Ես համարյա բոլոր հատապտուղներն ու մրգերն էլ սիրում եմ, մեկն ավելի շատ, մյուսն` ավելի քիչ, բայց չկան էնպիսիք, որ բոլորովին չսիրեմ:
Ընդհանրապես աշխատում եմ մրգերն ու հատապտուղները հնարավորինս իրենց սեզոններին ուտել: Չնայած ԱՄՆ-ում սեզոնների հարցը մի քիչ բարդ ա. համարյա ամեն ինչից միշտ կա, ու ոչ բոլորի դեպքում ա հնարավոր իմանալ, թե երբ ա սեզոնը, բայց ինչինը որ գիտեմ, աշխատում եմ հաշվի առնել ու սեզոնից դուրս չառնել: Հատապտուղներ գարնան վերջից մինչև աշնան սկիզբ ամեն օր առավոտյան ուտում ենք ընտանիքով. հատապտուղներն էն ուտելիքներից են, որ բոլորս անխտիր սիրում ենք ու հավեսով ուտում: Հիմնականում հալապաս (blueberry) ու մորի (raspberry, малина) ենք ուտում, երբեմն նաև ելակ, բայց էստեղի ելակը հիմնականում էնքան էլ լավը չի, դրա համար շատ չենք ուտում:
Էստեղ հատապտուղներից մեկ էլ մոշ կա, որն էլի լավը չի: Տղաս խանութում տեսնելիս ամեն անգամ ուզում ա, որ առնենք, մի հատ փորձում ա, էլ չի ուզում, հետո ահագին ժամանակ ա անցնում, երևի մոռացած ա լինում, որ դուրը չէր եկել, տեսնում, էլի ա ուզում ու էլի չի հավանում, ու էդպես շարունակ: Էստեղի մոշն անհամի ու թթուի մի անհաջող խառնուրդ ա: Զարմանում եմ, որ ընդհանրապես առնողներ կան: Չնայած մոշը Հայաստանում էլ իմ ամենասիրելի հատապտուղներից չի եղել, բայց ԱՄՆ-ինն ընդհանրապես ուտելի չի, կարելի ա ասել:
Թութ սիրում եմ, բայց ԱՄՆ-ում թութը ոնց որ թե իսկի չգիտեն էլ` ինչ ա: Երբեք վաճառքում չեմ տեսել: Բայց փողոցներում, երբեմն բնակելի տների բակերում հանդիպում են թթի ծառեր, որոնց տված թութը ոչ մեկի պետքը չի, անկապ թափվում, փչանում ա: Չես էլ հասկանում` ինչի համար են պահում: Մեկ-մեկ անցնելիս ձեռի հետ մի քիչ քաղում, ուտում ենք, հայրենի եզերքն ենք հիշում, էդքանը:
Մեկ էլ հաղարջ եմ շատ սիրում, կարմիր թթուն էլ, սև քաղցրն էլ, բայց հատկապես սևը, բայց հաղարջն էլ ա էն հատապտուղներից, որ երբեք չեմ տեսել ԱՄՆ-ում: Դրա համար որ գնում եմ Հայաստան, միշտ լիքը առնում ենք, որ տեղը հանենք:
Ուրիշ ի՞նչ հատապտղուներ կային, մտքիս չի գալիս ուրիշ բան...![]()
Էջանիշներ