User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 12 համարի արդյունքները՝ ընդհանուր 12 հատից

Թեմա: SARS-nCoV-2 կորոնավիրուս, COVID-19 համաճարակ

  1. #1
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն SARS-nCoV-2 կորոնավիրուս, COVID-19 համաճարակ

    Քանի որ հասանելի ինֆորմացիայի բացակայությունը բերում է ինֆորմացիոն վակումի, իսկ ինֆորմացիոն վակումը հաճախ լցվում է անհուսալի աղբյուրներով ու դեզինֆորմացիայով, ես փորձում էի Ֆեյսբուքում ինֆորմացիոն պակասը լրացնել, գոնե իմ շրջապատում։ Բայց, իհարկե, Ֆեյսբուքն ամբողջ աշխարհը չի։

    Այս թեմայում ես նպատակ չունեմ ինչ֊որ մեկի հետ բանավիճել, ճիշտ ու սխալ պարզել։ Գիտական փաստերի, ոչ թե տեսությունների շուրջ բանավիճելն իմ գործը չի, ես իրենց կարող եմ միայն ներկայացնել։

    Նախ՝ տարբերակենք SARS-nCoV-2 կորոնավիրուսը COVID-19 հիվանդությունից։ SARS-nCoV-2 կորոնավիրուսը վիրուս է՝ գենետիկ մատերիալ, փաթաթված թաղանթով, որի վրա, եթե նկարներում նայեք, սպիտակուցային «պոզիկներ» են։ Այդ «պոզիկները» վիրուսի «թագն» են, «կորոնան», ինչի համար իրեն անվանում են կորոնավիրուս։

    Սպիտակուցային «պոզիկները» կոնկրետ ֆունկցիա ունեն. իրենք թույլ են տալիս վիրուսին թափանցել առանձին բջիջների մեջ, որտեղ վիրուսի ներսի գենետիկ մատերիալը մտնում է բջջի կենտրոնն ու ստիպում, որ բջիջը ձեր գենետիկ մատերիալի փոխարեն իր գենետիկ մատերիալն արտադրի։ Արդյունքում բջիջը լցվում է վիրուսի գենետիկ մատերիալով ու մահանում։ Նոր վիրուսները նոր բջիջներ են վարակում, իսկ մահացած բջիջների օրգանական նյութերը գրավում են տարբեր օպորտյունիստիկ միկրոօրգանիզմներ՝ բակտերիաներ ու սնկեր, որոնք առաջացնում են այլ առողջական խնդիրներ։

    Կոնկրետ SARS-nCoV-2 կորոնավիրուսի «պոզիկները» թույլ են տալիս իրեն վարակել բջիջներ, որոնք առավել շատ են մարդու թողերում ու աղիներում։

    Կարևոր է հասկանալ, որ կորոնավիրուսը նոր բան չի։ Կորոնավիրուսները, ռինովիրուսները, գրիպի վիրուսները բավականին տարածված են, ու երբ դուք «գրիպ եք տանում», բավականին հավանական է, որ իրականում ձեզ մոտ կորոնավիրուսային կամ ռինովիրուսային ինֆեկցիա է. քանի որ վիրուսներն իրար նման են գործում, արդյունքում սիմպտոմներն էլ իրար նման են։

    Վիրուսը վարակում է ձեր վերին շնչուղիները առաջացնում վերին շնչուղիների սուր վարակիչ հիվանդություն, փորձում տարածվել։ Ձեր իմմունիտետը սկսում է պայքարել վիրուսի դեմ, սկզբում ձեր T-լիմֆոցիտները փորձում են հասկանալ ձեզ վրա հարձակված վիրուսի բնույթը, հետո ձեր օրգանիզմը սկսում է հակամարմիններ արտադրել, որոնք չեզոքացնում են կամ վիրուսը, կամ իր բջիջներ վարակելու ունակությունը։ Բայց սկզբում իմմունիտետը կարողանում է միայն դանդաղեցնել վիրուսի ընթացքը։ Ու եթե վիրուսը բավականաչափ ագրեսիվ է, այն կարող է վերին շնչուղիներից իջնել բրոնխներ ու առաջացնել բրոնխիտ։ Ու եթե ձեր իմմունիտետն իրեն չկանգնեցնի այդ փուլում, ապա այն կարող է իջնել թոքեր ու առաջացնել թոքաբորբ՝ պնևմոնիա։ Կարևոր է հասկանալ, որ այս ընթացքում ձեր իմմունիտետը պայքարում է ոչ միայն բուն վիրուսի, այլ նաև իրեն զուգակցող մնացած օպպորտյունիստական ինֆեկցիաների դեմ։

    Այդ ընթացքում, երբ դուք հազում, շնչում, փռշտում, թքում եք, վիրուսը կարող է դուրս գալ ձեր օրգանիզմից ու միկրոկաթիլների մեջ մտնել ուրիշ մարդու օրգանիզմ, վարակել իրեն։

    Երբ վիրուսը հասնում է թոքեր, թոքերի արյունատար անոթները լայնանում են, որպեսզի ձեր օրգանիզմի պաշտպանական համակարգին ավելի հասանելի լինի, բայց արդյունքում ձեր թոքերը լցվում են հեղուկով ու սկսում կորցնել իրենց առաջնային ֆունկցիան՝ օրգանիզմին թթվածին մատակարարելը։

    Խնդիրն այն է, որ կորոնավիրուսային ինֆեկցիաները սովորաբար այդքան ագրեսիվ չեն։

    SARS-ը, կամ ատիպիկ պնևմոնիան, SARS-nCoV կորոնավիրուսով պայմանավորված համաճարակ էր 2002֊2004 թվականներին, որը սկսել էր Չինաստանի հարավում ու տարածվել սկզբում Հոնգ֊Կոնգ, հետո այլ երկրներ։ Այն մեր SARS-nCoV-2-ով պայմանավորված COVID-19-ից ավելի բարձր մահացությամբ հիվանդություն էր, բայց պակաս վարակիչ, ու իրեն հաջողվեց սահմանափակել ու հաղթել՝ առանց հիվանդության պանդեմիայի մակարդակի հասնելու։

    Հետո եղավ MERS համաճարակը, որն էլ ավելի մահացու էր, քան SARS-ը, բայց պակաս վարակիչ։

    Հարց կարող է առաջանալ՝ ինչու՞։ Ու այդ հարցին այնքան դժվար չի պատասխանել, ինչքան թվում է։

    Վիրուսներին ձեռնտու չի սպանել իրենց կրողներին։ Մեռած կրողի բջիջները ոչ պիտանի են դառնում վիրուսի բազմացման համար, մեռած կրողը լավ չի տարածում վիրուսը։ Խիստ մահացու վիրուսային համաճարակները սովորաբար արագ իրենց սպառում են։

    Բայց խնդիրն այն է, որ վիրուսները սովորաբար կենդանիների մեջ են ապրում, վարակում են կենդանիների բջիջները, ու իրենց կրող կենդանիները սովորաբար իրենց բավականին թեթև են տանում։ Բայց երբեմն վիրուսը մուտացիայի շնորհիվ սովորում է վարակել կենդանու կոնկրետ բջիջներ, որոնք բավականաչափ շատ ընդհանուր բան ունեն մարդու բջիջների հետ, որ վիրուսն անցնի մարդուն։ Ու, քանի որ վիրուսի ամբողջ էվոլյուցիան մարդու օրգանիզմի համար չի նախատեսված, երբեմն այն կարող է բերել աղետալի հետևանքների։

    Նույնիսկ եթե վիրուսը կարող է կենդանուց վարակել մարդուն, դա դեռ երաշխիք չի, որ այն կկարողանա մարդուց մարդու անցնել։

    Երբեմն վիրուսը կարող է մի կենդանուց անցնել մյուսին, ու այդպես շղթայով անցնել մարդուն՝ պրոցեսը զոոնոզիս են անվանում։ Օրինակ՝ վայրի կենդանիներից անցնել տնական կենդանիների, տնականներից՝ մարդու։

    Ինչ է սա ասում կորոնավիրուսային համաճարակների այս բռնկումների մասին։ Որ մարդիկ հիվանդության ծագման էպիկենտրոնում սկսել են շփվել կենդանիների հետ, որոնք արդեն կրում էին հիվանդությունը։ Սա լինում է երկու դեպքում՝ երբ մարդկանց միգրացիա է սկսում կենդանիների բնական միջավայր (օրինակ՝ սկսում բնակվել ու աշխատել այնտեղ, որտեղ չղջիկներ կամ այլ վարակակիր կենդանիներ են ապրում. նիպա վիրուսի համաճարակի պատճառն այն էր, որ մարդիկ արմավենու հյութ էին հավաքում, չղջիկները խմում էին արմավենիների վրա հյութ հավաքող կժերից ու մեջը միզում երբեմն), կամ երբ կենդանիների միգրացիան է իրենց բերում մարդկանց միջավայր (օրինակ՝ Իրաքում դատարկված ու կիսավեր շենքերի չղջիկների բնակավայր դառնալը)։ Ու հիշեք՝ չղջիկները վարակ կրող միակ կենդանիները չեն, ու վիրուսների մեծ մասն անցնում է մարդկանց տնական կենդանիներից։ ՁԻԱՀ վարակի աղբյուրը կապիկներն էին, ու առաջին վարակվողները կապիկների միս ուտելով են վարակվել։

    Արդյոք SARS-nCoV-2 կորոնավիրուսն արհեստական ծագում ունի՝ ոչ, վիրուսի գենոմը լրիվ վերծանված է, բաց տեղադրված, ու իր համակողմանի ուսումնասիրությունը ցույց է տալիս բնական ծագում։ Ու, ընդհանուր առմամբ, երբ կա մարբուրգյան վիրուս, սիբիրախտ, սև ժանտախտ, ոչ մեկին պետք չի կորոնավիրուսի նման հեշտ մուտացվող, անկանխատեսելի, ուժեղ վարակիչ ու դժվար կառավարելի հիվանդությունը որպես բիոլոգիական զենք։

    Այն, ինչ կարևոր է հիշել՝ SARS-nCoV-2 վիրուսը օդակաթիլային խիստ վարակիչ հիվանդություն է, ունի բնական ծագում, առաջացրել է COVID-19 համաճարակը, որը համեստ հաշվարկներով կարող է վարակել մարդկության 70 տոկոսին, նախքան հոտային իմմունիտետը մնացածին կպաշտպանի, ու սպանել վարակվածների 2֊5 տոկոսին, մոտ 106 միլիոն 316 հազարից մինչև 265 միլիոն 790 հազար մարդ։

    Հիվանդության մահացությունը կախված է ինչպես հիվանդացողի տարիքից ու առողջական վիճակից (թուլացած իմմունիտետով մարդիկ ավելի ծանր են տանում այն), այնպես էլ առողջապահական ծառայությունների հասանելիությունից ու որակից։ Ինչքան շատ մարդիկ են միաժամանակ վարակվում, այնքան ավելի է ծանրաբեռնվում առողջապահական համակարգը, իջեցնելով ծառայությունների հասանելիությունն ու որակը։ Ավելին, մեծանում է հենց առողջապահական ծառայողների վարակվելու ու անաշխատունակ դառնալու հավանականությունը, չխոսենք գերհոգնածության մասին, ու էլի բերում նույն արդյունքին։

    Հիվանդության ծանրությունը նաև կախված է viral load-ից՝ միանգամից ինչքան շատ վիրուս է թափանցել ձեր օրգանիզմ։ Առաջին մեզ հայտնի մահն իմ տարիքի լրիվ առողջ չինացի բժիշկ էր, որը պարզապես շատ մեծ viral load էր ստացել։

    Կարանտինի ու մնացած սահմանափակող միջոցների օգնությամբ մենք վարակումները դանդաղեցնում ենք, միաժամանակ վարակված մարդկանց քանակը համապատասխանեցնելով մեր առողջապահական համակարգի ունակություններին։ Հենց սա է «կորը հարթեցնելը»։

    Եկեք խոսենք SARS-nCoV-2 կորոնավիրուսի վակցինայի մասին:

    Ասել, թե մենք լրիվ անպատրաստ էինք իրեն՝ սխալ կլինի: 2002-2004 SARS համաճարակի ժամանակ մենք տեսանք, թե ինչի են ունակ կորոնավիրուսի ենթատեսակները ու արդեն սկսեց վիրուսի ուսումնասիրությունը:

    Բայց վակցինաների մշակումը որոշ նրբություններ ունի: Քանի որ իրենցով զբաղվում են հիմնականում մասնավոր ընկերություններ, եթե համաճարակը մարի կամ թուլանա, կփոքրանա նաև վակցինայի ֆինանսավորումը: Զիկայի վակցինայի մշակումը կանգ առավ, որովհետև համաճարակն ավարտվեց: Բայց հետազոտական նյութերը, որոնք պատրաստվել էին, մնացին, ու նոր համաճարակի դեպքում մենք զրոյից չենք սկսելու:

    Ներկայումս 21 անկախ ընկերություններ աշխատում են SARS-nCoV-2 կորոնավիրուսի վակցինայի վրա՝ օգտագործելով ինչպես SARS-nCoV-1-ի մասին հետազոտական տվյալները, այնպես էլ SARS-nCoV-2-ի գենոմի մասին ինֆորմացիան, որոնք համաճարակի սկզբում հաշվարկել ու հրապարակել են չինացի բժիշկները:

    Վակցինաներից առնվազն մեկն արդեն մտել է փորձարկումների առաջին փուլ:

    Քանի որ մենք գործ ունենք պանդեմիայի հետ, վակցինան պետք է լինի էֆեկտիվ, անվտանգ տարբեր տարիքային խմբերի ու առողջական վիճակների մարդկանց համար, էժան, որ բոլոր երկրները կարողանան այն ստանալ, ու հեշտ մասսայական արտադրվող, որ բոլորին հասանելի լինեն:

    Դժվար չէր լինի սարքել վակցինա, որով օրեկան տաս մարդ կարողանային պատվաստել, բայց այն անօգուտ կլիներ, եթե հիվանդությունն ամեն օր ավելի շատ մարդ սպաներ, քան մենք ի վիճակի լինեինք պատվաստել:

    Վակցինայի պատրաստումը ոչ միայն զուտ վիրուսի հետազոտման խնդիր է, այլ նաև լոգիստիկայի ու մատակարարման շղթաների կառուցման:
    Ուրեմն՝ ե՞րբ մենք կունենանք վակցինա: Օպտիմիստական աղբյուրները պնդում են, որ հավանաբար սեպտեմբերին, բայց ես իրատեսական եմ համարում 12-18 ամիս ժամկետը:

    Վակցինայի տարբերակներից մեկը թիրախավորում է վիրուսի թաղանթի «թագի» («կորոնայի») այն սպիտակուցը, որն իրեն հնարավորություն է տալիս ներթափանցել մարդու բջիջների մեջ, հետևաբար՝ այն շատ հեշտ կլինի ադապտացնել նույնիսկ եթե վիրուսն ընթացքում մուտացվի:

    Իհարկե՝ մենք խնդիր կունենանք հակավակցինատորների դիմադրության հետ, որովհետև վակցինայի էֆեկտիվությունը կախված է իր համատարած կիրառումից: Բայց մենք չգիտենք՝ իրավիճակն ինչպես կփոխվի մինչև վակցինայի պատրաստ ու հասանելի լինելը:

    Մինչ այդ՝ մենք պետք է դիմանանք: Ու ամեն գնով դանդաղեցնենք համաճարակի տարածումը: Ու խոսքը գնում է թե՛ կորոնավիրուսային, թե՛ խավարամտության համաճարակների մասին:

    Շարունակելի։
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (14.04.2020), Sagittarius (15.04.2020), Sambitbaba (15.04.2020), Աթեիստ (14.04.2020), Հայկօ (14.04.2020), Հարդ (15.04.2020)

  3. #2
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իրանում կորոնավիրուսից մահացածների մասսայական գերեզմանները՝ տիեզերքից:



    Իսպանիայում օլիմպիական սահադաշտը ծառայում է որպես մորգ:

    Սրանք երկու բաներ են, որոնց մասին ես փորձում եմ զգուշացնել ձեզ: Մենք դեռ համաճարակի սկզբում ենք: Պատկերացրեք՝ երբ սահադաշտերն էլ վերջանան:

    Համաճարակներն ուրիշ չնախատեսված հետևանքներ էլ կարող են ունենալ։

    Իսպանական գրիպի համաճարակից ԱՄՆ-ում գերմանական մի միգրանտ մահացավ, որն ապահովագրել էր իր կյանքը: Միգրանտի տղան ապահովագրության փողը ներդրեց իր անշարժ գույքի բիզնեսի մեջ: Դուք բոլորդ երևի ճանաչում եք այդ միգրանտի թոռանը, որն իր հորից որոշ աղբյուրներով մոտ 60 միլիոն դոլարի «փոքրիկ պարտք» վերցրեց ու նույնպես բիզնես-կարիերա սկսեց:

    Իսպանական գրիպից մահացած գերմանացի միգրանտի անունն էր Ֆրեդերիկ Տրամպ:

    Իսպանական գրիպը լավ օրինակ է ցույց տալու համար, թե ինչու այս համաճարակն աշխարհի վերջը չի, բացատրելու համար, թե հենց ինչ ենք մենք անում։

    Ամբողջ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի 1,617,204 դեպք, առողջացել է 364,686 մարդ, մահացել՝ 97,039 մարդ:

    Վարակվել է աշխարհի բնակչության 0,02 տոկոսը, մահացել՝ 0,0012 տոկոսը:

    Սա, իհարկե, համաճարակի ընդամենը սկիզբն է։

    1918֊1920 թվականների իսպանական գրիպի համաճարակը վարակել է մոտ 500,000,000 մարդ՝ աշխարհի բնակչության մոտ 25 տոկոսը: Իսպանական գրիպի համաճարակից մահացել են նվազագույնը 17-50 միլիոն մարդ, առավելագույնը՝ 100 միլիոն, այսինքն՝ կամ ավելի շատ, քան առաջին համաշխարհային պատերազմից, կամ ավելի շատ, քան երկու համաշխարհային պատերազմներից՝ միասին վերցրած: Ամբողջ աշխարհի այդ ժամանակվա բնակչության 2,5 տոկոսը:

    Ոչ այդ համաճարակը, ոչ էլ այս մեկը աշխարհի կամ մարդկության վերջը չի: Մենք պայքարում ենք մեր մերձավորների կյանքի ու առողջության համար, մարդկանց, ում կյանքն ու առողջությունը կարող է վտանգվել այս համաճարակից:

    97,039 մահացածներից ամեն մեկն առանձին մարդ էր՝ իր ապրած կյանքով, իր ընտանիքով, հարազատներով, ծնողներով, երեխաներով սիրածներով: Ու հիմա նրանք չկան:
    Սա աշխարհի վերջը չի, բայց դա չի նշանակում, որ մենք չպետք է փորձենք փրկել այն բոլոր մարդկանց, ովքեր հակառակ դեպքում կարող են զոհ գնալ համաճարակին:

    Հիվանդության առաջին մեզ հայտնի զոհն իմ տարիքի էր, ոչ թե ծեր մարդ: Բժիշկը, որն առաջինն էր բարձրաձայնել հիվանդության մասին, առանց լրացուցիչ առողջական խնդիրների:

    Այնպես որ, մենք իրավունք չունենք հանձնվել կամ հուսահատվել:

    Օգնեք պահպանել սոցիալական իզոլյացիան ու առողջ եղեք:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.04.2020), Աթեիստ (14.04.2020)

  5. #3
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սովորական մարդն, ով կամ ստանում է կիսատ-պռատ ինֆորմացիա, ու հապճեպ պատկերացումներ է կազմում, կամ միանգամից եզրակացությունն է ստանում՝ առանց մտածելու, թե ինչպես են այդ եզրակացությանը հասել, մտածում է՝ ինչի՞ միանգամից էս չէին անում, ինչի՞ միանգամից էն չէին անում:

    Մարդիկ ուզում են միանգամիս իմանալ՝ ինչ է կատարվում, ինչ է լինելու հետո, ու ով է մեղավոր: Դրա համար իրենք ավելի դժվար են ընկալում «մենք հիմա բավականաչափ ինֆորմացիա չունենք ճշգրիտ պրոգնոզ տալու համար» գիտական պատասխանները, որ սպունգի նման կլանում են «5G-ն է մեղավոր» կամ «վիրուս չկա, Սորոսը ուզում է ձեզ չիպավորել» կարգի ինֆորմացիան:

    Մարդիկ սիրում են անվտանգության ու որոշակիության զգացողությունները, նույնիսկ եթե իրենք կեղծ են: Իրենք սիրում են զգալ, որ խնդիրը որոշակի է, ունի որոշակի մեղավոր, ու որ իրենք կարող են ինչ-որ բան անել խնդիրը լուծելու համար:

    ՄԻԱՎ-ը հայտնաբերվել է որպես հիվանդություն երբ կարճ ժամանակում նույն տարածքում ոչ տիպիկ սնկային թոքաբորբի շատ դեպքեր են հայտնաբերվել: Ու երբ բժշկությունը չի կարողացել արագ ժամանակում դեղ գտնել, որը կդնի ու կբուժի ՄԻԱՎ-ի առաջացրած ՁԻԱՀ-ը, սկսել են դավադրությունների տեսություններ հիվանդության բնույթի մասին:

    Քաղցկեղը: Նորից՝ քաղցկեղի ընթացքն ու պրոգնոզը անորոշ են, բարդ, վախենալի: Դրա համար էլ շատ մարդիկ ընդունում են ավելի պարզ, հուսադրող սոդայով, աղոթքով ու դիետայով բուժվելու մասին կեղծ ինֆորմացիան:

    Մենք դեռ լրիվ չենք հասկանում, թե ինչ են աուտիզմի սպեկտրի հիվանդությունները: Մարդկանց դա դուր չի գալիս: Դրա համար իրենք պատրաստակամ են ընդունել գիտականորեն չհիմնավորված, ապացուցված կեղծիք, բայց պարզ ու հասկանալի «պատվաստումներն են աուտիզմ առաջացնող» տեսանկյունը:

    Բժշկությունն ամենազոր չի, բայց այն զարգանում է ու արդեն մեզ կարող է պաշտպանել լիքը հիվանդություններից, որոնք ժամանակին ահռելի մահացության էին բերում: Բուբոնային ժանտախտի, խոլերայի, պոլիոմիելիտի, սև ծաղկի համաճարակները անցյալում են, գոնե մեծ մասամբ (թույլ բժշկությամբ երկրներում՝ Սոմալի, Պակիստան, Չինաստան, Հնդկաստան, դեռ երբեմն պատահում են):

    Կորոնավիրուսի համաճարակի մասին մենք իմացենք ենք, որովհետև կարճ ժամանակահատվածում ու փոքր տարածքում ոչ տիպիկ թոքաբորբի դեպքեր են եղել: Այնպես չի, որ բժիշկները նայեն հիվանդին, անալիզ վերցնեն ու միանգամից տեսնեն վիրուսը, մի հատ էլ պատկերացնեն, թե վիրուսն ինչպես է իրեն պահելու համաճարակաբանական տեսանկյունից:

    Բժիշկները տեսնում են պացիենտին, նայում են իր հիվանդության պատմությանը, սիմպտոմներին, ու հավաքած ինֆորմացիայից ու տեղական փորձից ելնելով նեղացնում են դիագնոզների ցանկը: Վիրուսային հիվանդություններից ամեն մեկի համար առանձին թեստ պետք է իրականացվի, որոնք թանկ են ու դանդաղ: Վիրուսները մանրադիտակների համար չափազանց փոքր են, դրա համար իրենք հայտնաբերվում են մարդու օրգանիզմում համապատասխան հակամարմինների միջոցով:

    Ու նույնիսկ երբ դիագնոզը պատրաստ է, իրենք չգիտեն, արդյոք վարակին ռեակցիան մի պացիենտի կամ պացիենտների խմբի է վերաբերում, թե ամբողջ համաճարակ ունենք:
    Եթե դուք WHO Outbreak Update-ներ ստանայիք (որոնք ես ստանում եմ IFTTT-ով), կպատկերացնեիք, որ եթե ամեն նման դեպքում, առանց համոզվելու, մենք արտակարգ դրություն հայտարարեինք ու կարանտին, տարին 365 օր պիտի տանը նստեինք: Համապատասխան սոցիալական ու տնտեսական հետևանքներով:

    Լավ: Հայտարարեցինք կարանտին: Ո՞վ, ինչպե՞ս է հետևելու, որ կարանտինը պահպանվի: Նույնիսկ ներկայիս միջոցների կիրառմամբ մենք գիտենք, որ կարանտինը մարդկանց զգալի մասի կողմից չի պահպանվում: Վստահ եմ՝ եթե դուք ձեր պատուհանից նայեք, կտեսնեք նույնն, ինչ ես եմ տեսնում. կարանտինի բազմաթիվ խախտողներ:
    Ու միևնույն ժամանակ՝ կոնսպիրոլոգներ, որոնք կխոսեն կեղծ վարակի, Սորոսի ու չիպսավորման մասին, ինկոմպետենտ բժիշկներ, որոնք կհայտարարեն, որ սա ընդամենը թեթև շնչառական հիվանդություն է, ու էս բոլոր միջոցները չափազանցված են, ու հիստերիկ պանիկյորներ, որոնք կգոռան՝ իսկ ինչի՞ անցած տարվանից կարանտին ու արտակարգ դրություն չեն հայտարարել, կամ նման մի բան:

    Իսկ նորմալ դեպքերում մարդկանց պետք է բավարար ինֆորմացիա ու կոնկրետ չափանիշներ՝ նման լուրջ որոշումներ կայացնելու համար:

    Նախորդ ռեժիմը մեզ այս առումով թողել է շատ անպաշտպան:

    Խնդրի լուծումն ընթացակարգային է՝ WHO ու այլ մասնագիտական ցուցումների հիման վրա ստեղծել չափանիշների ու ընթացակարգերի համակարգ, փորձարկել դրանք, երբեմն երբեմն ուսումնական վարժություններ անց կացնել քաղաքացիների շրջանում տարբեր արտակարգ իրավիճակների հետ կապված՝ համաճարակ, երկրաշարժ, պատերազմ:

    Իսկ հիմա ես ասեմ, թե ինչ կարող եք դուք անել խնդիրը լուծելու համար: Պահպանեք կարանտինը: Եթե բոլոր մարդիկ երկրում պահպանեին կարանտինը, ընդամենը մեկ ամսվա մեջ Հայաստանում վարակի տարածումը կանգ առած կլիներ կամ գոնե այնքան դանդաղած, որ արագ կհաղթահարվեր: Բայց դրա համար անհրաժեշտ կլիներ, որ ասենք առնվազն ամեն վեց մարդուց հինգը ընդհանրապես ոչ մեկի հետ չշփվեին։ Ինչն իրատեսական չի։ Դրա համար մեզ մնում է ընդամենը մեր ուժերի չափով հարթեցնել կորը։

    2016 թ. հունվարի 26-ի հոդված կա Global Voices - Caucasus-ում, որը հետաքրքիր ռետրոսպեկտիվ է տալիս թե՛ նախորդ ռեժիմի համաճարակների ժամանակ վարքի, թե՛ այս համաճարակի ժամանակ Ռուսաստանի, Բելառուսի ու մնացած նման երկրների արձագանքի վերաբերյալ:

    Կոնտեքստի համար՝ պատկերացրեք. խոզի գրիպի համաճարակ է, 81 հոգի արդեն ռեանիմացիայում են, 18 հոգի մահացել են:

    Այն, իհարկե, անհամեմատ ավելի ցածր վարակչություն ունեցող ու պակաս վտանգավոր բան էր: Բայց էլի լուրջ համաճարակ էր, որին պետք էր արձագանքել:

    Ու ինչպիսի՞ն էր արձագանքը:

    «Համաճարակ չկա: Համաճարակի մասին խոսակցություններն անիմաստ պանիկա են տարածում»:

    Սա այդ ժամանակվա առողջնախ Արմեն Մուրադյանի տեսանկյունն էր:

    Համաճարակները լինում են տարբեր մասշտաբների, ու բնավ պարտադիր չի, որ հակահամաճարակային գործողությունները հասնեն կարանտինի ու պարետային ժամի: Երբեմն, օրինակ, կառավարությունը կարող է հայտարարել համաճարակի մասին ու քաղաքացիներին ցուցումներ տալ՝ ինչպես խուսափել վարակվելուց, ու սահմանափակվել դրանով:

    Դուք կառավարությանը փող եք տալիս, իրենք աշխատում են ձեզ համար: Դուք իրենց փող չեք տալիս, որ ձեզ խաբեն, մանիպուլացնեն, ձեր գլխի տակ փափուկ բարձ դնեն, վախենցնեն կամ այլ բան: Դուք իրենց փող եք տալիս, այլ բաների հետ միասին, նաև որ ձեզ ասեն ճշմարտությունը բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը գնում է ինֆորմացիայի մասին, որը կոնկրետ պատճառներով գաղտնի պիտի մնա՝ նախաքննության գաղտնիք, դատական գաղտնիք, պետական գաղտնիք և այլն: Ու նույնիսկ դրանց մասին պետությունը ոչ թե պիտի խաբի ձեզ, այլ պիտի բացատրի, թե ինչու այն ձեզ ներկայումս հասանելի լինել չի կարող:

    Հետհայացքով՝ 2016-ի խոզի գրիպը համաճարակ էր: Սեզոնային գրիպի համաճարակներից ավելի լուրջ: Ու այո, կառավարությունը ձեզ պիտի զգուշացնի նույնիսկ սեզոնային փոքր համաճարակների մասին:

    Ու այո, կառավարությունը որոշել էր ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, մինչև ինքն իրեն անցնի:

    Թե ինչպես իրենց կպահեին ՀՀԿ-ն այս համաճարակի ժամանակ՝ թույլ տվեք ինֆորմացված կանխատեսում անել. կախված է նրանից, թե այդ շրջանում ում ձեռքից փող մուրալուց կլինեին: Եթե ԱՄՆ-ից՝ կանեին այն, ինչ ԱՄՆ-ն կասեր, եթե ԵՄ-ից՝ ԵՄ ցուցումներին կհետևեին, եթե ՌԴ-ից՝ կանեին նույնն, ինչ ՌԴ-ն: Իրենց քաղաքական շահը դնելով ավելի բարձր, քան մեր բոլորի կյանքն ու առողջությունը:

    Այնպես որ, մեզ մոտ գոնե այդ հարցում հիմա ամեն ինչ անհամեմատ ավելի լավ է:

    Քանի որ մարդիկ ցիտում են Շվեդիայի կառավարության մոտեցումը կորոնավիրուսին, նշեմ: Ապրիլի տասի տվյալներով Շվեդիայում գրանցվել է 9,685 կորոնավիրուսի դեպք, 870 մահ:

    Մահացությունը 9 տոկոս է: Նորվեգիայում մահացությունը 1,46 տոկոս է, Դանիայում՝ 3,85, ԱՄՆ-ում՝ 3,21: Սա կարող է բացատրվել նաև նրանով, որ Շվեդիայում միգուցե բավականաչափ ակտիվ չեն հայտնաբերում դեպքերն, ու իրական վարակվածների թիվն անհամեմատ շատ է:

    Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 937 դեպք, 11 մահ: 1,17 տոկոս մահացություն:

    Շվեդիայի բնակչությունը 10,23 մլն է, Հայաստանինը՝ 2,965 մլն:

    Եկեք նայենք, թե ինչ կլիներ, եթե մեզ մոտ Շվեդիայի նման լիներ, գոնե հասանելի տվյալներով:

    2767 հայտնի վարակված, անհայտ թվով անհայտ վարակվածներ: 248 մահ:

    Այնպես որ, մեզ մոտ ամեն ինչ անհամեմատ ավելի լավ է, քան Շվեդիայում:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.04.2020)

  7. #4
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    5g-ի ու կորոնավիրուսի կապին հավատացողներին հիշեցրեք, որ Հայաստանը դեռ 5g չունի, որքան ինձ հայտնի է (VivaCell MTS-ը պատրաստվում է այս տարի սկսել տեղադրել անտենաներ, բայց դրանից քիչ օգուտ կա, քանի դեռ մարդկանց զգալի մասը 5g սմարտֆոնների չի անցել՝ մենակ անտենան չի, հեռախոսն էլ պիտի ապահովի): Բայց Հայաստանն ունի կորոնավիրուս:

    Նորից կրկնեմ. մենք ունենք պանիկա, թե 5g-ն է առաջացնում կորոնավիրուսային համաճարակը, ոչ թե վիրուսը: Մենք ունենք կորոնավիրուսային համաճարակ: Բայց չունենք 5g: Էդ ինչպե՞ս է ստացվում:

    Ինչ է 5G-ն՝ ինքն բջջային ցանցերի անլար հաղորդակցության հերթական սերունդն է:

    Անլար հաղորդակցության ժամանակ ինֆորմացիան փոխանցվում է էլեկտրամագնիսական ալիքների միջոցով: Ժամանակակից անլար հաղորդակցության դեպքում օգտագործվում են մի քանի հաճախականություններ՝ ցածր, միջին, բարձր: Ինչու՝ որովհետև ցածր հաճախականությունները դանդաղ են, բայց խոչընդոտները լավ են շրջանցում: Դրա համար էլ որոշ տեղեր ձեր կապն արագ է, ուրիշ տեղեր՝ դանդաղ:

    Բարձր հաճախականային ալիքներն ավելի շատ էներգիա ունեն ու ավելի հակված են փոխազդել էն ամեն ինչի հետ, ինչ կանգնած է իրենց ճանապարհին: Ու մի քիչ հետո կբացատրեմ, թե ինչի դա վատ բան չի: Նու, գոնե առողջական տեսանկյունից՝ տեխնիկական տեսանկյունից դա մարտահրավեր է:

    5G-ի միջին ու ցածր հաճախականային ալիքները նույնն են, ինչ 4G-ինը: Բարձր հաճախականայինը ավելի բարձր է ու հասնում է գերբարձր հաճախականային ալիքների ստորին սահմանին (UHF):

    Ու սա միգուցե վախենալի հնչի մարդկանց համար, ովքեր չեն պատկերացնում էլեկտրամագնիսական ալիքների սպեկտրը:

    Սպեկտրի ներքևում ռադիոալիքներն են: Իրենք բավականաչափ քիչ էներգիա ունեն, որ առանց փոխազդելու անցնեն խոչընդոտների միջով: Հետո գալիս է միկրոալիքային ճառագայթումը: Սովորաբար անվնաս է, բայց եթե կենտրոնացնեք մի կետում, կարող է տաքացնել ձեր պիցցան, օրինակ: Կամ էլեկտրական լիցք առաջացնել մետաղե իրերի եզրերին:

    Ու հիշեք՝ խոսքը գնում է չափավոր քանակությամբ ճառագայթման մասին, եթե կանգնեք բավականաչափ հզոր միկրոալիքային անտենայի ուղիղ դիմաց, այն ձեզ կարող է պարզապես եփել:

    Միկրոալիքային ճառագայթումից վերև ինֆրակարմիր ճառագայթումն է: Այն կլանվում կամ անդրադարձվում է մակերևույթների կողմից, կլանվելու դեպքում բարձրացնում իրենց ջերմաստիճանը: Երբ դուք տաք բանի մոտ պահում եք ձեր ձեռքն ու ջերմությունը զգում, դա տեղի է ունենում հենց ինֆրակարմիր ճառագայթման միջոցով:

    Հետո գալիս է տեսանելի լույսը: Այո, տեսանելի լույսը լրիվ նույն բնույթն ունի, ինչ 5G անլար կապը, պարզապես լույսի ալիքներն անհամեմատ ավելի մեծ էներգիա ունեն:

    Իսկ այ հետո գալիս են մի քիչ ավելի վտանգավոր ճառագայթումները, որոնք ոչ թե մոլեկուլների էներգետիկ վիճակն են փոխում, այլ կարող են ատոմներից էլեկտրոններ պոկել ու իոնիզացնել նյութը: Ուլտրամանուշակագույն ճառագայթում, ռենտգենյան ճառագայթներ և այլն:

    Կարճ ասած, եթե դուք լամպն անջատել-միացնելով ինչ-որ մեկին հաղորդագրություններ եք փոխանցում, դուք օգտագործում եք ավելի բարձր հաճախականային էլեկտրամագնիսական ճառագայթում, քան 5G-ն:

    Թեթև տարեք, ու բանի տեղ մի դրեք վախավաճառներին, ովքեր փորձում են շահագործել ինժեներական գիտելիքների ձեր պակասը:

    Սա, իհարկե, չի նշանակում, որ էլեկտրամագնիսական ճառագայթման ցանկացած քանակ անվտանգ է: Էդ թեմայով լուրջ գիտական հետազոտություններ կան, որոնք ուսումնասիրում են էլեկտրամագնիսական ճառագայթման ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա (օրինակ՝ ջերմային, կամ նյարդային համակարգի վրա և այլն): Բոլոր ուժեղ անտենաներն ունեն աշխատանքի ընթացքում անվտանգ զոնաներ՝ կարճատև կամ երկարատև ազդեցության համար: Որ պատկերացնեք, մոտ անտենայից մեկուկես մետր հեռավորության վրա էլեկտրամագնիսական ճառագայթումը նվազում է մոտ յոթ անգամ: Բայց 5G-ն բնավ ավելի պրոբլեմատիկ չի, քան մնացած ռադիոալիքները, ու եթե ուզում եք լրիվ նեյտրալիզացնել մարդու վրա էլեկտրամագնիսական ալիքների ԵՆԹԱԴՐՅԱԼ ազդեցությունը, կարող եք վերադառնալ ծխային ազդանշաններով կամ շենքից շենք գոռալով շփվելուն: Մյուս կողմից, 5G-ն միայն հաճախականությունների խումբ չի. ավելին՝ 5G բազմաթիվ կայաններ իրականում թարմացված 4G կայաններ են՝ նույն հաճախականություններով: 5G-ն հաղորդակցության պրոտոկոլ է, որը ենթադրում է իր մեջ օգտագործվող սարքավորումներ, ծրագրային ապահովում, կապի մեթոդներ, գաղտնագրում և այլն:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sambitbaba (15.04.2020), Հարդ (15.04.2020)

  9. #5
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ամեն գնով պետք է խուսափել պանիկայից:

    Նայենք՝ ինչի կարող է բերել պանիկան:

    1. Հուսահատության. ինչ իմաստ ունի պայքարելը, եթե մեկ է՝ բոլորս վարակվելու ենք:

    Ժող, եթե նույնիսկ բոլորս վարակվելու ենք, ապա ձգձգելով դա մենք բաշխում ենք վարակումներն ավելի երկար ժամանակահատվածի մեջ՝ եթե բոլորս միանգամից վարակվենք, առողջապահության համակարգը պարզապես ի վիճակի չի լինի բոլորին օգնել, ու կլինի ահավոր բարձր մահացություն (Իտալիայի բարձր մահացության պատճառը հենց այն է, որ առողջապահության համակարգը հիվանդների քանակին պատրաստ չէր): Բայց եթե պահպանենք կարանտինը, կարող ենք նույնիսկ սահմանափակել վարակման չափը մինիմումի:

    2. Պանիկայի մեջ մարդիկ կարող են վնասել իրար: Օրինակ՝ Ուկրաինայում Չինաստանից էվակուացված ուկրաինացիներով ավտոբուսի վրա հարձակումը: Իրանում հիվանդանոց հրկիզելը: Մենք չենք կարող թույլ տալ, որ մեր երկիրն իջնի նման բարբարոսության:

    3. Պանիկայի մեջ մարդիկ կարող են վնասել իրենք իրենց: Ալկոհոլով ինհալյացիաները: Խմելու համար չնախատեսված հեղուկներ խմելը: Ժավելով բերանը ողողելը: Սրանք բաներ են, որ իրական մարդիկ արել են կորոնավիրուսի հետ կապված պանիկայի պատճառով:

    4. Պանիկայի մեջ մարդիկ պատրաստ են հավատալ ցանկացած բանի, որն իրենց թեկուզ կեղծ անվտանգության զգացողություն կտա, որոնց մեջ կարող են լինել վնասակար, վտանգավոր բաներ: Կարող են սխտոր ուտել, համարել, որ պաշտպանված են, սկսել իրենց անզգույշ պահել ու վարակվել:

    5. Պանիկայի մեջ կորոնավիրուսով վարակված մարդիկ կարող են թաքցնել իրենց վարակված լինելն ու վարակել ուրիշներին:

    Պանիկայից պետք է խուսափել միշտ, պանիկայից երբեք ու ոչ մի հանգամանքներում օգուտ չկա:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (15.04.2020)

  11. #6
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ալկոհոլ խմելու/շնչելու ու կորոնավիրուսի մասին: Ու ինչի հաճախ այն, ինչ ձեզ ինտուիտիվ ու տրամաբանական է թվում, իրականությանը չի համապատասխանում:

    Ալկոհոլները ընդհանուր առմամբ օգնում են վիրուսային հարուցիչների (SARS-CoV-2 կորոնավիրուսը ներառյալ) դիզինֆեկցիայի ժամանակ: Ալկոգելը, ալկոհոլով մաշկը շփելը, դրսից բերված պարագաները մաքրելը օգնում է ու անձամբ ես խորհուրդ եմ տալիս: Ավելի ուժեղ ալկոհոլը չի նշանակում ավելի էֆեկտիվ. 70 տոկոսն օպտիմալ տարբերակ է:

    Ալկոհոլը փոխազդում է սպիտակուցների հետ, մասնավորապես՝ կորոնավիրուսի թաղանթի «թագի», որից ծագում է վիրուսի անունը, ինչի պատճառով կորոնավիրուսը կորցնում է մարդկանց վարակելու ունակությունը:

    Օճառն աշխատում է այլ կերպ. ճարպերը հիդրոֆոբ հեղուկներ են, դրա համար ջրի մեջ լցրած ձեթը չի խառնվում ջրի հետ: Բայց օճառի մոլեկուլի մի կողմը հիդրոֆիլ է (կապվում է ջրի մոլեկուլի հետ), մյուս կողմը՝ լիպոֆիլ (կապվում է ճարպի մոլեկուլի հետ), ինչի շնորհիվ ճարպն օճառաջրում էմուլսիա է ստեղծում: Դրա համար էլ յուղոտ ամաններն օճառով ստացվում է լվանալ:

    Քանի որ բջիջների թաղանթները (ներառյալ բակտերիաները) պարունակում են ճարպեր, օճառը կապում է իրենց ջրի հետ, ու այդ կապը բավականաչափ ուժեղ է, որ պատռի բջջի թաղանթը:

    Մարդու մաշկի բջիջները պարունակում են կերատին, որն իրենց պաշտպանում է օճառի ազդեցությունից, բայց օրինակ աչքերի ներսում կերատին չկա, ու բոլորդ գիտեք, թե ինչ է լինում, երբ օճառ է ընկնում աչքի մեջ:

    Դրա համար էլ օճառ չի կարելի ուտել, խմել կամ շնչել:

    Իսկ հիմա ալկոհոլը: Նախ՝ ֆիքսենք, թե կոնկրետ ինչ ալկոհոլի մասին է խոսքը, քանի որ ալկոհոլները տարբեր են լինում:

    Խոսենք ալկոհոլի ամենատարածված երեք տեսակների մասին. մեթանոլ (տեխնիկական), էթանոլ (խմիչքների միջինը) և իզոպրոպիլ (սովորաբար բժշկական, դիզինֆեկցիայի համար, բայց ես օգտագործում եմ այն, օրինակ, ռադիացիան օդում ցուցադրելու համար՝ երկար պատմություն է):

    Ինչպես ասեցինք, ալկոհոլը վատ է ազդում սպիտակուցների վրա:

    Երբ դուք խմում եք ալկոհոլ, այն գնում է ստամոքս, որտեղից անցնում է լյարդ: Լյարդում արտադրվում է հատուկ էնզիմ՝ ալկոհոլի դեհիդրոգենազ, որը պատասխանատու է ալկոհոլը քայքայելու համար: Այս պրոցեսի նպատակն այն է, որ ալկոհոլը քայքայվի մինչև ջրում հեշտ լուծելի նյութ, որը հեռացվի օրգանիզմից երիկամների միջոցով: Ձեր խմած ալկոհոլը մարդու օրգանիզմում չունի ոչ մի ֆունկցիոնալ նշանակություն: Լյարդում ալկոհոլի մետաբոլիզմի արդյունքները հայտնվում են արյան մեջ ու գնում դեպի երիկամներ: Եթե դուք ավելի շատ ալկոհոլ եք խմում, քան ձեր լյարդը կարող է մշակել, այն հայտնվում է ձեր արյան մեջ, անցնում ուղեղ ու հետևանքներ ունենում: Օրինակ՝ դուք հարբում եք: Ավելի կոնկրետ՝ ալկոհոլը կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը ճնշում է, ինչը դուք ընկալում եք որպես հարբած վիճակ: Իրական ազդեցություններն ավելի բարդ ու բազմակողմանի են, բայց հիմա դրա մասին չենք խոսի:

    Կախված ալկոհոլի տեսակից, ալկոհոլի մետաբոլիզմի արդյունքները տարբեր են:

    Էթանոլը («գինու սպիրտ») քայքայվում է մինչև ացետալդեհիդ (որի կուտակումը ձեր օրգանիզմում բերում է պախմելի սիմպտոմների), իսկ հետո ացետալդեհիդը քայքայվում է մինչև ացետատ (քացախաթթվի անիոն):

    Իզոպրոպիլ ալկոհոլը քայքայվում է մինչև ացետոն, իսկ ացետոնը չափազանց կայուն միացություն է որ լյարդն այն քայքայի: Արդյունքում այն հայտնվում է ձեր արյունատար համակարգում ու կարող է բերել, օրինակ, կոմայի: Ինչի ես սա գիտեմ՝ որովհետև ԱՄՆ-ում մի դեռահաս ինտերնետում գրված խորհուրդները կարդացել, կորոնավիրուսից պաշտպանվելու համար իզոպրոպիլ ալկոհոլ է խմել ու կոմայի մեջ ընկել, փաստացի:

    Մեթանոլը քայքայվում է լյարդում ու դառնում ֆորմալդեհիդ, որը վերջին նյութերից է, որ կուզեք ձեր օրգանիզմում ունենալ: Լյարդը երկրորդ նյութ է արտադրում՝ ֆորմալդեհիդի դեհիդրոգենազ, որը ֆորմալդեհիդը քայքայում է մինչև մրջնաթթու (մետանոիկ կամ ֆորմիկ թթու): Որը մտնում է արյան մեջ, առաջացնում ացիդեմիա (արյան թթվայնության բարձրացում) ու կարող է բերել կուրության կամ մահվան:

    Նորից կրկնեմ՝ մեթանոլն ու իզոպրոպիլ ալկոհոլը չեն նախատեսված խմելու համար ոչ մի հանգամանքում:
    Ու ամենակարևորը. վիրուսն ապրում է ձեր բջիջների ներսում: Որպեսզի ալկոհոլը փոխազդի վիրուսի հետ, այն պիտի մտնի բջջի ներսը, ինչը բջջի համար նույնպես լավ չի վերջանա:

    Լավ, իսկ ի՞նչ կլինի, եթե շնչեք ալկոհոլի գոլորշիներ: Իզոպրոպիլն ու մեթանոլը հասկացանք, որ պետք չի, մնաց էթանոլը:
    Դիզինֆեկցիայի տեսանկյունից՝ որպեսզի դուք ձեր թոքերը դիզինֆեկցիա անեք սպանելով բոլոր վարակված բջիջները, դուք ստիպված կլինեք ձեր թոքերի ամբողջ էպիթելը վարի տալ:

    Կարճ ասած, ներշնչած ալկոհոլային գոլորշիները նախքան վիրուսին հասնելը ձեր թոքերը կվառեն: Ու կարող են բերել սուր շնչառական անբավարարության: Որը, մեր մեջ ասած, կորոնավիրուսի ամենածայրահեղ արտահայտումն է ու կարող է բերել մահվան: Մյուս կողմից, շրջանցելով լյարդը, ալկոհոլը կհայտնվի ձեր արյան մեջ ու ուղղակիորեն կազդի ձեր կենտրոնական նյարդային համակարգի վրա, ինչը կարող է սուր ալկոհոլային թունավորման բերել ալկոհոլի ավելի փոքր քանակով ու առանց նախազգուշացնող սիմպտոմների (սրտխառնոց և այլն):

    Կարճ ասած՝ երբեք ալկոհոլի գոլորշիներով ինհալյացիա մի արեք՝ դա կարող է ձեզ սպանել կամ ավելի վատ վիճակի մեջ գցել, քան կորոնավիրուսը:

    Մեր հարևան Իրանում քաղաքացիներն ընդհանրապես վստահություն չունեն իշխանության նկատմամբ: Արդյունքում կորոնավիրուսի մասին ինֆորմացիան իրենք ընկալում են իրարից կամ ինտերնետից: Ինչն իրենց դարձնում է առավել խոցելի պանիկայի ու կեղծ նորությունների համար:

    Հիվանդանոց հրդեհելու դեպքի մասին խոսել եմ:

    Associated Press-ը, Times of Israel-ը, The Independent-ը ու բազմաթիվ այլ աղբյուրներ մարտի մեկին հաղորդել են Իրանի սոցիալական ցանցերում կեղծ ինֆորմացիայի տարածման մասին, իբր մեթանոլը (տեխնիկական սպիրտը) պաշտպանում է կորոնավիրուսից:

    Ես արդեն պատմել եմ, թե ինչ է լինում, երբ մարդը մեթանոլ է խմում. այն լյարդում վերածվում է ֆորմալդեհիդի: Ֆորմալդեհիդը՝ մրջնաթթվի: Մրջնաթթուն կարող է առաջացնել կուրություն կամ մահ:

    Ու մարդիկ մասսայական հավատացել են այդ կեղծ նորությանը: Խմել են իրենք, խմեցրել են իրենց երեխաներին: Լավագույն նկատառումներով: Չվստահելով իրենց տարիներով խաբած, արյան մեջ իրենց բողոքը խեղդած, նույնիսկ կորոնավիրուսի մասին իրենց խաբած իշխանություններին՝ ինֆորմացիայի պակասը լցնելով այլ աղբյուրներից:

    Տարբեր աղբյուրներով՝ 300-480 մարդ մահացել է: Շատերը՝ երեխաներ, որոնց իրենց ծնողները փորձում էին պաշտպանել կորոնավիրուսից: Ավելի քան 2000 մարդ տարբեր մակարդակի թունավորումներով, շատերը հայտնվել են կրիտիկական վիճակում:

    Իրանը, շատ առումներով՝ իր իշխանությունների անպատրաստության ու ինկոմպետենտության պատճառով, կորոնավիրուսից առավել ծանր տուժած երկրներից է: Այնտեղ գրանցվել է 70,029 վարակման դեպք, 4,357 մահ: Ու նույնիսկ այս տվյալները չգիտեմ՝ որքանով են արժանահավատ:
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  12. #7
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ու հա, սա իմ ֆեյսբուքում էս թեմայով արած գրառումների թեթև խմբագրած ծաղկաքաղ է։ Ովքեր ֆեյսում ինձ ֆրենդ են, հավանաբար սա արդեն կարդացել են։
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (15.04.2020)

  14. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    33 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    SARS-nCoV-2 կորոնավիրուս, COVID-19 համաճարակ

    Ապեր, հիմա սխտորն ու իմբիրը օգնու՞մ են, թե չէ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.04.2020)

  16. #9
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    42
    Գրառումներ
    8,311
    Mentioned
    37 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, հիմա սխտորն ու իմբիրը օգնու՞մ են, թե չէ:
    հիմի օգնում ա լավ իմունիտետն ու սիմպտոմատիկ բուժումը։
    2-րդը օգնում ա, եթե մարդիկ չեն գնում խաչի հետ զասվելու, հետո էլ հազարներով լցվում հիվանդանոց, այլ մնում են տանն ու քիչ քիչ վարակվում։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  17. #10
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, հիմա սխտորն ու իմբիրը օգնու՞մ են, թե չէ:
    Ես խորհուրդ չէի տա հույսը դրա վրա դնել, որովհետև չկան կլինիկական հետազոտությունների արդյունքներ, որոնք ցույց տան սխտորի ու իմբիրի էֆեկտիվությունը կորոնավիրուսային վարակի ժամանակ։ Ու նույնիսկ եթե օգնեն քեզ ավելի թեթև տանել հիվանդությունը, չեն խանգարի քեզ ուրիշին վարակել, եթե դու ինքդ վարակվել ես։ Իսկ աշխարհում էնքան սխտոր ու իմբիր, ոնց տեսանք, չկա, որ բոլորին օգներ, եթե նույնիսկ օգնելու լիներ։
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

  18. #11
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    33 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Rhayader-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես խորհուրդ չէի տա հույսը դրա վրա դնել, որովհետև չկան կլինիկական հետազոտությունների արդյունքներ, որոնք ցույց տան սխտորի ու իմբիրի էֆեկտիվությունը կորոնավիրուսային վարակի ժամանակ։ Ու նույնիսկ եթե օգնեն քեզ ավելի թեթև տանել հիվանդությունը, չեն խանգարի քեզ ուրիշին վարակել, եթե դու ինքդ վարակվել ես։ Իսկ աշխարհում էնքան սխտոր ու իմբիր, ոնց տեսանք, չկա, որ բոլորին օգներ, եթե նույնիսկ օգնելու լիներ։
    Շնորհակալություն, դոկտոր ջա՛ն։

    Իսկ սպիտակուցային պոզիկների թիվը կենտ ա, թե՞ զույգ։ Լսել եմ սխտորն ամեն դեպքում կենտ թվով պոզիկների դեմ լավ պայքարում ա։

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (16.04.2020)

  20. #12
    Exterminate Rhayader-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.09.2006
    Հասցե
    Մակոնդո
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,160
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն, դոկտոր ջա՛ն։

    Իսկ սպիտակուցային պոզիկների թիվը կենտ ա, թե՞ զույգ։ Լսել եմ սխտորն ամեն դեպքում կենտ թվով պոզիկների դեմ լավ պայքարում ա։
    Միգուցե քեզ համար էս ծիծաղելի թեմա ա, բայց ինձ համար էս լուրջ ա, նենց որ, թույլ տուր չպատասխանել։
    "Sir, do you have a moment to talk about our lords and saviors the Daleks?"

    Voice of the Nightingale - իմ բլոգը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •