Ողջույն: Թեման հնարավոր ա՝ արձագանք չստանա, բայց առաջարկում եմ պահարանաելք: Խոսքս ԼԳԲՏ լինելու մասին ա: Իմ անունն Ադամ է, ես 28 տարեկան եմ և հոմոսեքսուալ եմ: Միշտ եղել եմ հոմոսեքսուալ, թեև 14-18 տարեկան հասակում ինքս ինձ խաբել էի փորձում, թե հետերո եմ (ընկերուհի-բան) ու որ «էն ինչ հետս կատարվում էր»՝ զուտ անցումային շրջանի նեվրոզ էր ու ինքս ինձ փորձում էի հույս տալ, որ մի բարի օր արթնանալու եմ ու աղջիկ եմ սիրելու: Ավաղ՝ էդ բարի օրը չեկավ: Տառապում էի ներքուստ ու չէի հասկանում, թե ինչ էր կատարվում հետս: Ուզում էի ինքնասպան լինել, երբ տեսնում էի, թե ընկերներիցս ոմանք ոնց են սիրահարվում աղջիկների և վերջիններիս հանդեպ ցանկություններ զգում, իսկ ես, փոխարենը, սիրահարվում էի իրե՛նց:
9-րդ դասարանն ավարտելուց մեկ ամիս առաջ արդեն ֆիքսել էի ինքնասպանությանս օրը: 15 տարեկան էի ու ոչ մի աղջկա երբեք չէի սիրահարվել ու ոչ մի ցանկություն չէի զգացել: Բնության արհավիրք էի ինձ համարում ու շտապ կարգով ամեն ինչին վերջ էի ուզում դնել: Երեքշաբթի երեկո էր, հիշում եմ: Մայրս աշխատանքի էր, տանը մարդ չկար: Վաննան մինչև վերջ ջրով էի լցրել ու բրիտվան արդեն պատրաստել էի, որ մտնեմ տաք ջրի մեջ ու կտրեմ երակներս: Մտա վաննայի մեջ, ու սկսեցի ուժեղ գոռալ ու լաց լինել: Չէի ուզում ինքնասպան լինել, բայց պետք էր: Ես ապրելու իրավունք չունեի: Շրջապատս ինձ չէր ների, որովհետև երբեք որևէ մեկն ինձ չէր կասկածել: Ընտանիքումս ու շրջապատումս բոլորն ինձ համարում էին աղջիկ սիրող ու սրտակեր: Իրենց ամենասարսափելի երազում անգամ չէին կարող մտածել, որ Ադամը հոմոսեքսուալ ա: Իրենց կարծրատիպային մտածելակերպի համաձայն՝ հոմոսեքսուալն անպայման պետք է վուլգար բաներ աներ, կանացի շարժումներ և կանացի խոսելաոճ ունենար ու աղջիկների հե՛տ ընկերություն աներ: Ես չէի մտնում էդ կատեգորիայի մեջ: Ինձ դու՛ր էր գալիս իմ տղա տեսակը, որ կարող էր ամբողջ կյանքում բոլորին հրամցնել, թե ինքը հետերո ա: Ես չունեի bullying-ի խնդիր, չունեի որևէ մեկի կողմից քարկոծվելու խնդիր (դերասանական հակումներս էլ ինձ օգնում էին՝ բավականին լավ թաքցնելու գաղտնիքս), սակայն ես ապրում էի կեղծ կյանքով… դա ես չէի: Ես սիրում էի իմ տղա կերպարը… բայցևայնպես՝ տղա էի սիրում: Երբ ընկերներիս հետ քայլում էինք փողոցում, իրենք աղջիկներին նայելով՝ իրար մեջ հավանության ռեակցիաներ էին տալիս, իսկ ես չունեի իմ հավանած տղա անցորդի մասին արձագանք արտահայտելու հնարավորությունը: Վաննայում պառկած լացում էի ու ամբողջ ապրած կյանքս վերլուծում ու տատանվում էի՝ անե՞մ, թե՞ չէ: Ախր եթե անեմ… ընտանիքս կդժբախտանա: Իրենք երբեք ինձ դեպրեսիայի մեջ չէին տեսել ու չգիտեին էլ նույնիսկ, որ էմոցիոնալ խնդիրներ ունեմ (բավականին լավ էի կարողանում կոծկել ամեն ինչ) ու հաստատ կդժբախտանային ու մորս լավ ճանաչելով, հաստատ գիտեի, որ ինքնասպանությանս լուրը լսելով՝ կամ տեղում հանկարծամահ կլիներ կամ էլ ինքնասպանություն կգործեր ինքն է՛լ: Նույնն էլ հայրս, նույնն էլ եղբայրս: Լավ… եթե չանեմ… ապրեմ իրենց համա՞ր գոնե, երևի, հը՞: Մի պահ լացս դադարեց ու սկսեցի մտածել իրենց մասին: Մեջս մեծ ուժ գտա էդ վայրկյանին (չգիտեմ որտեղից)՝ թքել ինքնասպանության վրա ու շարունակել ապրել: Հանուն հարազատներիս: Հանուն իրենց Չդժբախտության: Դուրս եկա վաննայից ու հայելու մեջ ինձ նայեցի ու մտածեցի. «իսկ ի՞նչ ա եղել քեզ որ. ոչ ձախ ձեռքդ ա պակաս, ոչ էլ ձախ ձուդ: Ապրի՛, էլի: Հլը մի քիչ էլ ապրի, տես ինչ կլինի:
Տարիների ընթացքում համակերպվեցի էն մտքի հետ, որ ես տարբեր եմ: Ուղղակի տարբեր: Չնայած նրան, որ միշտ երազում էի էն կախարդական հաբի մասին, որ կխմեի ու հաջորդ օրն առավոտյան տղայի փոխարեն աղջիկ կսիրեի: Էսօր ես էդ երազանքն այլևս չունեմ: Եթե նույնիսկ էդ հաբը գոյություն ունենար՝ ես դա չէի խմի: Քանզի ես այն եմ ինչ կամ և իմ զգացմունքներն իմ էության մի մասն են ու ես ընդունում եմ ինձ էնպես, ինչպես բնությունն է ուզում, որ լինեմ: Ինքնասպանության փորձից մի քանի ամիս հետո, դեռ հույսեր փայփայելով, որ կարող ա հաջողացնեմ փոխել ինքս ինձ՝ սկսեցի հոգեբանի այցելել: Ինչպիսի երջանկություն. հոգեբանը հաստատեց, որ անցումային տարիքի նեվրոզ ունեմ ու տղա սիրելս դրա հետ ա կապված: Երջանկությանս չափ չկար: Ըստ իրա՝ հոգեկան շեղումս ընդամենը մի քանի սեանսի շնորհիվ անհետանալու պոտենցիալ ուներ: Հիպնոսի սեանսերն արվում էին, գումարներս ծախսվում… բայց ոչ մի արդյունքի չէի հասնում: Կյանքից հիասթափված շարունակում էի զուտ գոյություն քարշ տալ: 4 ամիս հոգեբանի մոտ հաճախելուց հետո՝ վերջինս, տեսնելով, որ չկա արդյունք, եզրակացրեց որ ինձ դեղեր են հարկավոր՝ նեվրոզից դուրս գալու համար:
- Բժիշկ, բայց ես տղա եմ սիրում ու ձեռնաշարժության ժամանակ տղա եմ պատկերացնում ու դա ինձ հաճելի ա. էդտեղ դեղն ի՞նչ պիտի անի: Ես տղաների եմ սիրահարվում, հասկացի:
- Էդ ամենը քո մոտ նեվրոզից ա: Քեզ կուղարկեմ իմ լավ ծանոթ հոգեբույժներից մեկի մոտ, նշանակած դեղը կխմես մի քանի ամիս ու դուրս կգաս նեվրոզից ու կսկսես աղջիկ սիրել:
- Հա՞ որ:
- Հա, ասում եմ: Հավատա: Ոչ առաջինն ես, ոչ էլ վերջինը:
