), Սուլլան գործարկում է պրոսկրիպցիաների ինստիտուտը (ծերակույտի օլիգարխիայի շահերից բխող և պոպուլյարների դեմ ուղղված օրինագծեր), որը քաղաքական պայքարի և ցմահ կոնսուլի դաժանության վառ արտահայտությունն էր։ Լուցիոս Կոռնելիուս Սուլլան կառավարում է ցկյանս՝ մինչև մ․թ․ա․ 78 թվականը։ Մահվան նախօրյակին՝ մեկ տարի առաջ, ցմահ կոնսուլը վայր է դնում լիազորությունները՝ քաղաքացիական կյանքում պահպանելով իր լայն ազդեցությունը։ Սուլլայի դիկտատուրան Հռոմում հանրապետական կարգերի խոր ճգնաժամի գործնական արտահայտություն էր, որն էլ իր հերթին ոչ հեռավոր ապագայում օբյեկտիվորեն նպաստում է պետական կառավարման նոր ձևերի և հայեցակարգերի մշակմանը։