Այրարատ միջնաշխարհում պատմական վաղ շրջանում ստեղծված քաղաքական կազմավորումը, ի տարբերություն Նաիրյան ազգակից եզրաշխարհների, ապրելով համեմատաբար անխաթար և բնականոն զարգացում, արդեն մ.թ.ա. 9-րդ դարի 1-ին կեսին հասել է ռազմաքաղաքական և տնտեսական այնպիսի հզորության, որ ի դեմս Արամե արքայի (մ.թ.ա. 860-մ.թ.ա. 840), ոչ միայն հաջողությամբ դիմագրավել է Ասորեստանի հարձակումները, այլև գլխավորելով լեռնաշխարհի հայկական ցեղերի ու ցեղային «աշխարհների» համախմբման ընթացքը, կերտել է Արարատյան միասնական տերության հիմքերը։

Այդ քաղաքականությունը շարունակել են Արամեի անմիջական հաջորդները. ըստ Սալմանասար Գ-ի տարեգրություններում պահպանված մի տեղեկության՝ մ.թ.ա. 832/մ.թ.ա. 831-ին Արածանի գետի միջին և ստորին հոսանքի շրջաններն արդեն անցել էին Վանի թագավորության Սարդուրի Ա արքայի (մ.թ.ա. 835-մ.թ.ա. 825) հսկողության ներքո։ Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաև Վանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հարավարևելյան ափին հիմնադրել արքունական նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան տերության առաջնակարգ հենակայանը հարավում։ Մայրաքաղաքի կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ.թ.ա. 9-րդ դարի վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։