User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Վերադարձ

  1. #1
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Վերադարձ

    Ծունկս դեռ ցավում է երեկվա մարզանքի անհաջող փորձից հետո։ Ճիշտ է, դրան հաջորդեցին մի քանի հաջողները, ու հիմա շատ ոգևորված եմ։ Տասներկու կրկնաքայլը գուցեև բավական բարձր է լաբիրինթոսի առաստաղի համար, բայց դժվար է այդքանով սահմանափակել թռիչքդ։ Շուտով հորս ծրագիրը կիրագործենք։

    Քիչ առաջ հրաժեշտ տվեցի Հրեշին։ Ճանաչո՞ւմ եք նրան։ Տարիներ առաջ հայրս պատմեց նրա մասին (առհասարակ, բոլոր գիտելիքներս ու հմտություններս հորիցս եմ ստացել, քանի որ գիտակից կյանքումս միակ մարդն է, ում տեսել և տեսնում եմ, մեզ համար երդիկից մթերք իջեցնող պահակներին չհաշված) և խիստ հորդորեց հեռու մնալ լաբիրինթոսի այն հատվածից, որտեղ նա բնակվում էր։ Չէի ուզում անտեսել հորս կամքը, սակայն հետաքրքրասիրությունս ի վերջո հաղթեց, ու մի օր զգուշորեն քայլեցի այդ կողմ։ Մոլորվելու խնդիր չունեի․ հատակագիծը դեռ մանկուց անգիր գիտեմ։ Չնայած աչքերս կիսախավարին սովոր են, բայց միանգամից չնկատեցի նրան։ Ինքն ավելի շուտ էր ինձ նկատել, շատ ավելի շուտ․ տարիներով հետևել է, թե ինչպես եմ հասակ առնում։ Միգուցե Արքան արգելել էր նրան մեզ հանդիպել, հանդիպելու դեպքում՝ վնասել։ Կամ գուցե հարևաններին չէր ցանկանում խժռել, քանի որ չէր ուզում միայնության մեջ մենակ լինել։ Չեմ հարցրել երբեք։ Արագ ընկերացանք։ Անհոդաբաշխ է խոսում, բայց ժամանակի հետ սովորեցի հասկանալ նրա խոսքը։ Սկզբում փորձում էի համոզել, որ իրեն այլ կերպ անվանեմ։ Առարկեց, որ մեր անունը պատկանում է ուրիշներին, այլ ոչ մեզ։ Պատմեց, որ երբ նոր էր այստեղ հայտնվել, փորձում էր խոսել ուղարկված երիտասարդների հետ, որոնք սարսափից քարանում էին նրան տեսնելիս։ Մի քանի անգամ նույնիսկ հաջողվել էր, բայց հետո հրաժարվեց դրանից, որովհետև դժվարանում էր նրանցով սնվելու անհրաժեշտության կատարումը։ Մեղքի զգացումը միշտ հետապնդում է նրան։ Միևնույն ժամանակ, ասում էր, որ չնայած չէր խնդրել լույս աշխարհ գալ (մութ աշխարհ այս դեպքում), բայց քանի որ արդեն ապրում է, ամեն կերպ կպայքարի կյանքի համար։

    Հաճախ ենք խաղում, հիմնականում՝ պահմտոցի։ Որքան էլ որ երկուսս էլ լավ գիտենք մեր հսկայական կացարանի անկյունները, հորս հանճարի շնորհիվ միշտ էլ գտնում ենք դժվար կռահելի վայրեր թաքնվելուն հարմար։ Երբ հայրս իմացավ մեր հանդիպումների մասին, սաստիկ բարկացավ։ Բացատրեցի, որ ինձ վտանգ չի սպառնում։ Պատասխանեց, որ հոշոտվելուց չէ, որ վախենում է․ չի ուզում, որ կործանվեմ, ինչպես ինքը։ Չհասկացա՝ ինչ նկատի ուներ, չբացատրեց, փոխարենը կրկին արգելեց տեսնել նրան։ Կստեմ, եթե ասեմ, որ հնազանդվեցի։

    Ինչևէ, այս գիշերվան շատ երկար եմ սպասել։ Տարիներով երդիկների տակ նստելուց և վերևի տեսարանները (որոնք սահմանափակվում էին երկնքով, ամպերով, թռչուններով, լուսատուներով և աստղերով) դրվագ առ դրվագ անհագ կլանելուց հետո դժվարանում եմ հավատալ, որ այսօր դրանցից ավելին եմ տեսնելու։

    Երդիկին մի բու նստեց։ Պատին ամրացված ջահերի լույսից փայլող խոշոր աչքերով ինձ էր ուշադիր զննում։ Կարծես իմ սիրելի աստվածուհին իր սուրհանդակին ուղարկած լիներ։ Բարձրաձայն հարցրեցի նրան՝ արդյոք մեր ծրագիրը կհաջողվի։ Մի քանի վայրկյան ևս անշարժ նայեց ինձ, ապա թևերը թափահարելով՝ հեռացավ։

