Օքեյ, եթե նոր գործ ես սկսել ու աշխատում ես քեզ չհոգնեցնել, որովհետև բըրնաութի փորձ ունես, ապա այստեղ մեղքի զգացումն ավելորդ է։
Նման է, որ հիմք չկա մեղքի զգացում ունենալուդ համար, քանի որ չափավորությունդ հիմնավորում ունի։
Այլ հարց է, որ քեզ թվում է, որ չափից շատ ես գլուխ պահում, այսինքն՝ թերևս կարող ես մի քիչ ավելին անել, բայց վստահ չես, կամուկաց ես։
Կամ պրոկրաստինացիայի ուրիշ պատճառներ կան, ասենք՝ աշխատանքդ ամենահետաքրքիր աշխատանքներից չի, ինչ-որ տեղ քեզ քո ափսեում չես զգում և այլն։
Հնարավոր է, որ ոչ թե մեղքի զգացում է, այլ ափսոսանք, անբավարարվածություն, անլիարժեքության զգացում, կամ դժգոհ ես սեփական ինչ-ինչ ունակություններից։
Հաճախ նաև տարիքի հետ մարդս ուժասպառ է լինում ու էլ առաջվա էներգիան ու խանդավառությունը չկա, կամ արտադրողականությունը էն չի, ինչ մարդս կուզենար, որ լիներ, ջահելների հետ մրցակցային խնդիրներ կան, և այլն։
Բոլոր դեպքերում մեղքի զգացումը ոչ մի դրական էֆեկտ չի տալիս բացի լրացուցիչ էներգիա խլելուց։
Եվ կարևոր է, որ մարդս հաշտ ու խաղաղ լինի իրավիճակի հետ ու իրատեսորեն գնահատի սեփական ուժերը, հնարավորություններն ու սպասելիքները։
Կարճ՝ լինի հավասարակշռության մեջ։
Եվ մեղքի զգացումից բացի կա դրա քույր հիվանդագին զգացումը, որը պակաս պաթոլոգիական խնդիրներ չի առաջացնում․
Ափսոսանքի զգացում
Ափսոսանքը մարդուս կյանքի ընթացքում հաճախակի հանդիպող անմեղ էմոցիաներից է ու լուրջ առողջական սպառնալիք չի ներկայացում, քանի դեռ չի վերածվել պաթոլոգիայի։
Ասենք՝ «վա՜յ, ձու մոռացա առնել», «էս զաբոռը պիտի մինչև անձրևների սկսվելը ներկեինք», «էն յուբկեն, որ հավանել էի, էսօր գնացի առնելու, պրծել էր», և այլն:
Պաթոլոգիական ափսոսանքն այն է, որը խորը նստած է մարդուս հոգում ու երբեք չի ջնջվում, որովհետև մարդը չի կարողանում հաշտվել դրա հետ, եվ այդ ափսոսանքը հաճախակի վերադառնում է մարդու հոգուց դեպի ուղեղի բուֆեռ, ու լրացնում ուղեղի բուֆեռի հիշողության մեծ մասը:
Եվ այդ ափսոսանքի առարկաներն մի փոքր ավելի լուրջ են, քան ասենք խորովածի վրա ռեհան չավելացնելու համար փոշմանելը։
Օրինակ՝ ոչ երազած մասնագիտությամբ աշխատելը՝ մարդս երազում էր դառնալ պրոֆեսիոնալ երգիչ (որովհետև աննման ձայն ու տաղանդ ունի), բայց ինչ-ինչ հանգամանքների բերումով դարձել է հայոց լեզվի ու գրականության ուսուցիչ։
Կամ ասենք՝ ոչ ուզած մարդու հետ ամուսնանալը (էս լուրջ ա), ոչ ուզած երկրում ապրելը, և այլն, մի խոսքով ցանկացած իրավիճակ, որ պացիենտի խորին համոզմամբ կարելի էր այլ կերպ զարգացնել, բայց պահը բաց է թողնվել ու արդյունքում առաջացել է կայուն ու հարատև ափ-սո-սա՜նք։
Հիմա կհարցնեք՝ ի՞նչ կապ ունի հուզական այրման հետ։ Սա էն մեղքի զգացման համար էլ էիք հարցրել, պատասխանը նույնն է։
Էջանիշներ