User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 3 համարի արդյունքները՝ ընդհանուր 3 հատից

Թեմա: Բանաստեղծություններ 2019-2020

  1. #1
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    664
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Բանաստեղծություններ 2019-2020

    Ակումբում ինձ նախատում էին նրա համար, որ ամեն բանաստեղծություն տեղադրելու համար նոր թեմա էի բացում: Ահա և 2019 ու 2020 թվականների ընթացքում գրածս գործերի մեծ մասը ձեր դատին եմ հանձնում մեկ թեմայով: Ուրախ կլինեմ, եթե ընթերցեք ու թողնեք ձեր կարծիքները:

    Ո՞ՒՐ ԵՆ ՆԱՅՈՒՄ ՄԱՐԴԻԿ

    Երբ իրոք դեռ բարի էին բոլորը,
    Մարդիկ իրարից հայացք էին կորզում,
    Երբ աշխարհը իրոք դեռ կլոր էր,
    Առանց ամաչել աչքերն էին որսում:

    Եվ այդ աչքերի ծովալիքներում
    Մարդ նկատում էր հույսի մի մակույկ,
    Լույսի մի նշույլ, որը չէր մարում,
    Այլ թեժանալով՝ վառում էր խարույկ:

    Անցավ ժամանակ, մարդիկ էլ անցան,
    Նորերն իրար դեմ անզուսպ չարացան,
    Իրար նայելիս աչքեր չեն որսում,
    Մյուսի հայացքից դողում են, մրսում:

    Մրսում են, քանզի լույսի փոխարեն
    Այն ծով աչքերից մրրիկն է սուլում,
    Մակույկը կոտրել, կրակը մարել,
    Աչքերի ներսում չարիք է, զուլում:

    Հիմա, այս տափակ ու նեղ աշխարհում
    Մարդը նայում է լոկ մյուսի ձեռքին,
    Տեսնելու, արդյոք քսա՞կն է հանում,
    Թե՞ իր մտրակն է երերում կրկին...

    ՄԱՐԴՆ ՈՒ ՇՈՂՔԸ

    Ես կարող եմ կատակել,
    Բայց լռելն եմ նախընտրում,
    Ես կարող եմ շատ խոսել,
    Լսել եմ գերադասում:

    Կլսեմ ես ուշադիր,
    Ինչ են խոսում իմ կողքին,
    Ես՝ ապշած մի ունկնդիր,
    Չեմ նախանձում ձեր շողքին:

    Այն թե լսել իմանար,
    Թե հասկանար ով եք դուք,
    Ինքը ձեզնից վախենար,
    Ու կծլկեր անաղմուկ...

    Ու էլ ինչպե՞ս ես խոսեմ,
    Ձեզ հետ ինչպե՞ս կատակեմ,
    Ախր ես էլ շողք ունեմ,
    Չեմ ցանկանա կորցնեմ...

    ՀԱՐՈՒՍՏ ՈՒ ԵՐՋԱՆԻԿ

    Փոքրիկ դուստրս հարցրեց մի օր՝
    «Ո՞վ է երջանիկ, և ո՞վ է հարուստ»:
    Հարցից շվարած քարացա մոլոր,
    Կարծես մի շանթ էր զարկել ի վերուստ:

    «Ինչպես էլ ասեմ, դու չես հասկանա», -
    Ասացի նրան ես ուշքի գալով,
    «Այս մեր աշխարհում, դե, հարուստ է նա,
    Ով երջանիկ է իր ունենալով:

    Մարդ կա, ուրախ է, որ շատ փող ունի,
    Ու երջանիկ է, որ չունի կարիք,
    Կարող է ամբողջ աշխարհը գնի,
    Իրենն է ամե՜ն, ամեն մի բարիք:

    Մարդ էլ կա, շատ փող երբեք չի տեսել,
    Բայց և՛ երջանիկ, և՛ հարուստ է նա,
    Նա առանց փող էլ վատ օր չի տեսել,
    Ամենաթանկը կողքին է նրա:

    Դե, ահա և դու, փոքրիկ իմ անուշ,
    Փողը պետք չի քեզ, փողն ի՞նչ ես անում,
    Իսկ փոխարենը, դուստր իմ քնքուշ,
    Ով քեզ սիրում է, միշտ մոտ է լինում:

    Դու շատ հարուստ ես, ու շատ երջանիկ,
    Քանզի ունես դու հույժ կարևորը՝
    Եվ մայր, և հայրիկ, թե տատ ու պապիկ,
    Որ միշտ լցնում են քո ամեն օրը:

    Շատ փող կտայի՝ հորս ողջ գտնեմ,
    Տատիս ու պապիս թոռաբար գրկեմ,
    Հնարավոր է՝ փողով հարուստ չեմ,
    Բայց դեռ մայրս կա, ու քեզ էլ ունեմ:»

    ՍԽԱԼԱԿԱՆԸ

    Ես իմ փուչ կյանքում շատ եմ սխալվել,
    Ընկել եմ, կանգնել, ու նորից անկել,
    Նորից, ա՜խ, նորից սխալ եմ վարվել,
    Ու դրանք երբեք, երբեք չեմ շտկել:

    Ես սխալվել եմ, սխալվել կրկին,
    Թողնելով կյանքս իր բախտի ղեկին,
    Իմ սխալներից ես չեմ ուսանել,
    Եվ ինձ սխալ է հիմար անվանել:

    Բայց և ուրիշի արած սխալից,
    Ես դասեր նույնպես, ավա՜ղ, չեմ առել,
    Դատելով, ահա, այս հստակ մտքից,
    Ինձ խելացի էլ պետք չէ համարել:

    Եվ, արդ, ո՞վ եմ ես, ի՞նչ մարդ եմ հիմա,
    Թե խելացի չեմ, ու ոչ էլ հիմար:
    Մի անուղղելի հսկա հարցական,
    Որի անունն է Մարդ Սխալական:

    ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ ԱՍՏԾՈ ՀԵՏ

    Ինչպես որ իրենց տոհմածառն են չոր
    Կտրում ծոռները ամուր արմատից,
    Կոտրելով ցեղի ողնաշարը կոր,
    Կտրել ես դու մեզ աշխարհիկ մտքից:

    Ինչպես քո գրքի էջերն են խոտոր
    Տալիս սին լույսի խավար նշույլեր,
    Սնելով կույրին «աղոթքով հզոր»՝
    Բաշխել ես հույսի շինծու կաթիլներ:

    Ինչպես աշխարհի մեծերն են խարդախ
    Խաղում մնջախաղ մարդկանց բախտերով,
    Կերտելով հոգում հնազանդ մի վախ,
    Շաղում ես ահը դու մեր սրտերով:

    Ծնկել է երկինքը անտակ երկրին,
    Բացելով մի մեծ ու անբարո հոր,
    Լացել մեղքերի անձրևներ կրկին,
    Ծնելով մի նոր Սոդոմ և Գոմոր:

    Սակայն դու չկաս, չկա քո որդին,
    Որ նորից քավի մեղքերն ամենքի,
    Տանելով իր հետ դրախտից անդին,
    Աշխարհն այս լկտի նորեն ամոքի:

    ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ

    Փոքրիկ աղջիկս մեծանալ կուզի,
    Որ բժիշկ դառնա, ով մատ է ծակում,
    Երբ ես ասացի՝ դու մի մեծացիր,
    Զույգ աչուկներով լուռ ինձ էր չափում:

    Եվ ինչի՞դ է պետք այդ մեծանալը,
    Թե տիկնիկդ կա, ով հաց է ուզում,
    Դժվար է հիմա դա հասկանալը,
    Մեծերին նրա սովը չի հուզում:

    Ու էլ չի ուզում մեծն ուտի կոնֆետ,
    Այլ փոխարենը հացի ճար անում ,
    Ի՞նչ մի լավ միտք է՝ մեծանալ հավետ,
    Թե կոնֆետն այժմ նվեր ես ստանում:

    Կամ թե մեծացար՝ խրճիթ չես շինի
    Երկու աթոռին վերմակ փռելով,
    Պետք է մտածես՝ ինչպես կլինի,
    Առանց տանիքի չընկնես քնով:

    Դե ահա, փոքրիկ, դեռ մի մեծացիր,
    Դու դեռ կարող ես, մանկություն արա,
    Թե մեծերի կյանք քայլեր գցեցիր,
    Ափսոսալու ես կորուստը նրա:

    «ՃԻՇՏ ՏՂԱՄԱՐԴԸ»

    Թող և նա թվա խիստ բարոյական,
    Թող և նա խոսի իր ընտանիքից,
    Բայց, ահա, նրա միտքն իսկական
    Կտանի այլ տեղ՝ նայած կարիքից:

    Սեղանի շուրջը, բաժակը ձեռքին
    Նա մի հերոս է ամենքի աչքին,
    Երբ կասի բառեր, ճառեր սրտագին,
    Գերելով ամե՜ն, ամեն այր ու կին:

    Սեղանից այն կողմ, ու առանց բաժակ,
    Կարծես փոխվում է, կարծես շատ արագ,
    Եվ այն հերոսը՝ թասի բարեկամ,
    Կորչում է իսկույն, հերթական անգամ:

    Ընտանիք հարգող մեր այս ճիշտ տղան,
    Թե տնից ելավ, միշտ ձախ է թեքվում,
    Ու խիղճը նրա որքան էլ աղան,
    Սովորույթը այդ երբեք չի բեկվում:

    Կենացի արքան, ու իր տան տերը՝
    Ընտանիքի հայր, կնոջ բարձընկեր,
    Վաղուց չգիտի նա իր ճիշտ տեղը,
    Բայց և իր աչքից նույնիսկ չի ընկել:

    Ինչքան էլ դրսից լինի անթերի,
    Ներսը նա չունի, կա լոկ «տակինը»,
    Անվերջ երկկյանքի մի տկար գերի,
    Էժան է անգամ, քան իր հագինը...

    ԳԱ՛ՅԼ ԵՄ ԵՍ, Ո՛Չ ՇՈՒՆ

    Գայլ եմ ես, այո՛, ես ձեր շունը չե՛մ,
    Որ լափամանից իմ միսը տանեմ,
    Որը մարդն է շան դիմաց նետում,
    Հետո թե ուզեց, աքացի անում:

    Կբռնեմ ոտքը, տեղում կկոտրեմ,
    Ժանիքներովս մսից կկտրեմ,
    Որ իր իսկ շան պես վնգստա, փախնի,
    Մարդն ո՞վ է, որ ինձ շան տեղ դնի:

    Գայլ եմ ես, այո՛, գա՛յլ, և ոչ թե շուն,
    Որ ոսկոր տեսավ՝ լեզու է հանում:
    Գարուն թե լինի, թե խորը աշուն,
    Իմ կերակուրը ինքս եմ ստանում:

    Ողջ անտառն իմն է, այնտեղ եմ որսում,
    Այսօր ճագար էր, իսկ վաղը՝ փորսուղ,
    Վզից բռնեցի, վայրկյան է քաշում,
    Հե՜յ, գայլ եմ, այո՛, ես գայլ եմ, ոչ շուն:

    Գնացեք, ձեր շանը ձեր կողքին պահեք,
    Ձեր ոտքերն անտառ հանկարծ չդնեք,
    Ես ազատ ու վեհ մորթիս եմ մաշում,
    Գայլ եմ ես, այո՛, գա՛յլ, և ոչ թե շուն:

    Իսկ թե զրկեցիք ազատ լինելուց,
    Թե նետեք սառը ու դատարկ մի խուց,
    Կզգաք թե ոնց եմ ձեզանից խորշում,
    Գայլ եմ, հասկացե՛ք, ես չե՛մ դառնա շուն:

    ԱՂՋԿԱՍ

    Թող քո կյանքում լինեն միայն սպիտակ գծեր,
    Չպատահեն քեզ երբեև սև ու դժգույն, դաժան բծեր,
    Քեզ ուղեկցի մե՜ծ, անվարար երջանկությունը,
    Ձեռքդ բռնի,
    Բաց չթողնի
    Պահմտելու մեծ սիրահար հաջողությունը:

    Հարթ չե՛ն ճամփեքն այս աշխարհքի,
    Որն էլ վերցնես,
    Որն էլ անցնես,
    Նուրբ ոտքերով ու դեռ՝ բոբիկ:
    Այս քաոսում վարք ու բարքի
    Դեռ շատ փշեր կտրորես,
    Դեռ շատ գիշեր կբոլորես,
    Մինչ կգտնես սխալդ ճիշտ, հեռուդ՝ մոտիկ:

    Բայց միշտ հիշիր, կողքիդ եմ ես,
    Ես եմ՝ ընկերն ամենամոտ,
    Ամենալավ քո դասատուն,
    Ամենաճիշտ խորհրդատուն,
    Որի ուսին միշտ կհենվես,
    Թե աչքերդ լինեն աղոտ,
    Թե քայլերդ ոչ հաստատուն,
    Որոնք կտրի չար, սև կատուն:

    Եվ երբ գնամ ես քո կողքից,
    Չես վախենա ոչ մի շողքից,
    Ու, անկասկած, դու կդառնաս
    Ճամփադ անցած,
    Ճիշտդ գտած:
    Եվ պառնասն էլ կբարձրանաս
    Քո հոր կողմից չհասցրած,
    Բայց երազած...
    Այնժամ կլինես դու ինքդ քեզ լավ ուղեկից,
    Բայց աչքերս քեզ չեն լքի, որ հետևեն միշտ... երկնքից...

    ԵՍ ՀՈԳՆԵԼ ԵՄ

    Ես հոգնել եմ այս ամենից Սևակի պես,
    Հոգնել եմ կեղծ աղջիկներից «նազիկ ու հեզ»,
    Հոգնել եմ «լավ տղաներից» հազարերես,
    Հոգնել եմ և ծանոթներից պնակալեզ:

    Հոգնել եմ ես հայացքներից պահանջ թվող,
    Հոգնել եմ ձեր մեծ աչքերից քիթս մտնող,
    Հոգնել եմ բութ բերաններից հարցեր տվող,
    Հոգնել եմ ձեր «սուր» ուղեղից՝ «հնար» գտնող:

    Ես հոգնել եմ անվերջ հիշել ամեն գիշեր,
    Թե ումից եմ ես շա՜տ հոգնել, ու չեմ հիշել,
    Իսկ միթե դուք, այո՛, հենց դուք, հոգնել չունե՞ք,
    Ա՜խ, ե՞րբ պիտի ձեզնից էլ դուք իմ պես հոգնեք։

    ԵՐԱԶԱՆՔՆԵՐԻ ԵՐԱԶԸ

    Այս աշխարհում տեղ չճարվեց ինձ համար,
    Բախտ չճարվեց, սիրտ չճարվեց ինձ համար,
    Բարձ չճարվեց, կիրք չճարվեց ինձ համար,
    Ա՜խ, որքան է այս աշխարհը անհարմար:

    Այս երկնքում աստղ չկար ինձ համար,
    Ծովեզերքում ալիք չկար ինձ համար,
    Լեռան լանջին մի քար չկար ինձ համար,
    Լոկ «չկա»-ն է, բիրտ «չկա»-ն է անհամար:

    Ու թե փակեի աչքերս իմ դալկացած,
    Ու թե մեղմեի մտքերս ես բարկացած,
    Պատկերացնեի չճարածս ունեցած,
    Այդ երազից կուզեի մնալ չարթնացած...

    ՉԵՄ ՀԱՍԿԱՆՈՒՄ

    Մեր օրերը քանի գնում,
    Ես ոչ մի բան չեմ հասկանում:
    Իրար սեր են խոստովանում,
    Հետո հանգի՜ստ դավաճանում,
    Նվերներ են իրար անում,
    Ու նվերից դժգոհ մնում,
    Իրար դիմաց ասում, գովում,
    Իսկ հենց գնաց, լա՜վ փնովում,
    Օրենքներ են բոլ հնարում,
    Հնարողն էլ արհամարհում,
    Ասում են սա չի՜ կարելի,
    Ու անում դա, էլի’, էլի’,
    Կամ ասում են կարելի է,
    Ու բան չանում. ապշելի՜ է:
    Բացատրեք ինձ, ի՞նչն է թերի
    Մարդկանց այսքան արարքների,
    Բայց դե, ախր, ո՞նց բացատրեք,
    Ի՞նչ եմ դրել, այսքան գրում,
    Այս մտքերիս ուշ մի դրեք,
    Թուղթ է էլի, թուղթ եմ մրում,
    Մեկ է, ինչ էլ, ոնց էլ անենք,
    Ամենքը իր մտքին մնում,
    Մեր օրերը քանի գնում,
    Ես ոչ մի բան չեմ հասկանում:

    ԱՐԴԵՆ ՓՈՔՐՈՒՑ ՔԵԶ ԱՍՈՒՄ ԵՆ

    Արդեն փոքրուց քեզ ասում են՝
    Այսպես չանե’ս, այնպե’ս արա,
    Զգո’ւյշ, չքայլե’ս կեղտի վրա,
    Թող զույգ ոտքդ մաքուր մնա:

    Հովվաշանը մոտ մի’ գնա,
    Վա՜խ, կկծի՝ վերք կմնա,
    Եվ անձրևին գլխարկդ դի’ր,
    Չէ’, չէ’, դա չէ, սա’ է ընտիր:

    Օգուտ չի’ դա, դու այ սա’ կեր,
    Քո ստամոքսին վնաս մի բեր,
    Մեծի գիրքը քո խելքի չէ,
    Դու սա’ կարդա, նյութը քիչ է,
    Ի՞նչ ես լսում, այ սատանա,
    Լսածիցդ մարդ վատանա՞,
    Այ սա’ լսիր, ի’մ լսածը,
    Համ էլ լսիր իմ ասածը՝
    Այդ Արմենից հեռու խաղա,
    Քո ուղեղը դեռ մատաղ ա:

    Ձեզ թվում է թե ճիշտ կերպով
    Լավ զավակ եք դուք մեծացնում,
    Այնինք հենց ձեր թեթև ձեռքով
    Զուտ անբանի մի վարժեցնում:

    Թող նա քայլի կեղտի վրա
    Նա դրանից չի կաղանա,
    Ու էն շանն էլ թող մոտենա,
    Նրան սիրի, ընկերանա,
    Մարդ նրանից թե հեռանա,
    Շունը նրան չի մոռանա,
    Թող մի վերք էլ շնից մնա:

    Թող գլխաբաց անձրև փնտրի,
    Կամ գլխարկը ինքը ընտրի,
    Ինչ ուզում է, դա էլ ուտի,
    Իր բերանի համը գիտի,
    Թող մեծական գրքեր կարդա,
    Դա քե’զ էր բարդ, իրենն է դա,
    Ու թող լսի ծանր ռոքից մինչև ջազը,
    Ոչ թե տանի «նուրբ ճաշակիդ» տուզ ու նազը,
    Ունենա ի’ր մտածածը,
    Եվ ոչ միայն ք’ո ասածը,
    Եվ թող խաղա Արմենի հետ,
    Որ դիմանա ամենի հետ:

    Նա կցորդ չի՝ ձեզ փակցված,
    Անձ է որ կա’, ուրույն մի մարդ,
    Թողեք աճի գիտակցված,
    Որ զարդ դառնա, և ոչ թե դարդ:

    ՄԵՌՅԱԼՆԵՐԻ ԽՆՋՈՒՅՔ

    Գիշեր ու մութ, գերեզմանոց, ահասարսուռ քար լռություն,
    Ուր սկսվում է լռության մեջ մի հոգեցունց ներկայացում,
    Երբ հառնելով հողի միջից, մեռյալների հոծ բազմություն
    Հագուստներով լուսաճերմակ զարհուրելի պար է բացում:
    Օ՜, շնչասպառ օդի միջով տարածվում է զիլ վայնասուն,
    Երկինքը մուգ պատառոտվել, շանթակույտեր է վար թափում,
    Մեռյալների խրախճանքին կենացներ են լսվում խոսուն,
    Յուրաքանչյուրը իրենցից իր ավարտված կյանքն է չափում:
    Մեկը հարուստ մի պաշտոնյա՝ ոսկեկամար շիրմաքարով,
    Ով երկրային կյանքի օրոք շատերից էր ապրուստ խլել,
    Մյուսը բանվոր մի գործունյա՝ անշիրմաքար աշխատավոր,
    Ով սեփական քրտնքաջուրն էր իր ողջ կյանքում միայն խմել:
    Իսկ երրորդը մի բանաստեղծ՝ բազում երկեր էր նա գրել,
    Եվ պատվիրել շիրմաքարին իր տողերից փորագրել,
    Կար ուսուցիչ և նրանց մեջ, կար և մի ստոր պնակալեզ,
    Եվ գող էլ կար, և մարդասպան, որ սպանել էր առանց խղճի,
    Նրանց խնջույքը խելագար այստեղ բերել էր ասպարեզ,
    Որից հետո նրանք կրկին պետք է անցնեին հանդարտ ննջի:
    Ահա, այսպես ամեն գիշեր, այս հոգիները շատ տարբեր,
    Ետ են գալիս այն աշխարհից այս աշխարհում քեֆ անելու,
    Վերագտնում էին հուշեր, ու չարածը, որ կատարվեր՝
    Մահից հետո այս աշխարհից մի բան ավել էին տանելու:
    Սակայն, ահա, այն են՝ ինչ կան, մահից առաջ և հենց հիմա,
    Չարագործը նույն է կրկին, հիմարն իսկ՝ էլի հիմար,
    Պոետն էլ չէր գրում ոչինչ, բայց հիշում էր գրածն անգիր,
    Իսկ բանվորը չէր մոռանում քրտնքի համը իր անգին:
    Ինչպես որ կային կյանքի օրոք, նույնն են նաև հուր հավիտյան,
    Անգամ մահն ու չոր փայտերը նրանց երբեք չեն փոխելու,
    Միայն մի բան չէին սպասել, իրոք, հանուն արդարության,
    Որ բոլորին, այդքան տարբեր, հենց նույն տեղում են թաղելու...

