User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: «Վերջին Մեսիան». Պետեր Վեսել Ցապֆե

  1. #1
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Վերջին Մեսիան». Պետեր Վեսել Ցապֆե

    Նախապես ներողություն եմ խնդրում «Անկապ օրագրի» ոճով արված նախաբանի համար։ Իրականում նախաբան էլ չի, դրա համար հնարավորինս կարճ կգրեմ։

    Թարգմանության վրա սկսել եմ աշխատել Վիստի գնալուց մոտ երկու շաբաթ առաջ։ Հետո ծննդյանս օրվա առթիվ անսպասելի և հաճելի շնորհավորանքներ ստացա, երբ բնության գրկում արձակուրդս վայելում էի, իսկ դրանից հետո միտքս զբաղեցնող այլ հանգամանք հայտնվեց՝ ինքն իրենով ոչ էնքան դրական, բայց դրական ընթացք ստացած։ Որոշեցի թարգմանությունն առայժմ հետաձգել կամ ընդհանրապես թողնել։

    Էս առավոտյան Վիստին այցելելիս, մինչև իր կետին հասնելը, երեք հոգու հանդիպեցի, ովքեր իրենց հարազատի և ուրախ 6/8 երգող մեքենայի մոտ օղի էին խմում։ Երբ հասա, մի ծերունի եռանդով քլունգ էր բանեցնում ինչ-որ հաջորդի համար, մյուսը ինչ-որ նախորդի բազալտն էր հարթեցնում։ Ու երբ հեռանալու ընթացքում ականջակալներս դրեցի, որ մտքերս շեղեմ, Յանդեքս Ռադիոյով Մոցարտի «Լակրիմոսան» բերեց առաջինը։
    Քաոսի մեջ օրինաչափություններ ու համընկնումներ փնտրելը մարդկանց հատուկ ա, գիտեմ։ Նաև գիտեմ, որ Վիստի՝ էդ հազվագյուտ հրաշք մարդու համար լավ ընկեր չեմ եղել։ Ի՞նչ իմաստ ուներ իմ էսօրվա այցելությունը։ Ի՞նչ իմաստ ունի դրանից հետո 8-9 ժամում թարգմանությունն ավարտել նպատակադրվելու ու Ակումբում տեղադրելու մեջ իմաստ փնտրելը։ Կամ ցանկացած այլ բան։


    Վերջին Մեսիան
    Պետեր Վեսել Ցապֆե

    թարգմանված է էսսեի բնօրինակի անգլերեն թարգմանությունից

    I
    Վաղնջական ժամանակներում մարդը մի գիշեր արթնացավ և տեսավ ինքն իրեն։
    Նա տեսավ, որ մերկ է տիեզերքում, անտուն՝ սեփական մարմնում։ Ամեն ինչ բացվեց նրա քննող մտքի առջև, հրաշքների հրաշքը, սարսափների սարսափը արձակվեցին նրա գիտակցության մեջ։
    Ապա կինը ևս արթնացավ և ասաց, որ սպանելու ժամանակն է։ Եվ մարդը վերցրեց իր նետն ու աղեղը՝ հոգու և ձեռքի ամուսնության պտուղը, և դուրս եկավ աստղերի տակ։ Բայց երբ գազանները մոտեցան ջրափոսին, որտեղ նա սովորույթի համաձայն սպասում էր նրանց, նա զգաց արդեն ոչ թե վագրի ցատկն իր արյան մեջ, այլ մի մեծ սաղմոս՝ բոլոր կենդանի էակների միջև տառապանքի եղբայրության մասին։
    Այդ օրը նա որսով չվերադարձավ, ու երբ նրան հաջորդ նորալուսնին գտան, նա ջրափոսի մոտ նստած էր մեռած։

    II

    Ի՞նչ էր պատահել․ խզում կյանքի միասնությունում, կենսաբանական պարադոքս, հրեշավորություն, աբսուրդ, աղետալի բնույթի չափազանցում։ Կյանքը վրիպել էր թիրախից և պայթեցրել ինքն իրեն։ Դրա տեսակներից մեկը դարձել էր գերզինված․ հոգին ամենազոր է դարձնում, բայց հավասարապես սպառնում է ինքնին բարեկեցությանը։ Դրա զենքը նման էր անկոթ սրի` ամեն ինչ ճեղքող երկսայր սրի․ բայց այն կրողը պետք է սայրերից մեկն իր կողմ թեքի։
    Չնայած իր նոր աչքերին՝ մարդը դեռ արմատավորված էր նյութի մեջ, իսկ նրա հոգին կապված էր դրան ու ենթարկվում էր դրա կույր օրենքներին։ Եվ մարդը, որպես օտար, կարողացավ տեսնել նյութը, իրեն համեմատել բոլոր երևույթների հետ, գիտակցել և հասկանալ իր կենսական պրոցեսները։ Նա բնության մեջ հայտնվել է որպես անկոչ հյուր՝ ձեռքերն ապարդյուն տարածելով, որպեսզի հաշտեցում աղերսի իր արարչից․ Բնությունն այլևս չի պատասխանում, այն հրաշք է գործել մարդու հետ, բայց հետո նրան ուրանում է։ Նա կորցրել է տիեզերքում կեցության իր իրավունքը, համտեսել Գիտության Ծառից և վռնդվել Դրախտից։ Նա զորեղ է շրջապատող աշխարհում, սակայն անիծում է իր զորությունը՝ գնված ի հաշիվ հոգու հանգստության, անմեղության, կյանքի գրկում իր ներքին խաղաղության։
    Նա մնաց իր մտապատկերների հետ, տիեզերքի կողմից դավաճանված, զարմանքի և վախի մեջ։ Գազանը նույնպես լավ գիտեր վախը՝ ամպրոպի և առյուծի ճանկի։ Բայց մարդը վախեցավ կյանքից, անմիջապես գոյությունից։ Կյանքից, որը գազանի համար էր՝ ուժի խաղը զգալու, տաքության, պայքարի և սովի, այնուհետ իրերի կարգի առջև վերջին անգամ խոնարհվելու։ Գազանի մեջ տառապանքը սահմանափակված է, մարդու մեջ այն անցքեր է ճեղքում դեպի սարսափ առ աշխարհ և կյանքից հուսահատություն։ Նույնիսկ երբ երեխան գնում է կյանքի գետի հոսանքով, մահվան ջրվեժի շառաչյունը բարձրանում է հովիտն ի վեր, մոտենում, պատռում, պատառոտում նրա հրճվանքը։ Մարդը զննում է երկիրը, և այն շնչում է ինչպես հսկայական թոք․ երբ արտաշնչում է, հիասքանչ կյանքը վխտում է բոլոր խորշերից և ձգվում դեպի արևը, բայց երբ այն ներշնչում է, այդ ամենի միջով խզման հառաչ է անցնում, և գետինը կարկտահարվում է դիակներով։ Ոչ միայն իր օրը կարողացավ նա տեսնել․ գերեզմանները հառնում էին նրա հայացքի առջև, սուզված հազարամյակների ողբն էր հնչում նեխած կերպարներից, մայրերի՝ հող դարձած երազանքներից։ Ապագայի վարագույրն ինքն իրեն բացեց, որպեսզի երևան հանի հավերժ կրկնության մղձավանջը, օրգանական նյութի անիմաստ վատնումը։ Մարդկային միլիարդների տառապանքը նրա մեջ մտավ կարեկցության դարպասներով, և կատարվող ամեն ինչից քրքիջ գոյացավ արդարության պահանջը՝ նրա ամենահիմնարար սկզբունքը, ծաղրելու համար։ Նա իրեն տեսնում է մոր որովայնում ձևավորվելիս, բարձրացնում է ձեռքը, և այն հինգ ճյուղ ունի․ որտեղի՞ց է այս սատանայական թիվը և ի՞նչ կապ ունի իմ հոգու հետ։ Նա այլևս բացահայտ չէ ինքն իր համար, նա դիպչում է իր մարմնին և սարսափում․ սա դու ես, և դու տարածվում ես այսչափ ու դրանից ոչ ավելին։ Նա սնունդ է կրում իր մեջ․ երեկ դա գազանն էր, որը կարող էր սլանալ այսուայնկողմ, այժմ ես դրան ներծծել եմ և դարձրել իմ մի մասը, որտե՞ղ եմ ես սկսվում ու վերջանում։ Բոլոր իրերն ու երևույթները փոխկապված են պատճառներով և հետևանքներով, և ամենը, ինչ նա ցանկանում էր ըմբռնել, բացվում է նրա քննող մտքի առջև։ Շուտով նա մեխանիկա է տեսնում նույնիսկ այնպիսի անբիծ ու թանկարժեք երևույթում, ինչպիսին սիրելիի ժպիտն է. այլ ժպիտներ ևս կան՝ ասես պատռված կոշիկ, երևացող մատներով։ Ի վերջո, իրերի բոլոր յուրահատկությունները միայն իր սեփական յուրահատկություններն են։ Ոչինչ գոյություն չունի առանց իրեն, բոլոր գծերը հետ են պտտվում դեպի նա, աշխարհը ոչ այլ ինչ է, քան իր ձայնի ցնորական արձագանքը։ Բարձր ճչալով՝ նա ցատկում է և ուզում է իր անմաքուր սննդի հետ ինքն իրեն փսխել երկրի վրա, նա զգում է նշմարվող խելագարությունը և ցանկանում մահ գտնել, նախքան կկորցնի նույնիսկ այդ ունակությունը։
    Բայց երբ կանգնած է անխուսափելի մահվան առջև, նա ըմբռնում է դրա բնույթը ևս, ու հաջորդ քայլի տիեզերական նշանակությունը։ Նրա ստեղծարար երևակայությունը կառուցում է նոր, ահարկու հեռանկարներ մահվան վարագույրից անդին, և նա տեսնում է, որ նույնիսկ այնտեղ ապաստան չկա։ Հիմա նա կարող է նշմարել իր կենսաբանա-տիեզերական սահմանների ուրվագծերը․ նա տիեզերքի անօգնական պատանդն է՝ անթիվ-անանուն հնարավորությունների մեջ ընկնելու դատապարտված։
    Այս պահից սկսած՝ նա անդադար խուճապի դրության մեջ է։
    «Տիեզերական խուճապի» այսպիսի զգացումն առանցքային է յուրաքանչյուր մարդկային մտքի համար։ Եվ իրոք, ցեղատեսակը նախասահմանված է շուտով ոչնչանալու, երբ կյանքի արդյունավետ պահպանումն ու շարունակումը բացառվում են, մինչդեռ անհատի ամբողջ ուշադրությունն ու եռանդը ուղղված են այդ աղետալի բարձր ներքին լարվածությունը տանելուն կամ փոխանցելուն։
    Որևէ ունակության գերզարգացման պատճառով կյանքի համար ոչ պիտանի դարձած տեսակի ողբերգությունը չի սահմանափակվում մարդկանցով։ Այսպես, օրինակ, համարվում է, որ հնէաբանական ժամանակներում որոշ եղջերուներ ուժասպառ լինելով մեռնում էին, որովհետև չափից դուրս ծանր եղջյուրներ էին ձևավորում։ Մուտացիաները կույր են․ դրանք աշխատում են, առաջ նետվում առանց շրջակա միջավայրի հետ կապված որևէ շահի։
    Դեպրեսիվ վիճակներում գիտակցությունը կարող է դիտարկվել որպես այդպիսի եղջյուր․ իր ողջ շքեղությամբ հանդերձ, այն իր կրողին գետնին է գամում։

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.09.2020), Moonwalker (07.09.2020), Sambitbaba (07.09.2020), Դեղին մուկիկ (06.09.2020)

  3. #2
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    III

    Այդ դեպքում ինչո՞ւ մարդկությունը վաղուց չի վերացել խելագարության մեծ համաճարակների ընթացքում։ Ինչո՞ւ են միայն շատ փոքրաթիվ անհատներ կործանվում ապրելու լարվածությանը չդիմանալու պատճառով․ որովհետև իմացությունը նրանց ավելի՞ն է տալիս, քան նրանք կարող են տանել։
    Մշակույթի պատմությունը, ինչպես նաև ինքներս մեր և ուրիշների դիտարկումը, տալիս են հետևյալ պատասխանը․ մարդկանց մեծամասնությունը սովորում են փրկվել՝ գիտակցության բովանդակությունն արհեստականորեն սահամանափակելով։
    Եթե հսկա եղջերուն ժամանակ առ ժամանակ իր եղջյուրների ցցված ելուստները կոտրեր, դա նրան կօգներ ավելի երկար գոյատևել։ Տենդի և մշտական ցավի մեջ, իր առանցքային գաղափարի, գլխավոր առանձնահատկության դավաճանման մեջ, քանի որ արարման ձեռքով նա կոչված էր լինելու վայրի գազանների միջի եղջյուրակիրը։ Այն, ինչ նա շահելու էր շարունակականության մեջ, կկորցներ նշանակալիության, կյանքի վեհության մեջ, այլ կերպ ասած՝ շարունակություն առանց հույսի, քայլերթ դեպի ոչ թե հաստատում, այլ դրա հավերժ վերստեղծվող ավերակներ, ինքնաոչնչացնող մրցավազք արյան սուրբ կամքի դեմ։
    Նպատակի և վերացման ինքնությունը հսկա եղջերուի և մարդու համար նույնն է՝ կյանքի ողբերգական պարադոքսը։ Վերջին Cervis Giganticus-ը, իր Bejahung-ին նվիրված, կրել է իր ցեղատեսակի խորհրդանշանը մինչև վերջ։ Մարդ արարածը փրկում է իրեն և շարունակում գոյություն ունենալ։ Գիտակցության ավելցուկի վրա դա քիչ թե շատ ինքնագիտակցված ճնշում է կատարում։ Ըստ էության, այս գործընթացը հաստատուն է մեր արթուն և ակտիվ ժամերին, դա է պահանջում սոցիալական հարմարումը և այն ամենը, ինչ սովորաբար համարվում է առողջ և նորմալ ապրելակերպ։
    Հոգեբուժությունն աշխատում է այն ենթադրության հիման վրա, որ «առողջն» ու կենսականը համընկնում են անձնական տեսանկյունից բարձրագույնի հետ։ Դեպրեսիան, «կյանքից վախը», սննդից հրաժարումը և այլն, միշտ ընդունվում են որպես հիվանդագին վիճակ՝ համապատասխան բուժման ենթակա։ Սակայն նման երևույթները հաճախ նշաններ են կյանքն ավելի խորը, ավելի անմիջական զգալու, մտքի հանճարեղության դառը պտուղների կամ հակակենսաբանական միտումների արմատում գտնվող զգացման։ Սա ոչ թե հոգու հիվանդ լինելն է, այլ նրա պաշտպանության խափանումը կամ դրանից հրաժարումը, որովհետև այն ընկալվում է, ճիշտ է, որպես էգոյի բարձրագույն ներուժին դավաճանում։
    Մեր կողմից տեսանելի ամբողջ կյանքը ներսից և դրսից պարուրված է ճնշողական մեխանիզմներով՝ սոցիալական և անհատական։ Դրանց հետքերը կարելի է գտնել առօրյա կյանքի ամենահասարակ բանաձևերում։ Չնայած դրանք տարբեր և բազմազան ձևեր են ստանում, իրատեսական է առանձնացնել առնվազն չորս հիմնական տեսակ, որոնք բնականորեն հանդիպում են բոլոր հնարավոր համակցումներով՝ մեկուսացում, խարսխում, շեղում և վեհացում։
    Մեկուսացում ասելով՝ ես նկատի ունեմ անհանգստացնող և կործանարար բոլոր մտքերի ու զգացումների հեռացում գիտակցությունից (Էնգստրոմ․ «Պետք չէ մտածել, դա միայն շփոթեցնում է»)։ Կատարյալ և գրեթե վայրագ տարբերակը հանդիպում է որոշ բժիշկների մոտ, ովքեր, ինքնապաշտպանությունից ելնելով, իրենց մասնագիտությունը միայն տեխնիկակական տեսակետից են դիտարկում։ Դա կարող է նաև հասնել հասարակ խուլիգանության, ինչպես ավազակների և բժիշկ-ուսանողների մոտ, երբ կյանքի ողբերգական կողմի հանդեպ ցանկացած զգայունություն վերացվում է բռնության միջոցով (դիակների գլուխներով ֆուտբոլ խաղալ և այլն)։
    Ամենօրյա շփման մեջ մեկուսացումը դրսևորվում է փոխադարձ լռության հիմնական վարքականոնում, առաջին հերթին՝ երեխաների նկատմամբ, որպեսզի նրանք նոր սկսած կյանքի վախից ուշագնաց չլինեն, այլ պահպանեն իրենց պատրանքները, մինչև ի վիճակի կլինեն դրանցից ազատվել։ Իրենց հերթին, երեխաները մեծահասակներին չեն անհանգստացնում սեքսի, զուգարանի կամ մահվան մասին անհարկի հիշեցումներով։ Մեծահասակների մեջ կան «տակտի» կանոններ․ այս մեխանիզմը հստակ ցուցադրվում է, երբ փողոցում արտասվող մարդուն ոստիկանության օգնությամբ հեռացնում են։
    Խարսխման մեխանիզմը նույնպես ծառայում է վաղ մանկությունից սկսած․ ծնողները, տունը, փողոցը երեխայի համար ուղղորդող իրականություն են դառնում և նրան վստահության զգացում տալիս։ Փորձի այս ոլորտը առաջին և, հնարավոր է, ամենաերջանիկ պաշտպանությունն է տիեզերքից, որ մենք երբևէ կգիտենանք կյանքում, փաստ, որն անկասկած բացատրում է նաև այդքան խնդրահարույց «մանկայնական կապվածությունը»; սեռական արատավորության խնդիրն այստեղ կարևոր չէ։ Երբ հետագայում երեխան բացահայտում է, որ այդ ֆիքսված կետերը նույնքան «սահմանային» և «անցողիկ» են, ինչ մյուսները, նրա մոտ շփոթմունքի և անհանգստության ճգնաժամ է առաջանում, և նա շտապ շուրջբոլորն է նայում՝ մեկ այլ խարսխում գտնելու։ «Աշնանը ես միջին դպրոց եմ հաճախելու»։ Եթե փոխարինումը ձախողվում է, ապա ճգնաժամը կարող է ճակատագրական ուղղությամբ ընթանալ, այլապես տեղի է ունենում այն, ինչ ես անվանում եմ խարսխման ջղաձգում․ մարդը կառչում է մեռած արժեքներից՝ ինքն իրենից և ուրիշներից հնարավորինս թաքցնելով այն փաստը, որ ինքը չաշխատող է, հոգեպես սնանկ։ Արդյունքը՝ տևական անվստահություն, թերարժեքության զգացում, գերհատուցում, հանգստի կորուստ։ Քանի որ այս վիճակը որոշակի կատեգորիաների տակ է ընկնում, այն առարկա է դարձվում հոգեվերլուծական բուժման, որի նպատակը այլ խարսխումների փոխադրելու ավարտումն է։
    Խարսխումը կարելի է բնութագրել որպես գիտակցության հեղհեղուկ սահմաններում կետերի ֆիքսում կամ պատերի կառուցում։ Չնայած այն հիմնականում չգիտակցված է, բայց կարող է նաև լինել ամբողջովին գիտակցված (մեկը «նպատակ է դնում»)։ Հանրորեն օգտակար խարսխումներն ընդունվում են համակրանքով, նրան, ով «իրեն ամբողջությամբ զոհաբերում է» իր խարսխմանը (ֆիրմա, գործ) կուռք են դարձնում։ Նա կյանքի քայքայման դեմ հզոր պատնեշ է ստեղծել, և ուրիշները, ըստ ենթադրության, նրա ուժից օգտվում են։ Ծայրահեղ դրսևորմամբ, որպես մտածված գործողություն, այն հանդիպում է անկումային սիրեկանների մոտ («պետք է ժամանակին ամուսնանալ, և սահմանափակումներն իրենք իրենց կգան»)։ Այսպիսով, նա իր կյանքում անհրաժեշտություն է սահմանում՝ իրեն ենթարկելով ակնհայտ չարիքի (ըստ իր տեսակետի), բայց նաև հասնելով նյարդերի հանգստացման, գնալով կոշտացող կյանքի հանդեպ զգայունության բարձրապատ պահեստում։ Իբսենը ներկայացնում է Յալմար Էկդալի և Մոլվիկի վառ օրինակները՝ «կենդանի կեղծիքներ» («Վայրի բադը» պիես). նրանց և հասարակության հենասյուների խարսխումների միջև ոչ մի տարբերություն չկա, բացի առաջինների գործնական-տնտեսական անարդյունավետությունից։
    Ցանկացած մշակույթ խարսխումների մեծ, կարգավորված համակարգ է՝ ֆունդամենտալ հիմքերի, հիմնական մշակութային գաղափարների վրա կառուցված։ Միջին վիճակագրական մարդը գործ ունի խմբային հիմքերի հետ․ անհատականությունն ինքն իրեն կերտում է, բնավորության մարդն իր շինարարությունն ավարտում է քիչ թե շատ ժառանգված խմբային հիմքերի վրա (Աստված, եկեղեցի, պետություն, բարոյականություն, ճակատագիր, կյանքի օրենք, ժողովուրդ, ապագա)։ Որքան մոտ է որոշակի կրող տարրը գլխավոր հիմքերին, այնքան վտանգավոր է դրան դիպչելը։ Այստեղ ուղղակի պաշտպանությունը սովորաբար սահմանվում է պատժիչ օրենքների և հետապնդման սպառնալիքների միջոցով (Ինկվիզիցիա, գրաքննություն, պահպանողական մոտեցում կյանքին)։
    Ամեն հատվածի միջավայրային կրողունակությունը կախված է կամ դրա ֆիկտիվ բնույթը չտեսնելուց, կամ բոլոր դեպքերում այն անհրաժեշտ համարելուց։ Այստեղից էլ կրոնական դաստիարակությունը դպրոցներում, որին նույնիսկ աթեիստներն են աջակցում, որովհետև երեխաների սոցիալ ունակությունների զարգացման այլ ձևեր չգիտեն։
    Երբ մարդիկ գիտակցում են հատվածների մտացածին լինելը կամ ավելորդությունը, նրանք ձգտում են փոխարինել դրանք նորերով («ճշմարտությունների ժամանակը սահմանափակ է»), և այստեղից էլ առաջանում են հոգևոր և մշակութային տարատեսակ վեճերը, որոնք, տնտեսական մրցակցությանը զուգահեռ, ձևավորում են համաշխարհային պատմության դինամիկ բովանդակությունը։
    Նյութական բարիքների (իշխանության) տենչն այնքան էլ պայմանավորված չէ հարստության ուղղակի հաճույքներով, քանի որ ոչ ոք չի կարող նստել մեկից ավելի աթոռների վրա կամ ուտել ավելին, քան կկշտացնի։ Կյանքում հաջողության արժեքն ավելի շուտ ներառում է դրա տիրոջը հասանելի խարսխման և շեղման հարուստ հնարավորությունները։
    Թե խմբային, թե անհատական խարսխումների դեպքում, երբ հատվածը խզվում է կամ ոչնչանում, որքան մոտ է ի հայտ եկող ճգնաժամը գլխավոր հիմքերին, այնքան ավելի ծանր է։ Ներքին շրջանակներում, արտաքին պատնեշներով պատսպարված, նման ճգնաժամերը առօրեական ու բավականին անցավ դեպքեր են («հիասթափություններ»), անգամ խարսխման արժեքների հետ խաղ է նկատվում այստեղ (սրամտություն, ժարգոն, ալկոհոլ)։ Սակայն նմանատիպ խաղի արդյունքում հնարավոր է անցք բացել ուղիղ դեպի հատակը, և էյֆորիկ տեսարանը փոխակերպվում է մահատեսիլի։ Գոյության սարսափը հայացքը սևեռում է մեր աչքերին, և զգացմունքների մահաշունչ զեղմամբ մենք ընկալում ենք, թե ինչպես են գիտակցությունները կախ ընկնում իրենց իսկ հյուսած պարաններից, և ներքևում դժոխքն է դարանակալում։
    Ամենահիմնարար հիմքերը առանց սոցիալական ցնցումների և ամբողջական կազմաքանդման ռիսկի (վերափոխում, հեղափոխություն) հազվադեպ են փոխարինվում։ Այդպիսի ժամանակներում անհատներն ավելի շատ են մնում սեփական խարսխումների հույսին, և ձախողումների քանակը միտված է աճելուն։ Արդյունքում՝ դեպրեսիաներ, չափազանցումներ և ինքնասպանություն (գերմանացի սպաները պատերազմից հետո, չինացի ուսանողները հեղափոխությունից հետո)։
    Համակարգի ևս մի թերություն է այն փաստը, որ տարբեր վտանգներ պահանջում են բազմապիսի հիմքեր։ Դրանցից յուրաքանչյուրի վրա տրամաբանական գերկառույց ստեղծելուն զուգահեռ միմյանց հաջորդում են զգացման և մտքի անհամատեղելի ձևերի բախումներ։ Հետո ճեղքերից կարող է ներս սողոսկել հուսալքումը։ Նման դեպքերում անձը կարող է տարված լինել կործանարար հրճվանքով՝ իր կյանքի ողջ արհեստական ապարատը տեղահան անելով և ցնծացող սոսկումով ցնցվելով, որպեսզի դրանից ազատվի։ Սոսկումը ծագում է բոլոր պաշտպանիչ արժեքների կորստից, ցնծությունը՝ մեր բնույթի ամենախորին գաղտնիքի, կենսաբանական չհիմնավորվածության, կործանման հավերժ նախատրամադրվածության հետ իր արդեն անողոք նույնականացումից և ներդաշնակությունից։
    Մենք սիրում ենք խարսխումները մեզ փրկելու համար, բայց նաև ատում ենք ազատության մեր զգացումը սահմանափակելու համար։ Երբ մենք բավականաչափ ուժեղ ենք զգում մեզ, միասին հաճույք ենք ստանում ժամկետանց արժեքը մոդայիկ կերպով թաղելիս։ Նյութական օբյեկտները խորհրդանշական իմաստ են ստանում այստեղ (ծայրահեղական մոտեցում կյանքին)։
    Երբ մարդը վերացրել է իր այն խարսխումները, որոնք իրեն տեսանելի են, և միայն անգիտակցականներն են մնում, նա իրեն անվանում է ազատված անձնավորություն։

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.09.2020), Moonwalker (07.09.2020), Sambitbaba (07.09.2020)

  5. #3
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պաշտպանության առավել տարածված եղանակներից է շեղումը։ Ճգնաժամային սահմանների հանդեպ ուշադրությունը սահմանափակվում է՝ այն մշտապես տպավորություններով գերելով։ Սա տիպիկ է նույնիսկ մանկությունում․ առանց շեղման, երեխան անտանելի է նույնիսկ ինքն իր համար։ «Մա՛մ, ի՞նչ անեմ»։ Նորվեգացի մորաքույրներին այցելած անգլիացի աղջնակն իր սենյակից եկավ և հարցրեց․ «Ի՞նչ է հիմա լինելու»։ Բուժքույրերը հասել են վիրտուոզության․ «Տե՛ս, շունի՜կ»։ «Նայի՛ր, նրանք պալատն են ներկում»։ Երևույթը չափից դուրս ծանոթ է հետագա ցուցադրման կարիք ունենալու համար։ Շեղումը, օրինակ, «բարձր հասարակության կյանքի մարտավարությունն է»։ Այն կարող է նմանեցվել թռչող մեքենայի՝ ծանր նյութից պատրաստված, սակայն մի սկզբունք մարմնավորող, որն այն պահում է օդում, երբ կիրառվում է։ Այն պետք է միշտ շարժման մեջ լինի, քանի որ միայն օդն է պահպանում դրա թռիչքը։ Օդաչուն, դրան սովորելով, կարող է թուլանալ և հանգստանալ, բայց երբ շարժիչը խափանվում է, սուր ճգնաժամն անխուսափելի է։
    Մարտավարությունը հաճախ լրիվ գիտակցված է։ Հուսալքումը կարող է թաքնված լինել ներքևում և ներս խուժել ցնցումներով, հանկարծակի հեկեկոցներով։ Երբ բոլոր շեղող տարբերակները սպառված են, գալիս է մաղձը՝ դրսևորվելով որպես թեթև անտարբերությունից մինչև օրհասական դեպրեսիա։ Կանայք, ընդհանուր առմամբ պակաս հակված լինելով գիտակցմանը, հետևաբար ավելի անվտանգ զգալով կյանքում, քան տղամարդիկ, հիմնականում նախընտրում են շեղումը։
    Բանտարկության զգալի չարիքներից մեկը շեղման տարբերակների մեծամասնությունից զրկումն է։ Ու քանի որ այլ եղանակներով ձերբազատման պայմանները ևս աղքատ են, բանտարկյալը հուսալքման եզրին կգտնվի։ Գործողությունները, որոնք նա կկատարի վերջին փուլից շեղվելու համար, նախասահմանված են հենց կենսականության սկզբունքով։ Նման պահերին նա տիեզերքի մեջ իր հոգին է զգում, և չունի այլ շարժառիթներ, քան այդ վիճակի լիակատար անհարատևությունը։
    Կյանքի խուճապի հստակ օրինակները հազվադեպ են, քանի որ պաշտպանիչ մեխանիզմները կատարելագործված են, ավտոմատացված և որոշ առումով՝ չընդհատվող։ Բայց նույնիսկ հարևան տարածությունը կրում է մահվան դրոշմը, կյանքն այստեղ հազիվ է պահպանվում, այն էլ՝ մեծ ջանքերի շնորհիվ։ Մահը միշտ հայտնվում է որպես ելք, անդրշիրիմի հնարավորություններն անտեսվում են, և քանի որ մահը վերապրելու ձևը մասամբ կախված է զգացմունքներից և տեսակետից, այն կարող է բավականին ընդունելի լուծում լինել։ Եթե որևէ մեկը մահվան մահճում կարող է դիրք ընդունել (բանաստեղծություն, ժեստ, «մահ ոտքի վրա»), այսինքն՝ եզրափակիչ խարսխում կամ եզրափակիչ շեղում (Օզեի մահը «Պեր Գյունտ» պիեսում), այդպիսի ճակատագիրը վատագույններից չէ։ Մամուլը, քողարկման մեխանիզմին ծառայելով, երբեք չի ձախողվում որևէ տագնապ չառաջացնող պատճառներ փնտրելիս․ «համարվում է, որ ցորենի գնի վերջին անկումը․․․»։
    Երբ մարդն իր կյանքին վերջ է տալիս դեպրեսիայի մեջ, դա բնական մահ է հոգևոր պատճառներից։ Սուիցիդալին փրկելու ժամանակակից բարբարոսությունը հիմնված է գոյության էությունը ծայրահեղ սխալ հասկանալու վրա։
    Մարդկության միայն մի փոքր մասն է ունակ ապրելու զուտ «փոփոխություններով», լինի դա աշխատանքում, սոցիալական կյանքում, թե ժամանցում։ Քաղաքակիրթ անձը պահանջում է կապեր, լարեր, փոփոխություններում առաջխաղացումներ։ Վերջավոր ոչինչ չի գոհացնում, նա միշտ շարունակում է գիտելիքներ կուտակել, կարիերա ստեղծել։ Երևույթը հայտնի է որպես «ձգտում» կամ «տրանսցենդենտալ միտում»։ Երբ նպատակին հասնում են, ձգտումը տեղաշարժվում է, ուստի դրա օբյեկտը ոչ թե նպատակն է, այլ դրա ձեռքբերումը, կյանքը ներկայացնող կորի գրադիենտը, այլ ոչ թե բացարձակ բարձրությունը։ Կոչման բարձրացումը շարքայինից կապրալ կարող է ավելի արժեքավոր լինել, քան գնդապետից գեներալ։ «Պրոգրեսիվ լավատեսության» հիմքերը ոչնչացվում են հոգեբանական այս օրենքով։
    Մարդկային ձգտումը մատնանշվում է ոչ թե ուղղակի որպես «ձգտում առ», այլ հավասարապես՝ «փախուստ -ից»։ Եվ եթե մենք բառն օգտագործենք կրոնական իմաստով, միայն վերջին նկարագրությունն է համապատասխան։ Որովհետև ոչ ոք դեռևս պարզ չի ասել, թե ինչ է տենչում, բայց միշտ հստակ գիտակցում է՝ ինչից է ցանկանում փախչել՝ արտասուքների երկրային հովտից, սեփական անտանելի վիճակից։ Եթե այս հանգամանքի գիտակցումը հոգու ամենախորին շերտն է, ինչպես պնդվում էր վերևում, ապա հասկանալի է նաև, թե ինչու ինչու է կրոնական ձգտումը զգացվում և վերապրվում որպես հիմնարար։ Դրան հակառակ, հույսը առ այն, որ դա ձևավորում է աստվածային չափանիշ, ինչն իրագործելի խոստում է պարունակում, այս նկատառումներով բավականին մելամաղձոտ լույսի տակ է դիտվում։
    Խուճապի դեմ չորրորդ միջոցը՝ վեհացումը, իրենից ներկայացնում է փոխակերպում, այլ ոչ թե ճնշում։ Ոճային կամ գեղարվեստական ձիրքերը կարող են հենց ապրելու ցավը վերափոխել արժեքավոր փորձի։ Դրական ազդակները պայքարում են չարիքի դեմ և այն ծառայեցնում իրենց՝ ուղղորդելով դեպի գեղանկարչական, դրամատիկ, հերոսական, քնարերգական և անգամ կատակերգական դրսևորումներ։
    Եթե տառապանքի վատագույն խայթը բթացված չէ այլ միջոցներով կամ զրկված չէ գիտակցության կառավարումից, այդպիսի կիրառումը քիչ հավանական է (պատկեր․ լեռնագնացը չի վայելում անդունդի տեսարանը, քանի դեռ պայքարում է գլխապտույտի ու շնչահեղձության դեմ; միայն երբ այս զգացումը շատ թե քիչ հաղթահարված է, նա վայելում է՝ խարսխմամբ)։ Ողբերգություն գրելու համար մարդը պետք է իրեն որոշ չափով ազատի ողբերության զգացումից (դավաճանի դրան) և այն դիտարկի արտաքին, օրինակ՝ գեղագիտական տեսանկյունից։ Այստեղ, իմիջիայլոց, հնարավորություն կա ամենավայրի պարերի համար՝ հեգնանքի բարձրագույն մակարդակների միջով, մինչև ամենաամոթալի արատավոր շրջան։ Այստեղ հնարավոր է էգոյին հետապնդել բազմաթիվ վայրերով, հաճույք ստանալ գիտակցության տարբեր շերտերի կարողությունից՝ մեկը մյուսին քշելու։
    Տվյալ էսսեն վեհացման տիպային փորձ է։ Հեղինակը չի տառապում, նա էջեր է լրացնում և պատրաստվում է հրատարակել ամսագրում։
    Միայնակ կանանց «մարտիրոսությունը» ևս վեհացման մի ձև է․ նրանք այդպիսով նշանակություն են ձեռք բերում։
    Այնուամենայնիվ, վեհացումն այստեղ նշված պաշտպանական միջոցներից ամենահազվադեպն է։

    IV
    Հնարավո՞ր է արդյոք, որ «պրիմիտիվ էությունները» հրաժարվեն այս ցավագալարումներից ու թռիչքներից և ապրեն ներդաշնակ՝ աշխատանքի և սիրո խաղաղ երանության մեջ։ Այնքանով, որքանով նրանք համարվում են մարդկային, կարծում եմ՝ պատասխանը պետք է լինի «ոչ»։ Այսպես կոչված բնության մարդկանց հանդեպ ամենամեծ հավակնությունն այն է, որ նրանք ավելի մոտ են հրաշալի կենսաբանական իդեալին, քան մենք՝ անբնական մարդիկ։ Եվ նույնիսկ երբ մենք մինչ այժմ ի վիճակի ենք եղել մեծամասնությանը փրկել բոլոր փոթորիկներից, մեզ օգնել են մեր բնույթի այն կողմերը, որոնք թույլ կամ միջին չափով են զարգացած։ Այս դրական հիմքը (քանի որ պաշտպանությունն ինքն իրենով չի կարող կյանք ստեղծել, այլ միայն խոչընդոտել դրա երերալուն) պետք է փնտրել մարմնի եռանդի և հոգու կենսաբանորեն օգտակար մասերի1 բնական տարածման մեջ, որն այնպիսի դժվարությունների է ենթարկվում, որոնք ճշգրտորեն առաջանում են ի շնորհիվ տեսողության սահմանափակումների, մարմնի թուլության և կյանքի ու սիրո համար աշխատելու կարիքի։
    Եվ հենց ռազմաճակատի սահմաններում փակված երանության այս հողի վրա քաղաքակրթության առաջադիմումը, տեխնոլոգիան և ստանդարտացումն այսպիսի վատթարեցնող ազդեցություն ունեն։ Քանի որ իմացական ունակությունների օրեցօր մեծացող հատվածը լքում է շրջակա միջավայրի դեմ խաղը, կա հոգևոր գործազրկության աճ։ Կյանքի լրիվ երաշխավորման համար տեխնիկական որևէ առաջընթացի արժեքը պետք է որոշվի մարդու հոգևոր զբաղվածության հնարավորությունների մեջ դրա ներդրմամբ։ Չնայած այդ սահմանները լղոզված են, հնարավոր է, առաջին կտրող գործիքները կարող են դիտարկվել որպես դրական գյուտի օրինակ։
    Այլ տեխնիկական գյուտերը հարստացնում են միայն հենց գյուտարարի կյանքը․ դրանք մարդկության փորձի ընդհանուր պահեստից լպիրշ և անգութ գողություն են, և ամենախիստ պատիժը պետք է նախատեսվի դրանց համար, եթե հրապարակվեն՝ ցենզուրայի արգելքը հաղթահարելով։ Մի այդպիսի հանցանք է, բազում այլոց թվում, թռչող մեքենաների կիրառումը չուսումնասիրված տարածքները հետազոտելու համար։ մի վանդալիստական արարքով ոչնչացվում են փորձի հնարավորություններ, որոնք կարող էին օգտակար լինել շատերին, եթե յուրաքանչյուրը, ջանք գործադրելով, ստանար իրեն հասանելի բաժինը2։
    Կյանքի քրոնիկական տենդի ընթացիկ փուլը հատկապես վարակված է այս հանգամանքով։ Բնական (կենսաբանական) հիմք ունեցող հոգևոր ակտիվության բացակայությունը դրսևորվում է, օրինակ, շեղմանը համատարած դիմելու մեջ (ժամանց, սպորտ, ռադիո՝ «ժամանակների ռիթմ»)։ Խարսխման պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն․ դրա ժառանգված, խմբային բոլոր համակարգերը ծակված են քննադատությամբ, և անհանգստությունը, նողկանքը, շփոթմունքը, հուսալքումը հոսում են ճեղքերով («դիակներ ուղեբեռի մեջ»)։ Կոմունիզմն ու հոգեվերլուծությունը, որքան էլ որ անհամեմատելի են այլ պարագաներում, երկուսն էլ փորձում են (քանի որ կոմունիզմը նաև հոգևոր արտացոլում ունի) նոր միջոջներով փոփոխել հին ելքը՝ կիրառելով, համապատասխանաբար, բռնություն և խորամանկություն, որպեսզի մարդկանց կենսաբանորեն պիտանի դարձնեն՝ նրանց իմացական կարողության կրիտիկական ավելցուկը ծուղակը գցելով։ Այս միտքը երկու դեպքում էլ սոսկալիորեն տրամաբանական է։ Սակայն, միևնույն է, այն չի կարող վերջնական լուծում առաջ բերել։ Չնայած գիտակցված դեգեներացումը դեպի ավելի կենսունակ ստորնակետ կարող է տեսակի կարճաժամկետ պահպանումն ապահովել, տեսակը իր բնույթով ի վիճակի չի լինի այդպիսի հրաժարականի հետ հաշտվել կամ ընդհանրապես որևէ խաղաղություն գտնել։

    V

    Եթե մենք շարունակենք այս քննարկումները մինչև դառը ավարտը, ապա եզրահանգումն անկասկած է։ Քանի դեռ մարդկությունն անշրջահայացորեն շարունակում է մնալ հաղթանակի համար կենսաբանորեն կանխորոշված լինելու ճակատագրական մոլորության մեջ, էական ոչինչ չի փոխվի։ Քանի դեռ դրա թվերն ավելանում են, և հոգևոր մթնոլորտը թանձրանում է, պաշտպանման տեխնիկաները պետք ավելի կոպիտ բնույթ ստանան։

    Եվ մարդիկ համառորեն կերազեն փրկության, հաստատման ու նոր Մեսիայի մասին։ Եվ երբ բազում փրկիչներ կգամվեն ծառերին և կքարկոծվեն քաղաքային հրապարակներում, վերջին Մեսիան կգա։
    Այդժամ կհայտնվի մարդը, ով բոլորից առաջինն է համարձակվել մերկացնել իր հոգին և այն կենդանի հնազանդեցնել ծագման ամենախորին մտքին, կործանման գաղափարին։ Մարդ, ով հասկացել է կյանքը և դրա տիեզերական հիմքը, և ում ցավը Երկրի հավաքական ցավն է։ Ի՜նչ կատաղի ճիչերով բոլոր ազգերի ամբոխները կպահանջեն նրա հազարապատիկ մահը, երբ նրա ձայնը, ասես սավան, կպարփակի Երկրագունդը, և տարօրինակ ուղերձը կհնչի առաջին և վերջին անգամ․

    «Աշխարհների կյանքը աղմկող գետ է, սակայն Երկրինը ճահիճ է և գետախորշ։

    Կործանման նշանը գծված է ձեր ճակատներին․ դեռ ինչքա՞ն երկար եք ցցերի վրա նետվելու։

    Բայց գոյություն ունի մի նվաճում և մի պսակ, մի փրկություն և մի լուծում։

    Ճանաչեք ինքներդ ձեզ․ մնացեք անպտուղ և ձեզնից հետո երկիրը լռության մեջ թողեք»։


    Եվ երբ նա կխոսի, նրանք կթափվեն նրա վրա՝ առաջնորդվելով ծծակ պատրաստողների և մանկաբարձուհիների կողմից, և նրան կթաղեն իրենց եղունգներում։

    Նա վերջին Մեսիան է։ Ինչպես որդին հորից, նա ծագում է ջրափոսի մոտի նետաձիգից։





    Ծանոթագրություններ

    1 – Տարբերումը հստակեցման համար է
    2 – Պետք է ընդգծել, որ սա ոչ թե արտառոց բարեփոխումների առաջարկ է, այլ սկզբունքի հոգեբանական քննում
    Վերջին խմբագրող՝ Skeptic: 06.09.2020, 22:14:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (06.09.2020), Moonwalker (07.09.2020), Sambitbaba (07.09.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •