Սնդիկ
Երկու օր առաջ գիշերը 11-ին զանգեցի դպրոցի տնօրենի կնոջը, խնդրեցի իրենց տանը գիշերել։ Ջերմաչափը չգիտեմ ինչքան էր կոտրված մնացել, ես էի գիշերը քնած ժամանակ գցել, թե մկներն էին գլորել անցնելուց, բայց անկողնուս տակ քշերվա հազարին կոտրված ջերմաչափ գտնելուց հետո, երբ ցրտից դողալով սնդիկի գնդիկները չէի կարողանում որ մի կերպ հավաքել, թափում էի, արագ փոխվեցի, գնացի տնօրենի տուն։ Պատուհանը բաց էի թողել, որ տունը ցուրտ լիներ, սնդիկը չգոլորշիանար։ Հաջորդ օրը գյուղի տղաներից մեկը դիմակով եկավ, որ հավաքի։ Բժշկական ձեռնոցներ տվեցի, իբր օգնում էի, իրականում միայն լուսավորում՝ ինքս դիմակ չունեի։ Զանգեցի 911, կարգին բան չասացին, ոնց խորհուրդ էին տվել, արեցի՝ կալիումի պերմանգանատով, հայերեն՝ մարգանցովկա, մշակեցի հատակը, լցրեցի ճեղքերի մեջ, որտեղ լիքը սնդիկ պետք է որ լցված լիներ։ Հագուստս հանել, կախել էի բակում, մի օր օդափոխելը հրաշալի գիտեի, որ բան չի փոխի, բայց դե չեղածից լավ էր։ Տնօրենի տանը գիշերը չէի կարողացել քնել, քնապարկը բակում էի դրել, ուղղակի նստեցի՝ շունչ քաշելու, էդպես խոտերի մեջ քնել էի։ Աշակերտներս եկան, արթնացրեցին։ Լիքը գործ կար, բայց տուն գնալ դեռ վախենում էի՝ օդափոխվում էր։ Նստել աշակերտների հետ մանկական խաղահրապարակ սարքելու ծրագիր էի գրում։ Գաղափարն իրենցն էր։ Սովորեցրեցի միջոցների հայթայթման թիթիզ ձևերից՝ մի կողմում գրում էին ինչ է հարկավոր, հետո էդ սարքելու համար ինչ ունեն, ինչ չէ։ Ինչ չունեին դիմացը գրում էին՝ որտեղից կարող են հայթայթել։ Ինչը պակասի, վերջում կգնեմ, բայց իրենց չեմ ասում, որ հույսներն իրենք իրենց վրա դնեն։ Դրեցին, էսօր ոգևորված էին էդ գաղափարով, տղաներից մեկը հորը համոզեց դպրոցի մոտ ցայտաղբյուր սարքել, մյուսներն ընկած աթոռների համար տախտակ ու մեխ էին խնդրում գյուղացիներից։ Տնօրենի կինն առաջարկեց աթոռների փոխարեն կոճղեր դնել՝ լրիվ հեքիաթ կլինի՝ փայտից, ինքնաշեն խաղահրապարակն ինձ առաջ մղող մոտիվացիաներից դարձավ։ Խուճապն անցավ մի փոքր։
Շարունակում եմ էս տանն ապրել։ Սրտխառնոց ու ստամոքսի խնդիրներ մրսածությունից էլ ունեմ, չգիտեմ սնդիկային թունավորումը կկարողանամ ժամանակին տարորոշել, թե՝ չէ։ Ինչքան ինձ համոզում եմ, որ վտանգն անցել է, խուճապի ստվերը դեռ կա։ Փաստորեն տզերից հետո իմ երկրորդ մեծ ֆոբիան դանդաղ սպանող թույներն են։
Էջանիշներ