Հարդ-ի խոսքերից
Առաջ, երբ տիեզերագնացությունը նոր էր ծնվում, մարդիկ մտածում էին, թե 2020 թվականին մենք արդեն շատ երկնային մարմիններ գաղութացրած կլինենք, բայց ունենք էն՝ ինչ ունենք: Անգամ Մարսի վրա դեռ մարդու ոտք չի եղել, ինչը կարծում եմ մեծագույն ձախողում ա զարգացման համար: Հիմիկվա կյանքին որ նայում ես, տպավորություն կա, թե տենդենցը փոխվել ա: Հաշվի առնելով երկնային մարմինների հեռավորությունը ու հասնելու անհնարինությունը, իմ տպավորությամբ գիտությունը գնացել ա վիրտուալացման ճանապարհով: Այսինքն, եթե չենք կարողանում ֆիզիկապես հասնել ուրիշ աշխարհներ՝ ստեղծենք դրանք մեր ուղեղներում: Ու մենք երևի ավելի մոտ ենք հրաժեշտ տալ մեր մարմնական կյանքին ու գնալ վիրտուալ աշխարհներ, քան Մարսի վրա լիարժեք բնակավայրեր ունենանք ու ջրի ճամփա սարքենք: Իմ կարծիքով մարդկությունը գնում ա թվայինացման, եթե իհարկե մեր կյանքը արդեն իսկ վիրտուալ չի, չնայած վիրտուալի մեջ վիրտուալ բացելը խնդիր չի, շատ խաղերի մեջ մենք մեր հերոսով կարող ենք համակարգչային խաղ խաղալ (GTA խաղերում օրինակ): Բայց սա արդեն լիրվ ուրիշ ու մեծ թեմա ա:
Բայց իմ համար վերջնական թվայինացման ճանապարհը էդքան էլ հեշտ չի երևում, որովհետև աշխարհում դեռ զգալի մասն ապրում ա միջնադարյան մտածողությամբ ու իրանց հիմարությամբ մի օր կարան ցանկացած լավ բանի վերջը տան: Երբ մի տեղ մարդկության համար փրկություն կգտնեն, կարող ա մի երկիր գոռա «ալլահ ակբար» ու գգմփ: Հետո, մեր դարում մենք չպետք ա կախված լինեինք նավթից ու գազից: Շատ հին ենք մենք մնացել, շատ:
Բայց եթե խոսում ենք մարդու ֆիզիկական կյանքի ապագայից, ոնց որ թե գնում ենք նրան, որ շարունակեն ապրել որոշ մասը, իսկ մնացած մասը կործանվի: Այսինքն, օրինակ եթե ԱՄՆ - ը ստեղծում ա բնակավայր Մարսի վրա, իսկ Երկրի վրա կատակլիզմներ են, ապա ԱՄՆ - ը տանելու ա իր քաղաքացիներին, ոչ թե բոլորին: Ու անգամ էդ դեպքում էդ բնակավայրում ոչ բոլոր ամերիկացիների համար տեղ կլինի, կգնան մասնագետներն ու հարուստները: Այսինքն ոնց էլ չլինի՝ մարդու տեսակը կպահպանվի, այլ հարց ա թե ովքեր կպահպանվեն: Եթե նայենք բնությանը, որտեղ ամեն ինչ ունի սկիզբ ու ավարտ ու ասենք որ մարդկությունն էլ՝ ամեն ինչ էդքան միանշանակ չի: Մարդը մնացածից տարբերվում ա բանական լինելով: Ու ի տարբերություն օրինակ ծնվող ու մեռնող աստղերի՝ մարդը շարունակական տեսակ ա ու կարա անվերջ հետաձգի իրա վերջնական ոչնչացումը: Ստեղ փիլիսոփայական հարց ա առաջ գալիս. դու ոնց ես մտածում, քո համար որն ա կարևոր, հենց դո՞ւ լավ լինես, թե՞ քո տեսակը հավերժ լինի: Դու քեզ անհատ ես համարում, թե ցիվիլիզացիայի ներկայացուցիչ, ու հպարտ ես ամբողջով:
Ամփոփելով ասածս. մենք գնում ենք ուղեղներս սերվերին միացնելու, որտեղ կկարողանանք ապրել վիրտուալ աշխարհում, որտեղ կարան նաև ֆիզիկայի մեզ հայտնի կանոնները չգործել: Օրինակ մարդը կարա չունենա հիմնական արտաքին մարմին, կամ կարա ընդհանրապես չներկայանա մարմնական տեսքով: Սրա նման ցանկացած հարցում նոր ու դեռ մեզ ոչ շատ հայտնի բաներ են սպասվում, որտեղ չգիտես ինչ վտանգների առաջ ենք կանգնում: Իսկ իրական աշխարհում պետք ա էլի որոշ մարդիկ աշխատեն, ովքեր կհսկեն ուղեղների բազաների նորմալ աշխատանքը, եղանակային արհավիրքների հետևանքով վնասների վերականգնումը և այլն:
Էջանիշներ