Եթե խոսքը կանխարգելիքիչ թերապիային է վերաբերում, ապա ինձ համար հիմնական միջոցներից մեկը ստեղծագործական աշխատանքով, ձեռագործով զբաղվելն է: Կոնկրետ ռեժիմի հետևելն է ընդհանուր առմամբ օգնում սթրեսից զերծ մնալուն, իսկ ռեժիմի խախտումները սովորաբար էս կամ էն չափով սթրես են ինձ համար (եթե, իհարկե, խոսքը շատ հետաքրքիր ու հաճելի խախտումների մասին չի): Մեդիտատիվ, էթնիկ, դասական երաժշտություն լսելը, բնության մեջ լինելը, ընդհանրապես սիրուն բաներով շրջապատված լինելը զգալի չափով նպաստում են ներքին ներդաշնակությանս պահպանմանը:

Իսկ եթե սթրեսային վիճակն արդեն առկա է, էդ դեպքում քայլել կամ ֆիզիկական որոշակի ծանրաբեռնվածություն ենթադրող այլ բան անել, խոսել ինչ-որ մեկի հետ, դատարկվել: Агата Кристи-ի երգերը լսել (ինչպես արդեն նշել եմ մի առիթով. իրենց երգերը մի այլ կարգի լիցքաթափում են ինձ. ոնց որ մեջիդ ողջ բացասականը քերելով հանեն. ընթացքում մի քիչ ցավում ա, բայց հետո լավ ա լինում):
Փոքր տղայիս գրկել, սիրել-գզմզել (էս մեկը սովորաբար համ որպես կանխարգելիչ թերապիա ա գործում, համ էլ որպես սթրեսից դուրս գալու միջոց):

Եվ, վերջապես, եթե վերը նշվածներից ոչ մեկը չի գործում, լացել, մի կուշտ, խորքից, ջիգյարով, ազատ ու անկաշկանդ լացել, էնքան, մինչև էլ հնարավոր չլինի: Էս մեկը գործում ա միշտ և անվրեպ: Ուղղակի ավելի լավ ա, երբ բանը դրան չի հասնում :