5g-ի ու կորոնավիրուսի կապին հավատացողներին հիշեցրեք, որ Հայաստանը դեռ 5g չունի, որքան ինձ հայտնի է (VivaCell MTS-ը պատրաստվում է այս տարի սկսել տեղադրել անտենաներ, բայց դրանից քիչ օգուտ կա, քանի դեռ մարդկանց զգալի մասը 5g սմարտֆոնների չի անցել՝ մենակ անտենան չի, հեռախոսն էլ պիտի ապահովի): Բայց Հայաստանն ունի կորոնավիրուս:
Նորից կրկնեմ. մենք ունենք պանիկա, թե 5g-ն է առաջացնում կորոնավիրուսային համաճարակը, ոչ թե վիրուսը: Մենք ունենք կորոնավիրուսային համաճարակ: Բայց չունենք 5g: Էդ ինչպե՞ս է ստացվում:
Ինչ է 5G-ն՝ ինքն բջջային ցանցերի անլար հաղորդակցության հերթական սերունդն է:
Անլար հաղորդակցության ժամանակ ինֆորմացիան փոխանցվում է էլեկտրամագնիսական ալիքների միջոցով: Ժամանակակից անլար հաղորդակցության դեպքում օգտագործվում են մի քանի հաճախականություններ՝ ցածր, միջին, բարձր: Ինչու՝ որովհետև ցածր հաճախականությունները դանդաղ են, բայց խոչընդոտները լավ են շրջանցում: Դրա համար էլ որոշ տեղեր ձեր կապն արագ է, ուրիշ տեղեր՝ դանդաղ:
Բարձր հաճախականային ալիքներն ավելի շատ էներգիա ունեն ու ավելի հակված են փոխազդել էն ամեն ինչի հետ, ինչ կանգնած է իրենց ճանապարհին: Ու մի քիչ հետո կբացատրեմ, թե ինչի դա վատ բան չի: Նու, գոնե առողջական տեսանկյունից՝ տեխնիկական տեսանկյունից դա մարտահրավեր է:
5G-ի միջին ու ցածր հաճախականային ալիքները նույնն են, ինչ 4G-ինը: Բարձր հաճախականայինը ավելի բարձր է ու հասնում է գերբարձր հաճախականային ալիքների ստորին սահմանին (UHF):
Ու սա միգուցե վախենալի հնչի մարդկանց համար, ովքեր չեն պատկերացնում էլեկտրամագնիսական ալիքների սպեկտրը:
Սպեկտրի ներքևում ռադիոալիքներն են: Իրենք բավականաչափ քիչ էներգիա ունեն, որ առանց փոխազդելու անցնեն խոչընդոտների միջով: Հետո գալիս է միկրոալիքային ճառագայթումը: Սովորաբար անվնաս է, բայց եթե կենտրոնացնեք մի կետում, կարող է տաքացնել ձեր պիցցան, օրինակ: Կամ էլեկտրական լիցք առաջացնել մետաղե իրերի եզրերին:
Ու հիշեք՝ խոսքը գնում է չափավոր քանակությամբ ճառագայթման մասին, եթե կանգնեք բավականաչափ հզոր միկրոալիքային անտենայի ուղիղ դիմաց, այն ձեզ կարող է պարզապես եփել:
Միկրոալիքային ճառագայթումից վերև ինֆրակարմիր ճառագայթումն է: Այն կլանվում կամ անդրադարձվում է մակերևույթների կողմից, կլանվելու դեպքում բարձրացնում իրենց ջերմաստիճանը: Երբ դուք տաք բանի մոտ պահում եք ձեր ձեռքն ու ջերմությունը զգում, դա տեղի է ունենում հենց ինֆրակարմիր ճառագայթման միջոցով:
Հետո գալիս է տեսանելի լույսը: Այո, տեսանելի լույսը լրիվ նույն բնույթն ունի, ինչ 5G անլար կապը, պարզապես լույսի ալիքներն անհամեմատ ավելի մեծ էներգիա ունեն:
Իսկ այ հետո գալիս են մի քիչ ավելի վտանգավոր ճառագայթումները, որոնք ոչ թե մոլեկուլների էներգետիկ վիճակն են փոխում, այլ կարող են ատոմներից էլեկտրոններ պոկել ու իոնիզացնել նյութը: Ուլտրամանուշակագույն ճառագայթում, ռենտգենյան ճառագայթներ և այլն:
Կարճ ասած, եթե դուք լամպն անջատել-միացնելով ինչ-որ մեկին հաղորդագրություններ եք փոխանցում, դուք օգտագործում եք ավելի բարձր հաճախականային էլեկտրամագնիսական ճառագայթում, քան 5G-ն:
Թեթև տարեք, ու բանի տեղ մի դրեք վախավաճառներին, ովքեր փորձում են շահագործել ինժեներական գիտելիքների ձեր պակասը:
Սա, իհարկե, չի նշանակում, որ էլեկտրամագնիսական ճառագայթման ցանկացած քանակ անվտանգ է: Էդ թեմայով լուրջ գիտական հետազոտություններ կան, որոնք ուսումնասիրում են էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա (օրինակ՝ ջերմային, կամ նյարդային համակարգի վրա և այլն): Բոլոր ուժեղ անտենաներն ունեն աշխատանքի ընթացքում անվտանգ զոնաներ՝ կարճատև կամ երկարատև ազդեցության համար: Որ պատկերացնեք, մոտ անտենայից մեկուկես մետր հեռավորության վրա էլեկտրամագնիսական ճառագայթումը նվազում է մոտ յոթ անգամ: Բայց 5G-ն բնավ ավելի պրոբլեմատիկ չի, քան մնացած ռադիոալիքները, ու եթե ուզում եք լրիվ նեյտրալիզացնել մարդու վրա էլեկտրամագնիսական ալիքների ԵՆԹԱԴՐՅԱԼ ազդեցությունը, կարող եք վերադառնալ ծխային ազդանշաններով կամ շենքից շենք գոռալով շփվելուն: Մյուս կողմից, 5G-ն միայն հաճախականությունների խումբ չի. ավելին՝ 5G բազմաթիվ կայաններ իրականում թարմացված 4G կայաններ են՝ նույն հաճախականություններով: 5G-ն հաղորդակցության պրոտոկոլ է, որը ենթադրում է իր մեջ օգտագործվող սարքավորումներ, ծրագրային ապահովում, կապի մեթոդներ, գաղտնագրում և այլն:
Էջանիշներ