User Tag List

Էջ 13 33-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 181 համարից մինչև 195 համարի արդյունքները՝ ընդհանուր 483 հատից

Թեմա: Պատմական անկյուն

  1. #181
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտաշես Բ

    Արտավազդ Բ-ի գերեվարությունից հետո հռոմեական բանակը ռազմակալեց Մեծ Հայքը։ Թալանվեցին քաղաքներն ու մեհյաններում կուտակված մեծ հարստությունները։ Հռոմեական սկզբնաղբյուրներում մանրամասն նկարագրվում է Երիզա ավանում գտնվող Անահիտ աստվածուհու հռչակավոր մեհյանի կողոպուտը, և թե ինչպես են ընչաքաղց հռոմեացի զինվորներն առանձին կտորների վերածել աստվածուհու ոսկեձույլ արձանը։

    Սակայն հռոմեացիների կողմից ռազմակալված Մեծ Հայքը փոթորկվում էր։ Գերեվարությունից խույս տված թագաժառանգ Արտաշեսը, հաջողության չհասնելով, իր զորքերով քաշվեց Պարթևաստան: Քաղաքական իրադրության կտրուկ փոփոխությունն ստիպեց Պարթևաստանի Հրահատ Դ թագավորին ևս փոխել վերաբերմունքը Մեծ Հայքի նկատմամբ։ Նա ոչ միայն ապաստան տվեց փախստական թագաժառանգին և իր դստերը կնության տվեց նրան, այլև ռազմական մեծ օգնություն տրամադրեց հռոմեական նվաճողների դեմ պայքարը կազմակերպելու համար։ Արտաշեսի գործողություններն ավելի նպատակասլաց դարձան հատկապես Ակտիումի ճակատամարտից հետո։ Հայ-պարթևական զորքերի գլուխ անցած նա մտավ Մեծ Հայք և, մի քանի վճռական ճակատամարտերում պարտության մատնելով հռոմեական լեգեոններին, նրանց դուրս շպրտեց երկրից։

  2. #182
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մ.թ.ա. 30 թ. Արտաշեսը հանդիսավորությամբ հռչակվեց հայոց թագավոր։ Արտաշես Բ-ն (մ.թ.ա. 30 - մ.թ.ա. 20) ուժեղ անհատականություն էր, վճռական և անհաշտ թշնամու նկատմամբ։ Նա Հռոմից պահանջեց հետ վերադարձնել իր կրտսեր եղբայրներին՝ Տիգրանին և Արտավազդին, սակայն մերժում ստացավ։ Ի պատասխան հոր՝ Արտավազդ Բ-ի մահապատժի, նա կարգադրեց սրի քաշել Մեծ Հայքում գտնվող հռոմեացիներին։ Այնուհետև արշավեց Հռոմի դաշնակից Ատրպատականի թագավորության դեմ, գրավեց այն և միացրեց իր թագավորությանը։ Մեծ Հայքի թագավորությունը նրա օրոք նշանակալից չափով ուժեղացավ։ Ուստի պատահական չէ որ նրա հատած դրամները կրում էին «արքայից արքա» մակագրությունը։ Երիտասարդ և եռանդուն թագավորը լի էր վճռականությամբ՝ վերականգնելու Հայոց թագավորության երբեմնի հզորությունը։ Արտաշես Բ-ի շեշտված հակահռոմեական դիրքորոշումը և հատկապես դաշինքը Պարթևաստանի հետ մեծապես հարվածում էին Հռոմի արևելյան քաղաքականությանը՝ խոչընդոտելով նրա զավթողական ծրագրերին։ Ուստի Օգոստոս կայսրը, որ ուշի-ուշով հետևում էր Մեծ Հայքում տեղի ունեցող իրադարձություններին, վճռում է տապալել անցանկալի Արտաշես Բ-ին և փոխարենը գահ բարձրացնել նրա կրտսեր եղբորը՝ արքայազն Տիգրանին։ Վերջինս տասը տարուց ի վեր գտնվելով Հռոմում, ստացել էր հռոմեական դաստիարակություն։ Մ.թ.ա. 20 թ. հռոմեացիները կազմակերպեցին Հայոց թագավորի սպանությունը։ Արտաշիսյան Մեծ Հայքը զրկվեց իր վերջին հզոր տիրակալից, որը շատ բան արեց վերականգնելու համար Հայոց թագավորության երբեմնի հզորությունը։

  3. #183
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտաշես Բ-ի սպանությունից անմիջապես հետո Օկտավիանոս Օգոստոսի կարգադրությամբ թագաժառանգ, ապագա կայսր Տիբերիոսը Արտաշատում հանդիսավորությամբ գահ բարձրացրեց Տիգրան Գ-ին (մ.թ.ա. 20- մ.թ.ա. 8 թթ.)։ Այս իրադարձությունը Հռոմում դիտվել է որպես կարևոր հաղթանակ և նշվել շուքով։ Հատվել են ոսկե և արծաթե դրամներ՝ «Մեծ Հայքը նվաճված» մակագրությամբ, իսկ նշանավոր բանաստեղծներ Օվիդիոսն ու Հորացիոսն անգամ ձոնել են դրան հատուկ ներբողներ։

    Հակառակ հռոմեացիների ակնկալիքների, Տիգրան Գ-ն չդարձավ Հռոմի հլու կամակատարը։ Կյանքի վերջին տարիներին նա հրաժարվեց հռոմեական կողմնորոշումից և վարեց միանգամայն անկախ քաղաքականություն։ Նրա քաղաքականությունը շարունակեց նաև նրա հաջորդն ու որդին՝ Տիգրան Դ-ն (մ.թ.ա. 8 - մ.թ.ա. 5, մ.թ.ա. 2 - մ.թ. 1)։ Դեպքերի նման զարգացումից անհանգստացած Օգոստոսը մեծ բանակով Մեծ Հայք է ուղարկում իր որդեգիր Գայոս Կեսարին, որը գահընկեց է անում Տիգրան Դ-ին և թագավոր հռչակում նրա հորեղբայր Արտավազդ Գ-ին (մ.թ.ա. 5 - մ.թ.ա. 2)։ 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից խորթացած այս թագավորը Մեծ Հայքը կառավարում է հռոմեական օրենքներով և անզուսպ թալանում պետական գանձարանը։ Չհանդուրժելով այս իրավիճակը՝ հայերն ապստամբում են նրա դեմ և սպանում։ Վերստին գահ է բարձրանում Տիգրան Դ-ն, այս անգամ քրոջ՝ Էրատոյի հետ միասին (մ.թ.ա. 2 - մ.թ. 1)։ Հայոց թագավորը բանակցություններ վարեց Օգոստոսի հետ, որպեսզի վերջինս ճանաչի իր թագավորությունը։ Այդ ուղղությամբ ձեռք բերվեց որոշակի պայմանավորվածություն։ Բայց 1 թ. կովկասյան լեռնականների դեմ մղված պատերազմներից մեկի ժամանակ Տիգրան Դ-ն սպանվեց, իսկ Էրատոն էլ հրաժարվեց գահից։

  4. #184
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտաշեսյան արքայատոհմի արական ներկայացուցիչների սպառումով՝ հռոմեացիները հնարավորություն ստացան հայկական գահին դնելու իրենց բրածոներին։ Մ.թ. 1 թ. մինչև 52 թ. հռոմեացիների օգնությամբ գահ բարձրացան Ատրպատականի և Վիրքի արքայատոհմի ներկայացուցիչները։ Սակայն մյուս կողմից իր դրածոներին էր նշանակում նաև հարևան Պարթևաստանը: Հայ ժողովուրդը համառ պայքար էր մղում օտարազգի դրածո թագավորների դեմ, իսկ հայոց ավագանին ձգտում էր հիմք դնել հայկական նոր արքայատոհմի։ Այդ պայմաններում բոլորովին պատահական չէր, որ օտարազգի դրածո թագավորները, բացի Զենոնից (18-34), դարձան հայ ավագանու վրիժառության զոհը։ Բավական երկար և խաղաղ իշխեց միայն Զենոնը։ Զենոնը Պոնտոսի արքայական տան ներկայացուցիչ էր, սակայն մեծացել էր Մեծ Հայքում, ծանոթ էր հայկական սովորույթներին և վայելում էր ժողովրդի համակրանքը։ Նա նաև ընդունեց Արտաշես տոհմական անունը և սկսեց կոչվել Զենոն-Արտաշես։ Զենոն-Արտաշեսից հետո հայոց սպարապետ Գիսակ Դիմաքսյանի հակահռոմեական ապստամբության շնորհիվ Հայոց թագավորությունը կարճ ժամանակով (37-43 թթ.) կարողացավ վերականգնել իր լիակատար անկախությունը։ Սակայն դրանից հետո էլ հռոմեացիների օգնությամբ հայոց գահին էին բազմում Վիրքի արքայազները։ Հռոմեական նշանավոր բանաստեղծ Վերգիլիոսի հետևյալ դիպուկ այլաբանության մեջ՝ «կամուրջներ չհանդուրժող Արաքս»-ում ակնարկվում է հայ ժողովրդի համառ պայքարը նվաճողների դեմ։ Քաղաքական անիշխանության հետևանքով մ.թ. 37 թ-ին Մեծ Հայքից անջատվեցին հարավում՝ Հայկական Միջագետքը (27.000 քառ. կմ) Մծբին քաղաքով, որն անցավ Պարթևաստանին և Գոդերձական երկիրը (4100 քառ. կմ)՝ հյուսիսում, որն էլ անցավ Վիրքին։ Հայոց ավագանին սկսեց հայացքն ուղղել դեպի Պարթևաստան, որն էլ իր հերթին փորձում էր հայոց գահին հաստատել Պարթև Արշակունիներին[5]։

  5. #185
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արշակունիներ

    Հռոմեապարսկական 54-64 թթ. պատերազմ
    Հիմնական հոդվածներ՝ Տիգրան Զ, Կորբուլոն, Ներոն, և Տրդատ Ա

    1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (51-80 թթ.) ծրագրել էր Մեծ Հայքում թագավոր հռչակել իր եղբորը՝ Տրդատին, ինչը համընկնում էր հռոմեական ծավալապաշտ քաղաքականությանը դիմակայող հայ ավագանու նկրտումներին։ 52 թ-ին Վաղարշն ու Տրդատը պարթևական զորքով մտնելով Մեծ Հայք, օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով շուտով փախնում է Վիրք՝ հոր մոտ։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր, սակայն Հռոմեական կայսրությունը չհապաղեց ճանաչել նրան որպես թագավոր և սկսեց պատերազմական գործողություններ Պարթևաստանի և Տրդատի դեմ, որ որոշ ընդհատումներով տևեց 10 տարի՝ 54-64 թթ.: Հռոմեական Ներոն կայսրը Արևելք է ուղարկում Կորբուլոն զորավարին։ Այդ նույն ժամանակ Միջին Ասիայի ցեղերի հարձակումների պատճառով Վաղարշը ստիպված զորքի մեծ մասը դուրս է բերում Մեծ Հայքից և ուղղում Միջին Ասիա։ Այդ պատճառով, երբ հռոմեացիները 58 թ. ներխուժեցին Մեծ Հայք, նրանց լուրջ դիմադրություն ցույց չտրվեց և նրանք անարգել հասան Արտաշատ, գրավեցին և ավերեցին այն։ Տրդատն իր փոքրաթիվ ուժերով հեռանում է Ատրպատական, որի թագավորը նրա եղբայրն էր՝ Բակուրը։ 59 թ-ին Կորբուլոնի զորքերը շարժվում են դեպի Տիգրանակերտ: Ուժերն անհավասար էին, և հռոմեացիները գրավում են Տիգրանակերտը: Ներոնը 60 թ. հայոց գահին է բազմեցնում Կապադովկիայի թագավորական ընտանիքից Տիգրան Զ-ին, որի գահակալությունը մեծ դժգոհություն է առաջացնում երկրում։ Շուտով, համոզված լինելով, որ պատերազմը հաղթած է, Կորբուլոնը թողնելով Մեծ Հայքում 5.000-անոց զորք հեռանում է Սիրիա: Սակայն շուտով Վաղարշն ու Տրդատը դարձյալ մեծ զորքով մտնում են Մեծ Հայք և ժողովրդի օգնությամբ գահընկեց են անում Տիգրանին, ով շուտով փախնում է երկրից։