Էս արտահայտությունը երևի բոլորին էր ասում՝ ներքուստ լավ էլ գիտակցելով, որ փողերս բավականաչափ կթելուց հետո՝ թքած թե ինչ կլինի հետս. մեկ ա՝ ոչ առաջինն էի, ոչ էլ վերջինը: Սկսեցի հոգեմետ դեղեր խմել ու ամեն առավոտ արթնանալով՝ աղջիկ պատկերացնել ու փորձել հասկանալ՝ սկսու՞մ եմ որևէ զգացողություններ ունենալ, թե չէ: Չէ, ոչ մի: Ոչինչ, Ադամ: Կստացվի, համբերություն ունեցի, մի օրում հո ամեն ինչ չի լինելու: Լավ, մի օրում չի լինելու, թող 1 տարում գոնե լինի. բայց լինի՛: Տեր Աստված, խնդրում եմ քեզ, մի բան արա՝ միջամտի: Ես գիտեմ, որ դու եթե ուզես՝ մի վայրկյանում ինձ կփոխես առանց որևէ ապուշ դեղերի: Բայց Աստվա՛ծ էլ ձայն չէր հանում: «Ինչի՞ ինձ լույս աշխարհ բերիր ու վառեցիր վրաս գեհենն այս աշխարհի»: Չէ, էլի...Ադամ, չես տեսնում՝ սաղ ուզում են քեզ քցած ըլնեն. հոգեբանն իր սեանսներով, հոգեբույժը՝ դեղերով… Աստված՝ աղոթքներով: Ոչ մեկ քո մասին չի մտածում: Դու ոչ մեկի տանձին չես քո «պրոբլեմով»: Իմ «խնդիրը» միայն ինձ էր հուզում: Քանզի՝ շրջապատումս միայն ես գիտեի դրա մասին: Լավ, ի՞նչ եմ անելու ես իմ կյանքում: Մյուս տարի դպրոցն ավարտում եմ: Բոլորը մտածում են ընկերուհիների, ամուսնության, ընտանիք կազմելու ու երեխաներ ունենալու մասին… իսկ ե՞ս: Ես էլ եմ երեխաներ ուզում: Բայց ի՞նչ հանգամանքներում. այ դա չգիտեմ: Միգուցե մի լեզբուհի գտնեմ, որն իմ պես կերազեր «նորմալ» լինել ու երեխաներ ունենալ հետագայում ու իր հետ է՛լ փոխադարձ համաձայնությանբ երեխաներ ունենամ… … (դա մինչ օրս էլ նախագիծս ա, երբ պատրաստ կլինեմ երեխաների) բայց մի րոպե, Ադամ, բա որ երեխեքդ էլ քեզ պես ծնվե՞ն: Ինչպիսի դժբախտություն: Էդ խեղճ երեխեքին հլը չծնված արդեն ուզում ես այլասերես… հմմ… կարող ա: Բայց մի րոպե. խի՞ է: Իմ ընտանիքում երբևիցե հոմոսեքսուալ չի եղել… հո ես դա չե՞մ ժառանգել, որ մի հատ էլ՝ փոխանցեմ: Ուֆ , լավ է… հավես չունեմ: Սիգարետ ու պլան ա պետք: Ծխել, խմել ու քնել: Քնեմ՝ չմտածեմ ոչ մի բանի մասին: Սիկտիր արա էս կյանքը: Սա կյանք չի: Նախորդ կյանքումս պատկերացնում եմ՝ ինչ այլանդակություններ պիտի արած եղած լինեմ, որ էսօր հոգիս էսպես տանջվում ա ու քավում ա կատարած մեղքերը:
Ինչևէ, Ժամանակի ընթացքում հաշտվեցի էն մտքի հետ, որ ոչ մի դեղ ու հիպնոս ինձ չի ստիպի աղջիկ սիրել: Համակերպվեցի ինքս ինձ հետ ու որոշակի ներդաշնակություն գտա մեջս, երբ Յութուբն առաջ եկավ: 2009-2010 թվերին, երբ յութուբը նոր-նոր էր սկսում ակտիվանալ, բազմաթիվ պահարանաելքային տեսանյութեր ինձ օգնեցին հասկանալու ու ընդունելու տարբերությունս: Ու էլ ինձ մեղավոր չհամարելու: Ես այսօր սիրում եմ կյանքն էնպես, ինչպես կա: Ես համաձայնվել եմ խաղալ էն խաղաքարտերով, որ կյանքն ա ինձ տվել: Որ Աստված ա ինձ տվել:
