Ռուսները հավատում են տեղացի մարզիչներին



Ռուսաստանյան մի շարք հայտնի ֆուտբոլային մասնագետներ հանդիպել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Այդ հանդիպումն արդեն ավանդական է դարձել. արդեն չորրորդ տարին է` այն կազմակերպում են Ռուսաստանի մարզական լրագրողների ֆեդերացիան և հայրենական մարզիչների միությունը: Այս անգամ քննարկումներին ներկայացել են Լեոնիդ Սլուցկին, Միխայիլ Գերշկովիչը, Հաջի Հաջիևը և Սերգեյ Օվչիննիկովը:
Գլխավոր հարցն այն էր, թե ով պետք է փոխարինի Գուուս Հիդդինկին Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում: Մասնագետները, որոնցից հատկապես Գերշկովիչը շատ կտրուկ արտահայտվեց, համակարծիք էին, որ ազգային թիմի ղեկը պետք է վստահվի տեղացի մասնագետի: Նրանց կարծիքով` միայն ազգային արժեքների կրողն աշխարհի 2018 թ. առաջնությունում թիմին կարող է առաջնորդել դեպի հաղթանակ: