Եթե լուրջ՝ միակ թերապիան, որ ինձ օգնում է բարձրացնել տրամադրությունս, ցրել քաոսը, հաստատել ներքին ներդաշնակություն, վերալիցքավորել կենսունակությունս և, այսպես ասած, հավաքել ինձ ձեռքերիս մեջ, տանս մաքրությամբ զբաղվելն է, ներառյալ իրերի մանրակրկիտ դասավորումը և շուրջս կարգուկանոն հաստատելը։ Եվ քանի որ ես նյութի հարցում բնատուր մինիմալիստ եմ, անասելի մեծ բավականություն եմ ստանում ապրանք թափելուց, ասես ձերբազատվում եմ հոգուս նստած, ինձ խանգարող ավելորդ մասսայից՝ անկախ ապրանքի չափսերից և նույնիսկ պիտանիությունից։ Իմ կրեդոն է՝ nothing is a space for everything, և ինչքան ազատ ու թեթև է այդ տարածքը նյութից, այնքան ավելի կառավելի և իրագործելի է դառնում ամեն ինչ։
Ընդ որում, այս հատկությունն ինձ մոտ առկա է, ինչ ինձ հիշում եմ (օրինակ, երբ դպրոցից գալիս էի տուն, մինչև տունը չհավաքեի ու շուրջ իդեալական կարգուկանոն չտիրեր, չէի կարողանում անցնել դասերիս), և նույնիսկ՝ երբ ինձ չեմ հիշում (մամաս իմ կյանքի առաջին տարիների մի փոքրիկ բլոկնոտում օրագիր էր պահում, որտեղ գրված է՝ "Բարեկամիկը երկու տարեկանում շատ ինքնուրույն է։ Սիրում է ինքնուրույն ճաշ ուտել, կալգոտկան և նասկիները շատ ճիշտ հագնում է, հավաքում է գետնին թափված խաղալիքները, իսկ երբ որևէ բան իր տեղը դրված չի լինում, դնում է տեղը և նեղացած ասում․ "հարյուր քանքամ տեղը չեն դնում
"
)
Ի դեպ, նման հակումները, կարծում եմ, գենետիկ հիմք ունեն․ այսպիսին էր հորական տատիկս, որը մաքրության ու կոկիկության մոլեռանդ էր, համարյա OCD-ի աստիճանի, և իր խաղաղ, կիրթ ու անչար բնույթը միայն մի բան չէր հանդուրժում՝ փնթի մարդկանց։
Հիմա կմտածեք՝ Բարեկամի տանը, ուրեմն, իդեալական վիճակ է տիրում։ Էհ
Ոչ այնպիսին, ինչպիսին կցանկանայի։ Դրա համար էլ մեծ մասամբ անհավասարակշիռ ու քաոսային հոգեվիճակում եմ։ Ու երբ հատկապես է ծանրանում էդ հոգեվիճակը (տարբեր բաներով պայմանավոված), ձեռքս եմ առնում մի մեծ ստվարաթղթե արկղ և, անցնելով տան բոլոր ծակուծուկերով, թեթևացնում եմ դրանք ապրանքներից՝ ճանապարհելով դեպի աղբարկղ կամ նվիրատվություն։ Եվ դրանից հետո նոր միայն մի-փոքր խաղաղվում եմ, որպեսզի ի վիճակի լինեմ անցնելու մնացած գործերին։
Մի խոսքով, իմ ներքին հավասարակշռության ու հարմոնիայի բանալին մաքուր, կոկիկ, դասավորված և անպայմանորեն մինիմալիստական կենցաղն է
Էջանիշներ