Ստեղ մի երկու բան էլ էն վերևում նշածս վերապահման մասին գրեմ, էլի: Էս թեման գոնե ինձ համար շատ հետաքրքիր ա:
Էրլքինգը հենց էլֆերի արքան ա: Իսկական, ավանդական էլֆերի, ոչ թե Սանտայի օգնականների կամ Դոբբիի: Ու ինքը շատ, շատ վախենալու կերպար ա:
•
•
Սեղմել՝ ցույց տալու համար
Ստեղ երևի պետք ա մի քիչ խոսել էլֆերի մասին:
Էրլքինգը անգլիական ու գերմանական բանահյուսություն մտել ա սկանդինավյան ավանդազրույցներից: Էլֆերն էլ: Նորդիկ դիցաբանության մեջ երկու հիմնական պանթեոն կա՝ Աեսիրն ու Ալֆարը: Աեսիրը դասական, «օլիմպիական» հյուսիսային աստվածներն են՝ Օդինը, Տորը, մյուսները: Սրանք ավելի շատ ասոցացվում են ուժի, իշխանության, կարգուկանոնի, նաև՝ պատերազմի հետ ու ապրում են Ասգարդում (որ բառացիորեն նշանակում ա աեսիրների կացարան): Ալֆարը ավելի երկրային, գետնին կպած աստվածություններն են ու հիմնականում ասոցացվում են պտղաբերության ու հարստության հետ, բայց և՝ քաոսի: Իրենք ապրում են Ալֆհեյմում․ սրա «ալֆ»-ը հենց մեր իմացած «էլֆ»-ն ա: Օրինակ՝ Ֆրեյրն ու իր քույր Ֆրեյան աեսիր չեն, հենց ալֆար են: Երկրի աստված Յորդն էլ ա ալֆար:
Նորդիկ աստվածները մարդու կողմից չէին: Էն, որ իրենք ավելի հակված էին մարդկանց հետ դաշինք կնքելու, քան սառցե հսկաների, դեռ չի նշանակում, որ իրենք անվտանգ էին ու մարդկանց բարին էին կամենում: Նույն Օդինը դաժան, նենգ ու հզոր աստված ա, ով մարդկանց դիակները հաճույքով շպրտում ա իր գայլերի ու ագռավների դեմ:
Սկանդինավյան էլֆերն ու անգլիական էլֆերը տարբեր են: Նորդիկ էլֆերն ավելի շատ նման են Թոլքինի էլֆերին: Բարձրահասակ, գերբնական չքնաղ, անմահ, վեհ ու աստվածային էակներ են: Ու, իհարկե, վտանգավոր ու հզոր: Անգլիայում, քրիստոնեության ազդեցությամբ, էլֆերը չարացան: Ամենավերևում պիտի լիներ Աստված, դրա համար էլ մնացած բոլոր աստվածությունները ցածրացան, դարձան մերժելի, չար ու վտանգավոր խավարի էակներ, ի հակասություն լույսի Աստծու: Բեովուլֆում, օրինակ, արդեն ասվում ա, որ էլֆերն ուղղակիորեն Կայենի սերունդներն են:
(Եթե Թոլքինը էլֆերին վերցներ ոչ թե նորդիկ, այլ անգլիական բանահյուսությունից, «Մատանիների տիրակալում» դրանք օռկերի կողքին հավասար կռվելու էին մարդկանց դեմ: Կամ, ավելի շուտ, մի տեղ թաքնվեին ու օռկերին էլ, մարդկանց էլ մատների վրա խաղացնեին: Բայց դե ֆրոդոյենց հարևան վսեմ էլֆերի հիմքում հենց նորդիկ էլֆերն են: Գենդալֆի վերջին «ալֆ»-ը, օրինակ, էլի նույն էլֆն ա․ Գենդալֆ բառացիորեն նշանակում ա «կախարդական գավազանով էլֆ»):
Մի խոսքով՝ հենց էս նոր՝ չար ու մութ էլֆերի գաղափարն էլ տարածվեց անգլիական ու գերմանական բանահյուսության մեջ: Էլֆերը երկրային աստվածներից վերածվեցին քաոտիկ ու նենգ էակների, ովքեր սիրում են մարդկանց հետ խաղալ, գայթակղել ու կործանել: Ինչ ասես՝ կարող են հետդ անել: Կարող են սպանել: Կարող են բռնաբարել: Կարող են երեխայիդ գողանալ: Կարող են տանել անտառ ու մոլորեցնել: Կարող են էնքան պարացնել, որ խելագարվես կամ մեռնես: Կարող են մի գիշեր հետդ քեֆ անել, իսկ երբ լուսանա, հասկանաս, որ քսան տարի ա անցել: Երբեմն, իհարկե, պարգևատրում էլ են, բայց էդ ավելի շուտ նման ա շատ մեծ խաղադրույքով ռուսական ռուլետկա խաղալուն: Եթե դաշտով քայլելիս գեղեցկագույն հուրի-փերի տեսնես ու հետևից գնաս, շատ ավելի հավանական ա, որ կկուրանաս ու ոտքերիդ տակի անդունդը չես նկատի, քան թե որ հետն անմոռանալի գիշեր կունենաս:
Էլֆերը հիվանդությունների ու այլ մարմնական չարիքների հետ էլ էին ասոցացվում: Օրինակ՝ ռևմատիզմի կամ արթրիտի սուր, ծակող ցավերը կոչվում էին elfshot, որովհետև կարծում էին, որ էդ պահին թաքնված էլֆը նետահարում ա քեզ: Գերմաներեն մղձավանջը albtraum ա․ alb` էլֆ, traum` երազ: Որովհետև համարվում էր, որ երբ դու մղձավանջ ես տեսնում, էդ պահին բառացիորեն կրծքիդ էլֆ ա նստած ու քեզ քնի մեջ խեղդում ա:
Ու քանի որ էլֆերն էդքան վտանգավոր ու արգելված էակներ էին, նույնիսկ նրանց անունը տալը հաճախ տաբու էր: Նույն կերպ, ոնց Հարրի Պոտտերենք էին խուսափում Վոլանդեմորտի անունը բարձրաձայն տալուց: Անուններն ընդհանրապես մոգական ուժ ունեն: Քո տեր Աստծու անունը իզուր մի տուր և այլն: Եթե անունը տաս, գուցե լսի: Գուցե նեղանա: Գուցե հետևիցդ գա: Իսկ դու չես ուզում, որ քո հետևից էլֆ գա: Էդ երբեք, երբեք լավ չի վերջանում: Դրա համար էլ գերադասելի ա իրենց ինչ-որ ուրիշ անուններով՝ մեղմասություններով կոչել, ասենք՝ չքնաղ ժողովուրդ՝ fair folk: Ֆեյրիներ:
Կամ թաքնված ժողովուրդ՝ hidden folk: Նույնիսկ հին ավանդազրույց կա, որը էլֆերին՝ թաքնված ժողովրդին, կապում ա Ադամի ու Եվայի հետ: Եվան իր կեղտոտ, անլվա երեխաներին ամաչելով թաքցնում ա Աստծուց: Աստված հայտարարում ա, որ «այն, ինչ մարդը թաքցնում է Աստծուց, Աստված կթաքցնի մարդուց»: Ու թաքցնում ա էդ կեղտոտ երեխաներին՝ վերածելով ֆեյրիների կամ թաքնված ժողովրդի:
(Հետաքրքիր ա, որ էլֆ բառի արմատն ամենայն հավանականությամբ լատինական alba-ն ա՝ սպիտակը: Սպիտակ ժողովուրդ: Սպիտակը սկանդինավիայում գեղեցկության հոմանիշ էր: Այսինքն՝ էլֆ բառն ինքնին արդեն մեղմասություն ա, բայց շատ ավելի վաղ մեղմասություն: Ու սարկաստիկ ա, թե ոնց ա սպիտակ էլֆը քրիստոնեությունից հետո դառնում մութ ու կեղտոտ արարած):
Կարճ ասած՝ այ հենց էս վտանգավոր, մահաբեր ու քաոտիկ էլֆերի արքան էլ Էրլքինգն ա: Օրիգինալ անունը դանիերեն ա՝ Elverkonge: Մի տեղ կարդացել եմ, որ դանիական մի արխայիկ բարբառով Elverkonge-ը հնչում ա Ellerkonge կամ Ellekonge, ինչը շատ նման ա elletrae-ին՝ դանիերեն լաստենուն: Հետո սա թափանցել ա գերմաներենի, գերմաներենից էլ՝ անգլերենի մեջ: Սենց էլ Elverkonge-ը դարձել ա Erlkönig կամ Լաստենու արքա: Գուցե պատահական ա եղել, ուղղակի սխալ թարգմանություն ա: Իսկ գուցե՝ չէ, չես իմանա: Ամեն դեպքում՝ էլֆերի անունն ուղղակիորեն տալը վտանգավոր գործ էր․ գուցե եթե ոչ թե Էլֆերի արքա ասեիր, այլ դրան շատ նման ուրիշ բան՝ Լաստենու արքա, բանի տեղ չդներ, չգար: Սրա համար էլ «Լաստենու արքան» գուցե և ճիշտ ա: Հո ամեն անգամ «լաստենի» լսելիս չի՞ գալու, ստուգի: Չնայած, իհարկե, եկավ՝ եկավ: Իզուր չի, որ լաստենին կելտական ավանդույթում սուրբ ծառ ա համարվում ու միշտ ասոցացվել ա ֆեյրիների հետ:
Հիմա Գյոթեի բալլադն ա: Հայրը հիվանդ որդուն գիշերով փորձում ա հասցնել ինչ-որ տեղ, երևի՝ հեքիմի մոտ: Որդին տենդի մեջ զառանցում ա, տեսիլքներ ունենում: Հայրը, բնականաբար, ոչինչ չի տեսնում, իսկ այ որդուն թվում ա, թե Էլֆ-արքան՝ էդ մահաբեր ու նենգ ֆեյրին, հիվանդություններ տվող ու կյանքեր կործանող էդ գերբնական խաղամոլը, փորձում ա իրեն գայթակղել ու հետը տանել: Իսկ հետը կարող ա տանել միայն մի տեղ՝ էն աշխարհ: Որդին մահամերձ ա, հայրը շտապում ա, չի հասցնում, անձամբ էլֆերի արքան ա որդու վրա աչք դրել, խեղճ հայրն անզոր ա, որդու մոտ արդեն դաժան հոգեվարք ա սկսվում՝ «թե չկամենաս, կտանեմ ուժով», ու որդին մեռնում ա հոր ձեռքերի մեջ: Էլֆ-արքան տիրանում ա իր զոհին: Սովորական պատություն Գրիմ եղբայրների մութ ու վախենալու աշխարհում, երբ երեխայի մահը սովորական բան էր, պատճառն էլ՝ ոչ թե վիրուսներն ու վատ սնունդը, այլ գերբնական ուժերը:
«Էլֆ-արքա» կարդալիս էս բոլորը շատ սիրուն գալիս, տեղն ա ընկնում: «Լաստ-արքա» կարդալիս՝ էնքան էլ չէ:
Էջանիշներ