Ընդհանուր առմամբ, անկախ նրանից, թե ինչ ֆոտոխցիկ եք դուք օգտագործում՝ պրոֆեսիոնալ, սիրողական, թե սմարտֆոն, ժապավենով թե թվային, հայելային թե անհայելի, մի բան մնում է անփոփոխ։

Կադրը ստեղծվում է, երբ լույսն անցնում է լինզայի միջով ու հասնում լուսազգայուն մակերևույթին (մատրիցա կամ ժապավեն)։

Exposure֊ը այն պահն է, երբ այդ լույսը հասնում է ձեր ֆոտոխցիկի լուսազգայուն մակերևույթին։

Exposure ասելով մենք հաճախ նաև նկատի ունենք, թե ինչքան լույս է հասնում լուսազգայուն մակերևույթին։

Exposure-ը կախված է երեք հիմնական գործոններից։

Exposure time (shutter speed). կադրի տևողությունը։ Թե որքան ժամանակ է լուսազգայուն մակերևույթը ենթարկվում լույսի ազդեցությանը։ Պատմականորեն բազմաթիվ ֆոտոխցիկներ ունեն shutter՝ անթափանց մակերևույթ, որը փակում է լուսազգայուն մակերևույթը, ու նկարելու կոճակը սեղմելուց բացում այն կոնկրետ ժամանակով։ Ժամանակակից ֆոտոխցիկների մի մասը ֆիզիկականի փոխարեն «թվային» shutter ունի։ Exposure time-ը սովորաբար հաշվվում է վայրկյանի մասերով, օրինակ՝ 1/60։ Հետագայում ես ավելի ծավալուն կանդրադառնամ կադրի տևողությանը, բայց այս գրառման կոնտեքստում հիշեք, որ ինչքան երկար է կադրի տևողությունը, այնքան ավելի շատ լույս է մտնում ֆոտոխցիկի մեջ ու ավելի լուսավոր կադր է ստացվում։ Փոխարենը շարժումներն առաջացնում են այսպես կոչված motion blur՝ լղոզված պատկեր։ Սա վերաբերում է նաև ֆոտոխցիկի շարժումներին ձեր ձեռքում։ Որոշակի չափից բարձր տևողությամբ կադրերը մաքուր ստանալու համար պետք է ֆոտոխցիկը ֆիքսել շտատիվի վրա։ Motion blur-ը կարելի է օգտագործել որպես արտիստիկ գործիք՝ կադրի միջոցով շարժման զգացողություն փոխանցելու համար։

Մակերևույթի լուսազգայունությունը։ ISO-ն հին տերմին է, որը եկել է կոնկրետ լուսազգայունություն ունեցող ֆոտոժապավենների մակնշումից։ Թվային ֆոտոխցիկների դեպքում, օրինակ, ISO100 կարգավորումը նշանակում է, որ ձեր ֆոտոխցիկի սենսորի զգայունությունը համարժեք է ISO100 ֆոտոժապավենի լուսազգայունությանը։ Իրականում ձեր թվային ֆոտոխցիկի սենսորն ունի մեկ՝ բազային լուսազգայունություն, սովորաբար՝ ISO100։ Մնացած զգայունությունները ստացվում են, երբ ֆոտոխցիկն ուժեղացնում է ֆոտոսենսորից եկած ազդանշանը։ Դրա համար էլ որքան բարձրացնում եք ISO-ն, այնքան ուժեղանում են կադրում առկա արտեֆակտներն ու աղմուկը, մինչև կադրը դառնա անօգտագործելի։ Սրա մասին նույնպես կխոսեմ առանձին ու ավելի ծավալուն։

Aperture. գրեթե ցանկացած լինզայի ներսում կա փոփոխական չափով անցք, որը նույնպես կարգավորում է լուսազգայուն մակերևույթին հասնող լույսի քանակը։ Այն անվանում են լինզայի դիաֆրագմա։ Դիաֆրագման չափվում է f-number-ներով՝ f/2, /3.5 և այլն։ Այդ թիվը հավասար է ձեր լինզայի ֆոկուսային հեռավորությանը՝ բաժանած դիաֆրագմայի անցքի տրամագծի վրա։ Դիաֆրագման ազդում է կադրի պարզության ու ֆոկուսի վրա. լայն դիաֆրագմայով կադրերը ավելի «նեղ» տարածք են վերցնում ֆոկուսի մեջ (ֆոկուսից դուրս տարածքն անվանում են «բոկե»)։ Բացի դրանից, լայն դիաֆրագմայով կադրերում ֆոկուսը սովորաբար ավելի «փափուկ» է։ Լինզաների մեծ մասն ամենապարզ կադրերը տալիս է f/5.6֊ից f/8 միջակայքում։ Չափազանց նեղ դիաֆրագմայի (բարձր f-number-ով) դեպքում ֆոկուսը նորից սկսում է «փափուկ» դառնալ օպտիկական մի երևույթի հաշվին, որն անվանում են դիֆրակցիա։ Բոկեն ու «նեղ ֆոկուսը» նույնպես օգտագործվում են որպես արտիստիկ գործիք, որպեսզի ձեր նկարի սուբյեկտն առանձնացնեն հետին պլանից։ Բոկեի մասին նույնպես ես կգրեմ առանձին ու ավելի ծավալուն։

Այս երեք հասկացություններն են, որ որոշում են, թե ինչ exposure եք դուք ստանում։ Թե ինչպիսին կլինի ձեր կադրը՝ կախված է սրանից ու ևս մեկ գործոնից. ժապավենային ֆոտոխցիկների դեպքում դա ժապավենի տեսակն է՝ ամեն ժապավեն իր ունիկալ արձագանքն ունի լույսին, իսկ թվայինների դեպքում դա ձեր ֆոտոխցիկի թվային «միջուկն» է, որի միջով անցնում է սենսորից ստացված ինֆորմացիան ու դառնում ձեր արած կադրը։

Կոմպակտ, սիրողական ֆոտոխցիկները ձեզ հաճախ թույլ չեն տալիս ձեռքով կարգավորել exposure-ը՝ տալով այս երեք գործոնների ստանդարտ համադրություններ (scenes), որոնք ընդհանուր առմամբ օպտիմիզացված են կոնկրետ իրավիճակների համար (արևոտ օր, ամպամած օր, մակրո, սպորտ, գիշեր, հրավառություններ և այլն): Իրենք ձեր փոխարեն կարգավորում են այս երեք գործոններն (ու սպիտակի բալանսը՝ էդ էլ հետո կբացատրեմ):

Բայց եթե դուք հասկանում եք, թե ինչպես է աշխատում exposure-ը, ընդհանուր առմամբ, ձեզ ստանդարտ scene-եր պետք չեն:

Հին սիրողական ֆոտոխցիկներն օգտագործում էին Sunny 16-ի սկզբունքը՝ ընդհանուր առմամբ արևոտ օրը դրսում f/16 դիաֆրագմայով, 1/100 տևողությամբ ու 100ISO ժապավենով ճիշտ exposure-ով կադրեր են ստացվում (կամ, համենայն դեպս, բավականաչափ ճիշտ՝ սիրողական լուսանկարչության համար): Ներսում կամ ստվերում նկարելու համար ընդամենը վերցնում եք «ներսի» (ավելի բարձր ISO-ով) ժապավեն: Սիրողական ֆոտոապարատների flash-ը նույնպես օպտիմիզացված է այս սխեմայով: Կարճ ասած, ով չի ցանկանում շատ խորանալ լուսանկարչության տեխնիկական կողմերի մեջ, կարող է ընդամենը գնել ֆոտոապարատ, որի վրա ոչինչ պետք չի կարգավորել, ֆոկուս պետք չի բռնել (ամեն ինչ ֆիքսված է), ու գնի միայն «դրսի» (ISO100) ու «ներսի» (ISO400) ժապավեն, ու ավտոմատ flash, որը կարող եք միացնել, երբ լուսավորությունն օպտիմալ չի:

Ակնկալում եմ, որ սա կարդալուց հետո դուք գոնե պարզ մակարդակի վրա պատկերացնում եք, թե ինչպես են աշխատում ֆոտոխցիկներն ու ինչ է exposure-ը։