Ընդհանուր առմամբ, լուսանկարչությամբ հետաքրքրվող մարդկանց ֆոտոխցիկի ընկալումն այսօր հաճախ չի տարբերվում, ասենք, 19-րդ դարում մարդկանց ընկալումից՝ տենց «սև արկղ» է, որը նկարներ է անում:
Իրականում դուք կարող եք տնական պայմաններում սեփական ֆոտոխցիկ սարքել: Միակ խնդիրն օպտիկան կլինի, որի ֆունկցիան իրականում թղթի մեջ արած ծակն էլ կարող է կատարել (pinhole): Լավ չի կատարի, բայց կկատարի ցանկացած դեպքում: Դուք կարող եք տնական պայմաններում սեփական ֆոտոթիթեղներ սարքել: Ոչ մի հանելուկային բան չկա: Չե՞ք հավատում: Էստեղ մարդը մեծ ֆորմատի ֆոտոխցիկ է սարքում, ինչպես իրենց սարքում էին միշտ.
Ֆոտոխցիկն իրականում բավականին պարզ բան է. camera obscura, մութ խցիկ: Որի մի կողմում լուսազգայուն մակերևույթ է (ֆոտոթիթեղ, ֆոտոժապավեն, մատրիցա), մյուս կողմում՝ ապերտուրա (բացվածք), ու օբյեկտիվ: Ապերտուրան փակված է փեղկով: Օբյեկտիվը կադրը կենտրոնացնում է լուսազգայուն մակերևույթի վրա: Փեղկը բացվում-փակվում է, տեղի է ունենում exposure: Լուսազգայուն մակերևույթի վրա, անալոգային լուսանկարչության դեպքում, ֆոտոքիմիական պրոցեսներ են գնում, որոնց արդյունքում արծաթի հալիդները քայքայվում, դառնում են մետաղական արծաթ ու հալոգեններ: Հաջորդ քայլով ընդամենը երևակիչ է օգտագործվում՝ քիմիական նյութ, որը կարագացնի այդ քայքայման պրոցեսը, հակառակ դեպքում պատկերը շատ աղոտ կլիներ, ու ամրացուցիչ՝ նյութ, որով բոլոր ավելորդ նյութերն ու ռեակցիա չտված հալիդները մաքրում են կադրից: Ու պատրաստ է:
Օքեյ, իսկ ինչպես անենք, որ տեսնենք՝ ինչ ենք նկարում: Հին, մեծ ֆորմատի ֆոտոխցիկների հետևի պատի վրա իրականում խարտած ապակի կա, որի վրա կենտրոնացած պատկերը մյուս կողմից տեսանելի է լինում: Լուսանկարիչը կադրը բռնում է ապակու վրա, հետո պատուհանի նման փեղկը հետ քաշում, տեղը դնում ֆոտոթիթեղի կրիչը, ու նոր կադր անում: Խարտած ապակու վրայի պատկերն այնքան էլ պայծառ չի, դրա համար լուսանկարիչները մեծ ֆորմատի վրա ֆոտոխցիկի հետևը ծածկում են սև շորով, որ մթության մեջ պատկերը լավ երևա: Ահա թե ինչ տեսք ունի այդ «ֆոկուսային էկրանը».
Այն նաև շրջված է: Ու վերջ: Մենք ունենք ֆոտոխցիկ: Այն թույլ է տալիս տեսնել կադրը, նկարել կադրը: Մնում է՝ մտածել, թե ինչպես այն դարձնել ավելի լավը, ավելի հարմար:
Էջանիշներ