Մ Ա Տ Ե Ա Ն
Ե Ր Ա Ն ՈՒ Թ Յ Ա Ն
ԳԻՐՔ ՎԵՐՋԻՆ
ԶՐՈՒՅՑ ԱՍՏԾՈ ՀԵՏ
ՀԱՏՈՐ ՎԵՐՋԻՆ
ՆՈՐ ԵՎ ԱՆՍՊԱՍԵԼԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԱՐԹՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Նվիրում եմ նրանց, ովքեր տեսնում են,
որ իրենց աշխարհն
այնքան էլ սքանչելի չէ, որքան մտահղացված էր,
բայց միևնույն ժամանակ գիտեն,
որ ամեն ինչ կարող է
այդպիսին դառնալ,
և պատրաստ են գործել
հանուն այդ փոխակերպման:
ԿԱԶՄՈՂԻ ՆԱԽԱԲԱՆԸ
Այստեղ ինձ անհրաժեշտ է պատմել, թե ինչու ես մի կողմ դրեցի իմ աշխատանքը "Մատեան Երանության" գրքի ընթացիկ հատորի վրա և շտապ ձեռնարկեցի "Վերջին" գիրքը: Այս պատմությունը ևս մեկ օրինակն է նրա, թե ինչպես է Տիեզերքը գործում մեր միջոցով, մեր մեջ և, որ ամենակարևորն է, մեզ համար, - նախապատրաստելով մեզ նրան, ինչ սպասվում է մեզ կամ ինչ մեզ նախատեսված է անել: Եթե դուք ծանոթ եք իմ "Նախաբան Մատեան Երանության" գրքին, ուրեմն ձեզ հայտնի է, որ նման բան ինձ հետ առաջին անգամը չէ, որ տեղի է ունենում, և որ ես վաղուց արդեն դրանք պատահականություն չեմ համարում:
Բայց՝ չերկարեցնեմ: Ավելի լավ է պատմեմ, իսկ դուք ինքներդ արդեն կանեք ձեր եզրակացությունը:
Երկու տարի առաջ Գերմանիայից մեզ հյուրընկալեց իմ ընկերոջ կինը, Լենան: Դրանից առաջ մենք հանդիպել էինք 2004 թվականին: Այն ժամանակ, Մայնցում, նրանց տանը, պատեհ առիթով ես պատմեցի նրանց Նիլ Դոնալդ Ուոլշի և նրա "Զրույց Աստծո հետ" գրքերի մասին: Իսկ երբ վերադարձա Լոս Անջելես, գնեցի առաջին գրքի երեք հատորներն ու մի կողմ դրեցի, հույսով, որ երբ նրանք շուտով այցելեն մեզ, ես դրանք նրանց կնվիրեմ: Հանգամանքների բերումով այդ "շուտովը" ձգվեց տասներեք երկար տարիներ, բայց այդ գրքերը հավատարմորեն սպասում էին իմ մտերիմների գալստյանը:
Մի օր երեկոյան սովորականի պես աշխատում էի "Մատեան Երանության" վրա, երբ իմ սենյակ մտավ Լենան: Սկսեցինք զրուցել: Նա հարցրեց, թե ինչով եմ զբաղված: Ասացի թարգմանություններիս մասին: Նորից պատմեցի Ուոլշի և նրա գրքերի մասին ու ցույց տվեցի դրանք գրադարակի վրա, որոնք արդեն մեկուկես տասնյակից ավելի են: Լենան կարծիք հայտնեց, որ ես հավանաբար ընթերցել եմ երեք գրքերը միայն, քանզի նրանք բավական մաշված են, իսկ մնացածներին ասես ձեռք էլ չեմ տվել: Պատասխանեցի, որ ոչ, կարդացել եմ բոլորը, բայց այդ երեք հատորները տարիներ շարունակ քարշ եմ տվել հետս ամենուր, քանի որ թե տանը, թե աշխատանքիս մեջ ազատ ժամերին զբաղվել եմ դրանց թարգմանությամբ, և դա է նրանց մաշված լինելու պատճառը:
Եվ ասացի, որ ունեմ այդ երեք հատորների ևս մեկ օրինակը, որը երկար տարիներ իրենց է սպասում, և որ նրա գնալուց ես դա կնվիրեմ իրեն: Հետո, չգիտեմ ինչ մտավ գլուխս, մի պահ մտածեցի և ասացի. "Գիտես, Լենա, ճշմարիտն ասած, ես ավելի մեծ հաճույքով ձեզ կնվիրեի հենց այս մաշված հատորները: Հասկանում ես... այսքան տարիների աշխատանքի ընթացքում ես այնքան էներգիա եմ դրել դրանց մեջ, այնքան երկար են նրանք եղել ձեռքիս տակ, որ ասես թե իմ մասնիկը լինեն: Եվ, քանի որ Դանիելի հետ դուք իմ ամենամոտ ընկերներն եք, ես ուրախ կլինեի հենց իմ այդ "մասնիկը" ձեզ նվիրել:
Լենան անգամ հուզվեց մի փոքր ու համաձայնվեց մեծ ուրախությամբ, այնպես որ ես հենց տեղում վերցրեցի գրադարակից այդ հատորներն ու տվեցի նրան: Իսկ հաջորդ օրը նրանք կնոջս ու դստերս հետ մի քանի օրով մեկնեցին ինչ-որ տեղ:
Հաջորդ օրը երեկոյան ես նստեցի գրասեղանիս մոտ աշխատելու և հիշեցի, որ գրքերը Լենային եմ տվել: Ժամանակն էր գնալ նոր հատորների հետևից... և այստեղ ես մտածեցի. հետաքրքիր է, իսկ որտե՞ղ են նրանք: Փորփրեցի բոլոր պահարանները, դարակները, փնտրեցի ամենուր... Գրքերն անհետացել էին այնպես, ասես չէին էլ եղել:
Զանգահարեցի կնոջս, հարցրեցի նրան էլ, բայց նա նույնպես տեղյակ չէր: Եվ, քանի որ այդ երեքհատորյակից ես շատերին էի նվիրել, կարծիք հայտնեց, որ հավանաբար նվիրել եմ ինչ-որ մեկին: Ես չհամաձայնվեցի նրա հետ, քանզի համոզված էի, որ մտերիմ ընկերներիս համար նախատեսված նվերն անհնար էր, որ նվիրեի ուրիշի:
Հետո նրանք հետ վերադարձան, իսկ մի քանի օր անց Լենան վերադարձավ Գերմանիա ու տարավ իմ գրքերը... Ես նորից տակնուվրա արեցի տունը, բայց գրքերն այդպես էլ չգտա. նրանք անհետացել էին:
Կորցնելով հույսս, մի երկու օր անց, նստած, որոշում եմ ընդունում զանգահարել Ալյոնային, հոլիվուդյան ռուսական գրախանութներից մեկի տիրոջը, որի հետ մտերիմ եմ, և խնդրել, որ նա ինձ համար գտնի այդ երեքհատորյակը: Դեռ չեմ հասցրել կենտրոնանալ մտքիս վրա, երբ զանգահարում է... ինքը՝ Ալյոնան:
- Ողջույն, - ասում է: - Պատճառ ունես գալ ու վայելել ինձ հետ հանդիպելու հաճույքը: Ստացել եմ "Զրույց Աստծո հետ" գրքի չորրորդ հատորը: Քո օրինակը քեզ է սպասում:
- Ալյոնա, - հարցնում եմ, - ուզում ես ասել տասնչո՞րսերորդ հատորը: - Հիշեցնեմ, որ Ուոլշի համարյա բոլոր գրքերը պատկանում են "Զրույց Աստծո հետ" շարքին:
- Ոչ, - պատասխանում է Ալյոնան, - հենց "Զրույց Աստծո հետ" գրքի չորրորդ հատորն է: Եկ, կտեսնես:
Մի խոսքով, հաջորդ օրը գնացի ու տեսա, որ Ալյոնան չէր ստում: Ինչ խոսք, որ գնեցի: Եվ իհարկե, անմիջապես սկսեցի կարդալ:
Եվ դեռ չէի ընթերցել առաջին մի քանի էջերը, երբ հասկացա, թե ինչու ինձ հետ կատարվեց այս ամենն, ինչի մասին պատմում եմ:
Ես ուղղակի պարտավոր էի ինձ ազատել նրանից, ինչով զբաղված էի: Ու բոլորովին էլ պատահականություն չէր "Զրույցի..." ձեռքիս տակ ունեցած երկրորդ հատորը, որի վրա աշխատում էի, սեփական կամքով Լենային նվիրելը: Հերթական անգամ Տիեզերքն ուղղորդեց ինձ անել այն, ինչ իմ տրամաբանությունը չէր անի երբեք առանց միջնորդության, որպեսզի ես հնարավորություն ունենամ զբաղվել նրանով, ինչն առավել անհրաժեշտ է Կոնկրետ Ներկա Պահին:
Իսկ Ներկա Պահին առավել կարևոր մտքերն ամփոփված են հենց այս, չորրորդ, հատորում, և ինչ խոսք, որ իմ կարևորագույն գործը պետք է լիներ առաջին հերթին ձեզ այս հատորը ներկայացնելը: Այնպես որ՝ համեցեք:
Հ.Գ. Մեծ համոզմունք կա մեջս, որ, երբ ավարտեմ աշխատանքն այս հատորի վրա, առաջին երեք հատորները կգտնվեն: Համենայն դեպս, դա ինձ զարմանք չի պատճառի: Բայց դա արդեն այնքան էլ էական չէ, հնարավոր է, իրոք նվիրել եմ մտերիմներիցս մեկին ու չեն հիշում... Բայց համոզված եմ, որ նույնիսկ այդ դեպքում նվիրողը եղել եմ ոչ թե ես, այլ Մեծն Նախախնամությունը, որպեսզի ազատի ինձ ու հնարավորություն տա զբաղվել առաջնահերթայինով:
Բայց աշխատանքն, ինչ խոսք, սրանով չի ավարտվելու: Նախորդ գրքերը՝ հաջորդիվ:
Սամվել Առաքելյան
2019
Էջանիշներ