337 թ–ին Շապուհ II–ի բանակը շրջապատեց Մծբինը, իսկ մի այլ զորամաս Հեր–Զարևանդով խորացավ Մեծ Հայք։ Խոսրովը Բզնունյաց նախարար Դատաբեին հանձնարարեց դիմադրել թշնամուն և խափանել նրա առաջխաղացումը։ Սակայն Դատաբեն անցավ Պարսից կողմը։ Վաչե Մամիկոնյանը և Վահան Ամատունին 30 հազար զորքով Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստ ավանի մոտ տված ճակատամարտում, հաղթեցին թշնամուն և ազատագրեցին երկիրը։ Դատաբեն և նրա տոհմը ոչնչացրեցին, կալվածները վերածվեցին արքունի սեփականության։ Դրանից հետո Խոսրովը օրենք սահմանեց, որպեսզի հազար և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր նախարարներն ապրեն արքունիքում՝ թագավորի հսկողության ներքո։ Խոսրովը խզեց հարաբերությունները Սասանյան Իրանի հետ և ավելի մերձեցավ Հռոմեական կայսրությանը: Շուտով Շապուհը խոշոր բանակով դարձյալ ներխուժեց Մեծ Հայք։ Հայկական բանակը նրա առաջխաղացումը կասեցրեց խոշոր զոհերի գնով։ Մարտում զոհվեցին սպարապետ Վաչե Մամիկոնյանը և ուրիշ մեծամեծ իշխաններ։ Խոսրով Կոտակը վախճանվեց Դվինում, իսկ շիրիմն ամփոփվեց հայ Արշակունիների տոհմական գերեզմանոցում։
Էջանիշներ