Օրվա մարզական տեղեկատվությունը` հակիրճ
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին հայտարարել է, որ եվրոպական ֆուտբոլային միությունը կխստացնի կոռուպցիայի համար նախատեսված պատժամիջոցները: Մասնավորապես` նրանք, ովքեր կբացահայտվեն, ցմահ կորակազրկվեն:
«Մենք մեր ողջ ուժը կօգտագործենք նրանց դեմ պայքարում, ովքեր սպանում են ֆուտբոլը: Եթե լրագրողները հաղթողի անունը գիտեն խաղից դեռ շատ առաջ, ապա այն կորցնում է իր իմաստը: Եվ դա սպանում է ֆուտբոլը: Արժե անկեղծորեն խոստովանել, որ սա լուրջ խնդիր է: Ցանկացած ֆուտբոլիստ, ով կբռնվի, այլևս երբեք ֆուտբոլ չի խաղա: Նա, ով կոռուպցիայի մեջ է մրցավարական մակարդակով, երբեք խաղ չի դատի: Օրենքը խախտած նախագահը կամ մարզիչը երբեք ակումբ չեն ղեկավարի կամ թիմ մարզի: Այսպիսին է նախագահի և ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեի կամքը: Այս խնդրին չպետք է ներողամտորեն վերաբերվել»,- Միշել Պլատինիի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
«Ուրալ» ակումբի պաշտոնական կայքի թղթակցի հետ զրույցում, ամփոփելով առաջին ուսումնամարզական հավաքի արդյունքները, թիմի գլխավոր մարզիչ Վլադիմիր Ֆեդոտովը գովեստով է արտահայտվել Հայաստանի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Ալեքսանյանի խաղի մասին:
«Մենք նրա հետ արդեն պայմանագիր ենք ստորագրել: Արտակ Ալեքսանյանը 1991 թ. ծնված ֆուտբոլիստ է և իրեն շատ լավ դրսևորեց հավաքի ընթացքում: Վերջին խաղում խաղադաշտ մտավ հիմնական կազմում: Կարողանում է սրել խաղը»,- նշել է Ֆեդոտովը:
Անգոլայում մեկնարկել է Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի համաժողովը, որին մասնակցում են նաև այն երկրների ներկայացուցիչները, որոնք պայքարում են աշխարհի 2018 թ. կամ 2022 թ. առաջնությունների կազմակերպման իրավունքի համար:
«Այս համաժողովը ՖԻՖԱ-ի գործկոմի աֆրիկացի անդամների հետ շփվելու և իրենց հայտի մասին պատմելու հիանալի հնարավորություն է»,- Ռուսաստանի ֆուտբոլային միության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Սորոկինի խոսքերը մեջբերել է «Սովետսկի սպորտը»:
Սորոկինը մեկնաբանել է նաև ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատտերի հայտարարությունը, որ աշխարհի 2018 թ. առաջնությունն անցկացվելու է Եվրոպայում…
ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին բացատրել է, թե ինչ պատճառներ են ստիպել եվրոպական ֆուտբոլային միության գործկոմին` Եվրոպայի առաջնության մասնակիցների թվաքանակը 16-ից հասցնելու 24-ի` սկսած 2016 թ.:
«ՈՒԵՖԱ-ի խնդիրն է պաշտպանել ֆուտբոլը: Կան որոշակի տեխնիկական և կազմակերպչական առավելություններ: Եվրոպայի առաջնության մասնակիցների թվաքականի ավելացումը կհանգեցնի նրան, որ ուժեղ շատ հավաքականներ հանդես կգան այդ ստուգատեսում, իսկ մրցաշարը որակական առումով ամենևին էլ չի տուժի,- Պլատինիի խոսքերը մեջբերել է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:- Արդյունքում կառաջանա 16 թիմերի մասնակցությամբ փլեյ-օֆֆի առաջին փուլի անցկացման հնարավորություն: Դա գերազանց նորամուծություն կլինի և առաջնությունն ավելի որակյալ կդարձնի»:
Ավելացնենք, որ Եվրոպայի 2016 թ. առաջնության կազմակերպմանը հավակնում են երեք երկրներ` Թուրքիան, Իտալիան և Ֆրանսիան: Կազմակերպիչ երկրի անունը ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչները կհրապարակեն մայիսի 28-ին, Ժնևում…
Հոլանդական Վեյկ Ան Զեեում ընթացող միջազգային շախմատային մրցաշարի երկրորդ խմբում հանդես եկող Վարուժան Հակոբյանը շարունակում է եզրափակել մրցաշարային աղյուսակը: 11-րդ տուրում նա ոչ-ոքի խաղաց ֆինն Թոմաս Նյուբակի հետ: Ցավոք, ԱՄՆ-ն ներկայացնող հայ շախմատիստին չհաջողվեց առավելության հասնել իր սկզբունքային մրցակցի` Նյուբակի նկատմամբ, որը նրան գերազանցում է ընդամենը կես միավորով: Այժմ Հակոբյանն իր ակտիվում 3 միավոր ունի:
Հույս ունենք, որ Վարուժանն այդ խնդիրը կլուծի այսօր տեղի ունենալիք պարտիայում` մրցակցելով հոլանդացի Անիշ Գիրիի հետ: Վերջինս 11 հնարավորից վաստակել է 8 միավոր:
Աղբյուր` Panorama.am
Էջանիշներ