    Կամաց բոթեցի հորս։ Վեր թռավ։ Գրեթե ամեն գիշեր երազներում ճչում էր, այսուայնկողմ շուռ գալիս, իսկ զարթնելուց հետո՝ երբեմն արտասվում։ Այդպես էլ չիմացա նրան տանջող մղձավանջների մասին։ Մի քանի անգամ լսեցի Պերիկլես, թե Պերկիդես անունը։ Հայրս զարթնեց, լվացվեց, ասաց, որ պետք չէ ժամանակ կորցնել։ Սեղանի տակից հանեց ծալվող սանդուղքը, որն այդ վիճակում եռոտանուց մեծ չէր, սակայն բացելուց հետո հասավ երդիկին։ Խնդրեցի, որ ես բարձրանամ ու ստուգեմ, համաձայնեց։ Գլուխս զգուշորեն դուրս հանեցի։ Ժամը հաջող էինք ընտրել․ պահակը խռռացնում էր։ Հայրս նույնպես դուրս եկավ, այնուհետև պարանով դանդաղ բարձրացրեց մեր թևերը։ Դրանք հագնելուց հետո անձայն աղոթեցինք աստվածներին, հայրս, հավանաբար, Էգիսակրին, ես՝ նրա գլխածին դստերը։ Կարևորագույն պահն էր, սակայն զգում էի, որ սակավաթիվ մարզումներն էլ էին բավարար։ Հայրս նայեց ինձ ու ժպտաց։ Դանդաղ թափահարեց թևերը, ես հետևեցի նրան, ապա արագությունն ուժգնացրեցինք։ Պահակի խռռոցին հաջորդեց նրա բղավոցը, իսկ մենք արդեն գետնին չէինք։ Մի քանի նետեր արձակվեցին։ Դրանցից մեկը սուրաց քունքիս մոտով, մեկ ուրիշն էլ քերծեց հորս ոտքը, բայց հասցրեցինք բավականաչափ բարձրանալ և հեռանալ։ Հարցրեցի՝ ինչքան խորն է վերքը, ասաց՝ դատարկ բան է, նույնիսկ եթե ոտքը կտրվեր ու պոկվեր։

    Աջ կողմից՝ անտառի հետևում, որն առաջին անգամ էի տեսնում, ծագում էր արևը։ Ձախից՝ բարձունքի վրա, Արքայի պալատը ոսկեզօծվում էր դրա լույսով։ Բարձրությունից անտառը նման էր լաբիրինթոսի երդիկներից մեկի տակ գտնվող քարին, որն անձրևներից մամռապատվել էր։ Հրեշը սիրում է այդ մամուռները, ավելի շատ, քան իր հիմնական սնունդը։ Սպասում էի, որ հրաժեշտ տալուցս տխուր կլինի։ Կարծես կարդաց միտքս ու ասաց, որ ուրախ է, քանի որ հավերժն ու անմահը արժեք չունեն իր համար, իսկ մեր ընկերությունն իր հետ կլինի մինչև վախճանը։ Ուզում էի առաջարկել համոզել հորս, որ թույլատրի՝ ինքն էլ մեզ հետ ճողոպրի լաբիրինթոսից, հետո հիշեցի, որ երկու զույգ թևեր ունենք միայն։ Կրկին կռահեց, թե ինչու եմ մտահոգ։ Ասաց, որ իր տանը երջանիկ է։ Որ այդտեղից դուրս կմեռնի անմիջապես։ Խաբեց հաստատ։ Տեսնես՝ ի՞նչ է անում հիմա։

    Անտառի եզրին, փոքր հյուղակի դիմաց, մի ծերունի է վազում աջուձախ։ Կարծեցի՝ խելագար է։ Երբ մոտեցանք, տեսա որ նրան մի մանչուկ է հետապնդում։ Թոռն է երևի։ Ծերուկը փախնում է, թողնում է, որ մանչուկը հասնի իրեն, քաշի խիտոնից ու քրքջա։ Նրանից վարակված՝ ծերուկը ևս ծիծաղում է, մի պահ հիշում ցավող մեջքի մասին, հետո մոռանում կամ մոռացնում, շարունակում խաղը։ Մարգագետնում՝ գետի ափին, գարնանային տոնախմբություն է։ Մարդկանց խումբը, կիսաշրջանաձև նստած, հետևում է աղջիկների պարին։ Սրնգահարը ցածրահասակ ու գիրուկ, արդեն կիսահարբած մի մարդ է, բայց երաժշտությունը դյութիչ է։ Սատիրային Բաքոս-Ապոլոնի շուրջ պարող աղջիկներն էլ կարծես հավերժահարսեր կամ մուսաներ լինեն․ նրանց խինդը, թեթև քամուց ծածանվող նրանց վարսերը գետի ալիքների հետ միաձուլվում են։ Տեսարանը կատարյալ է։

