User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 1 համարի արդյունքները՝ ընդհանուր 1 հատից

Թեմա: Սիրային բանաստեղծություններ

  1. #1
    Պատվավոր անդամ romanista-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    667
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրային բանաստեղծություններ

    ՀԱՎԻՏՅԱՆ ՍԵՐ

    Մշուշի մեջ քեզ կգտնեմ,
    Կնշմարեմ քեզ սև մթում,
    Որ իմ զգացմունքը քեզ պատմեմ,
    Ասեմ, թե ինչ է սիրտս զգում:

    Աղմուկի մեջ քեզ կլսեմ,
    Կզատեմ ձայնդ ամբոխում,
    Այդ բոլորի մոտ ես կասեմ,
    Թե ինչքան շատ եմ քեզ սիրում:

    Չեմ շփոթի ձեռքիդ հպումը
    Թե իմ աչքերը պինդ փակվեն,
    Կզգամ այտիս ափիդ անկումը,
    Ու կասկածներս կչքվեն:

    Տենչում եմ քեզ՝ ինչպես Էրոսը,
    Պաշտում՝ Մեծ Պլատոնի նման,
    Կուզեմ մնալ սրտիդ հերոսը,
    Մինչև վայրկյանն իմ լուռ մահվան:

    ԻՄ ԵՂԱՆԱԿՆ ԵՍ

    Դու իմ ամառն ես՝
    Ջերմ ու կրակոտ,
    Խենթ ու համառն ես,
    Տաք ես ու կրքոտ:

    Դու իմ աշունն ես՝
    Կարոտս դեղնած,
    Տերևաթափ ես՝
    Հոգումս արբած:

    Դու իմ ձմեռն ես,
    Ճերմակ վեհություն,
    Սթափեցնող դեղն ես
    Իմ գիտակցության:

    Դու իմ գարունն ես,
    Հույսի ցողս թաց,
    Ժայթքող արյունն ես
    Վերքերից իմ բաց:

    Դու եղանակն ես
    Իմ ողջ էության,
    Իմ հաղթանակն ես,
    Ճարս գոյության:

    ՄԵՐԺՈՒՄ

    Խոստովանեմ՝ ես խճճվել եմ
    Հույզերիս խառը կծիկում,
    Քո մերժումից ես կծկվել եմ
    Մտքերիս սառը խցիկում:

    Ուր են տանում ինձ աստղերը
    Սիրակորույս այս գիշերով,
    Ես կորցնում եմ իմ քայլերը՝
    Տարված օրվա վատ հուշերով:

    Քո՝ «արի մնանք ընկերները»
    Սուր շեղբով սիրտս է կտրում,
    Քեզ պահիր այդ հիմար խոսքերը,
    Ընկերոջն այսպես չեն սիրում:

    Ես կպատռեմ այս դառը էջը
    Պատմությունից իմ գոյության,
    Միայն թե հոգուս ելևէջը՝
    Չխենթացնի ինձ հավիտյան...

    ԳՐԿԻՐ ԻՆՁ

    Գրկիր ինձ, առ ինձ տաքուկ գիրկդ,
    Թող հոսեն արցունքներս քո կրծքին,
    Սեղմիր ինձ, այնպես, որ զգամ սիրտդ,
    Ու կարդա գանգատները իմ մտքի:

    Թույլ տուր լամ, ազատեմ ներսս լցվածը,
    Թող պատմեմ, թե ինչն է ինձ տանջում,
    Դու գիտես, թե ով է այս լքվածը,
    Ով միայն քո գրկում է հույս տենչում:

    Ես ունեմ այդ ուժ-կորով կոչվածը,
    Ամենուր ահեղ են ինձ տեսնում,
    Բայց գիշերն ինձ պետք է գրկաբացդ,
    Ուր ներսիս անզորն է միշտ նետվում:

    Գրկիր ինձ, ես թուլությունս դատարկեմ,
    Սեղմիր ինձ, քո գրկում լիցքավորվեմ,
    Ծնկներիդ ուժերն իմ հավաքեմ,
    Որ ծեգին կրկին ոտքի կանգնեմ:

    ՔՈ ԱՉՔԵՐԸ

    Ես գտա նրանց ցուրտ մթության մեջ,
    Ալ լույս էին տալիս իմ արահետին՝
    Հրարձակելով զույգ բոցեր անշեջ,
    Անդորր իջեցնում պատռվող սրտին:

    Պահեցի ամուր հոգուս խորշերում,
    Օտարի դիմաց հանկարծ չփայլեն,
    Որ տեսնեմ իրենց իմ երազներում,
    Որտեղ անդադար քիմքս կշոյեն:

    Այդ աչքերը քո՝ իմ կյանքի կանթեղ,
    Որոնց հմայքից կենսաբաղձ եմ ես,
    Եվ տանում են ինձ իմ ուղով անշեղ,
    Հուշելով անվերջ՝ դու պիտի ապրես:

    ՍԻՐՏԸ

    Սիրտը քո կարծես ապակի լիներ,
    Երբ այն փշրվեց կտորտանքների,
    Բեկորները այդ դարձան լուռ քարեր,
    Իրենց կոտրողին երբեք չեն ների:

    Ողջ կյանքում քո դու երբեք չես սիրել,
    Ոչ ոքի առջև հոգի չես բացել,
    Սերը քո սմքել, չորացել է զուր,
    Վերածել սիրտդ ամրոցի ամուր:

    Ամենը փոխվեց, երբ տեսար նրան,
    Այդ կանաչաչյա ու վեհ պատանուն,
    Եվ չունենալով ոչ ճար, ոչ անուն,
    Զգացմունքները քո երկինք քեզ տարան:

    Բայց սիրտդ, ավաղ, չգիտեր սիրել,
    Վաղուց ապակու կտոր էր դարձել,
    Որը այդ տապից պետք է փշրվեր,
    Բեկորները այդ դառնային քարեր:

    ԿՐԿԻՆ ՍԵՐ

    Քո աչքերի փայլի կամոք
    Կրկին նրան կոչեցիր սեր,
    Որն այս անգամ չի տա մորմոք,
    Եվ կբերի քո կյանք գույներ:

    Սակայն աչքերդ կուրացել են,
    Նրանք միայն հույս են տեսնում,
    Մտքիդ լարերն անէացել են,
    Չեն նկատում՝ ինչ կա հեռվում:

    Իսկ այդ հեռուն այնքան մոտիկ,
    Ահա, ձեռքերն է քո գրկել,
    Եվ բառերով սիրուն, կոկիկ,
    Նորից է փորձելու խաբել:

    Ա՜խ, չստացվեց քեզ մոտ սիրվել,
    Քեզնից գալիս է լոկ սիրելը,
    Կույր հույսերին անզուսպ տրվել,
    Իսկ նրանցից՝ միայն ստելը...

    ՔՈ ՓՈԽԱՐԵՆ

    Քո փոխարեն
    Նկատեցի անհույս կույրին,
    Որ սխալներն իմ չտեսնի,
    Այլ շնչելով հոգուս բույրից,
    Գգվի ուժգին ու չանտեսի:

    Քո փոխարեն
    Հավանեցի լուռ այն մունջին,
    Որ գործերից իմ չխոսի,
    Այլ հիմք տալով սրտի կանչին՝
    Թողնի մեր սերն ինքնահոսի:

    Քո փոխարեն
    Ես ընտրեցի ոտքից կաղին,
    Որ հետքերով իմ չվազի,
    Այլ լսելով մտքի շաղին՝
    Իր քայլերով էլ ինձ սազի:

    Քո փոխարեն
    Ես ընտրեցի էլ ում ասես,
    Բայց ոչ մեկին չսիրեցի,
    Այլ սպասեցի, որ պատահես,
    Ու քեզանով ցնորվեցի:

    Ահա և ես թույլ տվի քեզ
    Իմ սխալները պարզ տեսնես,
    Արարքներս քննես, դատես,
    Գեթ մեկ շարժիս դու հետևես,
    Թող օրն այդ գա... դու ինձ սիրես...

    ՍԵՐԸ ՉԱՐ Է

    Քեզ ընդունեցի սրտաբաց գրկով,
    Ինձ դու տիրեցիր տձև հաշվարկով,
    Ես նվիրվեցի հլու շան նման,
    Իսկ դավերը քո շատ հեռուն անցան:

    Ով է մեղավոր թե աչքս դիպավ
    Քեզ պես նյութապաշտ մի սրտակերի,
    Սերս դարձրիր մի անշունչ ապար,
    Միտքս դա երբեք, հավետ չի ների:

    Քեզ վռնդեցի, բայց սիրտս տարար,
    Շունչս փակեցիր ու հոգիս առար,
    Ա՜խ, քեզնից հետո թե ինձնից մնար,
    Կծաղկեր մի նոր հուզմունքի համար...

    ՍԵՐՍ ԱՌ ՔԵԶ

    Դարձար գրիչս,
    Ինձնով գրեցիր,
    Ճերմակ թանաքով
    Հոգիս լցրեցիր:

    Ես ծվարել եմ
    Կրծքիդ շվաքում,
    Սրտիդ զարկերն եմ
    Հատ-հատ հավաքում:

    Ինձ լուռ թովել է
    Թարթը աչքերիդ,
    Խելքամաղել է
    Փոսիկը այտիդ:

    Մարմինդ մարմար,
    Հայացքդ լուսե,
    Հրդեհ ես անմար
    Ներսումս կիզել:

    Այն սերը, որ կա,
    Կմեռնի ինձ հետ,
    Իսկ թե չմեռա՝
    Ես քոնն եմ հավետ...

    ՇԱՂԿԱՊՆԵՐՈՎ ՍԻՐԵԼ

    Սիրե՞լ...

    ԵԹԵ սիրել՝ այնպես, ՈՐ նրան հետո չատես,
    ԿԱՄ շատ տարիներ անց սիրտդ չկարկատես,
    ԱՅԼ գինը հույզերիդ դու միշտ գնահատես,
    Շաղկապներո՜վ սիրել, դու շա՜տ նրբադատ ես:

    ...

    Սիրե՞լ...

    ԱՊԱ հանո’ւն, ՄԻՆՉ այդ սիրուց գժվես,
    Նրա ամեն կնճիռ ՈՐՊԵՍԶԻ հիշես,
    Սիրե՜լ, ԹԵԿՈՒԶ հեռվից, այն չի շրջանցի քեզ,
    Շաղկապներո’վ սիրել, դու շա՜տ ռոմանտիկ ես։

    ՍԵՐԸ

    Սիրեցեք մորը Շիրազի նման,
    Ով չէր նորոգում պատերը իր տան,
    Որ պատերին այդ ոնց հավերժ նշան
    Կույր մոր մատների հետքերը մնան:

    Սիրեք կնոջը Սևակի նման,
    Սիրով հոգեթով ու հեքիաթային,
    Հեռվից էլ հեռու՝ երազի նման,
    Ինչպես Պոետը՝ Սուլամիթային:

    Սիրեք երկիրը Թաթուլի նման,
    Ով այդ երկրին կյանքն իր բաշխեց,
    Ու գեթ մի թիզ հող չտալու համար
    Անգամ նռնակի օղակը քաշեց:

    Սերը բառեր չեն, որ ասվեն, գնան,
    Որ ճչալու են, հետո մոռանան,
    Սերն արարքներն են, որ գին չունեցան,
    Ու սիրո անձայն հոմանիշ դարձան:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (24.05.2020)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •