Առաջին անգամ փսիխոդելիկ տրյուֆել փորձեցի (ոչ առաջին փսիխոդելիկը առհասարակ)
Սկսեցի երեկոյան ժամը 9-10ի շուրջ (4-6 ժամանոց թրիփ էր սպասվում), նետֆլիքով Hannah Gadsby-ի վերջին շոուն վերջացրի, հետո` Midnight Gospel միացրի: Քանի որ չգիտեի` ինչ սպասել (կոնկրետ տրյուֆելից չգիտեի), պահի տակ թվաց` գուցե գլուխս պայթի Midnight Gospel-ի գույներից ու մտքերից, բայց ոչինչ չպայթեց, շատ էլ հանգիստ էի, միայն վերջույթներումս թեթևություն ու տաքություն էի զգում, ոնց ալկոհոլից ա երբեմն լինում։
Հետո թվաց՝ մեծ վատնում կլինի, եթե ամբողջ երեկոն անցկացնեմ էկրանի դիմաց, տեղափոխվեցի գետնին, մեծ հայելու դիմաց։ Սկսեցի շարժվել, պարել․ ոչ մի տարօրինակ բան։ Էդ պահին միտք մեխվեց - ֆիզիկականությունը կարևոր ա ինձ ֊ աշխարհը ֆիզիկապես զգալը, կպնելը, ուժ փոխանցել ու ուժ ստանալը, մարմնականությունը իմ՝ կենդանի զգալու մասեր են։ Հերթական անգամ որոշեցի, որ պետք ա կոնտակտ սպորտի գնալ, կամ պարի։ Պարի հաստատ կգնամ, գուցե նաև քիքբոքսինգի։
Երաժշտություն ուզեցի։ Ինչ֊որ մեդիտատիվ բան դրեցի, ուուուուուու, քամի, խաղաղ․․․ զգացի, որ ուղեղս լրիվ ուրիշ ալիքի տակ ա ֊ Leprous֊ի Pitfalls ալբոմը միացրի ֊ պրոգրեսիվ մետալ, բիթերը մտքերիս տեմպով էին։ Բառերը դեպրեսիվ էին, բայց նաև ինձ դեպրեսիվ շրջանից անցած էի զգում, ու միայն մեղեդու ու բառերի սիրունությունն էի գրանցում։
Շարունակեցի շարժվել, պարել, յոգայի ինչ-որ դիրքեր ընդունեցի, ինչ-որ դիրքեր, որոնց ծանոթ չէի, հետո ագռավի վրա կանգնեցի։ 1, 2, 3, 4, ինչ-որ պահի ձեռքս փախավ տակիցս։ Մտածեցի ֊ հնարավոր չի, հետո երբ ծնոտի վրա իջա, մտածեցի ֊ հնարավոր ա։ Վերադարձա ագռավի դիրքին… 1, 2, 3, 4, 5, 6, 7… ինչ հանգիստ եմ։
Պարկետի հետ կոնտակտը հաճելի էր։ Երբ շարժվում էի, պարկետի վրա ստվերներ էի գցում, որ արտակարգ սիրուն էին։ Հաջորդ միտքը ֆիքսվեց ֊ ես շատ֊շատ պարզ եմ։ Ինձ պարզ բաները արտակարգ հաճույք են պատճառում։ Էդ ստվերները, օրինակ։ Հաջորդ 20 րոպեն երաժշտության տակ ստվերներ էի նկարում պարկետին։ Պարտադիր ա՞ թրիփ անել, ստվերներից հաճույք ստանալուն ժամանակ հատկացնելու համար։ Լավ հարց էր։
Եթե ինչ֊որ բան սիրում ես, թրիփի ժամանակ պատիկներ ավելի ես սիրելու։
Հետո խաչաձև ոտքերով նստած էի հայելու առաջ ու հայելին․․․ մոգական էր։ Դժվար ա բացատրել թե ինչ ազդեցություն ուներ հայելին, բայց ամեն շարժում անիմացված ու հարթեցված էր թվում։ Դեմքս, բացարձակ սովորական, հազարավոր անգամներ տեսած դեմքս (քանի՞ անգամ ա մարդ կյանքում իրա դեմքը տեսնում) չափազանցված միմիկաների ունակ, առանձնակի հետաքրքիր էր։ Ինձ տեսնելուց հաջորդ միտքը ֆիքսվեց ֊ ես իրոք շատ սովորական եմ։ Ոչինչ չկար իմ վրա տարօրինակ։ Սովորական դեմք, սովորական մարմին։ Հայացքով սկսեցի իջնել արտացոլանքիս վրայով, ու երբ հասա իմ ու գետնի կոնտակտին, ձեռքերս, որ դրված էին կոճերիս, ամենասիրուն բանը թվացին։ Ժպտացրեց։ Էդ սովորականությունը օրհնություն թվաց, ոչ թե՝ անեծք։ Ես ինչքան հնարավոր ա սովորական եմ, թերևս միայն սիրուն ձեռքերով։ Հրաշք միտք էր։ Տարիներ առաջ հոգեբանս հարցրել էր՝ ի՞նչ եմ ուզում թերապիայի պրոցեսից ստանալ, ասել էի՝ ուզում եմ նորմալի տեղ անցնեմ (normal-passing)։ Ուզում եմ մարդիկ ինձ նայեն, հետս խոսեն ու մտածեն՝ հա ի՞նչ, ոչ մի արտասովոր բան։ Դեյթինգ ափում ամենահաճախ պատահող անհամապատասխանությունը, որ մարդկանց հետ ունենում եմ, էն ա, որ ես ուզում եմ լինել նորմալ, իսկ մնացածները ուզում են լինել weird, ու փնտրում են մարդկանց, ովքեր իրենք էլ ուզում են լինել weird։ Հայելու մեջ ինձ ամենաերջանիկ նորմալը զգացի։
Հաջորդ պահին մարմնով առաջ ծալվեցի ու ճակատս իջացրի պարկետին։ Աչքերս փակեցի ու հայտնվեցի ինչ֊որ կիբերպանկ լաբորատորիայում, որտեղ քունքերիցս ինչ֊որ լարեր ու խողովակներ էին միացված ու կյանքը, դեղնավուն հեղուկի տեսքով, դուրս էր ծծվում քունքերիցս։ Իմ տեսադաշտում միայն լարերի կծիկներ, տարբեր թարթող լույսերով տվիչներ ու մոնիտորներ էին, բայց վստահ էի, որ էս համակարգի հակառակ կողմում մերս ա ու իմ կյանքի հեղուկը ինձնից դուրս ա քաշվում հենց իրա կողմից։ Մտածեցի, որ արժեր մարմինս ուղղեի, անջատվեի էդ համակարգից, հետո զգացի, որ ես մորս նկատմամբ ոչ մի տիպի դիմադրողականություն չունեմ, ու էսքան անարժան զավակ լինելու պարագայում ինձնից հասնում ա թողնել, որ մերս վերցնի ինչ ու ինչքան ուզում ա։ Մտքերս փոխակերպվեցին ձանձրույթի ու սկսեցի սպասել, մինչև էս համակարգը քաշի ինձնից՝ ինչ հնարավոր ա, մինչև կենսական հյութերս վերջանան, ու ինչ֊որ վստահ գիտակցում ունեցա, որ ինձնից ինչ֊որ բյուրեղ ա մնալու, որը հեղուկ չի, ու միայն իմն ա, ու էդ բյուրեղը վերցնելու եմ, գնամ աշխարհը տեսնելու։ Սպասել․․․ սպասել․․․ թուլություն իջավ վրաս ու ինչ֊որ պահի իսկապես թվաց, որ էլ հեղուկ չկա ներսումս, էլ ոչինչ չէր հոսում ինձնից, կարելի էր անջատվել։ Անջատվեցի։
Մի քիչ նստած մնացի․ դատարկված, էշացած։ Բաց աչքերով իրականությունը լրիվ նույնն էր, առերևույթ ոչ մի արտասովոր բան չկար, կարելի էր տրվել հենց նոր կատարվածի դառնությանը կամ վերադառնալ օրվան ու շարունակել անել՝ ինչ նորմալ մի օր կանեի էդ ժամերին։ Նորմալ օրերին էդ ժամին ատամ կլվայի։ Վեր կենալը ջանք պահանջեց, բայց հաստատ որոշել էի, որ սովորականի պես պիտի ատամ լվամ ու պիտի էդ օրը ապրեմ սովորական օրվա պես։ Էդ պահին հաջորդ միտքը մեխվեց ֊ պիտի ջանք թափեմ սովորականի համար, հակառակ դեպքում կարող ա սիրուն ստացվի։ «Սիրուն»֊ի ու «սովորական»֊ի, «ջանք»֊ի ու «թույլ թողնելու» հակադրությունը․․․ Մտածեցի՝ մերս շատ էր ջանք թափում սովորական լինելու համար։ Կարելի էր նաև թողնել՝ գուցե սիրուն ստացվեր։
Ատամներս խոզանակելուց էլի հայտնվեցի հայելու առաջ։ Երջանկություն էր դեմք ունենալը, տեսնել կարողանալը, մարմին ունենալը, ունենալ ձեռքեր, որ կարող են բարդ շարժումներ անել, ատամ խոզանակել։
Վերջին ծնունդս մերս չէր շնորհավորել։ Խոցել էր։ Ի՞նչ ա նշանակում, երբ մարդը, ում հեշտոցով ես անցել աշխարհ գալուց, համարում ա, որ շնորհավորանքի արժանի իրադարձություն տեղի չի ունեցել։ Նշանակում ա՝ գրողին թե չես ծնվել(՞)։ Բայց արի ու տես, որ էդ մարդու տրամադրություններից անկախ, ես վայելում եմ մարմին ունենալու երջանկությունը։ Անչափ շնորհակալ եմ ձեզ, տիկին, ինձ ձեր հեշտոցից դուրս մղելու, տարիներ շարունակ ինձ սնելու, իմ վրա ջանք թափելու համար։ Չկա ավելի մեծ երջանկություն, քան մարմին ունենալը, թերևս, ու էդ երջանկությունը դուք եք ինձ պարգևել։
Եթե ունակ ես ինչ֊որ բան զգալ, թրիփի ժամանակ էդ կզգաս պատիկներ ավելի ուժգին։
Որոշեցի ունենալ սիրուն երեկո․ դուրս եկա տնից։ Շուրջը աշխարհը նույնն էր, բայց լրիվ այլ կերպ էր հասնում գիտակցությանս ու շատ դժվար էր հասկանալ՝ ինչում ա տարբերությունը։ Սկսեցի քայլել ռիթմով, դեռ ինչ֊որ մետալ լսելով։ Ձեռքերս՝ գրպաններում, նախաբազուկներս՝ կոնքոսկրերիս հենած․ ուսերով, արմունկներով ու կոնքոսկրերով կմախքամկանային ուղղանկյուն ֆիքսվեց, որը ամեն քայլի հետ արտակարգ ամրության զգացում էր տալիս։ Երջանկություն էր մարմին ունենալը։
Հետո ինչ֊որ պահի զգացի, թե ինչն եմ տարբեր տեսնում։ Աշխարհից լրիվ նույն ճառագայթներն էին լցվում աչքերիս մեջ, բայց սովորաբար ուղեղս էդ ինֆորմացիան ֆիլտրում ա ըստ էականության (relevance)։ Օրինակ՝ իրերի սահմանները ավելի էական են, քան մակերեսի խորդուբորդությունները։ Աշխարհին նայելուց գիտակցությանը գծերն ավելի բարձր նախապատվությամբ են հասնում, քան մակերևույթների կառուցվածքները։ Թրիփի ժամանակ էս բալանսը խախտված էր։ Ուղեղս չէր ֆիլտրում էական գծերը անէական մակերեսայինությունից, ու հանկարծ ասֆալտը ոչ թե հարթ, գորշ, ձանձրալի հատակ էր, այլ խորդուբորդություններով ու երանգներով հարուստ ինֆորմացիայի ծով։ Թրիփի ժամանակ թվում ա՝ ամբողջ ինֆորմացիան, որ աչքերից լցվում ա ներս, տենց էլ ամբողջությամբ լցվում ա գիտակցություն։ Էդ դետալայինությունը ամեն ինչին արտակարգ սիրունություն էր հաղորդում։
Տենց քայլելով, զմայլվելով, հաջորդ միտքը մեխվեց ֊ ամենը, ինչ տեսնում եմ, առաջարկ ա ու հրավեր իրա հետ ներգրավվելու ֊ նստարանը առաջարկ ա իրա վրա նստելու, ծառը հրավիրում ա իրանով հիանալու, խաչմերուկը հրավեր ա ճանապարհս փոխելու։ Էս, թվաց, կյանքի վրա ուղղակի պրոյեկտելի էր․ կյանքով անցնում ենք ու կյանքը պարբերաբար մեր ուղղությամբ ա շպրտում հրավերներ ու առաջարկներ, ու մենք ազատ ենք ընդունել կամ մերժել, մոտենալ կամ հեռանալ․ էդ կամքի ու որոշման ազատությունն էլ երջանկություն էր։
Ինչ֊որ պահի պառկեցի մի նստարանի․ երկինքը սև էր, մի քանի բուռ աստղերով։ Ազնիվ կլինի ասել՝ երկնքից ավելին էի սպասում։ Սպասում էի՝ տիեզերքի հետ ինչ֊որ գերտիեզերական կապ զգալ, բայց չէ․ սիրուն էր, հաճելի, էն մեղմ ջերմությունը, որ ողողում էր ներսս էդ երեկո մինչև երկնքի հետ ներգրավվելը, ողողում էր նույն ուժգնությամբ, բայց ոչ ավելի։ Իմ ու աշխարհի միջև սահմանները մշուշված էին մինչև էդ պահը ու էդ պահին էլ մշուշված էին նույն չափով։ Էդ պահերից մեկում հաջորդ միտքը մեխվեց ֊ ես իրականում ամբիցիոզ չեմ․ ես ճամփորդ եմ կյանքով, ինձ հետաքրքիր են կյանքը որպես երևույթ, մարդիկ, մարդու վիճակը, իմ հետաքրքրությունները զգայական են․ կյանքը ինձ վախենալու չի, կյանքի վերջն էլ վախենալու չի, իմ նպատակը հենց էս ա, էս ճամփորդությունը կյանքով։
Հետո հայտնվեցի ինչ֊որ խաղահրապարակում ու կախվեցի պտտաձողից։ Լուռ գիշերով մուգ երկնքի ֆոնին ձեռքեր, մետաղական ձող․․․ Իմ էսթետիկ գնահատականներով դժվար էր ավելի սիրուն բան տեսնել։ Ուզեցի նկարել, բայց հնարավոր չէր նկարել․ ձեռքերս բռնած էին պտտաձողը։ Էդ պատկերը, աշխարհի ամենասիրուն պատկերը հնարավոր չէր ֆիքսել, հնարավոր չի բառերով նկարագրել, իրան մի անգամ տեսա ու իրա մասին հիշողությունները մահանալու են իմ հետ։ Իմ բոլոր ապրածները, տեսածները մահանալու են իմ հետ։ Կյանքի, փորձառությունների էդ վերջնականությունը անհնարին ողբերգություն թվաց։ Էդ օրվա ամենադրամատիկ պահն էր։
Վերադարձա տուն, քնեցի։
Հաջորդ առավոտ արթնացա անտանելի գլխացավով ու ամբողջ օրը չկարողացա տեղիցս շարժվել։
Հաջորդող մի քանի օրերին ծայրահեղ դեպրեսիվ էի։ Թվում էր՝ հուզական դիմադրողականությունս կորցրել եմ։ Նախկինում թեթև տխրացնող մտքերից էդ օրերին սուզվում էի թանձր անելանելիության մեջ։ Վերականգնվեցի։
Հետաքրքիր ու թանկ նստող փորձառություն էր։
հ.գ. առաջին անգամ պսիխոդելիկ թրիփ ունենալուց արժի լինել մարդկանց հետ, ովքեր էդ փորձառությունը արդեն ունեցել են ու գիտեն՝ ինչ սպասել։
Էջանիշներ