Ես հարգում եմ իր որոշումը: Այս թեմայի իմաստն ու նպատակը կուզեի, որ ոչ միայն լիներ սեփական coming out-ը, այլ նեղ մտածողության տեր մարդկանց որոշ արժեքների վերանայումը: Ես ուզում եմ դրական ազդեցություն գործել էս թեմայով: Ուզում եմ, որ հնչեն անկեղծ խոսքեր՝ այս երևույթը կրողների կողմից, որպեսզի նրանք, ովքեր իրենց դժբախտ են համարում, հասկանան, որ բնավ դրա կարիքը չունեն: Որպեսզի այն ծնողներն, ում երեխաներն այս երևույթի կրողներն են, հասկանան, որ երևույթն ինքնին բնական է, այլ ոչ՝ այլասերություն: Եվ որ ամենակարևորն է՝ ուզում եմ հասկանան, որ երևույթն այս զատ է այն կրողի ցանկություններից: Այն ընտրություն չէ, ոչ էլ՝ էքսպերիմենտալ շրջան: Այն հիվանդություն չէ, ոչ էլ հոգեկան շեղում: Այն ուղղակի բնության կողմից տրված երևույթ է, որը մարդ արարածն անզոր է հասկանալ, ինչպես անզոր ենք՝ հասկանալու աշխարհի ստեղծման ու մարդկային կենսաբանության ակունքները: Կուզեմ, որ այն ծնողներն, ովքեր դեռահաս տարիքի երեխաներ ունեն (և նրանք, որոնք կունենան)՝ իրենց պահվածքով և խոսքերով հասկացնեն իրենց երեխաներին, որ եթե երբևիցե իրենք նման բան զգան՝ իրենց մեղավոր չզգան և խոսեն էդ մասին իրենց ծնողների հետ: Ես էս խոսքերը գրում եմ՝ հստակ գիտակցելով, որ գրածս իր պտուղներն ու արդյունքը կարող ա պատահի և տա 20 տարի հետո, կամ 10, կամ 5, կամ ընդհանրապես՝ 40: Բայց ես գիտեմ, որ տալու ա: Երբ ուզում ա լինի:
Ես ուզում եմ, որ դեռահաս հայ երեխաները չանցնեն էն տրավմաների միջով, ինչով անցել եմ ես ու ինձ նման մի շարք մարդիկ: Ծնողներ, բացի ձեր երեխաներին սննդով ու հագուստով ապահովելուց՝ փորձեք լինել իրենց կողքին ավելի շատ, երբ վերջիններս անցումային շրջանում են: Փորձեք իրենց ներկայությամբ կոտրել կարծրատիպերը և բոլոր տեսակի անմիտ տաբուները: Փորձեք իրենց համար ձեր կողքին հարմարավետության զոնա ստեղծել, որ իրենց միայնակ չզգան ու չունենան բարդույթներ՝ զրուցելու այս կամ այն թեմայի շուրջ: Ընկերներ եղեք ձեր երեխաների հետ, ծնողներ: Դրանով կկանխեք մի շարք բարդույթներ և դրանցից բխող դժբախտություններ: Մի՛ լսեք այն հիմար «բժիշկներին» և փորձագետներին, ովքեր պնդում են, որ հոմոսեքսուալությունը երեխայի դաստիարակությունից է գալիս: Մի՛ լսեք նման հիմարությունների: Ես ծնվել և մեծացել եմ մի ընտանիքում, որտեղ ստացել եմ տրադիցիոն դաստիարակություն: Չե՛մ խաղացել տիկնիկներով և անընդհատ շրջապատված չե՛մ եղել աղջիկ ընկերներով: Ես նորմալ ու շատ լավ տրադիցիոն մանկություն եմ ունեցել՝ տղա ընկերներով և տղամարդկային արժեքներով: Սակայն