User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Լիոն Ֆեխտվանգեր - ԿԵՂԾ-ՆԵՐՈՆ

  1. #1
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,993
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լիոն Ֆեխտվանգեր - ԿԵՂԾ-ՆԵՐՈՆ

    Թարգմանությունը Ա. Մալխասյանի

    ԱՌԱՋԻՆ ՄԱՍ. ԲԱՐՁՐԱՑՈՒՄ.

    1. ԵՐԿՈՒ ՔԱՂԱՔԱԳԵՏ

    Այդ օրը, մարտի վեցին, անցորդները երկար ժամանակ հետևում էին սենատոր Վառոնի ձգվող պատգարակներին, որն ուղևորվում էր դեպի հռոմեական կայսերական նահանգի Սիրիայի պրոկոնսուլի պալատ: Երկու օր առաջ նոր պրոկոնսուլ Ցեյոնին հանդիսավորությամբ հանձնվել էին իր աստիճանի նշաններ` կացիններ և գավազանների կապոց. նկատվել էր, որ սենատոր Վառոնը՝ նահանգի ամենահզոր մարդը, ներկա չէր եղել արարողությանը: Եվ ահա, երբ նա ուշացած այց կատարեց պրոկոնսուլին, ամբողջ Անտիոքը սկսեց խոսել այն մասին, թե արդյո՞ք Վառոնը հաշտ կապրի նոր աստիճանավորի հետ
    Պարզ եղանակ էր, բավականին ցուրտ, սարերից փչում էր գարնանային սառը քամի: Պատգարակները թեքվեցին դեպի քաղաքի երկար ու հանդերձավորված գլխավոր փողոցը: Սենատոր Վառոնը, լիքը շուրթերին հազիվ նկատելի ժպիտ, փորձառու աչքով նշմարեց, որ շատ կառավարական շենքերի ու մասնավոր ձեռնարկությունների առաջ ջանադիր աստիճանավորներն ու քաղաքաբնակները արդեն իսկ տեղադրել են նոր պրոկոնսուլի կիսանդրին: Իր արագ սահող պատգարակներից նա դիտում էր այդ կիսանդրիները: Ջղաձգորեն ձգված ուսերին նստած էր մի փոքր, չորուկ, ոսկրոտ գլուխ: Քանի՞ տարի էր անցել այն օրից, երբ նա վերջին անգամ տեսել էր այդ գլուխը: Տասներկու, ոչ, տասներեք: Այն ժամանակ նա լի էր բարյացակամ քամահրանքով դեպի այս կերպարանքը: Այն ժամանակ Վառոնը արևի տակ տեղ ուներ: Կայսր Ներոնը հոգում էր նրա մասին, մինչդեռ այս Ցեյոնը , որը չնայած իր ազնվազարմ տոհմին ու փքուն տիտղոսներին չկարողացավ կայսեր մտերիմը դառնալ, մշտական երկյուղի մեջ էր, որ հանկարծ կայսեր քմահաճույքով չշնորհազրկվի: Հիմա հանճարեղ Ներոնը փտում է հողի մեջ: Իսկ նրա տեղում, Պալատինում, կենում է Տիտուս կայսրը, որի նեղ մտահորիզոն ունեցող աստիճանավորներն ու զինվորականները կառավարում են պետությունը, իսկ ողորմելի, բոլորի կողմից արհամարհված Ցեյոնը ջանադրաբար կարիերա է անում, որը կանխորոշված է նրա ծնունդով: Հիմա Ցեյոնը պրոկոնսուլ է, Հռոմեական կայսրության ներկայացուցիչ, տիրում և կառավարում է հարուստ, ահռելի նահանգ Սիրիան, իսկ Վառոնը ապրում է մասնավոր անձի կարգավիճակով: Մասնավոր անձի, քանզի վաղուց դուրս է մնացել սենատորների ցուցակից, ու եթե մարդիկ նրան տեսնելով գոչում են՝ «Կեցցե ճաճանչափայլ այր սենատոր Վառոնը», դա պարզապես քաղաքավարություն է:
    Չնայած դրան, տնտղելով նոր պրոկոնսուլի կիսանդրին, Վառոնը հիմա էլ զգաց նույն թեթևամիտ, գրեթե բարեհոգի քամահրանքը, որը նա դեպի իր հասակակից Ցեյոնը տածում էր դեռևս մանկուց: Լյուցիուս Ցեյոնը ծագում էր հարուստ ու հին տոհմից և զուրկ չէր ընդունակություններից: Սակայն մի հին և անհեթեթ պատմություն ստվեր էր գցում նրա ընտանիքի վրա: Ցեյոններից մեկը՝ Լյուցիուսի նախնին, յոթանասունմեկ տարի առաջ, ոմն Արմինիուսի դեմ մղվող կռվում, առաջիններից մեկը դեն նետեց զենքը, և պատանեկությունից Լյուցիուսն այնպիսի զգացողություն ուներ, կարծես իր վրա էր դրված տոհմի վրայից այս անպատվաբեր բիծը մաքրելու պարտավորությունը: Այդ հյուծված սակավարյուն տղան դեռևս տաս-տասներկու տարեկան հասակում ճիգ էր գործադրում կարևորություն և արժանապատվություն հաղորդել իր կեցվածքին և, չնայած իր թուլակազմությանը, ջղաձիգ ամբարտավանությամբ ձգվում էր դեպի մյուսները: Այդ ճիգ ու ջանքով հնարված կտրիճությունը հասակակիցներին լոկ առիթ էր տալիս առանձնակի չարախնդությամբ ծաղրել նրան: Այդ ի՞նչ մականուն նրանք տվեցին նրան դպրոցում: Սենատոր Վառոնը բարձրացրեց հոնքերը, լարված փորձեց մտաբերել, բայց անհրաժեշտ բառն այդպես էլ չեկավ նրա լեզվին:
    Երկար տարիներ անց այնքան էլ հեշտ չէր լինի նման փոփոխված միջավայրում հանդիպել թանկագին Ցեյոնի հետ: Վառոնի և Սիրիա նահանգի կառավարության հարաբերությունները չափազանց բարդ էին: Պրոկոնսուլի պալատում նրան՝ հռոմեացի Վառոնին, վաղուց Սիրիայի ներկայիս վարչակարգի վտանգավոր ախոյան էին համարում: Է՞լ ինչպես կդասավորվեին հարաբերությունները Ցեյոնի օրոք, որը չէր մոռացել Վառոնի կարեկցող և միաժամանակ թշնամական արհամարհանքը, հասկանալի է, նախկին Վառոնի:
    – Կեցցե՛ սենատոր Վառոնը, ճաճանչափայլ այրը, - լսվեց բոլոր կողմերից:
    Վառոնը պատվիրեց ավելի լայն բացել պատգարակի վարագույրները և ուղղվեց, որպեսզի նրա մսոտ արևահար դեմքը, բարձր ճակատով, խոշոր արծվային քթով և լի շրթունքներով, ավելի լավ տեսանելի լինեն ամբոխին: Նա արբենում էր համընդհանուր երկրպագությամբ: Նա զգում էր իր գերազանցությունը կայսերական նոր ներկայացուցչի նկատմամբ: Այստեղ, Անտիոքում, դիրքի հասնելը ավելին էր, քան Պալատինում սիրելի լինելը: Ներկայիս Հռոմում, Ֆլավիոսների Հռոմում, Տիտուսի, փող է պետք և տոհմական անուն, ուրիշ ոչ մի բան: Իսկ Անտիոքում, այս կասկածամիտ, հուզագրգիռ և խայտաբղետ բազմության մեջ,- հույների, սիրիացիների, հրեաների,- անհրաժեշտ է մշտապես դրսևորվել գործերով, անձնական հատկանիշներով, նորից և նորից նվաճել դյուրազգաց բնակչության վստահությունը: Այս Արևելքը վտանգավոր էր, հենց այդ պատճառով էլ Վառոնը այն սիրում էր: Նա հասավ իրենին՝ իր համար դիրք ստեղծեց Սիրիայում: Թեկուզ և չէր հենվում դաշնագրերի ու արտոնությունների վրա. հիմա նա հռոմեական կայսրի ներկայացուցչի հետ կարող է առերեսվել որպես միանգամայն իրական ուժ:
    Ահա և պրոկոնսուլի պալատը: Կոնսուլական նշանների ու գավազանների կապոցի միջև ընկած ճեմասրահում՝ նոր կառավարչի ուժի խորհրդանիշների, արդեն անդրշիրիմյան աշխարհի ոգիներ էին ցուցադրվում՝ պրոկոնսուլի նախնիների մոմե պատկերներով: Նրանցից մեկը, նրա ապուպապը, որն արատավորել էր նրա տոհմը, ծածկված էր: Պրոկոնսուլ Ցեյոնը ըստ երևույթին չհամարձակվեց նույնությամբ պատասխանել Վառոնին այն բանի համար, որ նա ներկա չէր գտնվել իր երդմնակալության արարողությանը: Նա ինքը դուրս եկավ սրահ, որը բերնեբերան լցված էր մարդկանցով: Բոլորի աչքի առաջ նա գրկեց ու համբուրեց Վառոնին. ընդ որում այդ փոքրիկ նվաղկոտ մարդուկը փոքր-ինչ զվարճալի կախ ընկավ վայելչակազմ սենատորից. բոլորը լսեցին, թե ինչպես պրոկոնսուլն իր բարալիկ ճղճղան ձայնով ասաց, որ ուրախ է իր պատանեկության տարիների ընկերոջը այդպիսի փթթուն վիճակում տեսնել: Այնուհետև նա բարեհամբույր տեսքով Վառոնին հրավիրեց իր առանձնասենյակ:
    Նստեցին իրար դեմ դիմաց: Պրոկոնսուլ Ցեյոնը, նիհար, փոքրիկ, իրեն շատ ձգված էր պահում արևելյան բազկաթոռի մեջ, զբաղեցնելով լոկ նստատեղի կեսը, մի ձեռքի եղունգներով տրորում էր մյուս ձեռքի ափը և քաղաքավարի-փորձող հայացքով նայում էր Վառոնին:
    «Այս ոջլոտ Անտիոքում, - մտածում էր նա, - Վառոնին ըստ երևույթին դեռ կարևոր մարդ են համարում: Բայց ո՞վ է նա: Նախկին այր: Շնորհազրկված: Հռոմում ոչ մեկը չի հիշում նրան: Երբ արտաբերում են նրա անունը, հռոմեացիները անորոշ կերպով մտաբերում են. «Ա՜հ, Վառոն, այն մեկը չէ՞, որի անունը Վեսպասիանոս կայսրը այնինչ խայտառակությունից հետո ջնջեց սենատորների ցուցակից: Նա, ասում են, մեծ փողեր է վաստակել Սիրիայում»: Կարողություն նա դիզել է և, ըստ բոլոր տեղեկությունների, սահմանի այն կողմում գտնվող տիրակալների վրա նույնպես ազդեցություն ունի: Բայց արդյո՞ք մեծ պատիվ է: Ինչպիսի անկում հռոմեացու համար, որը մի ժամանակ սենատում էր կենում: Շրջել այս բնիկ առաջնորդների խաղալիք պալատներում, այս քրմերի ու շեյխերի, իրենց թշվառ իշխանական տիտղոսներով: Մենք այնտեղ էլ հոգ կտանենք նրա մասին: Իմ նախորդը չափից ավելի անվճռական էր, հակառակ դեպքում այս արկածախնդիր Վառոնը այսպես լկտիորեն ոտքերը իրար վրա գցելով հիմա չէր փռվի իմ առաջ:
    Իսկ Վառոնը նստած էր բազմոցին, ծույլ կեցվածքով, ոտքերը արևելյան ձևով ծալապատիկ ծալած, դեմքի բարեհոգի, գրեթե սրտագին արտահայտությամբ: Նա հիանալի հասկանում էր զրուցակցի մտքերը: Նա գիտեր, որ նա իրեն բարձրից է նայում ու միաժամանակ վախենում է իրենից: Դա նրան չարախինդ բավարարվածություն էր պատճառում: Այո, նա հաստատվել է այստեղ և հակառակ ներկայիս իշխանավորների՝ Ֆլավիոսների կամքի, իրեն թույլ է տալիս շարունակել Ներոն կայսեր վարած քաղաքականությունը: Նրան հեռացրին: Վեսպասիանոսը ինչ-որ խայտառակ, ծիծաղելի պատրվակով վտարեց նրան սենատորների ցուցակից: Բայց դրանով նրանք ոչնչի չհասան: Նա, Վառոնը, պարզապես շարունակում էր վարել նախկին համաձայնագրի քաղաքականությունը, կենալով ոչ թե Հռոմում, այլ այստեղ, իր սիրիական տիրույթներում: Նոր տերերը իրենց հռոմեական կոշտ ռազմատենչ հնարքներով չկարողացան հաշիվ տեսնել իր հետ: Մանր արքայիկները, քաղաքների կառավարիչները և հոգևոր գերապատիվ հայրերը, որոնց պետությունները տեղակայված էին Հռոմեական կայսրության և Պարթևական թագավորության միջև, Հռոմի ներկայացուցչին տեսնում էին ոչ թե Անտիոքի նահանգապետի, այլ իր, Վառոնի մեջ: Նրանք նրան փոխանցեցին այն ամբողջ սերն ու մեծարանքը, որն Արևելքում վայելում էր գահընկեց արված Ներոն կայսրը: Իշխանությունը, որ նվաճել էր Վառոնը, անտեսանելի ուժ էր, բայց ամուր էր և կայուն: Հռոմեական Սիրիա նահանգի կառավարությունը հաճույքով կազատվեր Վառոնից, ու չնայած նա սպիտակ հատ էր նրանց աչքի առաջ, նրանք նրա օգնության և միջնորդության կարիքն ունեին, այլապես Հռոմը ստիպված կլիներ փոքրիկ անվերջ պատերազմներ վարել սահմանամերձ պետությունների հետ:
    Վառոնը ժպտում էր ինքն իրեն, տեսնելով, թե ինչպես է Ցեյոնը անբնական ուղղաձիգ նստել ծիրանիի՝ պրոկոնսուլի աստիճանավորի հանդերձանքի մեջ: Նոր հպատակներին Հռոմի այս ներկայացուցիչը թերևս տիրական ու մեծահզոր թվա, բայց նա, Վառոնը, այս տենդային կարմիր բծերով ծածկված գունատ դեմքին անվստահություն է կարդում: Նա նկատեց, թե ինչ դժվարությամբ է Ցեյոնին տրվում իր ինքնատիրապետումը, նկատեց, որ չնայած նա դեռ հիսուն էլ չկա, վեր ձգվելու հավերժական ջանքերով ուժասպառ եղած ծերուկի է նմանվում, որը կոչված է քավելու դժբախտ ապուպապի խայտառակությունը: Վառոնը գրեթե զվարճալի կարեկցանք զգաց այս հայացքի նկատմամբ: «Խեղճ Ցեյոն,- մտածեց նա,- իմ խեղճ դպրոցական ընկեր: Դու ցածր թռիչքի թռչուն ես և քեզ այնքան էլ հեշտ չի լինի ինձ հետ ոտք գցել»: Ցեյոնը մտածեց. «Ի՞նչ կա այս Վառոնին: Ապրում է իր հաճույքի համար այս փտած Արևելքում, իսկ մերոնք կաշվից դուրս են գալիս, որպեսզի պահպանեն կայսրության ամբողջականությունը»:
    Քանի այս մտքերը առկայծում էին երկուսի մոտ, Վառոնն արդեն անբռնազբոս զրույց էր վարում: Նա ուրախ էր, երկար ու բարակ շատախոսում էր Վառոնը, որ Ցեյոնին այսքան եկամտաբեր պաշտոն է բաժին ընկել, դա հաջողություն է ու պատիվ: Ափսոս միայն, որ նրան նշանակել են այս դժոխային ծանր նահանգում: Սիրիան կարող էր տապալել մինչև անգամ ոտքերի վրա շատ ամուր կանգնած մարդուն:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

  2. #2
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    1,993
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    – Ըստ էության,- ավարտեց նա թույլ ընտանևարի ժպտալով, ասես թփթփացնելով զրուցակցի ուսին,- ըստ էության ես ուրախ եմ, որ ես մասնավոր անձ եմ, իսկ դուք նահանգապետ:
    «Նշանակում է, նա չի մոռացել - ինքնաբավությամբ մտածեց Ցեյոնը, - նա հիշում է, որ իրեն դուրս են շպրտել Սենատից»:
    – Ես լսել եմ,- ուրախ ասաց նա,- որ դուք այստեղ էլ ժամանակը զուր տեղը չեք կորցրել:
    – Դե իհարկե,- բարեսրտորեն արձագանքեց Վառոնը,- մենք այնքան էլ ծեր չենք, որպեսզի ձեռքներս ծալած նստենք: Եթե հպանցիկ չզբաղվենք քաղաքականությամբ, մշակույթ չներդնենք, էլ որտե՞ղ անցկացնենք մեր անզբաղ ժամանակը: Եվ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ իմ սիրտը պատկանում է Արևելքին: - Եվ նա ավելացրեց մտածված, գրեթե մտահոգված: - Ձեզ, Ցեյոն, մինչև ուղն ու ծուծը հռոմեացուն, այս բարդ, խառնաշփոթ Արևելքը պետք է որ այնքան էլ սրտամոտ չլինի: Եթե նրա հետ խորքային կապ չես գտնում... - Նա թոթվեց ուսերը, կիսատ թողնելով դարձվածքը:
    Ուղիղ և անշարժ նստած՝ Ցեյոնը նորից մի ձեռքի եղունգներով քորեց մյուս ձեռքի ափը: Գունատ այտոսկրերի կարմիր բծերը բռնկվեցին, նա ծուռ նայեց Վառոնին և խոսեց չոր ու ճղճղան ձայնով:
    – Ամրապնդել սահմանները,- ասաց նա,- Հռոմի ոգին տարածել ընդհուպ մինչև Եփրատ ու հակառակ ափից ոչ մի օտար բան ներս չթողնել: Եթե մարդ իր առաջ նման պարզ առաջադրանք ունի, ապա ինձ թվում է, որ գաղափարի հետ մարդու ներքին կապը կգա ինքնին: - Եվ, փորձելով մեղմել կտրուկ տոնը, ավելացրեց:- Ես շատ ցավում եմ, իմ Վառոն, որ Արևելքի ռոմանիզացիայի հարցում պետք է հրաժարվեմ ձեր աջակցությունից:
    – Ինչպե՞ս թե,- զարմացավ Վառոնը: - Ուրեմն այդ ոլորտում ես քի՞չ բան եմ արել մի մարդու համար, որի թիկունքը բանակ չի զորացնում:
    – Անկասկած,- քաղաքավարի համաձայնեց պրոկոնսուլը:- Այս նահանգում դուք մեծապես նպաստել եք հունահռոմեական ոգու արմատավորմանը: Բայց ամենայն արևելյանն էլ, ցավոք, ավելի շատ եք ներմուծել, քան որևէ այլ հռոմեացի մինչև ձեզ:
    – Դա ճիշտ է,- հաճույքով հաստատեց Վառոնը:
    – Տեսնո՞ւմ եք, թանկագինս,- շարունակեց Ցեյոնը,- հենց դրանից էլ մենք զգուշանում ենք: Դա մեզ դուր չի գալիս: Եվ իհարկե,- ավելացրեց նա ոչ առանց չարության,- դուք հարկադրված կլինեիք բախվել սեփական խղճի հետ, եթե ես որոշակի դեպքերում խորհուրդ հարցնեի ձեզանից: Իսկապես, հնարավո՞ր է արդյոք Արևելքի հետ հավերժական գժտությունների մեջ հռոմեական ոգուն վայել խորհուրդ սպասել մի մարդուց, որը ոչ միայն Հռոմի քաղաքացի է, այլև միաժամանակ Պարթևական թագավորի և Էդեսսայի թագավորի հպատակ է հանդիսանում:
    «Նա լավ պատրաստվել է, - մտածեց Վառոնը, - նա լավ ուսումնասիրել է իմ մասին եղած նյութերը: Սա նույն հին լավ մանկության ընկերն է: Միգուցե հենց դա է պատճառը, որ նա Սիրիա է ձգտել և ոչ թե որևէ այլ տեղ, որովհետև ես եմ այստեղ»:
    Ավարտելով վերջին դարձվածքը՝ Ցեյոնն է՛լ ավելի ձգվեց: Վառոնը հայացքով ընդգրկեց նրան: «Ես հեշտությամբ գլուխ կհանեմ նրանից,- մտածեց նա,- նա միշտ ոչնչություն է եղել: Հենց նրա պես չնչին մարդիկ էլ երբեմն տարվում են իրենց բեմականացված կտրիճությամբ և գնում հանկարծակի բռնի գործողությունների, որոնք հղի են անսպասելի հետևանքներով»: Եվ հանկարծ նրա մտքին եկավ այն մականունը, որը նա ամբողջ ժամանակ ապարդյուն փորձում էր հիշել: «Թափհարիկ»: Իհարկե, «Թափհարիկ»: Ահա թե նրանք ինչ անուն էին դպրոցում տվել Ցեյոնին: Այդպես էին կոչվում Սատուռնատոներին վաճառվող շարժական ոտքերով ու ձեռքերով փայտե տիկնիկները: Լծակի օգնությամբ դրանց, հանուն զվարճանքի, հնարավոր էր դուրս բերել իրենց սկզբնական դիրքից, ստիպել ձգվել, իսկ հետո կրկին նստել: Նրանք Ցեյոնին այդպես էին անվանում՝ ծաղրելով նրա փորձերը ավելի բարձրահասակ երևալ, քան իրականում կար:
    Հիշելով Ցեյոնի մականունը՝ Վառոնը զվարթ տրամադրության մեջ ընկավ: Նա փոխեց խոսակցության նյութը: Սկսեց պրոկոնսուլին մանրամասն հարցուփորձ անել նրա անձնական կյանքի, տրամադրության մասին: Պարզվում էր՝ Ցեյոնը վախենում էր, որ իրեն այնքան էլ հեշտ չի լինի ընտելանալ արևելյան քաղաքի անբարեկիրթ աշխարհին: Անտիոքի Դափնե արվարձանը, որտեղ գտնվում էին մեծատոհմիկների ու մեծահարուստների առանձնատները, վայր, որն իր անամոթ պերճանքով հայտնի էր ամբողջ աշխարհին, այնքան էլ հաճելի դրկից չէր հռոմեացի պաշտոնյայի համար, որը դավանում էր ստոիկների հայացքները:
    Փաստացի ասած, նախկին սենատորի առաջին այցը Սիրիայի պրոկոնսուլին չափից ավելի երկարեց: Այնուամենայնիվ Ցեյոնը պահեց Վառոնին և կրկին նրա հետ խոսեց քաղաքական գործերի մասին:
    – Ասացեք ինձ, իմ Վառոն,- հարցրեց նա,- մի՞թե դուք հիմա էլ, երբ կառավարությունում ոչ թե օտար մարդ է նստած, այլ ես, դժվարություններ կհարուցեք գանձելու այն հարկը, որը նախատեսված է էդեսսական զորքերի զորատեսի անցկացման համար:
    Բանն այն է, որ Էդեսսա քաղաքի, ձևականորեն անկախ նույնանուն պետության մայրաքաղաքի հռոմեական կայազորի պահպանման ծախսերը, որը գտնվում էր Եփրատից այն կողմ, ըստ պայմանագրի պետք է հոգար ինքը Էդեսսան: Սակայն հռոմեական պրոկոնսուլը դրան վերադիր հատուկ հարկ էր գանձում, որը նախատեսված էր սահմանից այն կողմ գտնվող զորքերի վիճակի ամենամյա ստուգումների անցկացման համար: Անտիոքի հարկաբյուջետային մարմիններն այն տեսակետն էին հայտնել, որ Վառոնը, որպես հռոմեական Սիրիա նահանգի քաղաքացի, պարտավոր է վճարել այդ տեսչական հարկը. իսկ Վառոնը համարում էր, որ ինքը արդեն իսկ այն վճարում է որպես Էդեսսայի հպատակ, և որ դա կլիներ կրկնակի հարկում: Վեց հազար սեստերցը, որը ոչ Վառոնի համար նշանակություն ուներ, ոչ էլ կառավարության գանձարանի, էական չէր. կարևոր էր սկզբունքը: Անտիոքի իշխանավորներին կատաղեցնում էր, որ այս նշանավոր պարոնը, որը շնորհազրկված էր Հռոմում, բայց այնուամենայնիվ օգտվում էր Հռոմի քաղաքացու իրավունքներից, սեփական ինքնահաճությամբ մերթ հռոմեական հպատակի էր կերպարանափոխվում, մերթ միջագետքյան իշխանություններից մեկի հպատակի: Այդ պատճառով Վառոնի և Սիրիայի կառավարության միջև այդ հարկատեսակի շուրջը ընթանում էր երկարատև, քաղաքավարի և կատաղի մի վիճաբանություն:
    Եվ ահա Վառոնը կրկին բերում է այն հին փաստարկները, որոնք պրոկոնսուլին արդեն հայտնի էին փաստաթղթերից: Նման կրկնակի հարկումը ոչ միայն իրավաբանորեն է անթույլատրելի, այն վտանգավոր է նաև քաղաքական տեսանկյունից: Այն կընդգծեր այնտեղի կայազորի երկիմաստ բնույթը, Էդեսսայի հանդեպ ունեցած նրա թշնամանքը:
    Պրոկոնսուլը համբերատար լսեց Վառոնի ընդարձակ դատողությունները:
    – Այդ բոլորը հիանալի է,- վերջապես ասաց նա, մտերմաբար համոզելով զրուցակցին:- Բայց հիմա, երբ այս տանը բարեկամ է կենում, ես ձեր փոխարեն լրջորեն կխորհեի, չհրաժարվե՞լ արդյոք մեսոպոտամական և պարթևական հպատակությունից: Միգուցե այդ դեպքում դուք հնարավորություն կունենայիք վերականգնել Հռոմում ունեցած ձեր նախկին դիրքը:
    Վառոնը լարված լսում էր: Այն փաստը, որ այս մարդուկը անմիջապես, առաջին իսկ հանդիպման ժամանակ նման համառություն ցուցաբերեց, ինչ-որ մի բան նշանակում էր:
    – Ի՞նչ եք ուզում դրանով ասել,- ուղիղ հարցրեց նա:- Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ գոյություն ունի մտադրություն ինձ վերստին Սենատի ցուցակում ընդգրկել:
    Պրոկոնսուլը հասկացավ, որ փոքր-ինչ վաղաժամ ընդառաջ գնաց Վառոնին և, պաշտոնական չոր տոնի անցնելով, շտապեց նահանջել,
    – Ես, ամեն դեպքում,- պատասխանեց նա,- Պալատինում հիշատակել եմ այդ մասին, և ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ այն բնավ անբարյացակամորեն չի ընդունվել: Ասենք, հաստատ երաշխիք տալ,- շտապեց ավելացնել նա,- ես իհարկե չեմ կարող: Բայց ես առաջարկում եմ լրջորեն ծանր ու թեթև անել իմ խոսքերը:
    Վառոնը դժվարությամբ թաքցրեց իր հրճվանքը: Նրանք, ուրեմն, այդ Ֆլավիոսները, բոլորի կողմից ատված այդ դուրսպրծուկները, համոզվել են, որ առանց իրեն նրանք Արևելքում հեռու չեն գնա: Նրանք կամենում են նորից իրեն Սենատի ցուցակում ընդգրկել: Շատ սիրալիր է իրենց կողմից: Բայց այնպիսի մարդը, ինչպիսին Վառոնն է, նման անտաշ զորաշարժով չի գայթակղվի: Եթե նրանք իրեն ստանան Հռոմում, ապա մի երեք ամսից կրկին դուրս կվտարեն Սենատից, բայց այս անգամ ավելի խելացի կգտնվեն, և իր հետ հաշիվները կմաքրեն վերջնականապես: Սենատոր Հռոմում: Այս ի՞նչ էժանագին խայծ է: Եվ հանուն դրա նա պետք է հրաժարվի՞ այն ամենից, որն այսքան դժվարությամբ կառուցել է այստեղ, իր բոլոր ձգտումներից միաձուլել Արևելքն ու Արևմուտքը, և պետք է նպաստի նոր տերերի սակավամիտ քաղաքականությանը, որոնք ցանկանում են կայսրության ծանրության կենտրոնը տեղափոխել Արևմուտք և պատնեշ բարձրացնել իրենց և Արևելքի միջև: Խոնարհաբար շնորհակալ եմ, տիարք: Ես գերադասում եմ մնալ Էդեսսայի թագավորի «զարմիկը»: Ավելի լավ է «Պարթևական թագավորի լավագույն բարեկամը» լինեմ, քան Հռոմում «ճաճանչափայլ այր»:
    Նա երախտիք հայտնեց պրոկոնսուլին՝ իր գործով Հռոմում գործադրած ջանքերի համար:
    – Հուսով եմ,- ասաց Ցեյոնը արդեն մի այլ, ավելի ջերմ տոնով,- որ այս հարցում մենք արագ համաձայնության կգանք:
    – Ես նույնպես հուսով եմ,- ասաց Վառոնը, բայց հիմա նա խոսում էր այնքան չոր, որ նրա խոսքերը հնչեցին որպես մերժում:
    Այդ ժամանակ Ցեյոնը տեղին համարեց շոշափել հարցի մյուս կողմը:
    – Մեզ պարզապես անհրաժեշտ է,- հայտարարեց նա,- վերջ դնել այս վեճին: Հապա մի մտածեք, իմ Վառոն, թե ինձ համար ինչ տհաճ կլիներ, եթե մի գեղեցիկ օր ստիպված լինեի ձեր դեմ միջոցներ ձեռնարկել:
    – Այո, իմ Ցեյոն,- պատասխանեց Վառոնը,- զուտ քաղաքավարի տոնով քողարկելով ծաղրը՝ այդ դատարկ սպառնալիքի հանդեպ,- դա տհաճ կլիներ երկուսիս համար: Քանզի այն նշանակության առկայությամբ, որը Միջագետքի պետություններում,- արդարացի թե անարդարացի,- վերագրում են իմ համեստ անձին, նման միջոցառումներ հազիվ թե հնարավոր լիներ իրականացնել առանց թանկարժեք ռազմական արշավանքի: Իսկ ի՞նչ կշահեիք: Հեղինակություն: Բայց որքանով որ ես ճանաչում եմ Պալատինի բնակիչներին, նրանք առանձնապես հակված չեն դրամ վճարել հեղինակության դիմաց:
    Նա վեր կացավ, ընդհուպ մոտեցավ պրոկոնսուլին և ընտանևարի ձեռքը դրեց նրա ուսին:
    – Կամ գուցե կկամենայիք ձեր խոսքերը որպես վերջնագի՞ր դիտարկել,- հարցրեց նա վրդովեցուցիչ ժպիտով, որի մեջ կռահվում էր՝ «Թափհարիկ»: Քանզի եթե Ցեյոնը այդքան հաստատակամորեն ուզում էր հասնել նրա վերադարձին Հռոմ, ապա Վառոնը կարող էր թույլ տալ իրեն նրա մեջ տեսնել արդեն ոչ թե Հռոմի ներկայացուցչին ու որոշակի գաղափար, այլ ընդամենը Թափհարիկին, դպրոցական ընկերոջը:
    Ժամանակի հետ կպարզվի, որ դա սխալ էր, և որ Վառոնը չէր կարող իրեն նման բան թույլ տալ: Իսկ առայժմ պրոկոնսուլ Ցեյոնը բավարարվեց նրանով, որ աննկատելի շարժումով ազատվեց այդքան մտերմիկ հպումից և քաղաքավարությամբ առարկեց. նրա խոսքերը պետք է դիտարկել լոկ որպես բարեկամական առաջարկություն, ոչ բնավ վերջնագիր: Փոխանակվելով ևս մի քանի աննշան սիրալիրություններով՝ նրանք վերջապես հրաժեշտ տվեցին մեկմեկու:
    Վառոնը կառավարական շենքից դուրս եկավ թեթև, հաստատուն քայլերով, արձակեց պատգարակներն ու ծառայախումբը, տուն վերադարձավ հետիոտն, անցնելով Անտիոքի սքանչելի փողոցներով: Վերջին տարիներին նա երբեմն իրեն այնքան էլ երիտասարդ չէր զգում. բայց այդ պահին նա պատանու պես առույգ էր: Նրա թշնամիները, այդ Ֆլավիոսները, իրեն մեծ ծառայություն մատուցին, իր վզին փաթաթելով այդ Ցեյոնին: Նա ուրախանում էր, որ սթափ, ռազմատենչ, իր հայրենասիրության մեջ նեղամիտ այսօրվա Հռոմը, որն այնքան ատելի է իրեն, հիմա նրա առջև հառնեց հատկապես Ցեյոնի տեսքով: Դա զվարճալի պայքար կլինի, մտածում էր նա, իմ բարի, ծերուկ Թափհարիկ: Եվ նա կանխապես իրեն հաղթող էր զգում:
    Ինչո՞ւ ես դու օրդ մաշում պասի հետ:
    Գնա պանդոկ՝ ընկերացիր թասի հետ...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •