ԻՆՉՈ՞Ւ ՄԱՐԴՈՒՆ ԿԵՐՏԻՐ ՏՀԱՍ
Երբ խոսում է գիտելիքից
Իր ողջ կյանքում գիրք չթերթած անուսումը,
Եվ նեղվում է ուտելիքից
Սոված մարդու հացը լափած անասունը,
Բողոքում է մերկ քսակից
Աղքատի ծակ ջեբը սրբած հաստավիզը,
Գլուխ գովում իր հասակից
Ճիտ ծռածի գլխին կանգնած այն մի թիզը,
Իրեն լավ զգում ճոխ ճաշակից
Անսազ, անհարթ լաթեր հագած սնդուս աղջիկ,
Դասեր տալիս լավ փեշակից
Մատը մատին սկի չխփած մի փինաչի,
Լոլո կարդում վարքուբարքից
Մարդու եղբոր ծոցը մտած վեհ պոռնիկը,
Փոքրին պատմում իր տան կարգից
Պապու խոսքի վրա թքած ջոջ թոռնիկը:
Նայում նրանց, հասկանում ես՝
Այս աշխարհից հեռվանում ես,
Որ այս կյանքում երբեք ոչ ոք,
Իր տեղում չէ, էհ, շա՜տ ցավոք...
Ա՜խ, աստված, եթե դու կաս,
Ինչո՞ւ մարդուն կերտիր տհաս,
Որ քո գահից քո ստեղծածի վրա խնդա՞ս,
Թե՞ միշտ լինի նա քեզ անհաս...
Էջանիշներ