ես հոմոսեքսուալ եմ: Իմ ընտանիքում չե՛ն եղել հոմոսեքսուալներ: Եվ որ ամենակարևորն է. մի՛ խառնեք մարդու սեռական օրիենտացիան՝ իր արտաքին տեսքի, պահվածքի և ժեստերի հետ: Վերջիններս տարբեր բաներ են: Ես ունեմ ծանոթներ, ովքեր շատ կանացի են թե՛ իրենց խոսելաոճում և թե՛ շարժուձևում: Բայցևայնպես հետերոսեքսուալ են, երբեմն նույնիսկ՝ կնամոլ: Մի՛ կապեք մարդու խոսելաոճն ու շարժուձևն իր սեքսուալ նախընտրության հետ: Ձերբազատվեք կարծրատիպերից՝ այդպիսով իսկ օգնելով նոր ու անբարդույթ սերնդի զարգացմանը: Կյանքը հիասքանչ է: Ապրել է պետք: Ես այսօր փորձում եմ որքան հնարավոր է ներդաշնակ ապրել և ինչու չէ՝ զգալ՝ ինչ բան է երջանկություն ասվածը, թեև վերջինս միշտ խորթ է եղել ինձ: Բայց համեմատելով իմ այսօրվա հոգեվիճակն առաջվանի հետ՝ կարող եմ ասել՝ այո՛, հնարավո՛ր է գտնել ներդաշնակություն, եթե ինքդ քո մեջ ընդունում ես քեզ ինչպիսին կաս:
Ես այսօր էլ բախված եմ մի շարք խնդիրների. ընտանիքիս անդամները ժխտման մեջ են և իմ կողմից արված ամեն մի փորձ՝ նրանց հասկացնելու և վերջնականապես համոզելու, որ ընդունեն ինձ՝ պսակվում է ձախողմամբ: Իրենք կարծում են, թե ես կատակ եմ անում և երբեմնի ջրիկությունիցս ելնելով՝ ձեռք եմ առնում իրենց: Սակայն հոգու խորքում գիտակցում են, որ չե՛ն ուզում հավատալ և խոսել էդ ահարկու թեմայի շուրջ:
- Մեզ մի պատմի քո անձնականը, մեզ չի հետաքրքրում, փոխի թեման:
- Բայց մի րոպե… ախր …
- Խնդրում ենք քեզ, աղաչում ենք՝ փոխի թեման: Ինչ ուզում ես արա, բայց մի խոսա մեզ հետ տենց բաների մասին: Եթե մի փոքր մեզ սիրում ու խղճում ես:
Ի՞նչ… ֆֆֆ... այսի՛նքն ! եթե մի քիչ ե՛ս եմ ձեզ խղճու՞մ. տնաշեններ, փոխանակ դու՛ք ինձ խղճաք, ե՛ս ձեզ պիտի խղճա՞մ: Ստեղ են ասել …… Ինչևէ. ահա և իմ ընտանիքի վերաբերմունքն այս երևույթի նկատմամբ: Իմ նկատմամբ: Ոչինչ, ես դրա՛ն էլ եմ համակերպվել: Չարյաց փոքրագույնն է. վերջիվերջո՝ կարող էր և ավելի վատ լինել: Աստված մի արասցե՝ որևէ մեկի երեխան բախվի այս դրության հետ, բայց իմացեք, որ եթե՛ նույնիսկ բախվի՝ ամեն ինչ ձեր ձեռքերում է, ծնողներ: Դու՛ք պետք է ճիշտ ժամանակին հասկացնեք ձեր երեխային, որ այդ դրությունն ամոթալի չէ և դրանում գտնվողը նույնքա՛ն արժանի է երջանիկ ու խաղաղ ապրելու, ինչպես երկրագնդի ցանկացած բնակիչ: Ես ներքին որևէ հրատապ անհրաժեշտություն չունեի՝ այս թեման բացելու, քանի որ իմ կյանքը միայն ի՛նձ վերաբերում: Բացելու որոշումը կայացրեցի շատ-շատերին ոգեշնչելու նպատակով և կարծում եմ՝ այն կտա իր արդյունքները մի օր: Կտևի դա ամիսներ, թե տարիներ՝ կարևոր չէ: Խոսքե՛ր պետք է հնչեն !
Էջանիշներ