    Իսկ ո՞ւր եմ ես։ Մի՞թե նրանց վերևում ճախրող պատանին եմ։ Երա՞զ չէ սա։ Եթե երազ չէ, ինչո՞ւ այդ մարդիկ չեն վախենում իրենցից։ Չե՞ն տեսնում։ Գուցե պետք է մոտենա՞լ նրանց, խոսե՞լ։ Բայց ի՞նչ կապ ունեն այս հրաշքներն իմ հետ։ Կարծես ինչ-որ բան եմ հիշում, աղոտ, բայց դանդաղորեն հստակեցող․ երգ, երկնքի պես կապույտ աչքեր, սև մազափունջ՝ կրկին քամուց օրորվող, իսկ ես խաղում էի դրանց հետ ու նույնպես օրորվում։ Քնած էի և միաժամանակ արթուն։ Մազափնջի հետևում արևն էր՝ ավելի պայծառ, քան հիմա։

    Ներքևում տեսարանը փոխվեց։ Գետը թափվում է ծովի մեջ։ Ցամաքը մնաց հետևում, մի քանի րոպե անց անհետացավ։ Թվում էր՝ երկու անծայրածիր կապույտները հեռվում գտնվող ինչ-որ կետում միանում են։ Բայց ես դեռ նախորդ մտքերում եմ սավառնում։ Սկսում եմ վախենալ անվերջությունից։ Ձայն եմ տալիս հորս։ Ասում է, որ դեռ մի քանի ժամ պետք է շարժվենք, մինչ հասնենք Լակոնիա։ Ուզում եմ վերադառնալ։ Սովորական մարդիկ օտար են ինձ, միակ ընկերս Հրեշն է։ Բայց հետդարձի ճանապարհ չկա։ Հրաշքի տեսարանը խաբուսիկ է, բացի արևից, որն ավելի պարզ է ուրվագծվում, երբ աչքերս փակում եմ։ Սկսում եմ հասկանալ, թե ինչու էր հայրս ջանում կանխել իմ ու Հրեշի շփումը։ Ուժերս սկսում են լքել ինձ։ Փորձում եմ կառչել միակ տեսիլքից, որ ինձ կապում է այս աշխարհի հետ։ Բայց երգը գրեթե չի լսվում, աչքերն ու մազափունջը հեռանում են, դեպի արևն են բարձրանում։ Հետևում եմ՝ թևերս ավելի ուժեղ թափահարելով։ Ներքևից բղավոց եմ լսում․ հայրս է կանչում։ Զգում եմ, թե ինչպես է մոմը հալչում, փետուրները՝ պոկվում։ Գեթ մի փոքր էլ ձեռքս երկարեմ։ Հասա նրա վարսերին։ Հայացքը պարուրեց մարմինս։ Փետուրների պես հատ առ հատ պոկվեցին, կորան վախերս, ցավերս, հույզերս, մտքերս, հիշողություններս։ Միայն երգը մնաց, ու ամբողջ էությունս հավերժ սուզվեց դրա մեջ։

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.06.2019), LisBeth (24.06.2019), Lusntag Lusine (28.10.2019), Progart (25.06.2019), Sambitbaba (28.06.2019), Varzor (24.06.2019), Անվերնագիր (24.06.2019), Ուլուանա (29.06.2019)

  3. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինչ սիրուն ես գրել, Սկեպտ: Շատ լավն էր:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (24.06.2019)

  5. #3
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ սիրուն ես գրել, Սկեպտ: Շատ լավն էր:
    Մերսի ։)
    Ի դեպ, հատուկ շնորհակալություն @Անվերնոյին, որովհետև ոգեշնչվել եմ Բորխեսի «Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները» ժողովածուից, որի մասին իրանից եմ իմացել։

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ivy (24.06.2019), LisBeth (28.06.2019), Անվերնագիր (24.06.2019)

  7. #4
    Պատվավոր անդամ Sambitbaba-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.08.2010
    Գրառումներ
    6,596
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էսօր վերադարձա ու նորից կարդացի "Վերադարձը": Կարոտել էի:
    Էսքան ժամանակ մենակ Տոնինո Գուէռռայի պատմվածքներին էի կարոտում...
    Շնորհակալություն, Սկեպտ:
    Մեր ցավն այն է, որ մենք կարծում ենք, որ հոգևոր լինելն ընտրության հարց է, այլ ոչ մեր էությունը: (մի հաղորդատվությունից)
    http://www.akumb.am/showthread.php/60784, http://www.akumb.am/showthread.php/56471
    http://www.akumb.am/showthread.php/61017, http://www.akumb.am/showthread.php/57267

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Skeptic (16.07.2019)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •