Մեքսիկայի ախորժակը մեծ է



2010 թվականի ամռանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնությունում Հյուսիսային Ամերիկան ներկայացնող ամենաուժեղ հավաքականը Մեքսիկան է:
Վերջինս 13 անգամ մասնակցել է աշխարհի առաջնության եզրափակիչ փուլերին, իսկ 1970 եւ 1986 թվականների առաջնություններում հասել է մինչեւ 1/4-րդ եզրափակիչ: 2002 թվականի աշխարհի առաջնությանը Մեքսիկան 1/8-րդ եզրափակիչում անսպասելի պարտություն կրելով ԱՄՆ-ի հավաքականից` դուրս մնաց հետագա պայքարից:
2006 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնությունում մեքսիկացիները խմբային փուլում զբաղեցրին երկրորդ հորիզոնականը: Հյուսիսամերիկյան հավաքականը նախ 3: 1 հաշվով հաղթեց Իրանին, այնուհետեւ ոչ-ոքի` 0: 0 խաղաց Անգոլայի ազգային թիմի հետ: Երրորդ տուրում Մեքսիկան 2: 1 հաշվով զիջեց Պորտուգալիային եւ ենթախմբում զբաղեցնելով 2-րդ հորիզոնականը` դուրս եկավ 1/8-րդ եզրափակիչ: Այստեղ դրամատիկ պայքարում մեքսիկացիները լրացուցիչ ժամանակում 2: 1 հաշվով զիջեցին Արգենտինային: Վերջինիս հանդիպման 98-րդ րոպեին հաղթանակ պարգեւեց Ռոդրիգեսը: Մեքսիկացի ֆուտբոլիստները հիմնականում աչքի են ընկնում բարձր տեխնիկայով եւ արագաշարժությամբ: Մեքսիկայի հավաքականին հաճախ համեմատում են Իսպանիայի եւ Արգենտինայի հավաքականների հետ, որոնք եւս դավանում են արագ եւ նուրբ ֆուտբոլը: Պատահական չէ, որ իսպանական բարձրակարգ ակումբները հաճախ են հրավիրում մեքսիկացի ֆուտբոլիստների: Օրինակ` «Բարսելոնում» այսօր պաշտպանության առաջատարներից մեկը Մեքսիկայի հավաքականի անդամ Ռաֆայել Մարկեսն է: Ազգային հավաքականը գլխավորում է 51-ամյա մասնագետ Խավիեր Աքուիլեն, որի գլխավորությամբ մեքսիկացիները հյուսիսամերիկյան գոտու ընտրական մրցաշարում ենթախմբում զբաղեցրին երկրորդ հորիզոնականը` երեք միավորով զիջելով ԱՄՆ-ի ազգային թիմին: Այս մրցաշարում հերթական անգամ գերազանց է հանդես եկել 37-ամա հարձակվող Խուատեմոս Բլանկոն: Վերջինս Մեքսիկայի ազգային թիմում անց է կացրել ռեկորդային` 109 հանդիպում, դառնալով 38 գոլի հեղինակ: «Աշխարհի առաջնության ավարտից հետո այլեւս հանդես չեմ գա Մեքսիկայի ազգային հավաքականում: Ուղղակի երազում եմ այս տարիքում իմ երկրի հավաքականի կազմում տիտղոսի արժանանալ: Շատերը կարծում են խմբային փուլի արգելքը հաղթահարելն արդեն նվաճում կլինի Մեքսիկայի համար: Վստահաբար ասում եմ, որ այսօր մեր ազգային հավաքականը կարող է նվաճել նույնիսկ աշխարհի գավաթը: 10 տարուց ավելի է խաղում եմ Մեքսիկայի հավաքականում, եւ հիմա մենք ամենաուժեղ եւ մարտունակ կազմն ունենք», - ասել է Բլանկոն:
Աշխարհի գալիք առաջնությունում խմբային փուլում Մեքսիկայի հետ միեւնույն ենթախմբում են ՀԱՀ-ը, Ուրուգվայը եւ Ֆրանսիան: Իհարկե, մեքսիկացիները խմբում ֆավորիտ են համարվում, բայց կարծում ենք` Ֆրանսիայի եւ Ուրուգվայի հավաքականների հետ մրցավեճերում նրանք դժվարություններ կունենան: Մասնավորապես` այս հավաքականներն ավելի կոշտ ֆուտբոլ են դավանում: Ըստ էության այս ենթախմբում բոլոր հավաքականները կարող են պայքարել փլեյ-օֆի համար: Չի կարելի անտեսնել նաեւ ՀԱՀ-ին, որը տանտիրոջ կարգավիճակով մեծ եռանդով կգործի: Աքուիլեն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ավարտից հետո հայտարարել էր, որ իրենք ի զորու են հասնել մինչեւ կիսաեզրափակիչ: «Մենք պայքարելու ենք մրցանակային տեղի համար: Մեքսիկայի հավաքականը, որի ֆուտբոլիստների միջին տարիքը 25-ն է, կարող է հաղթել ցանկացած հավաքականի, ինչը բազմիցս ապացուցել է: Ենթախմբում մրցակիցները բավական բարդ են: Եթե անակնկալներ տեղի չունեցան, ապա մենք ֆրանսիացիների հետ դուրս կգանք 1/8-րդ եզրափակիչ: Նաեւ առաջնային նպատակը ենթախմբում առաջին հորիզոնականը զբաղեցնել է, որպեսզի փլեյ-օֆում համեմատաբար ավելի թույլ մրցակից բաժին հասնի», - ասել է Աքուիլեն: Այս տարի Մեքսիկայի հավաքականը արդեն անց է կացրել երեք ընկերական հանդիպում` տանելով նույնքան հաղթանակ եւ ընդհանուր առմամբ խփելով 9 գնդակ: Առաջինում խոշոր` 5: 0 հաշվով հաղթել են Բոլիվիային, երկրորդում անսպասելի 2: 0 հաշվով` Նոր Զելանդիային, իսկ երրորդ խաղում 2: 1 հաշվով` Հյուսիսային Կորեային: Վերջին տարիներին անցկացրած հանդիպումներից կարելի է առանձնացնել 2005-ին Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայացած Մեքսիկա-Բրազիլիա հանդիպումը: Այստեղ ունենալով զգալի առավելություն՝ մեքսիկացիները հաղթեցին 1: 0 հաշվով: Տվյալ մրցաշարում Մեքսիկայի հավաքականը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը` կիսաեզրափակիչում 11 մետրանոցներով զիջելով Արգենտինային եւ երրորդ տեղի համար խաղում` լրացուցիչ ժամանակում 4: 3 հաշվով Գերմանիային: Ներկայումս Մեքսիկայի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը: Մեքսիկացիները այս հաշվարկում առաջ են Հյուսիսային Ամերիկայից: ԱՄՆ-ի ազգային հավաքականը գտվում է 18-րդ հորիզոնականում:

zhamanak.com