Մարդիկ Լուսին թռել են վեց անգամ՝ 1969-ից 1972-ը, Apollo 11-ից 17-ով: Apollo 13-ը, ցավոք, թռիչքի ժամանակ վթարվեց․ մնացածը բարով-խերով հասան Լուսին ու հետ եկան: Ընդհանուր առմամբ Լուսնի վրա եղել ա 12 տիեզերագնաց, որոնցից մի քանիսը նույնիսկ երեք օր մնացել են էնտեղ:
Հիսուն տարի առաջ Լուսնին հասնելը հիմնականում ցուցադրական դեր էր խաղում ու ոչ մի կիրառական կարևորություն չուներ: Էն, ինչ պիտի իրար ապացուցեին, ապացուցեցին: Էն, ինչ կարող էին ուսումնասիրել, ուսումնասիրեցին: Էն, ինչ էն ժամանակ կարող էին Լուսնի վրա անել մարդիկ, հիմա հանգիստ կարող են ռոբոտներն էլ անել: Մարդ ուղարկելը դժվար ա, վտանգավոր, թանկ ու աննպատակահարմար: Ռոբոտ ուղարկելն ավելի հեշտ ա: Դրա համար էլ մարդկանց դադարեցին ուղարկել:
Լուսինն իրոք բավականին ախմախ տեղ ա: Մակերևույթի ամեն միլիմետրն արդեն ուսումնասիրված ա: Հեռվից սիրուն ա, իսկ մոտիկից՝ սառած, անկենդան, իր ներկայիս տեսքով կյանքի համար անպիտան մոլորակ: Նույնիսկ բնական ռեսուրսները՝ մետաղներ և այլն, շահագործման ենթակա չեն, որովհետև դրանք Երկիր հասցնել դեռ չենք կարող: Դեռ:
Բայց հիմա NASA-ն արդեն պատրաստվում ա դեպի Լուսին ուղղված երկրորդ՝ Artemis ծրագրին: Ու շատ լուրջ ա պատրաստվում: Որովհետև հիմա տեխնոլոգիան վերջապես հույս ա տալիս Լուսնից առաջին շոշափելի օգուտը ստանալու: Ծրագրի սկզբում Լուսնի ուղեծրի մոտ կառուցվելու ա միջազգային բնակեցված կայան․ էս մի տասը տարուց պիտի որ արդեն տեսնենք: Իսկ հիմնական նպատակը Լուսնի մակերևույթին մշտական բնակեցված կայան ստեղծելն ա, որտեղ գուցե հնարավոր լինի հրթիռային վառելիք արտադրել՝ օգտագործելով հենց Լուսնի ռեսուրսները:
Ինչու՞ ա սա կարևոր․ որովհետև դրա շնորհիվ հնարավոր կլինի Լուսինը վերածել դեպի Մարս ուղղված հրթիռների թռիչքահարթակի: Լուսնից ենք Մարս թռնելու, ոչ թե Երկրից: Գրավիտացիան էնտեղ վեց անգամ թույլ ա, մթնոլորտ չկա․ էն, ինչ հիմա կարող ենք Լուսնից թռցնել ու հասցնել Մարս, ստեղից ուղղակի դեռ չենք կարող: Ֆիզիկայի օրենքներն էստեղ մեր դեմ են, էնտեղ՝ մեր կողմից:
Մարսի վրա միլիոններ չէ, միլիարդներ են ծախսում: Ու ինչքան շատ կարողանան ծախսել, էդքան լավ: Կյանք գտնելու համար չէ: Կյանքը պահպանելու համար: Որովհետև էդ ա մարդկության գոյատևման ամենահավանական հեռանկարը: Էս մոլորակի վրա մեզ ի վերջո ոչ մի բան չի փրկելու՝ ո՛չ «կանաչ» էներգիան, ո՛չ բնակչության թվաքանակի վերահսկողությունը, ո՛չ էլ նույնիսկ Գրետա Թունբերգը: Մենք նվաճողական տեսակ ենք, իսկ Երկրի ռեսուրսներն անսպառ չեն: Ռեսուրսներն անսպառ են տիեզերքում, բայց մենք մեր արեգակնային համակարգից հազիվ թե երբևէ դուրս գանք․ ֆիզիկան էլի դեմ ա: Իսկ այ Արևի մյուս մոլորակներին ու աստերոիդներին հասնել կարող ենք ու կհասնենք, գուցե նույնիսկ մեր կյանքի օրոք:
Մարսը հնարավոր ա բնակեցնել: Տեղայնացված մթնոլորտ, սննդի ու հումքի արտադրություն, աշխատանք, հասարակություն, կենցաղ: Էս արդեն գրեթե ֆանտաստիկա չի: Մեր դարի տեխնոլոգիայով հնարավոր ա լինելու սրան հասնել:
Հա, սրանք բոլորը փաստեր են:
Էջանիշներ