Էս վերջին մի քանի օրը անընդհատ մտածում եմ Հայաստանի միջնաժամկետ ապագայի մասին՝ այլ կերպ ասած "Ինչպիսի Հայաստան եմ տեսնում առաջիկա 10-20 տարիների ընթացքում"։ Փորձեմ կետ առ կետ ներկայացնել իմ տեսլականը առանձին գրառումներով՝ սկսելով ամենակարևորից։
Կառուցելու ենք 21-րդ դարի արժեքներ ստեղծող ու Եվրոպան Ասիայի հետ կապող կրթական համակարգ։
Նախ հանրակրթական դպրոցի մակարդակում՝ հաշվի առնելով մեր լեզվական ունակությունները, կարծում եմ լիովին կարող ենք լիարժեք անգլերեն (հոլանդացիների կամ շվեդների պես լավ) ու ռուսների պես ռուսերեն խոսող սերունդ կրթել, որը ոչ մի դեպքում չի մոռանա հայերենի ու հայոց պատմության մասին։ Սրան զուգահեռ կարծում եմ կտրուկ աճելու է բնական գիտությունների դերն ու նշանակությունը։ Արդեն իսկ սրա նշանները երևում են։ Հասարակության արժեքային ընկալումը էս հարցում շատ լուրջ առողջացումա ապրում։
Ոչ մի բան մեզ չի խանգարում, որպեսզի ունենանք հետխորհրդային տարածքի, արևելյան Եվրոպայի և միջին արևելքի լավագույն համալսարանները։ Սրա սաղմերը դեռևս դրվել են 5-10 տարի առաջ՝ Արմաթի, Թումոյի, Լույսի և նմանատիպ այլ ծրագրերով։ Եթե կոնկրետացնեմ՝ աշխարհի
թոփ 100 համալսարանների մեջ առնվազն 2 հայկական համալսարան եմ տեսնում։ Ու ոչ միայն ուղղակի համալսարան՝ այլ տարածաշրջանային մակարդակով լուսավորության ու նորարարության աշխարահռչակ կենտրոն՝ 70-80% անվճար կրթաթոշակային տեղերով։ Սրա համար անհրաժեշտ հիմնարար ունակությունները, կարծում եմ մեր ազգը պատմականորեն ապացուցել ա, որ ունի՝ միջնադարյան ռեգիոնալ նշանակություն ունեցող հայկական համալսարանների օրինակով։ Ուղղակի անհրաժեշտ է շուրջ 10-15 միլիարդ դոլարի նպատակաուղղված ներդրում էս ոլորտի մեջ։ Չեմ կասկածում, որ էս միջոցները գտնվելու են։
Գիտելիքը տնտեսության մեջ օգտագործվելու առումով՝ լրիվ ռեալ եմ համարում օրինակ ծրագրավորողների թվի յոթնապատկումը
(10 հազարից մինչև 70 հազար): Սրա հետևանքով Կալիֆոռնիայի ու Իսրայելի հետ որոշ ոլորտներում մրցակցող <Արարատյան հովիտ> եմ տեսնում՝ միլիարդ դոլար գնահատում ունեցող մի քանի հայկական ընկերություններով։ Մեր ազգի՝ քարից հաց քամելու ունակությունը՝ ստարտափ սկսելու ու զարգացնելու առումով կենսական նշանակություն ունի։ Սրան գումարած՝ մեր ազգի գլոբալ կապեր ստեղծելու և զարգացնելու կարողությունը։ Լիահույս եմ, որ ստացված ազատությունը և կոռուպցիայի վերացումը, մեր գործարարների համար լրիվ նոր հորիզոններ ա բացելու։
Մոտ մեկ ամսից՝ երկար տարիներ Ավստրալիայում ապրելուց հետո, տեղափոխվում եմ Լոնդոն։ Ուզում եմ էս ամեն ինչին, որքան հնարավորա մոտ լինել ու ամեն կերպ աջակցել։ Կարծում եմ, մեր՝ հայերիս ներկա սերունդը աննախադեպ ժամանակաշրջանումա ապրում։ Հնարավորությունները ուղղակի անսահման են։
Կրթության մասին շատ սեղմ՝ էսքանը։ Խնդրում եմ կիսվեք նաև ձեր տեսլականներով։ Շատ հետաքրքիր կլինի։ Կներեք, եթե ապագան չափից դուրս վարդագույն եմ ներկայացնում, ուղղակի գրածիս լիովին հավատում եմ
Էջանիշներ