Ավելին, 1633 թ. ստեղծվեց Շվեդիայի գլխավորությամբ բողոքական իշխանությունների Հեյլբրոնի դաշնությունը, ինչը հղի էր Հյուսիսային Գերմանիայում կայսերական ինստիտուտների կազմալուծման և կայսրության կազմալուծման վտանգով: Սակայն 1634 թ. իսպանական-կայսերական բանակին հաջողվեց ջախջախել շվեդերին Նյորդլինգենի ճակատամարտում և անցնել հակագրոհի: 1635 մայիսին կաթոլիկ և բողոքական ճամբարների միջև կնքվեց Պրահայի հաշտությունը, որի համաձայն Գերմանիայի տարածքում բոլոր դաշնային միավորումները, այդ թվում՝ Կաթոլիկ լիգան և Հեյլբրոնի դաշնությունը, լուծարվում էին, իսկ Ռեստիտուցիոն հրովարտակի ուժի մեջ մտնելը հետաձգվում էր տարով, ինչպես նաև բոլոր գերմանական իշխանները պարտավորվում էին միացնել իրենց ուժերը շվեդերի դեմ համատեղ պայքար կազմակերպելու համար: Նորոգվեց առաջատար գերմանական պետությունների (այդ թվում՝ Սաքսոնիա, Բրանդենբուրգ, Բավարիա)՝ կայսեր հետ դաշինքը, կանգնեցվեցին ապակենտրոնացման գործընթացները:
Կայսրության կոնսոլիդացումը դեմ էր Ֆրանսիայի շահերին: 1635 թ. մայիսին այն մտավ պատերազմի մեջ Շվեդիայի կողմից: Սկզբում կայսրությանը հաջողվում էր զսպել ֆրանկո-շվեդական դաշինքի առաջխաղացումը, սակայն 1639 թ. տեղի ունեցավ բեկում՝ ֆրանսիացիները ներխուժեցին Շվաբիա, իսկ Պրահայի համակարգը սկսեց կազմալուծվել: 1640 թ. պատերազմից դուրս եկավ Բրանդենբուրգը, 1642 թ. ջախջախվեց Սաքսոնիան: 1645 թ. սկսվեցին հաշտության բանակցությունները կայսեր, Ֆրանսիայի, Իսպանիայի և Շվեդիայի միջև, որոնց ընթացքը որոշվում էր նաև զուգահեռ ընթացող ռազմական գործողություններով: 1647 թ. անձնատուր եղավ Բավարիան, 1648 թ. շվեդերը գրավեցին Պրահայի մի մասը, իսկ Իսպանիան ստիպված եղավ ճանաչել Նիդեռլանդների անկախությունը: 1648 թ. հոկտեմբերին կնքվեց Վեսթֆալյան հաշտությունը, որը վերջ դրեց Երեսնամյա պատերազմին և արմատապես ձևափոխեց Սրբազան Հռոմեական կայսրությունը:
Էջանիշներ