  6. #186
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    61 թ-ին Կորբուլոնն անկարող լինելով կոտրել հայ-պարթևական միացյալ բանակի դիմադրությունը խնդրում է կայսրին փոխարինել իրեն։ Մինչ այդ Կորբուլոնը Մծբին քաղաքում զինադադար է կնքում և Տրդատին ճանաչում Հայոց թագավոր։ Սակայն կայսրը հրաժարվում է հաշտություն կնքել և Կորբուլոնին փոխարինում է Պետոս զորավարով։ 61 թ-ի աշնանը հռոմեացիները դարձյալ ներխուժում են Մեծ Հայք և շարժվում դեպի Տիգրանակերտ: Սակայն հայերի համառ դիմադրությունը ստիպում է Պետոսին կանգ առնել Հռանդեա կոչվող վայրում՝ Արածանի գետի հովտում։ Շուտով Պետոսի ճամբարը հայտնվում է հայ-պարթևական բանակի շրջափակման մեջ։ 62 թ-ի գարնանը տեղի է ունենում ճակատամարտ, որ հայտնի է որպես Հռանդեայի ճակատամարտ, որտեղ հռոմեացիները ջախջախիչ պարտություն են կրում և Պետոսը հաշտություն է խնդրում։ Հաղթողները ծաղրուծանակի ենթարկելով հռոմեացիներին ստիպում են նրանց ծնկաչոք անցնել նիզակներով պատրաստված «լծի» տակով, որ մեծագույն խայտառակություն էր։ Ներոն կայսրը, Հռոմի հեղինակությունը փրկելու համար թագ է առաջարկում Տրդատին, սակայն եթե նա ժամանի Հռոմ և անձամբ ստանա այն։ Տրդատը համաձայնվում է և Հռանդեայում հաշտության պայմանագիր կնքելուց հետո 3500 հոգանոց շքախմբով մեկնում է Հռոմ, որտեղ նրան ընդունում են արքայավայել։ Ներոնը բաի թագից նաև արհեստավորներ է տրամադրում հռոմեացիների կողմից ավերված Արտաշատի վերականգնման համար։ 66 թ-ին Տրդատ Ա-ն վերադառնում է Մեծ Հայք։

  7. #187
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրդատ Ա-ի գահակալման ընթացքում՝ 60-88 թթ., միջազգային ասպարեզում Մեծ Հայքի վիճակը կայունանում է։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, կառուցվում են Գառնիի հեթանոսական տաճարն ու ամրոցը։ Տրդատին հաջորդում է Սանատրուկ Բ Արշակունին՝ 88-110 թթ.: Սանատրուկն աթոռանիստ է դարձնում Մծուրք քաղաքը՝ Արածանիի ափին, Մշո դաշտում: Սակայն հետագայում այն կործանվում է երկրաշարժից։ Սանատրուկի գահակալումն անցավ համեմատաբար խաղաղ պայմաններում։ Սակայն Պարթև Արշակունիները պետք է ստանային Հռոմի համաձայնությունը Հայոց գահին Արշակունու բազմեցնելու համար։ Երբ առանց Հռոմի համաձայնության պարթևները Մեծ Հայքում արքա հռչակեցին պարթև արքայազն Պարթամասիրին, հռոմեացի Տրայանոս կայրսը դա ընդունեց որպես պայմանագրի խախտում և մեծ զորքով շարժվեց Մեծ Հայք։ Հռոմեացիները ճամբար խփեցին Եկեղյաց գավառում, որտեղ նրան ներկայացավ Պարթամասիրը: Բանակցություններից հետո տեղի ունեցավ բախում, որի ընթացքում Պարթամասիրը սպանվեց։ Տրայանոսը հռչակեց Մեծ Հայքը հռոմեական նահանգ, որ սակայն կարճ կյանք ունեցավ։ Տրայանոս կայսեր մահից հետո՝ 117 թ-ին, նրա հաջրոդ Հադրիանոս կայսրը գիտակցելով, որ չի կարող պահել իր նախորդի նվաճումները դուրս է բերում զորքերը մի շարք գրավված տարածքներից՝ այդ թվում Մեծ Հայքից։

  8. #188
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    117 թ-ին վերականգնվում է Մեծ Հայքի անկախությունը։ Թագավոր է հռչակվում Վաղարշ Ա-ն՝ 117-140 թթ.: Նա առաջին հերթին Արարատյան դաշտում, Վարգեսավան գյուղաքաղաքի վայրում հիմնադրում Վաղարշապատ քաղաքը, որ ժամանակի ընթացքում դառնում է Մեծ Հայքի երկրորդ մայրաքաղաքը։ Վաղարշի գահակալում անցնում է խաղաղ պայմաններում։ Նրա մահից հետո հռոմեացիները, խախտելով Հռանդեայի պայմանագիրը Հայոց գահին են բազմեցնում Հռոմի ծերակույտի անդամ Սոհեմոսին, ում Մովսես Խորենացին անվանում է Տիգրան։ Սակայն 161 թ-ին պարթևական զորքը հայերի աջակցությամբ դուրս է վռնդում նրան և հռոմեական լեգեոնները և թագավոր է հռչակվում Բակուր Ա Արշակունին։ 163 թ-ին հռոմեացիները դարձյալ գրավում և ավերում են Արտաշատն ու Բակուրին որպես գերի տանում Հռոմ, որտեղ էլ նա վախճանվում է։ Հռոմում պահպանված հունարեն մի արձանագրությունում հիշատակվում է Բակուրը. «Ավրելիոս Պակորոս (Բակուր)՝ Մեծ Հայքի թագավոր»: Հռոմեացիները դարձյալ գահին են բազմեցնում Սոհեմոս-Տիգրանին, ով կառավարել է 164-186 թթ.: 176 թ-ի լատիներեն մի արձանագրությունից հետևում է, որ Մեծ Հայքում տեղակայված են երկու հռոմեական ջոկատ, որոնք պատկանում են XII Ֆուլմինատա և XV Ապոլլինարիս լեգեոններին: 185 թ-ի մեկ այլ արձանագրությունից հետևում է, որ նրանք շաուրնակում են Վաղարշապատի պաշտպանական ամրությունների շինումը։ Հայերը՝ Տրդատ իշխանի գլխավորությամբ ապստամբում են, սակայն հռոմեացիները ճնշում են ապստամբությունը, իսկ Տրդատին աքսորում Բրիտանիա: Սակայն Հռոմում տիրող գահակալական կռիվների պատճառով Հռոմեական կայսրությունը թուլանում է և Հայոց գահին է բազմում Վաղարշ Բ-ն՝ 185-198 թթ., որի օրոք Մեծ Հայքն այնքան է հզորանում, որ Հայ Արշակունիների իշխանությունը դառնում է ժառանգական։ Հռոմի կայսր Սեպտիմիոս Սևերոսի հետ կնքած պայմանագրով հռոմեական լեգեոնները դուրս էին բերվում Մեծ Հայքից և հռոմեացիները պետք է գումար վճարեին Հայոց Այրուձիին, որը հյուսիսում իրականացնում էր կովկասյան լեռնանցքների պաշտպանությունը լեռնական ցեղերից, որոնց դեմ պատերազմնելիս էլ զոհվում է Վաղարշ Բ-ն։ Նրան հաջորդում է որդին՝ Խոսրով Ա-ն՝ 198-215 թթ.:

  9. #189
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3-րդ դարի սկզբներին Պարթևաստանում հակամարտություն է սկսվում պարթև Արշակունի և պարսիկ Սասանյան տոհմերի միջև։ Հայ Արշակունիները հավատարիմ էին մնացել իրենց դաշնակից պարթև Արշակունիներին Արտաշիր Սասանյանի՝ վերջիններիս դեմ մղված կռիվների ժամանակ։ Ի պաշտպանության պարթև Արշակունիների Խոսրով Ա-ն երեք հաջող արշավանք է ձեռնարկում Սասանյանների դեմ և վերադառնում հաղթանակով։ Հռոմեական կայսրությունը նախանձով էր հետևում Հայոց թագավորի հաջողություններին՝ դրանցում տեսնելով իր ախոյանին Առաջավոր Ասիայում: Կարակալա կայսրը մեծ զորքով գալով Ասորիք, խաբեությամբ գերի է վերցնում Խոսրովին և ուղարկում Հռոմ: Այս նենգ արարքը զայրույթ է առաջացնում Մեծ Հայքում, ուր թագավոր է հռչակվում Խոսրովի տղան՝ Տրդատ Բ-ն՝ 215-253 թթ.:
    Շուտով Տրդատ Բ-ն թագ է ստանում Մակրինիոս կայսրից։ Նա շաուրնակելով հոր քաղաքականությունը, Երախնավու Անձևացի զորավարի հետ մի քանի հաջող արշավանք է ձեռնարկում ընդդեմ Սասանյանների, սակայն դա չփրկեց Պարթև Արշակունիներին: Սասանյանների հակահարվածը երկար սպասեցնել չտվեց. չնայած նրանց առաջին հարձակումը Արտաշիր Սասանյանի գլխավորությամբ մատնվել էր անհաջողության, նրա որդին՝ Շապուհ Ա-ն կարողացավ հաջող արշավանքներ ձեռնարկել դեպի Մեծ Հայք։ Տրդատ Բ-ն, Հռոմեական կայսրության թուլացման և Սասանյանների հզորացման պատճառով չէր կարողանում դիմադրություն ցույց տալ վերջիններիս, 253 թ-ին հեռացավ Հռոմեական կայսրություն, և շաուրնակեց թագավորել երկրի արևմտյան հատվածում։ Արևելյան հատվածում, Շապուհ Ա-ի օգնությամբ առժամանակ գահակալեց Արտավազդ Ե-ն (253-262 թթ.)։ Նա զորքով օժանդակեց Շապուհին հռոմեացիների դեմ մղված պատերազմում որտեղ հռոմեացինեը կրեցին ծանր պարտություն իսկ կայսր Վալերիանոսն ընկավ գերի։ Ըստ հռոմեացի պատմիչ Տրեբելլիոս Պոլիոնի Արտավազդ Ե-ն նամակ է ուղարկում Շապուհին, որտեղ խնդրում է ազատել Վալերիանոսին:

  10. #190
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ խառնակ ժամանակ Մեծ Հայքի արևելյան հատվածում բազմեցին Սասանյան արքայազն Որմիզդ-Արտաշիր Սասանյանը (262-272 թթ.) և Ներսեհ Սասանյանը (272-279 թթ.)։ Նրանք ցանկանում էին պարտադրել հայերին զրադաշտականությունը։ Նրանց կառավարման օրոք կործանվեցին հայոց հեթանոսական պատամունքային մի արք սրբություններ։ Որմիզդ-Արտաշիրը հրամայեց հայոց թագավորների արձանները քանդել, իսկ Արտաշես Ա-ի սահմանաքարերի գրությունները փոխել և իր անունով անվանել «Արտաշիրական»: Սակայն շուտով հռոմեական բանակի օժանդակությամբ Մեծ Հայք է ժամանում Տրդատ Բ-ի ավագ որդին՝ Խոսրով Բ-ն (253-279 թթ. արևմտյան հատվածում, 279-287 թթ. Մեծ Հայքում)։ Նա վերջ է դնում խառնշփոթին և հռչակվում հայոց արքա։
    Խոսրով Բ-ն շուրջ տասը տարի դիմադրում էր Սասանյաններին և նույնիսկ մի քանի հաջող արշավանք ձեռնարկեց նրանց դեմ։ Չկարողանալով հաղթել նրան, պարսիկներն ուղարկում են Անակ Պարթև իշխանին, ով պետք է սպաներ Խոսրովին։ Խոսրովն ընդունում է նրան որպես բարեկամի։ Սակայն որսի ընթացքում Անակը դավադրաբար սպանում է Խոսրովին։ Պահակախումբը հետապնդում է Անակին և Երասխ գետի Տափերական կամրջի մոտ ոչնչացնում նրա ողջ ընտանիքը, բացի նրա որդուց, ում դայակները փախցնում են Կապադովկիա՝ Մաժաք-Կեսարիա քաղաքը։

  11. #191
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    287 թ., երբ Տրդատը հռոմեական զորքերի ուղեկցությամբ Մեծ Հայք է գալիս հոր գահը վերադարձնելու՝ նրան է միանում նաև երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո, սակայն, Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը, ով Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել, հրաժարվում է կուռքին զոհ մատուցել, ինչի համար արքան հրամայում է ենթարկել նրան 12 տեսակի տանջանքի։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապը), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Գրիգորին բանտարկելուց հետո Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։ Դեպքերից մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ.

  12. #192
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    301 թ-ին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն։

    Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի և հատկապես նրանցից ամենագեղեցիկի՝ Հռիփսիմեի սպանությունն էր։ Վերջինս քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Շուտով Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտ, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, որին վիրապից հանելով բերում են Վաղարշապատ: Արքունիքը մեծ պատվով է դիմավորում Գրիգորին: Վերջինս նախ հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում (Առաջավորաց պահք) և աղոթքով ապաքինում արքային։ Այնուհետև Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը և քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կառուցման վայրը։ Ապա Գրիգորը Տրդատի գործակցությամբ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Հետագայում Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ Տրդատ Գ Մեծի հրովարտակով 301 թ-ին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն։ Տրդատ Մեծի իշխանության վերջին տարիների վերաբերյալ պահպանվել են կցկտուր տեղեկություններ։ Հաստատված է, որ 311 թ-ին նա ջախջախում է Մաքսիմիանոս Դայա կայսեր Մեծ Հայք ներխուժած բանակները, որոնք փորձում էին ետ բերել Մեծ Հայքում հեթանոսությունը: 313 թ-ին Հռոմեական կայսրությունում թույլատրվեց քարոզել քրիստոնեություն: Այդ իրադարձությունից հետո Մեծ Հայքի և Հռոմեական կայսրության միջև հաստատվեցին բարիդրացիական հարաբերություններ։

  13. #193
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    321 թ-ին Տրդատ Մեծը և Գրիգոր Լուսավորիչը մեկնեցին Հռոմ և դաշինք կնքեցին կայսրության հետ։ Ըստ այդ պայմանագրի Հռոմն անհրաժեշտության դեպքում օգնելու էր Մեծ Հայքին։ Տրդատ Գ Մեծի օրոք թագավորական իշխանությունն ամրապնդվեց։ Քրիստոնեության ընդունումով թագավորական իշխանությունը համարվում էր Աստծուց տրված և ոչ թե կայսրից ստացված։ Տրդատ Գ Մեծը կարողացավ իր գերիշխանությունը հաստատել նաև հարևան Վիրքում և Աղվանքում: Շուտով Գրիգոր Լուսավորչի թոռը՝ Գրիգորիսը ձեռնադրվեց Հայոց Արևելից կողմերի և Վրաց ու Աղվանից կողմերի եպիսկոպոս։ Գրիգորիսի քարոզչության շնորհիվ Մեծ Հայքի ազդեցությունը տարածվեց մինչև Մեծ Կովկասյան լեռները։ Տրդատ Գ Մեծը մահացավ 330 թ.: Նրանից մի քանի տարի առաջ Մանեա այրք կոչվող վայրում մահացել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչը[7]։

  14. #194
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տրդատ Գ Մեծի մահից հետո գահ բարձրացավ որդին՝ Խոսրով Գ Կոտակը (330-338 թթ.), որն իր կարճահասակության պատճառով կոչվել է «Կոտակ»: Տրդատ Գ Մեծի մահից հետո երկրում ստեղծվել էր խառնակ իրադրություն։ Գահին էր ձգտում Հայոց հյուսիս–արևելյան կուսակալ Սանատրուկ Արշակունին։ Պարսից Շապուհ II արքայի զինակցությամբ ապստամբել էր Հայոց հարավային կուսակալը՝ Աղձնիքի անջատամետ բդեշխ Բակուրը։ Այդ պայմաններում Հայոց կաթողիկոս Վրթանես Ա Պարթևի գլխավորած հակապարսկական խմբակցությունը Խոսրովին գահ բարձրացրեց Կոստանդինոս կայսեր ուժերով։ Խոսրովը ճնշեց Բակուր բդեշխի խռովությունը, վերամիավորեց Աղձնիքն ու Հայոց Միջագետքը; բնաջնջեց վիճելի կալվածների համար միմյանց դեմ կռվող նախարարներին՝ Որդունիներին ու Մանավազյաններին, բռնագրավեց նրանց կալվածները։ Պարսկաստանին տարեկան որոշ հարկ վճարելու պայմանով Խոսրովը հաշտվեց նաև Շապուհ II-ի հետ։ Մեծ Հայքից Հռոմեական կայսրության ուժերի հեռանալուց հետո Շապուհի սադրանքով Սանատրուկ–Սանեսանը կովկասյան բազմաթիվ ցեղերի ուժերով մտավ Այրարատ, գրավեց Վաղարշապատը և շուրջ մեկ տարի տիրեց ամբողջ երկիրը։ Սանատրուկի զորքերը բանակեցին Արագածոտնի Ցլու գլուխ կոչված լեռան վրա, իսկ ինքը հեծելագնդով նստեց Վաղարշապատում։ Խոսրով Կոտակը կաթողիկոսի հետ փակվել էր Կոգովիտ գավառի Դարույնք ամուր բերդում։

  15. #195
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2020
    Հասցե
    Անտառ
    Գրառումներ
    688
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վաչե Մամիկոնյանը գումարեց Խոսրովին հավատարիմ նախարարների զորքերը, հանկարծակի գրոհով ոչնչացիեց Ցլու գլխի բանակը, ապա անսպասելի հարձակումով գրավեց Վաղարշապատը և Օշականի առապարում տեղի ունեցած ճակատամարտում հաղթեց ու գլխատեց Հայոց գահի հավակնորդ Սանատրուկին։ Խոսրովը Օշականը պարգևեց այդ ճակատամարտում վճռական դեր խաղացած Վահան Ամատունուն: Նա կալվածներով ու մեծամեծ այլ պարգևներով վարձատրեց նաև սպարապետին և մյուս հավատարիմ նախարարներին։ Հազարապետության գործակալությունը հանձնեց Արշավիր Կամսարականին, վախճանված Մանաճիհրին փոխարինեց որդին՝ Զորա Ռշտունին, Գուգարաց Միհրան բդեշխին՝ Խորխոռունյաց նահապետ Գարջույլ մաղխազը։ Երկիրն առժամանակ խաղաղվեց, և Խոսրովը զբաղվեց շինարարական գործերով։ Հիմնեց Դվին քաղաքը և այնտեղ տեղափոխեց արքունիքը։ Տնկեց Տաճար մայրի և Խոսրովակերտ արգելանոց–անտառները, որոնք եղել են արքայի ու ազնվական դասի, ինչպես որսազվարճության, այնպես էլ ռազմական ուսուցման վայրեր։

Էջ 13 33-ից ԱռաջինԱռաջին ... 39101112131415161723 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •