Նախապես ներողություն եմ խնդրում «Անկապ օրագրի» ոճով արված նախաբանի համար։ Իրականում նախաբան էլ չի, դրա համար հնարավորինս կարճ կգրեմ։
Թարգմանության վրա սկսել եմ աշխատել Վիստի գնալուց մոտ երկու շաբաթ առաջ։ Հետո ծննդյանս օրվա առթիվ անսպասելի և հաճելի շնորհավորանքներ ստացա, երբ բնության գրկում արձակուրդս վայելում էի, իսկ դրանից հետո միտքս զբաղեցնող այլ հանգամանք հայտնվեց՝ ինքն իրենով ոչ էնքան դրական, բայց դրական ընթացք ստացած։ Որոշեցի թարգմանությունն առայժմ հետաձգել կամ ընդհանրապես թողնել։
Էս առավոտյան Վիստին այցելելիս, մինչև իր կետին հասնելը, երեք հոգու հանդիպեցի, ովքեր իրենց հարազատի և ուրախ 6/8 երգող մեքենայի մոտ օղի էին խմում։ Երբ հասա, մի ծերունի եռանդով քլունգ էր բանեցնում ինչ-որ հաջորդի համար, մյուսը ինչ-որ նախորդի բազալտն էր հարթեցնում։ Ու երբ հեռանալու ընթացքում ականջակալներս դրեցի, որ մտքերս շեղեմ, Յանդեքս Ռադիոյով Մոցարտի «Լակրիմոսան» բերեց առաջինը։
Քաոսի մեջ օրինաչափություններ ու համընկնումներ փնտրելը մարդկանց հատուկ ա, գիտեմ։ Նաև գիտեմ, որ Վիստի՝ էդ հազվագյուտ հրաշք մարդու համար լավ ընկեր չեմ եղել։ Ի՞նչ իմաստ ուներ իմ էսօրվա այցելությունը։ Ի՞նչ իմաստ ունի դրանից հետո 8-9 ժամում թարգմանությունն ավարտել նպատակադրվելու ու Ակումբում տեղադրելու մեջ իմաստ փնտրելը։ Կամ ցանկացած այլ բան։
Վերջին Մեսիան
Պետեր Վեսել Ցապֆե
I
Վաղնջական ժամանակներում մարդը մի գիշեր արթնացավ և տեսավ ինքն իրեն։
Նա տեսավ, որ մերկ է տիեզերքում, անտուն՝ սեփական մարմնում։ Ամեն ինչ բացվեց նրա քննող մտքի առջև, հրաշքների հրաշքը, սարսափների սարսափը արձակվեցին նրա գիտակցության մեջ։
Ապա կինը ևս արթնացավ և ասաց, որ սպանելու ժամանակն է։ Եվ մարդը վերցրեց իր նետն ու աղեղը՝ հոգու և ձեռքի ամուսնության պտուղը, և դուրս եկավ աստղերի տակ։ Բայց երբ գազանները մոտեցան ջրափոսին, որտեղ նա սովորույթի համաձայն սպասում էր նրանց, նա զգաց արդեն ոչ թե վագրի ցատկն իր արյան մեջ, այլ մի մեծ սաղմոս՝ բոլոր կենդանի էակների միջև տառապանքի եղբայրության մասին։
Այդ օրը նա որսով չվերադարձավ, ու երբ նրան հաջորդ նորալուսնին գտան, նա ջրափոսի մոտ նստած էր մեռած։
II
Ի՞նչ էր պատահել․ խզում կյանքի միասնությունում, կենսաբանական պարադոքս, հրեշավորություն, աբսուրդ, աղետալի բնույթի չափազանցում։ Կյանքը վրիպել էր թիրախից և պայթեցրել ինքն իրեն։ Դրա տեսակներից մեկը դարձել էր գերզինված․ հոգին ամենազոր է դարձնում, բայց հավասարապես սպառնում է ինքնին բարեկեցությանը։ Դրա զենքը նման էր անկոթ սրի` ամեն ինչ ճեղքող երկսայր սրի․ բայց այն կրողը պետք է սայրերից մեկն իր կողմ թեքի։
Չնայած իր նոր աչքերին՝ մարդը դեռ արմատավորված էր նյութի մեջ, իսկ նրա հոգին կապված էր դրան ու ենթարկվում էր դրա կույր օրենքներին։ Եվ մարդը, որպես օտար, կարողացավ տեսնել նյութը, իրեն համեմատել բոլոր երևույթների հետ, գիտակցել և հասկանալ իր կենսական պրոցեսները։ Նա բնության մեջ հայտնվել է որպես անկոչ հյուր՝ ձեռքերն ապարդյուն տարածելով, որպեսզի հաշտեցում աղերսի իր արարչից․ Բնությունն այլևս չի պատասխանում, այն հրաշք է գործել մարդու հետ, բայց հետո նրան ուրանում է։ Նա կորցրել է տիեզերքում կեցության իր իրավունքը, համտեսել Գիտության Ծառից և վռնդվել Դրախտից։ Նա զորեղ է շրջապատող աշխարհում, սակայն անիծում է իր զորությունը՝ գնված ի հաշիվ հոգու հանգստության, անմեղության, կյանքի գրկում իր ներքին խաղաղության։
Նա մնաց իր մտապատկերների հետ, տիեզերքի կողմից դավաճանված, զարմանքի և վախի մեջ։ Գազանը նույնպես լավ գիտեր վախը՝ ամպրոպի և առյուծի ճանկի։ Բայց մարդը վախեցավ կյանքից, անմիջապես գոյությունից։ Կյանքից, որը գազանի համար էր՝ ուժի խաղը զգալու, տաքության, պայքարի և սովի, այնուհետ իրերի կարգի առջև վերջին անգամ խոնարհվելու։ Գազանի մեջ տառապանքը սահմանափակված է, մարդու մեջ այն անցքեր է ճեղքում դեպի սարսափ առ աշխարհ և կյանքից հուսահատություն։ Նույնիսկ երբ երեխան գնում է կյանքի գետի հոսանքով, մահվան ջրվեժի շառաչյունը բարձրանում է հովիտն ի վեր, մոտենում, պատռում, պատառոտում նրա հրճվանքը։ Մարդը զննում է երկիրը, և այն շնչում է ինչպես հսկայական թոք․ երբ արտաշնչում է, հիասքանչ կյանքը վխտում է բոլոր խորշերից և ձգվում դեպի արևը, բայց երբ այն ներշնչում է, այդ ամենի միջով խզման հառաչ է անցնում, և գետինը կարկտահարվում է դիակներով։ Ոչ միայն իր օրը կարողացավ նա տեսնել․ գերեզմանները հառնում էին նրա հայացքի առջև, սուզված հազարամյակների ողբն էր հնչում նեխած կերպարներից, մայրերի՝ հող դարձած երազանքներից։ Ապագայի վարագույրն ինքն իրեն բացեց, որպեսզի երևան հանի հավերժ կրկնության մղձավանջը, օրգանական նյութի անիմաստ վատնումը։ Մարդկային միլիարդների տառապանքը նրա մեջ մտավ կարեկցության դարպասներով, և կատարվող ամեն ինչից քրքիջ գոյացավ արդարության պահանջը՝ նրա ամենահիմնարար սկզբունքը, ծաղրելու համար։ Նա իրեն տեսնում է մոր որովայնում ձևավորվելիս, բարձրացնում է ձեռքը, և այն հինգ ճյուղ ունի․ որտեղի՞ց է այս սատանայական թիվը և ի՞նչ կապ ունի իմ հոգու հետ։ Նա այլևս բացահայտ չէ ինքն իր համար, նա դիպչում է իր մարմնին և սարսափում․ սա դու ես, և դու տարածվում ես այսչափ ու դրանից ոչ ավելին։ Նա սնունդ է կրում իր մեջ․ երեկ դա գազանն էր, որը կարող էր սլանալ այսուայնկողմ, այժմ ես դրան ներծծել եմ և դարձրել իմ մի մասը, որտե՞ղ եմ ես սկսվում ու վերջանում։ Բոլոր իրերն ու երևույթները փոխկապված են պատճառներով և հետևանքներով, և ամենը, ինչ նա ցանկանում էր ըմբռնել, բացվում է նրա քննող մտքի առջև։ Շուտով նա մեխանիկա է տեսնում նույնիսկ այնպիսի անբիծ ու թանկարժեք երևույթում, ինչպիսին սիրելիի ժպիտն է. այլ ժպիտներ ևս կան՝ ասես պատռված կոշիկ, երևացող մատներով։ Ի վերջո, իրերի բոլոր յուրահատկությունները միայն իր սեփական յուրահատկություններն են։ Ոչինչ գոյություն չունի առանց իրեն, բոլոր գծերը հետ են պտտվում դեպի նա, աշխարհը ոչ այլ ինչ է, քան իր ձայնի ցնորական արձագանքը։ Բարձր ճչալով՝ նա ցատկում է և ուզում է իր անմաքուր սննդի հետ ինքն իրեն փսխել երկրի վրա, նա զգում է նշմարվող խելագարությունը և ցանկանում մահ գտնել, նախքան կկորցնի նույնիսկ այդ ունակությունը։
Բայց երբ կանգնած է անխուսափելի մահվան առջև, նա ըմբռնում է դրա բնույթը ևս, ու հաջորդ քայլի տիեզերական նշանակությունը։ Նրա ստեղծարար երևակայությունը կառուցում է նոր, ահարկու հեռանկարներ մահվան վարագույրից անդին, և նա տեսնում է, որ նույնիսկ այնտեղ ապաստան չկա։ Հիմա նա կարող է նշմարել իր կենսաբանա-տիեզերական սահմանների ուրվագծերը․ նա տիեզերքի անօգնական պատանդն է՝ անթիվ-անանուն հնարավորությունների մեջ ընկնելու դատապարտված։
Այս պահից սկսած՝ նա անդադար խուճապի դրության մեջ է։
«Տիեզերական խուճապի» այսպիսի զգացումն առանցքային է յուրաքանչյուր մարդկային մտքի համար։ Եվ իրոք, ցեղատեսակը նախասահմանված է շուտով ոչնչանալու, երբ կյանքի արդյունավետ պահպանումն ու շարունակումը բացառվում են, մինչդեռ անհատի ամբողջ ուշադրությունն ու եռանդը ուղղված են այդ աղետալի բարձր ներքին լարվածությունը տանելուն կամ փոխանցելուն։
Որևէ ունակության գերզարգացման պատճառով կյանքի համար ոչ պիտանի դարձած տեսակի ողբերգությունը չի սահմանափակվում մարդկանցով։ Այսպես, օրինակ, համարվում է, որ հնէաբանական ժամանակներում որոշ եղջերուներ ուժասպառ լինելով մեռնում էին, որովհետև չափից դուրս ծանր եղջյուրներ էին ձևավորում։ Մուտացիաները կույր են․ դրանք աշխատում են, առաջ նետվում առանց շրջակա միջավայրի հետ կապված որևէ շահի։
Դեպրեսիվ վիճակներում գիտակցությունը կարող է դիտարկվել որպես այդպիսի եղջյուր․ իր ողջ շքեղությամբ հանդերձ, այն իր կրողին գետնին է գամում։
Էջանիշներ