ԼԵՌՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԸ
Աչքերը դանդաղ բացեց..
Պառկած էր:
ՈՒժեղ գլխացավ ուներ:
Փորձեց շարժվել, բայց նույն պահին թվաց, թե մարմինը հազար տեղից ասեղներով ծակեցին:
Խորը տնքոց դուրս ժայթքեց զորեղ կրծքից:
- Ջոաշի՜մ, մոն ամոուղ, արթնացա՞ր..
Մահճակալի կողքին նստած շիկահերը տեղից վեր ցատկեց ու, մոտ վազելով, ճերմակ ափը հպեց ճակատին:
Բալզակյան տարիքի կինն ուներ մինչև ուսերը հասնող գանգուր վարսեր ու շքեղ իրան:
Հագին լազուրագույն թեթև սարաֆան էր:
Բայց ո՞վ է նա.. դեմքն այնքան ծանոթ է.. բայց.. ոչինչ չի հիշում.. ՈՉԻՆՉ չի հիշում..
- Մոն ամոուղ, ինչո՞ւ չես պատասխանում, ինչպե՞ս է ինքնազգացողությունդ..
- Որտե՞ղ եմ ես.. և ո՞վ ես դու..
- Մի անհանգստացիր սիրելիս: Բժիշկը զգուշացրել էր, որ, ամենայն հավանականությամբ, քեզ մոտ պոստտրավմատիկ ամնեզիա է լինելու: Եվ դա նորմալ է այն ամենից հետո` ինչ քեզ հետ պատահել է..
- Իսկ ի՞նչ է ինձ հետ պատահել..
- Մոն ամոուղ, արի հետո խոսենք դրա մասին.. Հիմա քեզ շատ հանգիստ է պետք.. Կանչեմ բժիշկին..
..Երբ նորից արթնացավ, արդեն խորը գիշեր էր պատուհանը ցույց տալիս:
Շիկահեր գեղեցկուհին` կողքի բազկաթոռի մեջ ընկղմված, գիրք էր կարդում:
Գլուխն առաջվա պես ահավոր ցավում էր:
- Ջո՜ւր
- Հիմա սիրելիս..
Հետո գեղեցկուհին պատմեց, որ հիշողության վերականգնումը կարող է տևել ինչպես մի քանի օր, այնպես էլ` շաբաթներ:
Իրենք ամուսնացած էին և ունեին մի տղա ու մի աղջիկ: Ինքը ֆրանսիացի ազնվական էր ու մեծահարուստ Լե Գրանդ տոհմից: Իր անունը Ջոաշիմ էր, կնոջինը` Անտուանետտա:
Երիտասարդ տարիքում պրոֆեսիոնալ սպորտսմեն է եղել, դրա համար էլ` նման թիկնեղ ու մկանուտ մարմնով է օժտված:
Դեպքի օրը` վերջին անգամ իրեն տեսել են կեսօրին` իր գլխավորած ընկերության գրասենյակից քարտուղարուհու հետ դուրս գալուց, իսկ երեկոյան էլ գտել են վթարի ենթարկված մեքենայում` անգիտակից վիճակում:
Որովայնի հատվածում հրազենային վիրավորում կա, գլխին էլ` բութ գործիքով հարվածի հետքեր:
Քարտուղարուհու հետքերն իսպառ կորել են, ինչպես նաև` մի մեծ փաթեթ կարևորագույն փաստաթղթեր ու արժեթղթեր:
Դրա համար էլ շատ կարևոր է, որ նա ժամ առաջ փորձի հիշել կատարվածն ու քարտուղարուհու գտնվելու հնարավոր վայրը հայտնի քննությանը..
Ողջ այս պատմությունն իրեն ոչինչ չհիշեցրեց, ինչպես նաև` քարտուղարուհու նկարը, որից իրեն նայող կեռ հոնքերով ու արծվաքիթ կապուտաչյայի տեսքից միայն սուր ծակոց զգաց կրծքավանդակում..
Հաջորդ օրն առավոտյան Անտուանետտան խնդրեց իրեն ներել` պետք է տուն գնար անքուն գիշերից հետո իրեն կարգի բերելու ու մի քիչ թարմանալու:
Բայց իր մոտ թողնելով հեռախոսը` պահանջեց շտապ զանգել` հենց մի բան հիշի:
Գլուխն առաջվա պես ցավում էր:
Առավել ևս` դրանում մերթընդմերթ առկայծող հիշողության բլիցերից ու իրար հետ դժվար կապվող տեսարաններից..
Հայացքը պատուհանին հառած ու մտքերում խորասուզված` չէր էլ նկատել, թե ինչպես է բուժքույրը ներս մտել.
- Կոմանդո՞ռ.. էս ի՞նչ օրն ես ընկել..
Միանգամից չհասկացավ հարցը..
Իսկ բուժքույրը` անհանգիստ շուրջը նայելով, շարունակեց.
- Պետք է շտապ հեռանալ էստեղից: Հայտնի չի, թե երբ կսկսի վերականգնվել հիշողությունդ ու թե ինչ կանեն քեզ հետ` դրանից հետո..
- Սպասիր, սպասիր.. դու փաստաթղթերի հետ անհայտացած քարտուղարուհիս չե՞ս..
- Չգիտեմ, թե քեզ ինչեր են պատմել, բայց ես քո օգնականն եմ Կոմանդոռ: ՈՒ մեզ վրա հարձակում են իրականացրել նրանք` ովքեր այս պահին էլ սրահից հետևում են հիվանդասենյակիդ:
- Ո՞վ է հարձակվել և ինչո՞ւ ես ինձ Կոմանդոռ կոչում: Ես Ջոաշիմ Լե Գրանդն եմ ու ես..
- Ոչ: Դու Հովակիմ Պատվականյանն ես` Պաշտպանության Բանակի սպա ու հետախույզ: Մեզ հույժ գաղտնի առաջադրանքով գործուղել են Ֆրանսիա` տեղում երրորդ երկրի կողմից մեր հանդեպ նախապատրաստվող հրեշավոր սադրանքը կանխելու: Մնացածը հետո.. Հիմա շտապել է պետք..
- Բայց..
- Ոչ մի բայց: Դեզդեմոնան ամեն րոպե կարող է վերադառնալ: Քեզ գանգուղեղի ռենտգեն է նշանակված, ես էլ` բուժքույրի հագուստով եմ: Առանց կասկածներ հարուցելու` քեզ սայլակով կուղեկցեմ ռադիոլոգիայի բաժանմունք: Էնտեղ մեր մարդը մեզ է սպասում, կփոխվես ու կպոկվենք պոչից..
- Իսկ ինչո՞ւ ես քեզ պիտի վստահեմ:
Կապուտաչյա սևահերը ժպտաց.
- Դե գիտե՞ս Կոմանդոռ` կլասիկայի ժանրով կարող էի քեզ հիշեցնել հետույքիդ մեծ խալի մասին, որն անզեն աչքով դժվար է նկատել, բայց կվարվենք էսպես.
Գրպանից գրիչ հանելով արագ ինչ-որ բան գրեց թղթի վրա ու, այն ծալելով, նայեց ուղիղ աչքերին.
- Ե՞րբ արևը մայր կմտնի արևելքում.
- Երբ որ այրուձին լքի իր լեռները, - իրենից անկախ արագ պատասխանեց Կոմանդոռը
Սևահերը` ծալած թուղթը պարզելով, լայն ժպտաց.
- Բաներ կան, որ երբեք չեն ջնջվում հիշողությունից.. Դա մեր գաղտնաբառն է..
Թղթի վրա մեսրոպատառ գրված էր «Այրուձին իր լեռները լքողը չի»..
Առանց ժամանակ կորցնելու փույթով դուրս եկան հիվանդասենյակից...
Էջանիշներ