Հայկօ-ի խոսքերից
Ինձ թվում ա՝ դեբիլների տեսակարար կշիռն ամեն տեղ մոտավորապես նույնն ա (կներեք): Ուղղակի ամերիկացիները մեզնից հարյուր անգամ շատ են:
5G-ի ու չիպերի էս վերջին թեմաները որ տեսնում եմ, ուզում եմ մեռնեմ: Լուրջ՝ շշմում եմ, թե ոնց ա տենց բան հնարավոր: Բառացիորեն նույն հինգ հարյուր տարի առաջվա վհուկների որսն ա, ոչ մի բան չի փոխվել, ուղղակի հիմա թիրախում Բիլ Գեյթսն ա, «ստվերային կառավարությունն» ու բջջային ցանցի անտենաները:
Սկզբնաղբյուրը չեմ ուզում տարածել, բայց Յութուբում մի տենց վիդեո գտա, որտեղ սփյուռքահայ մի բարեկամ ստուդիայում խելացի տեսքով նստած քառասունհինգ րոպե միալար բացատրում էր, թե ինչով ա վտանգավոր 5G ցանցն ու ինչ կապ ունի կորոնավիրուսի հետ: Նենց էլ լավ էր բացատրում՝ տերմիններով-բանով, համոզիչ, արանքում մեկ-մեկ անգլերենի անցնելով, որ ասածն ավելի ծանրակշիռ դառնա: Վաթսուն հազար դիտում ուներ մարդը: Ու քոմենթներում էլ՝ մի խրախճա՜նք, մի ծփա՜նք: Մեկը մեկից խաս ու ղումաշ քոմենթներ էին:
Վիդեոն չձգեցի՝ լրիվ նայեմ, բայց քոմենթներից պարզեցի, որ չիպերի միջոցով մարդու մարմին են ներդրվելու նանոռոբոտներ, որոնք H1N1-ով արդեն իսկ տեղադրված առաջին կոմպոնենտը միացնելու են Covid-ով տեղադրվող երկրորդ կոմպոնենտին ու, ուշադրություն, ստեղծելու են ԴՆԹ-ի երրորդ՝ ռոբոտացված գիծը!!! Որը, բնականաբար, կառավարվում ա 5G-ով: Սաղ ճիշտ ա, ոսկեղենիկ տնասլիտով էլ գրված էր՝ սևը սպիտակի վրա:
Կամ որ 5G-ից հետո 6G-ն ա գալու, որի 6-ը հայտնի 666-երից մեկն ա, ու այ ըտեղ արդեն սկսվելու ա Մեծ Պ... Պլանը՝ մարդկանց հնազանդեցումը, տեսակավորումը, զտումն ու անպետքների ոչնչացումը: Գալու ա Նեռը, մեր հարազատներին զտի ու սպանի: Շատ երկար ու մանրամասն քոմենթը երզրափակվում էր հետևյալ անկասելի փաստարկով․ «Սիմփսոնները վաղուց արդեն համայն մարդկությանը պատմել են այդ ապագայի մասին՝ ապշեցուցիչ մանրամասներով!»: Նենց որ էս էլ ա հաստատ ճիշտ:
Էս սաղ լուրջ էր: Շատ լուրջ:
Ես արդեն վախենում եմ մտածել, որ էն նույն մարդը, ով խանութում կողքս հերթ ա կանգնած, իրիկունը նստում ա կոմպի դեմն ու գրում «էս սաղ սուտ ա, սաղիս չիպավորում են, սաղ աշխարհակալ մասոնների ծրագիրն ա, ժողովուրդ չհավատաք»: Ախր դրան ընդամենը երկու հատ ձու ա պակասում ու կողքը մի հատ ամբոխ, որ գա, շենքիս կտուրի անտենան վառի, տունս էլ հետը:
Էջանիշներ