    ԼՈԴՐ ՊԵՏՈՆ

    Վերին հարկում՝ հենց մեր գլխին
    Ապրում էր մի լոդր Պետո,
    Նա իր ամեն անելիքին
    Միշտ ասում էր՝ «հետո’, հետո’»:
    «Հաց արի կեր, տղա Պետո»,
    «Չէ’, սոված չեմ, մնա հետո»,
    «Դասդ արա, այ չար Պետո»,
    «Չէ՜, հոգնա՜ծ եմ, դա էլ հետո»:
    Այդպես լիքը տարի անցավ,
    Պետոն լրիվ անբան դարձավ,
    «Գործի գնա, փող բեր, Պետո»,
    «Գործն ինչի՞ս է, այ մեր, հետո»,
    «Գնա կնիկ բեր տուն, Պետո»,
    «Որ խանգարի՞, չէ՜ է, հետո»:
    Այսպես այնքա՜ն մնաց Պետոն,
    Որ «հետո»-ն էլ մնաց հետո,
    Տարիքն առել, թրև գալիս,
    Բայց էլ ոչ ոք ձայն չի տալիս:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (05.07.2020)

  3. #2
    ..
    ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    10,371
    Mentioned
    45 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ թվում է, Սամը խորհուրդ էր տալիս, չէր նախատում
    Իսկ որ ամեն բանաստեղծությունն էլ նոր գրառմամբ դնեիր (նույն թեմայի մեջ), լրի՜վ ընտիր կլիներ
    Էսպես ուղղակի դժվար է ընթերցել. սա իհարկե ընթերցողի խնդիրն է, ու հեղինակն ազատ է որոշելու, թե ինչպես է ուզում տեղադրել իր ստեղծագործությունները:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (20.07.2020)

  5. #3
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    5,634
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քանի որ խոստացել եմ...

    Ինչը հաստատ ստացում է քեզ մոտ, Ռոմանիստա ջան, տեքստը հանգավորելն է:
    Բայց դա շատ քիչ է, հասկանու՞մ ես, եղբայր... Կարող է արդեն ասել եմ ինչ-որ տեղ, չգիտեմ, Մարքսի "Կապիտալն" էլ կարելի է վերցնել ու հանգերով գրել, հեռախոսի գիրքն էլ:

    Համաձայն եմ, յուրաքանչյուր գրող՝ փիլիսոփա է իր չափով: Բայց փիլիսոփա լինել՝ չի նշանակում լինել իմաստուն:
    Ուզում եմ ասել, որ կարելի է սովորել՝ փիլիսոփայելով, այդպես նույնիսկ իմաստունը կարող է իր մտքերն արտահայտել՝ սովորելով:
    Բայց իմաստունը՝ չի սովորեցնում: Իմաստունն ապրում է իր իմաստնությունը, իսկ նրա շուրջ գտնվողները՝ սովորում են:

    Տես, ես գիտելիքների մասին բան չեմ ասել: Որովհետև անգրագետ մարդն էլ կարող է իմաստուն լինել:
    Որովհետև, եթե մարդ արտահայտվում է առանց իր արտահայածը որևէ մեկին պարտադրելու, նրանից արդեն որոշակիորեն կարելի է ինչ-որ բան սովորել:

    Դու պարտադրում ես, եղբայրս: Չեմ ասում, թե պարտադրում ես կարդալ: Մենք բոլորս էլ ուրախ ենք, եթե մեր գրածը կարդում են, ու տխրում ենք, երբ չեն կարդում:
    Քո պարտադրանքը քո գրածի մեջ է: Կներես, օրինակ, տեղադրածիդ մոտ կեսը կարդացի, և ուզում եմ մի երկու հարց տալ.
    - Ինչի՞ համար ես գրում;
    - Քո գրածը քեզ ինչ-որ բան տալի՞ս է;
    - Վստա՞հ ես, որ քո գրածով ինձ, ընթերցողիս ինչ-որ բան տալիս ես;
    - Կամ, ուզու՞մ ես ինչ-որ բան տալ;
    - Ի՞նչ ես ցանկանում ասել քո գրածով;
    - Ի՞նչ նշանակություն ունեն քեզ համար բառերը:

    Առավել ևս պոեզիայի մեջ, որտեղ քչով՝ շատ բան ես ասում, - յուրաքանչյուր բառդ պետք է, կոպիտ ասած, ոսկու արժեք ունենա: Ես ամեն ինչի չեմ անդրադառնա, բայց մի երկու բան, քանի որ խնդրում ես արտահայտվել, ասեմ:

    - - - - - - -

    ... Տես, ուղղակի հետ էի թերթում էջը, որ հասնեմ նրան, ինչ կարդացել եմ: Եվ դեռ չկարդացածիցս աչքիս ընկավ մի բանաստեղծությանդ առաջին երկու տողը.

    Գայլ եմ ես, այո՛, ես ձեր շունը չե՛մ,
    Որ լափամանից իմ միսը տանեմ,


    Ես քեզ խոստանում եմ այս բանաստեղծությունը չկարդալ, եթե նույնիսկ ատրճանակը դեմ տաս ճակատիս:
    Ի՞նչ ես կարծում, հեղափոխությունից հետո, այս երկու տարին նույնիսկ քնած անց կացրած հայը քանի՞ հարյուր անգամ լսած կլինի "լափաման" բառը... Լավ, էս մասին չերկարացնեմ, կարող է կան Ակումբում նրանք, ում հաճելի կլինի դա կարդալ:

    - - - - - - -

    Հիմա տես.

    Ես իմ փուչ կյանքում շատ եմ սխալվել,
    Ընկել եմ, կանգնել, ու նորից անկել,
    Նորից, ա՜խ, նորից սխալ եմ վարվել,
    Ու դրանք երբեք, երբեք չեմ շտկել:

    Ես սխալվել եմ, սխալվել կրկին,
    Թողնելով կյանքս իր բախտի ղեկին,
    Իմ սխալներից ես չեմ ուսանել,
    Եվ ինձ սխալ է հիմար անվանել:


    Եղբայրս, ինչու՞ է կյանքդ փուչ... Փուչ, նշանակում է դատարկ, ճի՞շտ է: Ինչու՞ է դատարկ: Նախ, որ ընտանիք ունես, աղջիկ ունես, ոնց հասկանում եմ, որին, Աստված պահապան, հավանաբար շատ էլ սիրում ես, և երևի չեմ սխալվի, եթե ասեմ, որ մի հազար անգամ անվանած կլինես "կյանքս": Բա դրանից հետո ինչպե՞ս կարելի է խոսել փուչ կյանքի մասին: Ինչու՞: Որովհետև բանաստեղծությու՞ն ես գրում: Բայց չէ՞ որ սուտ ես ասում ախր, ես քեզ ո՞նց հավատամ: Եվ ի՞նչ ես ուզում լսել ինձանից դրանից հետո, ի՞նչը քեզ դուր կգար. որ ե՞ս էլ սուտ ասեմ... Ու եթե ասենք նույնիսկ, որ փուչ է կյանքդ, դատարկ է, - ո՞վ է քեզ խանգարում այն լցնել ինչ-որ բանով, ինչու՞ չես լցնում, գիտե՞ս: Բայց ես, եթե հավատամ գրածիդ, ուրեմն համոզվածորեն պետք է ասեմ, որ գիտեմ:

    Ընկել եմ, կանգնել, ու նորից անկել,
    Նորից, ա՜խ, նորից սխալ եմ վարվել,
    Ու դրանք երբեք, երբեք չեմ շտկել:


    Խի՞, ախպեր ջան, ախր, բա դու մեղք չե՞ս... Էդքան անիմաստ ընկնել-վեր կենալ կլինի՞... Ինչու՞ չես շտկել... Սենց, կողի ընկած. չէ՛, պտի ընկնեմ, չէ՛, պտի ընկնեմ... Ուրեմն դու կամ հիվանդ ես, ասենք, էպիլեպտիկ, ու քո ընկնելը քեզանից կախված չի, կամ էլ հարբած...

    Իմ սխալներից ես չեմ ուսանել,
    Եվ ինձ սխալ է հիմար անվանել:


    Օք, մենք չենք անվանում: Բայց դու ասա, թե դրանից հետո քեզ ինչպե՞ս կարելի է անվանել, մենք էլ կանվանենք:

    Գիտես, ես չգիտեմ, դու միտումնավոր ես "Սխալականը" և "Մենախոսություն Աստծո հետ"-ը դրել իրար հետ, բայց շատ խորհրդանշանակ է ստեցվել: Որովհետև այս երկու բանաստեղծությունը հիանալի ցույց են տալիս քո մոտեցումն ընդհանրապես կյանքին: Կարելի է դրանք կարդալ և ամեն ինչ պարզ կլինի:

    Սակայն դու չկաս, չկա քո որդին,
    Որ նորից քավի մեղքերն ամենքի,
    Տանելով իր հետ դրախտից անդին,
    Աշխարհն այս լկտի նորեն ամոքի:


    Նախ ուղղակի հարց. ի՞նչ է նշանակում "դրախտից անդին": Դրախտից այն կողմ, այսպես ասած: Քո կարծիքով, ի՞նչ կա դրախտից այն կողմ, որ դրախտը սրտովդ չի, ուզում ես գնալ այնտեղ, անդին, կասե՞ս: Ասա, խնդրում եմ, դրա համար ես, չէ՞, նեղացած Հիսուսից, որ քեզ այնտեղ չի տանում:

    Ի՞նչ է մեղքը: Իմ հասկացածով, դրանք այն սխալներն են, որոնք մարդ գործում է: Չգիտեմ, դու էլ այս կարծիքին ես թե ոչ, բայց համոզված եմ, որ ակումբցիների մեծամասնությունը կհամաձայնվի ինձ հետ:
    Եվ այստեղ արդեն մենք մոտեցանք քո փիլիսոփայության բուն էությանը:

    Ստացվում է, որ դու ուզած-չուզած սխալներիցդ դասեր չես քաղում, ստիպված ես էդքան անտեղի տեղն ընկնել-վեր կենալ, որովհետև հուսակորով սպասում ես, որ Հիսուս պտի գա ու քո փոխարեն էդ ամենը շտկի՞:

    Գիտես, դու մեկից, ավելի լավ է, խորհուրդ հարցնես: Ինձնից մի հարցրու, իմ խորհուրդը շատ երկար-բարակ է լինելու, սեփական խոսքերի, մտքերի հանդեպ պատասխանատվության և այլ անիմաստ ու անպետք բաների մասին: Ես քեզ խորհուրդ եմ տալիս խորհուրդ հարցնես մեր սիրելի Աթեիստից: Խոստանում եմ, նա շատ լավ գիտի դրախտից անդին տանող ճանապարհը և մեծ ուրախությամբ քեզ այն ցույց կտա:

    Մի նեղացիր, խնդրում եմ: Ես չեմ կարողանում սուտ խոսել: Եվ ազնվորեն կարող եմ ասել, որ համարյա յուրաքանչյուրը կարող է պոետ դառնալ: Բայց ոչ թե ուղղակի հանգեր շարելով: Գիտես, շատ կարդա, խնդրում եմ: Ահավոր շատ պոեզիա կարդա: Տես, թե ուրիշներն ինչպես են գրում, ինչի մասին են գրում, ինչի մասին ինչպես են գրում... Հանգերը բոլորովին էլ պարտադիր չեն: Գտիր ֆեյսբուքում Սմբատ Բաղդասարին և օրեկան նրա հինգ բանաստեղծություն կարդա ու տես, թե նրա առանհց հանգերի տողերի մեջ ինչպիսի աշխարհ է կառուցվում:

    Հանգեր լրացնելու համար երբեք բառեր մի դիր: Այդ ժամանակ աշխարհին լկտի չես անվանի ու չես պահանջի, որ աշխարհը դրանից հետո քեզ սիրի:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    ivy (20.07.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •