Էլնումա, էլ չի: Ավելի շուտ, ընթերցասերներին այն հայտնի է որպես “Էնումա Էլիշ”, ինչը սովորաբար թարգմանվում է “ինչպես վերևում” կամ “Երբ վերևում”: Սա վերնագիր չէ, ուղղակի պոեմի առաջին երկու բառերն են:
Ավելի շուտ, այդպես է ոչ հայերեն թարգմանություններում: Բայց, երբ, չգտնելով պոեմի հայերեն թարգմանությունը, ես որոշեցի ինքս թարգմանել այն, ինձ մոտ լրիվ այլ բան ստացվեց: Իսկ այն, ինչ ստացվեց, ըստ իս, շատ ավելի տրամաբանական է որպես հինավուրց ստեղծագործության սկիզբ, քան “ինչպես, կամ երբ վերևում”: Շուտով հայ ընթերցողն ինքը, անձամբ, կտեսնի այդ, իսկ եզրակացությունները թող ինքն անի:
Ինչու եմ ես այս ամենը գրում: Որովհետև ոչ շումերագետ եմ, ոչ պատմաբան և ոչ էլ, առավել ևս, թարգմանիչ: Ուղղակի մի օր որոշեցի հնարավորինս հավաքել հինավուրց գրականության գրադարան հայերեն լեզվով: Իսկ իմ իմացած ցուցակում այս պոեմը, ըստ էության ամենահինն է, կամ ամենահինն է “Ձայն (Ձիան)” գրքից հետո: Իսկ քանի որ “Ձայնն” արդեն թարգմանել էի, որոշեցի ձեռնարկել այս պոեմի թարգմանությունը:
Որոշեցի օգտվել ինձ հասանելի երկու՝ անգլերեն և ռուսերեն թարգմանություններից: Որոնումներիս ընթացքում արդեն սեպագերով վերնագիրն ինչ-որ տարօրինակ թվաց ինձ: Ասեմ, որ իմ գիտելիքները սեպագրերի մասին համարյա հավասար են զրոյի: Մի կողմից, հարց է ծագում, թե ուրեմն ինչու՞ եմ քիթս խոթում ինձ անծանոթ այդ աշխարհը… Բայց, ազնվորեն ասած, ինձ ահավոր ցավ է պատճառում այն հանգամանքը, թե որքան գրականություն կա, չթարգմանված հայերեն լեզվով…
Իսկ գիտելիքներս հետևյալն էին: Նախ, որ շումերական սեպագրերում ձայնավորներ չկան կամ համարյա չկան, և այդ հարցում ես կարծես թե սխալ էի: Հետո, որ ձայնավորները կարդացվում են ըստ տեքստի տրամաբանության, և դրանք կարելի է դնել բաղաձայնից թե առաջ և թե հետո: Եվ երրորդ, որ, որոշ սեպագրեր, “Ս (S)”-ն օրինակ, կարելի է կարդալ. Ս, Ց, Չ, Ձ, Զ… և այլն: Հնարավոր է, որ այս բոլոր տեղեկությունները շատ սխալ էին: Բայց այն ամենը, ինչին ես հետագայում հանդիպեցի թարգմանչության ընթացքում, ցույց տվեց, որ մասնագետների գիտելիքներն էլ շումերական լեզվի մասին առանձնապես շատ չեն տարբերվում իմ անգիտությունից:
Ու ես, քիչ թե շատ ավելի հանդգնելով, որոշեցի այնուհանդերձ թարգմանել այդ պոեմը, որովհետև այն սխալները, որոնք թույլ են տրված մասնագետների թարգմանություններում, արդեն այնքան ապատեղեկատվություններ են տվել աշխարհին, որ ես հանգիստ կարող եմ վստահ լինել, որ իմ թարգանությունը նրանց թարգմանություններից ավելի վատը չի լինի:
Ես իրոք, շատ լավ հասկանում եմ, որ իմ թարգմանությունն առանձնապես արժեք ունենալ չի կարող: Բայց ես համոզված եմ, որ շուտով կգա ժամանակը, երբ այդ հիանալի և մարդկության համար արտակարգ նշանակություն ունեցող ստեղծագործությունը կգտնի իր արժանի հայ թարգմանչին, որը, վերծանելով նյութը հայերենով, քարուքանդ կանի համաշխարհային շումերագիտությունը և հանդես կգա աննկարագրելի նոր բացահայտումներով:
Որովհետև հայերենը՝ միակ լեզուն է, որով կարելի է թարգմանել շումերական սեպագրերը, և սրանում ես բացարձակապես համոզված եմ պոեմը թարգմանելուց հետո:
Իսկ հիմա ուզում եմ ցույց տալ, թե ինչու ես որոշեցի “Էնումա Էլիշի” փոխարեն պոեմին տալ “Էլնումա, էլ չի” անվանումը:
“Էնումա Էլիշ” անվանումն ունի չորս բաղաձայն. Ն-Մ-Լ-Շ: Բայց, ինչպես տեսնում եք, տեքստը բաղկացած է հինգ նշաններից:
Իսկ ահա, թե ինչ տեսք ուներ այդ տեքստն իր լատինատառ փոխակերպման հետ միասին.
Իսկ այստեղ արդեն ինձ բացարձակապես կասկածելի թվաց առաջին՝ “Է” տառը: Որովհետև, ինչպես արդեն ասացի, իմ պատկերացմամբ, սեպագրերում ձայնավորներ չպետք է լինեին…
Ու մի բան էլ: Ինչպես տեսնում եք, առաջին և չորրորդ սեպագիր նշանները բացարձակապես նույնն են: Եվ ես որոշեցի, որ առաջին սեպագիրը պետք է փոխակերպել ճիշտ նույն կերպ, ինչպես չորրոդը. Այսինքն, աևաջին E տառից հետո գրեցի L.
Նախքան ես կորոշեի կատարել այս գործողությունները, արդեն մի քանի օր էի անց կացրել տարբեր փնտրտուքների մեջ, ու չգիտես ինչու, երբ հիշում էի լատինատառ տեքստը, անընդհատ հիշողությանս մեջ վերականգնվում էին այս հինգին հաջորդող երկու սեպագրերի փոխակերպումները, որոնք են. La և Na.
EL NU MA EL SI LA NA
Ինչպես նկատեցիք, բացի երկու նոր նշանները, այս տեքստում արդեն ես մի փոփոխություն եմ կատարել: Ինչպես արդեն ասել եմ վերևում, S տառը ունի մի քանի նշանակություններ, երբ վերևում դրված է այդ նշանը: Այդ է պատճառոը, որ թարգմանիչներն այն կարդացել են ոչ թե “Ս”, այլ “Շ”: Հետևելով նրանց օրինակին, ես փորձեցի կարդալ այն մեկ այլ կերպ. ԻՍ, ԻԶ, ԻՉ… Ինչպես նաև, հիշելով, որ ձայնավորը դրվում է կամովի, ընդ որում ինչպես բաղաձայնից առաջ, այնպես էլ հետո, սկսեցի կարդալ տարբեր ձայնավորներով էլ: Ի վերջո, բազմաթիվ տարբերակներից ընտրեցի ՉԻ տարբերակը, քանզի, ինչպես ասացի, անընդհատ մտքիս մեջ էին նաև հաջորդ երկու նշաններն էլ, որոնք այդ պահին մեծ օգնություն ցուցաբերեցին ճշգրիտ որոշում ընդունելու համար:
Եվ, նախքան ցույց կտամ իմ վերջնական տարբերակը, պետք է նշեմ, որ փոխեցի նաև վեցերորդ ու յոթերորդ նշանների ձայնավորներն էլ, չէ որ դրանք կամայականորեն են դրվում, և ահա թե ինչ ստացա.
EL NU MA EL SI LI NU
ԷԼ ՆՈՒ ՄԱ ԷԼ ՉԻ ԼԻ ՆՈՒ
Համոզված եմ, որ եթե հազար հայ կարդա գրածս, հնարավոր է, որ նրանցից մեկը չհասկանա, թե ինչ է գրված այստեղ: Էլնումա, էլ չի լինու…Եվ այդ մի հոգու համար ստիպված եմ ասել, որ այստեղ գրված է այն, ինչ դեռ օրորոցից լսել ենք մենք բոլորս մեր տատիկներից ու պապիկներից, հայրերից ու մայրերից, իսկ հետո ինքներս էլ կարդացել ենք համարյա բոլոր հեքիաթների ու պատմությունների սկզբում. ԼԻՆՈՒՄԱ, ՉԻ ԼԻՆՈՒՄ:
Լինումա, չի լինում: Առանց որևէ թարգմանության, ուղղակի սեպագրերը փոխարինելով հայերեն տառերով: Իհարկե, հաշվի առնելով մեր և Շումերի միջև ընկած 4000 տարի ժամանակաշրջանը, ինպես նաև բազմաթիվ հայկական դիալեկտները:
Ո՞րն է ավելի տրամաբանական. “Ինչպես վերևու՞մ”, “Երբ վերևու՞մ՞, թե՞ “Լինումա, չի լինում”: Խնդրեմ, ինքներդ եզրակացրեք.
“Էլնումա, էլ չի լինում,
վերևում երկինք չի լինում,
ներքևում գետին չի լինում:
Եվ Ափզուն առաջնածին, ամենածին
և Տիամատը՝ քաոսը, մայրն իրենց երկուսի,
իրենց ջրերը միասին խառնեցին:
Եվ դաշտեր չկային դեռ գցած,
և եղեգնիկ էլ չկար ծիլ տված,
երբ չկային աստվածներ
և ոչինչ արարված չէր,
և ոչինչ անվանված չէր,
և ոչինչ նախանշակված չէր:
Այն ժամանակներում
երկնքի ընդերքում
ծնվեցին աստվածներ”:
Սա՝ նախաբանն է: Հենց այսպես է սկսվում այս հիանալի ստեղծագործությունը: Իմիջիայլոց, նկատեցի՞ք “և եղեգնիկ էլ չկար ծիլ տված” տողը, “Վահագնի ծնունդը” հիշեցի՞ք…
Ասեմ, որ հատուկ որոշեցի պոեմն անվանել հենց “Էլնումա, էլ չի”, Լինումա, չի լինումի փոխարեն: Որպեսզի չկորչի նմանությունը “Էնումա էլիշի” հետ, և որպեսզի ամեն տեղյակ ընթերցող տեսնի այդ սխալը: Որովհետև այս թարգմանությունից հետո չի հանգչում իմ մեջ զայրույթը, որ շումերական տեքստերը թարգմանելու համար օգտագործել են մի քանի տասնյակ լեզուներ, բայց հայերենի մասին չեն էլ մտածել…
Շուտով կվայելեք ընթերցելու հաճույքը: Բայց նախքան այդ, կուզենայի ձեզ տեղեկացնել մի քանի թարգմանչական սխալների մասին էլ, որոնք տեղի են ունեցել հենց այն պատճառով, որ ընտրել են ոչ թե հայերենը, այլ ինչ-որ այլ լեզուներ: Ավելի ճիշտ, կանգ կառնեմ նրանցից երկուսի վրա, որոնք առավել էական են, որովհետև այդ սխալների վրա տասնյակ, եթե ոչ հարյուրավոր, գրքեր են գրվել, կառուցվել են սխալ պատկերացումներ Երկիր մոլորակի բնակչության ստեղծման պատճառների մասին և այլն:
Առաջինը անունակներն են: Ես նրանց անվանել եմ Անունակ Զաքարիասիտչինովիչներ: Թող ների ինձ Զաքարիա Սիտչինը, բայց հենց նրա սխալ թարգմանությունից հետո սկսվեց պատմությունն այն մասին, որ անունակները՝ այլմոլորակայիններ են Նիբիրու մոլորակից, որնք եկել են Երկիր մոլորակ օգտակար հանածոների, հիմնականում ոսկու համար, իսկ մարդկանց ստեղծել են որպես իրենց ստրուկներ, այդ ծանր աշխատանքը կատարելու համար: Կոպիտ ասացի, երկու խոսքով, բայց Սիտչինի պատմությունը մոտավորապես սա է: Եվ սրան հետևում է ամբողջ աշխարհի շումերագետ գիտական եղբայրությունը:
Իսկ ահա թե ես ինչ պարզեցի թարգմանության ընթացքում: Այստեղ երկու խոսքով պետք է պատմեմ այդ հատվածը, հետո ինքներդ կտեսնեք, առաջին սալիկի վերջում:
Մարդուկի դեմ կռիվը ղեկավարելու համար Տիամատն ընտրում է աստվածներից մեկին, Քինգուին, դարձնում է իրեն ամուսին, ստեղծում է նրա համար տարբեր սարսափելի զենքեր ու հնարքներ, սովորեցնում է նրան, թե ինչպես դրանցից օգտվի.
… Աստվածներից, առաջին իր զավակներից,
նա ընտրեց Քինգուին, որն աջակցել էր իրեն,
և կարգեց հրամանատար բոլորի վրա՝ Գլուխ բոլորին.
Զորքին ղեկավարել, տանել մարտի դաշտ,
կռվի ազդանշան տալ, կոչել հարձակման,
վարել պատերազմը, հսկել մարտի դաշտը:
Վստահեց նրան, ճոխ զգեստներ տվեց,
իր կողքը նստեցրեց և այսպես խոսեց.
"Ես ասացի իմ խոսքը, քեզ իշխանություն տվեցի,
բոլոր աստվածներից ես քեզ ընտրեցի,
բոլոր աստվածային որոշումները քեզ հանձնարարեցի…
Իսկ հիմա, ուշադիր եղեք, սա՝ ամենակարևոր տեղն է.
Դու միակ ունակն ես հիմա, ինձ ամուսին եղիր,
բոլոր ան-ունակների վրա ես քեզ մեծարեցի:
Ստացվում է, որ Քինգուն միակն էր, որ գիտեր բոլոր հմտությունները, գիտեր, թե ինչպես կառավարել այդ բոլոր հրեշավոր զենքերը: Նա միակն էր, որ գիտեր, իսկ մնացածը՝ չգիտեին: Եվ ուրեմն՝
Կինգուն միակն էր, որ ՈՒՆԱԿ էր, իսկ մնացած աստվածներն ԱՆՈՒՆԱԿ էին, ան ունակ էին, զենքերին կառավարելու ունակությունը չունեին:
Իմիջիայլոց ասեմ նաև, որ ամենայն հավանականությամբ Կինգուի այդ Ունակ լինելն էր պատճառը, որ երբ Մարդուկը որոշեց ստեղծել մարդկանց, - նկատեք, որ ոչ թե անունակները, այլ Մարդուկը, իր հայր Հայայի օգնությամբ, - բոլոր պարտվածների միջից նրանք ընտրեցին սպանել հենց Քինգուին և վերցնել հենց նրա արյունը: Որովհետև Ունակը՝ նա էր:
Իհարկե, կարելի էր ներել Զաքարիա Սիտչինին իր սխալը, որովհետև, չգիտենալով հայերեն լեզուն, նրա համար դժվար էր հասկակալ որ “անունակ” բառը՝ հատուկ անուն չէ, այլ նշանակում է, կոպիտ ասած, անշնորհ: Բայց նա այնքան էր հիացած ու ոգևորված իր այդ նոր հայտնագործությամբ, որ մոռացավ մի շատ կարևոր հանգամանք. Կոնկրետ այն պահին, երբ առաջին անգամ խոսքը գնում է ան-ունակների մասին, նյութական աշխարհ դեռևս գոյություն չուներ: Նյութական աշխարհը ստեղծեց Մարդուկն արդեն Տիամատին հաղթելուց հետո, սպանելով Տիամատին և որպես նյութական աշխարհի նյութ օգտածործելով նույն Տիամատի մարմինը:
Եվ ուրեմն, ինչպե՞ս Տիամատն ինքը կարող էր այլմոլորակային անունակներին ղեկավար նշանակել Քինգուին, ղեկավար նրանց, ովքեր դեռևս չկային…
Ինչ վերաբերվում է Նիբիրու մոլորակին: Նիբիրու անունը պոեմում հիշատակվում է երեք անգամ: Առաջին անգամ ասվում է, որ Մարդուկը ստեղծեց երկինքը և այն Նիբիրու անվանեց: Երկրորդ անգամ հիշատակվում է, երբ աստվածները Մարդուկին անուններ են տալիս.
(49) Որպես ՆԵԲԵՐՈՒ թող նա պահի
դրախտի և սանդարամետի հատման վայրը.
վերևից կամ ներքևից ոչ ոք չպետք է հատի սահմանը,
բոլորը պետք է սպասեն նրան:
Երրորդ անգամ ասվում է, որ Մարդուկի աստղի անունն է Նեբերու:
ՆԵ-ԲԵՐՈՒ է կոչվում նաև աստղը նրա,
որը նա ստեղծեցեց երկնքում շողալու համար,
որ նա իր դիրքը գրավի երկնային սանդուղքի վրա,
որպեսզի մարդիկ և աստվածները տեսնեն նրան:
Ոմանք այն կարծիքին են, որ դա մի երկրորդ արև է, որը թափառում է տարբեր գալակտիկաներում և 3400 տարին մեկ անգամ այցելում է մեզ: Իմ կարծիքն այն է, որ Մարդուկը Նիբիրու է անվանել հենց մեր Արեգակը:
Շատ ուրախ կլինեի, եթե մասնագետները փորձեն վերծանել պոեմում նշված բազմաթիվ անունները: Համոզված եմ, որ դրանք բոլորը՝ կարևոր խորհրդանիշներ են, իսկ դրանք շատ են անհրաժեշտ մեզ մեր ծվատված պատմությունը վերականգնելու համար: Ես ընդամենը կարող եմ եզրակացություններ անել, արտահայտել կասկածներ: Օրինակ, Տիամատ = Տիեզերքի Մայր, Անչար = Չարից Զուրկ, Ափզու = Ափ զ’Ուր = Լույսի Ափ և այլն:
Բարի ժամանց:
Սիրով՝
Սամվել Առաքելյան
Էջանիշներ