Օքեյ, դուք վերջապես հասկացել եք, որ ձեր հեռախոսը ձեզ բավարար չի, ու որոշել եք լուսանկարչական ապարատ գնել: Ու մեկ էլ՝ խառնաշփոթ, լիքը ֆիրմաներ, ամեն մեկն իր ֆանատներով, ու ֆանատները ձեզ համոզում են, որ մենակ էդ ֆիրման իմաստ ունի առնել, մի հատ էլ ամեն տարի նոր մոդելներ են դուրս գալիս:
Եկեք էս քաոսից գլուխ հանենք:
Նախ՝ մի քանի հաճախ տրվող հարցեր:
1. Ո՞ր ֆիրման է ամենալավը:
Բոլորն էլ լավն են, ամեն մեկն ունի իր առավելություններն ու թերությունները, որոնք պետք է հաշվի առնել: Ինչպես եք պատկերացնում, որ վատ ֆիրման կարողանար գոյատևել լուսանկարչական ապարատների խիստ մրցակցային շուկայում:
2. Ի՞նչ ֆոտոապարատ է ինձ պետք:
Իսկ ի՞նչ եք պատրաստվում էդ ֆոտոապարատի հետ անել: Ներքևում մանրամասն կնկարագրեմ, թե ինչպես հասկանալ տարբեր ֆոտոապարատների բնութագիրները:
3. Ես տանը հին Զենիտ ունեմ:
Շնորհավորում եմ, լինզան կարող եք պահել, բայց բուն ապարատը նկարելու համար պիտանի չի, եթե ուշ մոդել չի՝ 122, օրինակ: Zenit-E ֆոտոապարատը, օրինակ, մոտ 80 տոկոս տառապանք է, մոտ 20 տոկոս՝ ֆոտոապարատ:
4. Իմ ծանոթ լուսանկարիչն ինձ ասել է, որ նորմալ ֆոտո անելու համար 1000-2000 դոլար է պետք ծախսել:
Նորմալ ֆոտո անելու համար նորմալ լուսանկարիչ է պետք: Մնացածն ընդամենը գործիքներ են, որոնք օգնում են լուսանկարչին՝ ստանալ իր ուզած կադրը: Իհարկե՝ 1000-2000 դոլարանոց ֆոտոապարտը լիքը լրացուցիչ հնարավորություններ է տալիս, բայց եկեք հասկանանք՝ գործիքն ընտրում են ըստ անհրաժեշտության: 1000-2000 դոլարանոց ֆոտոապարատը ձեզ լավ լուսանկարիչ չի դարձնելու, պարզապես կոնկրետ դեպքերում հեշտացնելու է ձեր կյանքը (երբեմն՝ նաև դժվարացնելու, որովհետև պրոֆեսիոնալ ֆոտոտեխնիկան հաճախ նաև մեծ ու ծանր է): Մյուս կողմից, լուսանկարիչների զգալի մասը պրետենցիոզ իդիոտներ են: Ձեր ծանոթ լուսանկարիչների մեծ մասը National Geographic-ում չի հրապարակվում: Կոնկրետացրեք ձեր ակնկալիքները ձեր առաջին ֆոտոապարատից:
Էջանիշներ